Լիանա Աբրահամյանի բոլոր հրապարակումները

Տխուր զրույց

Լուսանկարը՝ Անի Աբրահամյանի

Տիգրան Վիլենի Բաղդասարյան, կամ ինչպես նրան կոչում էին «Ռեմբո», «Ծաղիկ», չնայած ես չիմացա, թե ինչու էին նրան այդպես անվանում: Մասնակցել է Արցախյան պատերազմին, զոհվել է հեռոսաբար:

 - Կիրովաբադում բնակվում էինք 1960թ.-ին, 1968թ.-ին ամուսնացել ենք` ես ու Վիլեն պապիկը, 1969թ.-ին ծնվել է առաջին աղջիկս, 1970թ.-ին երկրորդ աղջիկս, իսկ Տիգրանս ծնվեց 1975թ.-ին: 1988թ.-ին տեղափոխվել ենք Վայոց Ձորի Գետափ գյուղ,- պատմում է մայրը:

 - Ինչո՞ւ բնակություն հաստատեցիք հենց Գետափում:

- Մեզ` բոլոր գաղթականներիս, ուղեկցում էին տարբեր վայրեր, որպեսզի մենք ընտրենք մեր բնակության վայրը: Ինձ ու Տիգրանիս դուր եկավ Գետափ գյուղը:

- Փաստորեն այստեղ բարեկամներ չունեիք:

- Ոչ, բարեկամներ չունեինք` մենակ էինք:

- Իսկ ի՞նչ արեցիք Գետափ գալուց հետո, որտե՞ղ բնակվեցիք:

- Գնացինք ակումբ, մեզ հարցրեցին` տուն ունենք, թե ոչ, պատասխանեցինք, որ չունենք, ու մի բարի մարդ`Համիկ անունով, մեզ ուղեկցեց իրենց տուն: Ութ ամիս բնակվեցինք իրենց տանը, ութ ամսից հետո ապրեցինք Մարտիկենց տանը, դրանից հետո մեզ կամուրջի մոտ տուն տվեցին, և մենք ապրեցինք այնտեղ: Դրանից հետո Տիգրանիս կանչեցին «վայենկոմատ», ասացին աչքի հետ խնդիր ունի` ազատեցին բանակից, թուղթը բերեց տուն, բայց ասաց. «Մամա ջան, ես պետք ա ծառայեմ»: Ասեցի` այ բալա, ախր, ո՞նց ես ծառայելու: Ասեց` չէ, մամ, ես ծառայելու եմ:

- Ինչպե՞ս ընդունեցիք նրա համառությունը:

- Դեմ էինք, իհարկե, բայց Տիգրանս շատ համառ էր, ասում էր` մամա, ես պետք ա ծառայեմ, թող գյուղացին ինձ թարս երեսով չնայի: Ու եկավ էն պահը, որ Տիգրանիս պետք ա ճանապարհեինք բանակ, հավաքվեցինք, մեծ քեֆ արեցինք, Տիգրանիս ճանապարհ դրեցինք, աչքերը լցրեց ու նստեց մեքենան, մենք էլ տխուր, իհարկե, վերադարձանք տուն:

- Որտե՞ղ էր ծառայում Տիգրանը:

- Տիգրանը սկզբում ծառայում էր Կապանում, հետո, որ Ղարաբաղում կռիվը թեժացավ, Տիգրանին տարան առաջին գիծ: Մեկ տարի առաջին գծում մնաց: Ինքը այնպես էր ծառայում, որ իրան «Ռեմբո Տիգրան» էին ասում: Այդ ժամանակ ոչ ուտելիք կար, ոչ ջուր: Տիգրանս գնացել ա թուրքի սահման, սպասում էին ընկերները մինչև երեկո, անհանգիստ էին: Տիգրանիս ընդեղ «ծաղիկ» էին ասում, ու սկսեցին մտածել` ո՞ւր ա Ծաղիկը, ո՞ւր մնաց, որ չեկավ: Ու հենց էտ ժամանակ տեսնում են, որ Տիգրանը գալիս ա, մեջքին` լիքը ուտելիք, ծխախոտ: Բերել ա ու բաժանել ա զինվորներին:

Տիգրանս զոհվել է 1994թ.-ի ապրիլի 19-ին, ինքը 19 թվերի մեջ մնաց: Տիգրանս շրջափակման մեջ մնաց, ու չկարողացավ դուրս գալ: Ինքը ցանկացել ա, որ օգնի իրա մոտիկ ընկերոջը: Ու էտ ժամանակ թշնամին իրան մեջքից խփել ա` սրտի կողմից: Տանում են իրան հիվանդանոց, բժիշկը տեսնում ա, որ էտ փամփուշտը մեջն ա մնացել, ու շատ արյուն ա կորցրել: Ու Տիգրանս մահանում ա,չեն կարողանում փրկել: Նույն գիշեր ամուսինս ասում էր, որ շատ անհանգիստ ա: Վեր կացավ, գնաց գյուղ, որ զանգի Տիգրանին, ասեցին, որ Տիգրանը էլ չկա: Բոլորը լացում էին:  Ես ինքնասպան էի ուզում լինել, ամուսինս ասում էր. «Տիգրան ջան, դու ինձ պետք ա թաղեիր, ես քեզ թաղեցի»: Գյուղացիները մեզ շատ օգնեցին. թե գումարով, և թե հոգեպես: Ես շատ եմ սիրում գետափցիներին ու Գետափը: Ու ինչ էլ լինի, ես չեմ գնա իմ գյուղից: Իմ Տիգրանն էլ շատ էր սիրում այս գյուղը: Մենակ ուզում եմ, որ անապահով ընտանիքներին աչքաթող չանեն: Մեր համայնքում շատ կան անապահով ընտանիքներ, և ուզում եմ, որ նրանց անուշադրության չմատնեն:

