Դիլիջանյան մեդիա ճամբար. Ամեն օր մի նոր բան

Առավոտյան ժամը 09:30-ին՝ քայլով մարշ դեպի ճաշարան: Համեղ հարիսա ուտելուց հետո գնացինք կոնֆերանս դահլիճ, որտեղ էլ գործնական աշխատանք կատարեցինք՝ սովորելով նկարահանումների հիմունքները: Ընկեր Աշոտը եւ Դիանան մանրամասնորեն բացատրեցին ֆոտոյի մասին ամեն ինչ: Ես սովորեցի շատ ավելին, քան պատկերացնում էի: Դիանան բացատրեց, որ ֆիլմ նկարելիս տեսախցիկը երբեք ձեռքով չբռնենք, այլ դիմենք շտատիվի օգնությանը: Բացատրեմ՝ ինչու… Ձեռքով նկարահանելիս հնարավոր չէ անշարժ պահել տվյալ կադրը, իսկ այդ դեպքում վերջինս փչանում է: Ես իմացա նաեւ, որ ֆոտոյի ամենախոշոր պլանը կոչվում է դետալ: Հա՜, ու այսօրվա «ամենախելացի» պահը Արամ Կիրակոսյանի հետ հանդիպումն էր: Նա  PanPhoto լրատվական գործակալության ֆոտոլրագրող է: Հանդիպման սկզբում երկու բառով, իսկ իրականում լիքը նախադասություններով պատմեց ֆոտոյի նախապատմությունը: Իրականում շատ հետաքրքիր էր, բայց անկեղծ կլինեմ ու կասեմ, որ շատ-շատ բաներ չեմ հասկացել: Ես մեղավոր չեմ, շատ արագ էր պատմում, ոգեւորված…

Եկավ ամենահետաքրքիր պահը, ու նա պատմեց իր անցած ուղու մասին: Շատ զարմացա, երբ իմացա, որ նա մեկ ամիս շարունակ ամեն օր գնացել է հոգեբուժարան: Պատմեց, որ սկզբի օրերին ծանոթացել է նրանց նիստուկացին, հետո արդեն ֆոտոներ արել, պատրաստվել ֆիլմ նկարահանելուն: Ֆոտոները շատ հետաքրքիր էին, սեւ-սպիտակ… Հետո մենք խմբերի բաժանվեցինք եւ հանձնարարություն ստացանք՝ հարցազրույց վերցնել միմյանցից ու նկարահանել դա:

Իհարկե ունեցանք սխալներ, որոնք առկա էին գրեթե բոլորի մոտ: Ես շատ օգտակար գիտելիքներ ձեռք բերեցի եւ համոզված եմ, որ մյուս վարպետության դասերը նույնչափ օգտակար կլինեն: