Արևը կարմրիկ փեշերը ջրաներկոտ վրձնի նուրբ ու թափանցիկ հպումով տարածեց հորիզոնում՝ կրակե տոտիկները բոսոր սարերի թիկունքում թաքցնելով։ Մթնշաղի թանձր շղարշը քաշվեց, ու մթի մեջ սկսեցին նշմարվել գյուղական բնապատկերներ՝ անհաս ու հեքիաթային։ Ներսում՝ սլացող մեքենայի աշխույժ աշխարհից բացվում էին պատուհաններ դեպի դրսի կենդանացած, շարժուն ու ինչ-որ տեղ շտապող ճանապարհը։
Լուսաբացին ոլորապտույտ ճանապարհների թիկունքից մեզ ողջունեցին Արցախի լեռնագագաթները, որոնց բարձր կատարների ներքո հսկաներն անգամ զգում են իրենց փոքրությունը։
Ինձ թողեք այստեղ… Թողեք այստեղ, որ բացվող ծեգի հետ միշտ վերապրեմ յուրաքանչյուր քարաբեկորի երկունքը հանքերում ու հալումաշ եղող լեռան վրա ոռնացող երկաթե գազանի հաղթանակով ինքս ինձ պարտվեմ։
Կանգնեցրեք մեքենան և ինձ այստեղ թողեք, որ մոտենամ իմ ժամանակին, որն անցել է վաղուց՝ պապերիս օրոք, երբ լեռները կրակոցներ չէին արձագանքում։ Թող ամեն անգամ որբ վերածնվեմ, և լեռներն այս ինձ որդեգրեն, դաստիարակեն՝ քարի պես կոփելով, և լեռնական վայրի քամիներով շունչ տան հողե մարմնիս։
Ինձ թողեք այստեղ, որ մի պահ ինձ հայ զգամ իմ հարթ քաղաքից հեռու։ Քարե այս կղզում սփոփանք գտնեմ թոշակի անցած սպայի նման, ով քուն թե արթմնի երազում է թշնամուն հակահարված տալու մասին։
Ինձ թողեք այստեղ, որ աշունը գույներով ճանաչեմ, ոչ թե անձրևներով, ու բանաստեղծություն կարդամ ոչ թե սիրո մասին, այլ ընկնող տերևի կենսագրության, ինչը հավերժական շարժման մեջ է։ Քարերն այստեղ խոսուն են։ Երբ չորս բոլորդ ժայռեր են, քեզ չի հուզում այն միտքը, որ մի օր հող ես դառնալու։
Ինձ այստեղ թողեք, ու լեռան պռնկից ցած նետվող ջրի վայրէջքից թռչել կսովորեմ, մշուշից՝ գեղեցիկը ներսումս պատսպարել, քամուց՝ քայլերգեր երգել, մրրիկից կսովորեմ փոթորկվել ահագնացող վտանգի առաջ ու հաղթանակ տանել։
Թողեք ինձ, որ արտագրեմ մեր պատմությունը մտքիս խորունկ դավթարներում ու հաղորդակցվեմ վանքեր շինած հսկաների հավատի հետ։ Արցախցու հպարտ ժպիտով կարկատեմ հայոց բախտի վշտոտ անցքերը ու մի պատառ հանգիստ գտնեմ լուրթ երկնքում լողացող ամպիկների ծվեններում…
Շուտով արևը կհավաքի իր ժանեկավոր փեշերը գունաթաթախ հորիզոնի անսահմանության վրայից, մութը կխժռի վերջին վառվող լույսերն ու իր իշխանությունը կտարածի աշխարհում… Մեքենայի երկարատև սլացքի հոգնածությունից ներսի աշխույժ աշխարհը հանգստություն է հագել, քուն է շշնջում։
Տուն ենք վերադառնում։ Որտեղ էլ հավերժաբար մնալ ուզենանք, մեկ է, մարդը ձգտում է վերադառնալ այնտեղ, ուր իրեն սպասում են…