Լուսանկարը՝ Անի Աբրահամյանի

Տիգրանի մասին, նրա հերոսության մասին գրել են մամուլում, գրքերում: Մեր համայնքում ամեն անգամ նշում ենք նրա ծննդյան օրը, ծաղիկներ տանում նրա գերեզմանին, երեխաներին պատմում են նրա սխրագործության մասին: Ես լսում էի Տիգրանի մորը և մտածում էի` թող այնպես լինի, որ այլևս երբեք պատերազմ չլինի, որ ծնողները ոչ թե սգան իրենց զավակի համար, այլ երջանիկ վայելեն իրենց ծերությունը` շրջապատված զավակներով, թոռներով…

Ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ հետը հանեցի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

- Էլի լվա՞ցք ես արել ու մինչև հիմա չե՞ս փռել:

- Հեսա կանեմ, մամ:

Հիմար սովորությանս համաձայն էլի գործս կիսատ էի թողել, բայց  դե, գիշերվա հազարն էլ լիներ, պետք է վերջացնեի: Ինձ համար դրսում լվացք եմ փռում, մեկ էլ սարսափելի ձայներ լսեցի: Սկզբում մտածեցի նայածս ֆիլմի ազդեցության տակ եմ մնացել, բայց չէ, նույնը լսում էի շարունակ: Ձայները գալիս էին խողովակի միջից: Կարծեցի մեր բակի օձերը այլևս ինձանից թաքնվելու տեղ չեն գտնում և արդեն խողովակի մեջ են մտնում: Քանի որ չէի ուզում գիշատիչներին այդ դաժան ճակատագրին արժանացնել և հենց իմ ձեռքերով խեղդել, հայրիկիս դիմեցի:

- Այս անգամ նրանց խեղդել քեզ չի հաջողվի, ծիտիկ է:

- Ծիտի՞կ, ոնց թե պապ, մի կողմ գնա, թող`տեսնեմ:

Փաստորեն խեղճ ծիտիկը խողովակի մեջ էր մտել ու չէր կարողանում դուրս պրծնել (ինչևէ, ես սկզբում այդպես կարծեցի): Պետք է անպայման փրկել: Խողովակից մի կերպ հանեցինք, բայց նա շնորհակալություն հայտնելու փոխարեն տուն մտավ և կարծես ուզում էր ամեն ինչ փշուր-փշուր անել: Ես պատուհանը բաց թողեցի, որպեսզի իր շնորհակալությունը հայտնելուց հետո դուրս գա: Առավոտյան միայն նրա շնորհակալության հետևանքները տեսա, և ուրիշ ոչինչ: Էլի լվացքը ինձ էր սպասում, և նրանից նեղացած անցա իմ գործին: Նորից նույն սարսափելի ձայները…

Մի կողմ դրեցի ամեն ինչ և մոտեցա խողովակին, այս անգամ իրոք սարսափելի էր: Չէ, չէ, գիշատիչներ չէին: Խողովակում տեսա երեք ձու և երկու փոքրիկ ձագ: Այդ տեսարանը հրաշալի էր, սակայն այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչու էի արժանացել այդ շնորհակալությանը, և սարսափելին հենց դա էր, երևի այդ նույն պահին ես էլ նրանց համար մի գիշատիչ կենդանի էի: Փորձեցի նրանց օգնել, բայց խողովակից հանել այս անգամ չէի պատրաստվում: Ձեռքս վերցրեցի բահը և սկսեցի հողը փորել: Լսել էի ծիտիկները որդ են սիրում ուտել: Երկար,բայց միևնույն ժամանակ հաճելի չարչարանքներից հետո նրանց կերակուրը պատրաստ էր: Մայրիկս ճիշտ է ասում, որ ես միշտ ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ հետն եմ հանում, բայց այս անգամ բժիշկ դարձա և փորձեցի բուժել այդ վերքը: Իսկ նրանց համար մի անհանգստացեք, խողովակից հանել էլ չեմ փորձի, կմեծանան` իրենց ոտքով դուրս կգան:

 

Մի գնա

Լուսանկարը` Անուշ Ավագյանի

Լուսանկարը` Անուշ Ավագյանի

Գարուն էր: Գարուն, որn այդպես էլ իր հետ գարուն չբերեց Սարգսյանների ընտանիքի համար:

- Որդիս, լավ կնայես մորդ, մինչև որ գամ:

Վերջին խոսքերը եղան հոր, որն ասաց որդուն:

Անցել էր մի քանի ամիս, և կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում: Հեռախոսազանգ…

Լսափողը վերցրեց Հայկը:

-Չէ… Պապ ջան… Ինչի՞ համար, Տեր Աստված: Ասում էինք` մի գնա…,- և նրա աչքերը լցվեցին արցունքով:

-Ի՞նչ է պատահել, տղաս:

-Մամ…,- Հայկը լռեց:

Հայրը բարձրահարկ շենքի տանիքում աշխատելիս ցած էր ընկել: Նրան հնարավոր չէր եղել փրկել:

Զանգ, որ փոխեց ամեն ինչ:

Ընտանիքի կյանքը բարելավելու, օրվա հացը վաստակելու համար՝ ինչպես և բոլոր հայրերը մեր օրերում, մեկնել էր արտերկիր`աշխատելու:

Չգնա՞ր, բայց դա նույնպես ելք չէր:

Մի գնա… Ինչքան հեշտ, և միևնույն ժամանակ, ինչքան դժվար է ասել այդ խոսքերը, և մի՞թե այդ մի գնան ինչ որ բան կփոխեր:

Բայց իմ ընթերցող,՝դու, որ կարդում ես, դու չգնաս: