Հրաժեշտի պահը

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

1942 թվական… Պատերազմ… Ջուջևան… Դրսում միապաղաղ անդորրություն է տիրում: Ձյան ճերմակ փաթիլները մեղմիկ պարելով իջնում, փարվում են հողին, դարսվում իրար վրա: Ահա դատարկ ճանապարհով մի շուն է անցնում` գլխիկոր, ականջները կախ` ձյան ճերմակի վրա թողնելով հետքեր: Պատուհանին սառնամանիքը գեղեցիկ նախշագծեր է նկարել, որոնց միջով երևում է դիմացի բլրի մշուշապատ, ձյունով ծածկված անտառը: Ճարճատյունով վառվում է կրակը, հին թախտին նստել է հայրը և խոժոռ ու միևնույն ժամանակ գորովալից հայացքով նայում է որդիներին, որոնց մանկական աչքերի մեջ մի տեսակ տագնապ կա, արտառոց ինչ-որ բանի սպասում: Քիչ հեռու կանգնած մայրը օրորում է փոքր որդուն, որ բարուրից այնպես է լացում, կարծես նրա փոքրիկ սրտին ևս պաշարել է եղբայրներին համակած տագնապը:
Մոտենում է հրաժեշտի պահը. հայրը պետք է մեկնի պատերազմ, ինչպես շատ համագյուղացիներ, պետք է զենք վերցնի և պայքարի հանուն իր երկրի, հանուն իր երեք որդիների անվտանգ ապագայի: Պետք է կռվի ու հաղթի. չէ որ նա Խամսայի մելիքություններից Ջրաբերդի մելիք Տեր-Իսրայելյանների ժառանգորդն է, որ պայքարել ու պաշտպանել են իրենց հողն ու իրենց ժողովրդին, և հիմա արյունն է նրան մղում դեպի այդ հայրենանվեր գործին:
Ծանր վեր կացավ տեղից, խոր հառաչեց, մեկ-մեկ համբուրեց ավագ որդիների ճակատները, մոտեցավ փոքրիկի բարուրին: Մինչ այդ լացող որդին, տեսնելով հորը, անմիջապես լռեց և իր գեղեցիկ, խոշոր աչուկներով ուշադիր զննում էր հոր դիմագծերը, կարծես ուզում էր մտապահել այդ դեմքը: Հայրը համբուրեց փոքրիկի` բարուրից դուրս եկած փոքրիկ թաթիկը, որ հազիվ էր բռնել հոր մատը: Ապա նայեց կնոջը, որը փորձում էր թաքցնել արցունքները: Իր աչքերում էլ արցունքի մի կաթիլ խաղաց, բայց նա շրջվեց, բացեց դուռը, ևս մեկ անգամ ետ նայեց, հրաժեշտ տվեց ու հեռացավ:

Գնաց… Կռվեց… Նա ևս իր շատ զինակիցների հետ պայքարեց ու կյանքը զոհեց հանուն հայրենիքի` հերոսի անմահ անունով պսակելով իր հիշատակը: Իսկ իր որդիները մեծացան, դարձան իրենց հոր արժանի զավակները: Փոքր որդին էլ, իր հոր հիշատակը ամուր պահած սրտում, դիմագրավեց կյանքի բազում փորձություններին, աշխատեց, արարեց, ընտանիք կազմեց, թոռներ ունեցավ, որոնցից մեկն էլ ես եմ:
Այո, նա իմ պապիկն է, և ես հպարտ եմ դրանով, հպարտ եմ, որ կրում եմ նրա ազգանունը, հպարտ եմ, որ իմ երակներով հոսում է իմ նախնիների` հերոսական ոգով տոգորված արյունը, հպարտ եմ… Հպարտ եմ և միշտ կփորձեմ լինել իմ ամբողջ գերդաստանի բոլոր արժանի ներկայացուցիչների արժանի ժառանգորդն ու հետևորդը: