Արագածոտնի մարզի պատանիները խորհում են իրենց հուզող հարցերի մասին
Ինձ հուզում է այն, որ Հայաստանում շատ անապահով ընտանիքներ կան: Անապահովությունը սկսվում է գործազրկությունից: Մարդիկ ցանկանում են աշխատել, սակայն աշխատատեղեր չկան: Դրա համար էլ Հայաստանում օրեցօր ավելանում է արտագաղթը` հայերը մեկնում են օտար երկրներ:
Ես ցանկանում եմ, որ Հայաստանում տարբեր գործարաններ բացվեն, ստեղծվեն աշխատատեղեր, մտածեն գործազուրկների մասին, բարձր աշխատավարձ տան, որպեսզի մարդիկ չլքեն իրենց հայրենիքը և չհեռանան Հայաստանից:
Սայրանուշ Մնացականյան, գ. Փարպի, 16 տ.
***
Ես շատ եմ սիրում այն վայրը, որտեղ ծնվել եմ, և հենց դա է պատճառը, որ հիմա ցանկանում եմ Ագարակի հիմնախնդիրների մասին խոսել: Շատ տարիներ են պահանջվել Ագարակը գեղեցկացնելու համար ու շատերը, ովքեր ծնվել են այստեղ, աջակցել են գյուղի զարգացմանը: Թեև այս ամենին, Ագարակը, ինչպես Հայաստանի այլ գյուղեր, ունի իր ներքին` «տնական» խնդիրները, որոնք լուծում են պահանջում: Խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, շատ կարևոր է և գրեթե բոլոր գյուղերում է առկա, գյուղի լուսավորության հարցն է: Մեզ մոտ երբեք չի եղել գիշերային լուսավորություն: Երեկոյան ժամերին`հատկապես ձմռանը, պարզապես անհնար է տնից դուրս գալ, թեև մտածելակերպ էլ կա` էս ուշ ժամին որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում:
Շատ անգամ մարդիկ վախենալով են հասնում տուն, հատկապես աշակերտները, երբ ուշ ժամերին վերադառնում են պարապմունքներից: Կարծում եմ, համայնքապետարանը պետք է ուշադրություն դարձնի և միջոցներ ձեռնարկի այս հարցը լուծելու համար , որն այնքան էլ դժվար չէ: Դա կհեշտացնի մարդկանց կյանքը, կնվազեն գողություններն ու հանցագործությունների քանակը:
Արփինե Խաչատրյան, գ. Ագարակ, 15 տ.
***
Ինձ հուզում է իմ երկրի և իմ քաղաքի մթնոլորտային աղտոտվածությունը: Պատուհանից նայում եմ դուրս ու մտածում, թե ինչպես է մարդն աղտոտում շրջակա միջավայրը: Նայում եմ քաղաքիս` ամենուրեք մեքենաներ են, ու հիշում եմ աշխարհագրության ուսուցչուհու խոսքերը. «Ավտոտրանսպորտին բաժին է ընկնում մթնոլորտի աղտոտման հիմնական մասը»:
Հայաստանում այսօր էլ շատ են ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում արտադրված ավտոմեքենաները: Դա նշանակում է, որ երկրի ավտոմոբիլային հավաքակազմը հնացել է, ինչի պատճառով էլ ավելացել է արտանետումների քանակը: Մենք վատ օդ ենք շնչում, որը կարող է վատ ազդեցություն ունենալ մեր և ապագա սերունդների առողջության վրա:
Վերջին տարիներին քաղաքային փոխադրամիջոցներից դուրս մղվեց էկոլոգիապես մաքուր տրանսպորտը, սակայն ներկայումս ձեռնարկվում են միջոցներ` երկրի տրասպորտային համակարգը բարելավելու համար:
Այսպես… Պատուհանից դուրս եմ նայում ու նկատում, թե ինչպես է մի տղա ձեռքի աղբը գցում գետնին: Մի փոքրիկ էլ` տեսնելով, վազում, վերցնում է թուղթն ու գցում աղբարկղը: Ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ անգամ փոքրիկ, անզգույշ քայլով վնասում են բնությունը և մթնոլորտը:
Լուսինե Հարությունյան, ք. Աշտարակ, 16 տ.
***
Մեր գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ինձ համար կարևոր է, որ մեզ մոտ ժամանցի կենտրոններ բացվեն: Ճիշտ է, կան տեսարժան վայրեր՝ հուշարձաններ, պուրակներ և այլն, բայց դա քիչ է, որովհետև չկան սրճարաններ, կամ ակումբներ, որտեղ մարդիկ կկարողանան հավաքվել ու զրուցել: Կցանկանայի, որ նման վայրեր լինեն երիտասարդների համար, որտեղ նրանք կանցկացնեն իրենց ազատ ժամանակը:
Արուսյակ Իգնաթևոսյան, գ. Սասունիկ, 16 տ.
***
Երջանկություն ասվածը յուրաքանչյուրիս ընկալմամբ տարբեր է: Բոլորս էլ ցանկանում ենք անհոգ և երջանիկ մանկություն ունենալ: Թվում է` երջանիկ լինելը հեշտ է, բայց ոչ բոլորին է ի վերուստ տրված այդպիսի կյանք:
Ինձ հուզող հարցերից մեկը. եկեք ուշադրություն դարձնենք այն երեխաներին, ովքեր չունեն իրենց երազած մանկությունը: Ցանկությունս է` միասնական ջանքերով ստեղծել բարեգործական կենտրոններ, որոնք կօգնեն մանկատան երեխաներին ` քիչ թե շատ մանկության երջանիկ օրեր ունենալ: Օգնենք նրանց հասնել գոնե մի երազանքի՝ պարգևելով խինդ և ուրախություն: Կազմակերպենք հետաքրքիր միջոցառումներ, ինչու չէ, նաև ճամփորդություններ դեպի տեսարժան վայրեր՝ նրանց մեկ օրը հիշարժան դարձնելու համար:
Մեսրոպ Ալեքսանյան, գ. Կարբի, 16 տ.
***
Ես շատ եմ տեսնում ծխախոտ օգտագործող չափահաս մարդկանց, բայց վերջերս նկատել եմ, որ իմ շրջապատում անչափահասները` իմ հասակակիցները, նույնպես ծխում են: Վերջերս դպրոցում ուշադրությունս գրավեցին երեք տղաներ, ովքեր միշտ ուշացած էին ներկայանում դասերին: Մտածում էի, որ ուղղակի դանդաղաշարժ են, բայց ավելի ուշ իմացա, որ ծխում են և այդ պատճառով էլ ուշանում են դասերից: Ընդամենը տասնվեց տարեկան, բայց օրն առանց ծխախոտի չեն պատկերացնում և վնասում են իրենց առողջությունը: Նրանց պետք է բացատրել, որ դա վատ սովորություն է, որից պետք է հրաժարվեն քանի դեռ շուտ է:
Գևորգ Հովհաննիսյան, գ. Կարբի, 16 տ.
***
Ուզում եմ անդրադառնալ մեր ժամանակների աղտոտված փողոցներին: Ի՞նչ են մտածում այդ մասին բնապահպանական մարմինները: Քայլում ես փողոցով և ամենուր աղբի ես հանդիպում: Ուզում եմ, որ համապատասխան վայրերում աղբամաններ տեղադրվեն: Ես ապրում եմ Փարպի գյուղում, որտեղ արդեն մի քանի տարի է, աղբամաններ չկան: Փոխարենը`շաբաթական երկու անգամ, շրջում են աղբահավաք մեքենաներն ու հավաքում բնակիչների կուտակած աղբը: Իմ կարծիքով, շաբաթական երկու անգամը շատ քիչ է, որ գյուղն ամբողջությամբ մաքրվի: Ցանկանում եմ, որ այդ մեքենան ոչ միայն կենտրոնական, այլ նաև մյուս` երկրորդական փողոցներին ուշադրություն դարձնի: Ամենուր կուտակված աղբը գարշահոտություն է տարածում հատկապես շոգ եղանակին, ինչի պատճառով էլ երեխաները չեն կարողանում դուրս գալ բակ՝ խաղալու:
Ես շատ եմ ուզում, որ իմ գյուղը մաքուր ու գեղեցիկ լինի :
Սոնա Կարպովա, գ. Փարպի, 16 տ.
***
Ես ապրում եմ Ագարակ գյուղում: Ագարակն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մասին պետք է խոսել և իրազեկել մարդկանց: Բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մի խնդրի , որը հուզում է և՛ ինձ, և՛ իմ ընկերներին: Դա ժամանցային վայրերի իսպառ բացակայությունն է գյուղում: Ես և ընկերներս շատ կցանկանայինք, որ մեզ մոտ էլ լինեին կարաոկե-ակումբներ, սրճարաններ, ակումբներ, որտեղ կիրականացվեին տարբեր խաղեր, միջոցառումներ և ծրագրեր:
Կարծում եմ, պետք է համայնքապետարանը ուշադրություն դարձնի այս խնդրին: Այդ դեպքում, գյուղացիները իրենց ազատ ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու և լիցքաթափվելու հնարավորություն կունենան:
Լենա Խաչատրյան, գ.Ագարակ, 17 տ.
***
Ես քսանամյա Էմման եմ: Ուսանողուհի եմ: Ինձ հուզում են բազմաթիվ երևույթներ, որոնք տեղի են ունենում և դեռ կունենան: Սակայն ամենից շատ, ինձ հուզում է սովորելուց հետո աշխատանք չգտնելու տխուր հեռանկարը:
Ինչպես յուրաքանչյուր ուսանող, ես նույնպես կանգնած եմ այդ խնդրի առաջ: Շատ հաճախ մտածում եմ. « Բա որ չկարողանա՞մ աշխատանք գտնել, բա, որ չստացվի՞, բա որ այս հինգ տարիները ջուրն ընկնեն»:
Առջևում դեռ երկու տարի էլ ունեմ, բայց արդեն անհանգստանում եմ: Պատճառն այն է, որ շատ-շատերը մնում են առանց մասնագիտական աշխատանքի և այլ գործերով են զբաղվում: Իսկ ո՞ւր մնաց այդ չորս-հինգ տարիների տքնաջան աշխատանքը, սովորելը և գիտելիքները: Ինչքան էլ ասենք, թե կարևորը ուսում ստանալն է, բայց երբ չես ունենում համապատասխան գործ, այդ տարիները մի տեսակ ապարդյուն են թվում: Եվ ի՞նչ անել:
Հուսալով շարունակել մնացած երկու տարի՞ն, թե՞ թողնել, որ հիասթափությունը հաղթանակի:
Էմմա Թովմասյան, ք, Աշտարակ, 20 տ.