Ճամփորդելն աշխարհի ամենալավ զբաղմունքն է կամ հոբբին, չգիտեմ՝ ինչպես բնութագրեմ։ Հիմա չեմ հասկանում մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն ճամփորդելու, բայց երբեք չեն ճամփորդում։ Ու ընկերներիս հետ բանավիճելուց՝ հարցերին, թե ինչ կնախընտրեի՝ ունենայի կուտակած որոշակի կապիտալ ու տեսած չլինեի մոտ 17-18 երկիր, թե այն, ինչ կա հիմա, պատասխանս ակնհայտ ու միանշանակ է։
Ու թվում է, թե ճամփորդել սկսել եմ 2022-ից սկսած, բայց պատշգամբում նստած մտովի ճամփորդել էի մանկություն ու պատանեկություն ու հիշել էն բազմաթիվ ճամփորդությունները հայրենիքում, որ ունեցել եմ։ Ու ամեն անգամ, երբ արդեն հասուն տարիքում ընկերներիս հետ գնում էի քաղաքից դուրս ինչ-որ տեղ, ու ասում էին, որ իրենք առաջին անգամ են այստեղ, իրական զարմանք էի ապրում։ Հետո հասկացա՝ ճամփորդել սկսել եմ հայրենիքից ու ընտանիքիս հետ։
Ինչ խոսք, հայրենիքը բացահայտելը լավ ու կայուն սկիզբ է ճամփորդությունը սկսելու համար։
Բայց այսօր չեմ ուզում խոսել օրինակ՝ առաջին անգամ աչքերիս ու Էյֆելյանի հանդիպումից, կամ` Պորտուգալիայի Կաբո դա Ռոկայում Ատլանտյանը աչքիս՝ արշավելուց։
Ամռանը հերթական ընտանեկան ճամփորդությունս էր՝ հարևան Վրաստան։ Սիրում եմ Վրաստան գնալ մեքենայով, որովհետև անցնում եմ իմ ամենասիրելի մարզով՝ Տավուշով։ Բայց նախորդ այցելություններիս ժամանակ նկատել էի, որ դեպի Վրաստան նոր երթուղի է գծվել, ու բացառում են Տավուշով գնալը։ Ու քրոջս հետ, ով վարորդն էր, կռիվներից հետո, թե Տավուշով վտանգավոր է, էսպես էլ չեն գնում, քույրս հաղթեց, ու որոշվեց, որ գնում ենք Տավուշով։ Սրտի խորքում ուրախացա։
Անցնում էինք բնության, սարերի, հայրենիքի քաղաքներով ու գյուղերով, հեռավոր, ու ինչ-որ տխրություն կար։ Չգիտեմ՝ երգերից էր, որ միացնում էի, որոնք ներբողում էին չքնաղ Հայաստանը, Հայաստանի եղբայր Արցախն ու կյանքը, որ ունեինք առաջ, թե նրանից, ինչ գիտեի, որ պիտի սպասվի։
Հասանք Կիրանց։ Սահմանազատում։ Սահմանագծում։ Անասելի գեղեցիկ գյուղ ու բնապատկերներ։ Կիսված տներ։ Ցանկապատը անցնում է տան մեջտեղով ու կիսում տունը։
Կեսը մերն է։
Մի քիչ էլ գնացինք, մերթընդմերթ բացում եմ google maps-ը, որ հանկարծ չհայտնվենք Ադրբեջանում։ Ու մեկ էլ։ Շրջվում եմ ու տանեցիներին ասում.
- Բարի գալուստ Ադրբեջանի Հանրապետություն։
Google maps-ը հայրենիքիս հատվածները ընկալում է որպես Ադրբեջան։ Չնայած՝ ոչ միայն google maps-ը, ու պետք չէ ջղայնանալ նրա վրա։
Այայի երկրի ձայնը ավելի է բարձրանում, ու հույս ունեմ, որ լսվում է ամբողջ տարածքում, ու անցնում ենք հայկական ու ադրբեջանական դրոշների կողքով։
Հաջորդ ճամփորդությունը դեպի Նորավանք էր։ Կրկին ինչ-որ տխրություն կար։ Կրկին երգերից էին, կարծում եմ։ Բայց բարձր էին երգերը, ու երգի «Արարատ հասնեն ձայները» բառերը ավելի էին ուժգնանում, երբ Արարատը դուրս էր գալիս լեռների արանքից ու բաշխում մեզ իր աստվածային ներկայությունը։
Բացում եմ google maps-ը.
- Բարի գալուստ Ադրբեջանի Հանրապետություն, տնեցիք։
Կանգնում ենք, հիանում տեսարաններով, տխրում, լսում ու գնում առաջ։
Հասնում ենք Նորավանք։ Կարդում եմ հին գերեզմանաքարերի վրա գրված գրությունները՝ հայերեն տառերով, նայում եմ շուրջս ու զգում Հայաստանը, հայկականն ու մերը։ Սպասում եմ, երբ ենք նորից անցնելու ճանապարհով, որ մի խաղաղասեր ու մի google maps ասում է, որ Ադրբեջան է։
Այս անգամ ավելի երկար ենք մնում կանգնած այս հատվածում։ Նկարվում, քննարկում, լսում ու նայում։
Հեռացնում եմ բոլոր այն մտքերը, որ գուցե վերջին անգամ եմ հայրենիքիս այդ հատվածներում ճամփորդում։