Միանգամից զգուշացնեմ, եթե չես կարդացել օր 1-ին նյութը, ապա վազիր կարդալու:
Իսկ մենք սկսենք մեր մեդիաշատ ու հագեցած օրը:
9:15, ու բոլորն արդեն իրենց տեղերում են` պատրաստ սկսելու նոր օրը: Մի քանիսը ֆոտոապարատներն են փորձում, փոդքասթի թիմը բարձրախոսներն ու ձայնագրիչներն է դասավորում, իսկ ձախ անկյունում դիզայնի թիմը անհասկանալի կոդերով ինչ-որ բան է քննարկում:
Իսկ ես, Հովնանն ու Անաբելը շտապեցինք դեպի Ազգային Ժողով, որտեղ պայմանավորվել էինք Ազգային ժողովի ամենաերիտասարդ խոսնակի` Սոնա Ղազարյանի հետ:
Անաբելը պատրաստել էր հարցեր` կապված հեղափոխության, կանանց իրավունքների, Ազգային Ժողովի և ամենաերիտասարդ պատգամավոր լինելու փաստի մասին, որոնց Սոնա Ղազարյանը մեծ սիրով պատասխանեց:
Խոսելով կանանց իրավունքների և դերի մասին` Անաբելը իր վերջին հարցը ձևակերպեց հետևյալ կերպ.
-Ի՞նչ կասեիք գյուղերում ապրող աղջիկներին, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ և զբաղվել քաղաքականությամբ:
-Երբեք չհանձնվես, քանի որ ես նույնպես չեմ հանձնվել:
Հնչեցին շնորհակալության խոսքեր, կատակներ և հրաժեշտ, բայց ժամանակը ոչ մեկիս չէր սպասում, և մենք շտապեցինք հետ` քննարկելու մեր պրոյեկտի ապագան:
Սկզբում փոխանակվեցինք գաղափարներով, թե ինչ ենք ցանկանում ունենալ որպես վերջնական արդյունք: Ունենալով չորս թիմ, որոնք պետք է աշխատեն կայքի վրա, կստեղծենք մեկ ընդհանուր պրոյեկտ` Երևանի մասին:
Ընտրվեցին հիմնական չորս թեմաները, որոնք էին`
Կանանց իրավունքներն ու դերը Հայաստանում
Բանակ, սպասումներ և կրթություն
ՏՏ ոլորտ ու ոլորտի դերը Հայաստանում
Մշակույթ
Բայց, եթե դուք մտածում եք, որ արդեն պետք է ներկայացնեմ, թե ինչ տեսքի պետք է լինի պրոյեկտը, կամ որն է նրա գլխավոր թեման, ապա սխալվում եք, որովհետև ամենասկզբից մենք ինքներս չգիտեինք, թե ինչ պետք է անենք:
Խնդիրը լուծելու համար բաժանվեցինք թիմերի, որտեղ պետք է լիներ մեկ դիզայներ, մեկ լրագրող, մեկ փոդքաստ վարող և մեկ ֆոտո/վիդեո լրագրող:
Ընտրելով թիմերը` բաժանվեցինք:
Կանանց իրավունքների` ֆեմինիստների թիմը, որտեղ էլ հենց ես էի, ընտրեց խաչքար թեման, քանի որ դարեր շարունակ խաչքար քանդակել են միայն տղամարդիկ, և մեր խմբից Աստրիգը, ով արմատներով հայ է, գտել էր լիբանանահայ մի աղջկա, ով Հայաստանում սովորում է խաչքարեր պատրաստել:
Թեման ընտրված է, կա կոնկրետ հերոս, ով մեր թեմայի գլխավոր դերակատարն է, և մենք սկսեցինք աշխատել էջի ձևավորման վրա:
Որոշելով, որ այն պետք է լինի Եվրոպական փոփ արվեստի ոճով` ավելացրեցինք հայկական նախշազարդեր:
Ժամանակն էր ներկայացնելու:
Միքը, Մարայան և Լեան լսելով չորս թիմերի առաջարկները` տվեցին իրենց համաձայնությունը, իսկ դա նշանակում է, որ մնացած երեք օրերի ընթացքում մենք սկսելու ենք պրակտիկ աշխատանքները, ձայնագրելու ենք հարցազրույցներ, ձևավորելու ենք կայքը` հիմնվելով մեր կատարած աշխատանքների վրա:
Իսկ ամենավերջում, վերցնելով հեռախոսը, անում ենք վերջին ավանդական նկարը 17.am-ի ինստագրամում:
Wake Up Europe օր 2-ը համարում եմ պաշտոնապես ավարտված: