Անահիտ Աբգարյանի բոլոր հրապարակումները

Պայքարելու մասին

Հետաքրքիր բան է երևակայությունը, նաև՝ տարօրինակ։ Մի օր զվարթ պատկերներ է ստեղծում, մեկ այլ օր էլ թափառում է իր իսկ ստեղծած մառախլապատ աշխարհում։

Ես բարդ բնավորության տեր մարդ եմ, սովորաբար դժգոհ և ունքակախ։ Ինձ զարմացնելն այնքա՜ն բարդ է դարձել, որ վերջերս այլևս ոչ մեկին չի հաջողում անել դա, դե՜, բացառություն է սեփական երևակայությունս։ Վերջինս միշտ ինձ հետ է, բնական է, միշտ գործում է ու հավիտենական զրուցակիցս է։ Մինչ այսօր հիշում եմ անցած տարվա հունվար ամսվա ճամփորդությունս դեպի Ջրվեժ, որի ընթացքում ինքս ինձ համար նոր աշխարհ բացահայտեցի։ Այդ նոր աշխարհը երևակայությանս մեջ էր, դրա թաքնված անկյուններից մեկն էր։

Հունվար ամիսն էր․․․ Ամենուր ձյան ճերմակ շերտ էր նստած։ Քոլեջի երեխաներով և ուսուցիչներով սահնակ քշեցինք, ձնագնդի խաղացինք, բայց դեռ առույգ էինք ու հեռանալ չէինք ուզում, սակայն արդեն վերադարձի ժամն էր հասել։ Չէինք կամենում հեռանալ, դրա համար էլ դանդաղ էինք քայլում այն ճանապարհով, որ դեպի ավտոբուսն էր տանում։ Դեռ 2019 թ-ի թախծալի իրադարձությունների տակ էի, դեռ նեղված էի ու առանձնացա բոլորից։ Միայնակ մտքերիս մեջ՝ հայացքս գետնին ուղղեցի․ ամենուր ձյուն էր, իմ սիրելի եղանակն էր։ Եվ հանկարծ հասկացա, որ ես ներկայում չեմ, այլ մեկ այլ աշխարհում եմ սավառնում։ Երկինքը նուրբ կարմիր երանգով էր պատված, շուրջ բոլորս ծաղիկներ էին՝ տարբեր-տարբեր, ու զեփյուռն էր մեղմ երգ երգում։ Ապշեցի ու զարմացա․ այն երևակայական աշխարհում, ուր միշտ մռայլ ու անձրևոտ եղանակն էր տիրում, ուր դժկամ բողոքներն էին անվերջ հնչում, արև ծագեց, ու ծաղիկներ բուսնեցին։ Եվ հասկացա, որ երջանիկ ու անհոգ եմ, քանի որ ապրում եմ, քանի որ ծնվել եմ։

Ու հիմա 2021 թիվն է։ 2020-ը սարսափելի տարի էր: Նորից անմխիթար վիճակում էի, բայց մեկ է, նույնն եմ։ Շուրջս հնարավորություններով ու փորձություններով լի հսկա աշխարհն է, այն երախը բաց ինձ է սպասում, որ փշրի ոսկորներս, ճզմի ջիլերս, կուլ տա ու հանգիստ շունչ քաշի… Բայց ես հիմա մեծ եմ, էլ ավելի համառ եմ և ընդունում եմ նրա մարտահրավերը։ Ես պատրաստ եմ դիմակայել նրան ու թե ընկնեմ, ապա վայրկյաններ անց ոտքի կկանգնեմ: