Հայրենիքս ու ես

Ես հայ եմ։ Անվախ, քաջ և հզոր ազգի զավակ: Այնպես է պատահել, որ ծնվել, մեծացել և ապրում եմ Վրաստանում։ Չնայած այն բանին, որ ապրում եմ այստեղ՝ Հայաստան աշխարհը միշտ իմ սրտի մի անկյունում եղել է, կա և կմնա։

Մի քանի շաբաթ առաջ մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագիրը, ես էլ առաջին հոսքի մասնակից էի։ Սա այն ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների հետ, տեսնել, ճանաչել, բացահայտել և կրկին ու կրկին սիրել մեր հայրենիքը։ Հենց այդպես էլ եղավ…

Կլինեմ անկեղծ՝ այս 13 օրերը իմ կյանքի ամենագունավոր, ամենապայծառ, ամենաուրախ օրերն էին, որ երբևէ կարող էի ունենալ։ Շրջապատված էինք այնպիսի լավ ու բարի մարդկանցով, որոնց մոռանալը անհնար է, ստեղծվել էր այնպիսի լավ միջավայր, որ բոլորիս մոտ տուն վերադառնալու ցանկությունը անհետացել էր։ Բազմատաղանդ, խելացի ջոկատավար-ուսուցիչներ, ծրագրի ղեկավարներ, ովքեր իրենց գործը կատարում են մեծ նվիրվածությամբ, սիրով ու ջերմությամբ։ Այս 13 օրերը ապրել ենք մեծ ընտանիքի նման, մեկը բոլորի համար, իսկ բոլորը՝ մեկի։ Եվ այս օրերը անմոռանալի են։

Էքսկուրսիաներից տպավորություններս բառերով նկարագրելը անհնար է։ Ամեն օր երկուժամյա ճանապարհին մեր աչքի առջև բացվում էր Հայաստանիս աննկարագրելի բնության հրաշալի տեսարան։ Իսկ Հայաստանի տարբեր վայրերը, ուր մենք հասցրեցինք այցելել, խոսում էին նրա հազարամյա պատմության մասին։

Մեր այցելած վայրերից կառանձնացնեմ Եռաբլուրը, ուր մեր այցին շատ էի սպասում, որտեղ կամա թե ակամա, թափվում են մարդկանց ամենաանկեղծ արցունքները։ Չէ՞ որ յուրաքանչյուրս պարտավոր ենք իմանալ մեր հերոսների ազգանվեր սխրանքի մասին, ծաղիկներ դնել և խոնարհվել նրանց շիրիմին…

Եվ այնքան հաճելի էր, երբ ուր էլ գնայինք, ասում էին. «Դուք ձեր տանն եք, ձեր հայրենիքում»։ Եվ այո, դա այդպես էր։   Սովորեցինք Հայոց պատմություն, Հայոց լեզու, ազգագրական երգ ու պար։ Այս ամառվա շոգին անգամ դասի նստելն էլ էր հետաքրքիր ու հաճելի։

Ծանոթացանք և ճանաչեցինք Հայաստանի տաղանդավոր մարդկանց, որոնց գործին կհետևենք միշտ։

Ծրագրի առաջին օրերին ամեն բան այլ էր. մասնակիցներից շատերին չէինք ճանաչում, բայց շատ-շատ էինք ուզում ծանոթանալ, փոքր-ինչ ամաչում էինք,  իսկ երբ արդեն ժամանակն էր վերադառնալու մեր երկրներ, իրար այնքան հարազատ էինք դարձել, որ բաժանումը արցունքներով էր ու ծանր, կապը` ամուր, որը շարունակվելու է միշտ։

Ամեն օրը մեծ երջանկությամբ եմ հիշում ու կարոտում։