Արտյոմ Մկրտչյանի բոլոր հրապարակումները

artyom mkrtchyan

Ծովակի հրաշքը

Ես Արտյոմն եմ Ծովակից:

Այն ժամանակ, երբ ես ծնվեցի, բնականաբար, չէի հասկանում, թե ինչ չքնաղ, թասիբով ու սիրով լի և հարուստ պատմություն ունեցող գյուղում եմ ծնվել: Իմ գյուղը ներկայիս Ծովակն է: Գյուղն ավելի հայտնի է իր հին անվանմամբ՝ Զաղա կամ Ներքին Զաղալու, իսկ գյուղացիներին էլ, իհարկե, զաղեցիներ: Մեր գյուղում նշանավոր տեղ են զբաղեցնում դեռևս 11-րդ դարից պահպանված քրիստոնեության մեջ պատմամշակութային նշանակություն ունեցող խաչքարերը, որոնց մեր գյուղացիները անվանում են 7 եղբայրներ (մեր՝ մշեցիներիս բարբառով՝ 7 պապե), որոնք գալիս են վկայելու, որ դարեր առաջ այստեղ արդեն ապրել են հայեր:

Մեր գյուղի նշանավոր պատմամշակույթային արժեքներից է Ռուսա II-ի թողած սեպագիր արձանագրությունը, որը գրվել է մոտ 2800 տարի առաջ՝ Ուրարտական թագավորության օրոք:

Այս արձանագրությունը գրվել է Ռուսա II-ի հերթական արշավանքների ընթացքում, այն գտնվում է մեր գյուղի քարանձավներից մեկի խոռոչում:

Դեռ մանկուց ցանկացել եմ, որ տարբեր ազգերի ներկայացուցիչները գան և տեսնեն այդ պատմամշակույթային հրաշալիքներից մեկը:

Մեր համագյուղացիների հիմնական զբաղմունքը և՛ հնում, և՛ հիմա եղել են ձկնորսությունն ու անասնապահությունը։ Քանի որ մենք ապրում ենք լճին մոտ, այդ պատճառով էլ մենք՝ գյուղացիներս, առողջ, ամուր և ֆիզիկապես ուժեղ մարդիկ ենք: Ես սիրում եմ իմ գյուղը, քանի որ գյուղացիներից ամեն ոք միշտ պատրաստ է օգնել մյուսին:

Մեր գյուղում յուրաքանչյուր գերդաստան ունի իր տոհմի անվանումը, օրինակ՝ ես պատկանում եմ Ամրխան կոչվող գերդաստանին, գյուղում կան նաև Լոլոներ, Գորքեներ, Ավեսներ, Նորսոներ և էլի մի քանի տասնյակ անվանումներ ունեցող մեծ ու փոքր գերդաստաններ:

Ամեն մի գերդաստան զբաղվել և զբաղվում է որևէ արհեստով, գյուղատնտեսությամբ, շինարարությամբ:

Ես կարող եմ անվերջ խոսել իմ գյուղի մասին, իմ անչափ մեծ սիրո և հարգանքի, և իհարկե, իմ համագյուղացիների մասին:

Ես երջանիկ եմ, որ ինձ իրավունք է տրվել լույս աշխարհ գալու այնպիսի դրախտային վայրում, ինչպիսին իմ գյուղն է՝ Ծովակը…