Ինձ հուզում է մեր գյուղի գետի`Ամբերդի անմխիթար վիճակը: Այն աղտոտված է, քանի որ մարդիկ գետի շրջակայքում աղբ են թափում: Մենք` երեխաներով, որոշեցինք կազմակերպել ու գետը մաքրել, և մաքրեցինք: Սակայն գյուղի բնակիչները հին «սովորույթի» համաձայն, նորից աղբ կուտակեցին, և նրանց սխալ վարվելակերպի պատճառով Ամբերդը կրկին աղտոտվեց:
Մարիամ Խումարյան , գ. Ոսկեհատ, 16 տ.
***
Հուզո՞ւմ… Է~հ, ես շատ եմ հուզվում ու մտածում: Երբեմն էլ` մեն -մենակ նստած… Մտածում եմ… Ու քիչ հետո մտածում եմ, թե ինչի մասին էի այսքան ժամանակ մտածում: Գիտե՞ք ինչն է ամենից շատ ինձ հուզում: Այն միտքը, որ հնարավոր է չհասցնեմ: Չհասցնեմ անել այն, ինչ կարող էի անել այս վայրկյանին: Իսկապես… Եթե մտածենք, այս պահը, որ հիմա նստած մտքերս եմ շարադրում, այլևս չի լինի, չի կրկնվի: Մի վայրկյան էլ անցավ… Հիմա ևս կանցնի ու … Ու վերջ:
Ու հիմա էլ նստած մտածում եմ այն վայրկյանի մասին, որ հենց նոր անցավ:
Հասմիկ Դավթյան , ք. Աշտարակ, 16տ.
***
Շատ հաճախ ուսուցիչներից այսպիսի արտահայտություններ եմ լսում. «Դասը, որ լավ չի սովորում, խփում եմ», «Ծեծում եմ, որ խելոք մնան»: Ես կարծում եմ, որ ուսուցիչների նման մոտեցումը սխալ է: Ես սովորում եմ տասներորդ դասարանում և իմ դպրոցում կան ուսուցիչներ ( բարեբախտաբար նրանք շատ չեն), ովքեր դասը չսովորելու, ուշանալու և նույնիսկ չնչին պատճառներով երեխային խփում են: Դրա պատճառով աշակերտներն սկսում են չսիրել այդ ուսուցիչներին և նրանց դասավանդած առարկաները, իսկ դասերի ընթացքում րոպեներն են հաշվում, թե երբ պիտի ավարտվի այդ դժոխային դասը: Մի անգամ դասի ժամին դասընկերս շրջվեց և ցածր ձայնով հարցրեց.
-Ի՞նչ ա գրած գրատախտակին, չի երևում:
Մինչև փորձեցի հարցին պատասխանել, ուսուցիչս արդեն խփեց դասընկերոջս և ասաց.
-Դասից դուրս հարցեր մի՛ տուր, մի՛ խանգարիր դասը:
Հուսամ, որ նման ուսուցիչները շատ չեն, և երբեք էլ նրանց թիվը չի շատանա: Նրանք չեն հասկանում երեխայի հոգեբանությունը: Հույս ունեմ, որ մի օր կհասկանան, որ ծեծի միջոցով չեն կարող ստիպել երեխային դաս սովորել կամ խելոք մնալ:
Սվետլանա Դավթյան, գ. Կարբի, 15 տ.
***
Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչներին հուզող ամենահրատապ խնդիրը գյուղի լուսավորությունն է: Ասեմ, որ կարևոր քայլը կատարված է. տեղադրված են հենասյուներ, որոնք որպես լուսատու պետք է ծառայեն:
Սա կարևոր խնդիր է, որովհետև լուսավորության բացակայության պատճառով բազմաթիվ լուրջ հարցեր են առաջանում: Օրինակ, կարող են մեծ թափ առնել հանցագործությունները: Բարեբախտաբար դրանք գյուղում հազվադեպ են պատահում: Զգուշանալով հետագա անախորժություններից` գյուղացիները խուսափում են տնից դուրս գալ ուշ ժամերին: Մթության պատճառով գյուղում կյանքը ավելի ու ավելի է պասիվանում: Էլ չեմ ասում, որ դա իսկական գլխացավանք է մթից վախեցողների համար:
Եթե այս ամենին գումարենք սոված ու վայրենի շների հարձակումները, պատկերն ավելի պարզ կդառնա: Հնարավոր է` վտանգավոր իրավիճակներ ստեղծվեն անպաշտպան երեխաների համար, որոնք արդեն իսկ զգուշանում են, նույնիսկ ցերեկը:
Եվ այսպես, մեր գեղեցիկ գյուղը արևամուտից հետո ամբողջովին ծածկվում է սևով՝ կորցնելով իր շհմայքը:
Անահիտ Նազարյան, գ. Ագարակ, 15 տ.
***
Ինձ ամենից շատ հուզում են մարդկանց պատկերացումներն ու սխալ մտածելակերպը: Շատերի կարծիքով, եթե քեզ հետ քո տարիքի տղա է քայլում, ապա դուք զգացմունքներ ունեք` սիրում եք իրար, ուրեմն, նա պարտադիր քո ընկերը պետք է լինի: Նրանք չեն էլ ուզում մտածել, որ դա կարող է ընդամենը շատ ամուր, պարզ ու մաքուր ընկերություն լինել: Եթե անկեղծ` ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման կարծիքների ու խոսակցությունների վրա… Ուղղակի տհաճ է, երբ քայլելիս քեզ ուղղված` խոշոր ու պլշած աչքեր ես տեսնում: Այդ պահերին` մտքում բարկանալով ասում եմ. «Մի՞թե ես այս մարդուն ինչ-որ վնաս եմ հասցրել»:
Չէ … Պարզապես նրանք ինձ տեսել են իմ դասընկերոջ հետ: Եվ իհարկե, թաղի կանայք, մեծերն ու փոքրերը խոսում են այդ մասին` այստեղ-այնտեղ և ամենուր: Ահա ինձ հուզող ամենատհաճ հարցը, որը վախենում եմ` երբեք էլ չլուծվի…
Անի Գրիգորյան, Աշտարակ, 15տ.
***
Ինձ հուզում է այն հարցը, թե ինչու են մարդիկ «սեր» հասկացությունը սխալ ընկալում: Ես սերը տարբեր իմաստներով եմ հասկանում: Օրինակ՝ սեր հայրենիքի նկատմամբ, սեր ընտանիքի, շրջապատի և դպրոցի նկատմամբ: Եվ մի կարևոր սեր՝ ընկերոջ և ընկերուհու սերը, որից ընտանիք է ստեղծվում: Ես չեմ ընդունում ավանդական խոսակցությունները սիրո վերաբերյալ: Ես կարծում եմ, որ ամեն մարդ և երիտասարդ, սերը տարբեր կերպ է ընկալում: Ես գիտեմ այնպիսի երիտասարդների, ովքեր խաղում են դիմացինի զգացմունքների հետ և թողնում՝ հաշվի չառնելով նրա հույզերն ու ապրումները:
Քնքուշ Քեթցյան, գ. Կարին