Լուսինե Հակոբյան (Գեղարքունիք)ի բոլոր հրապարակումները

Մահ իմացեալ՝ անմահություն

«Ես պիտի մասնակցեի պատերազմին, մա՛մ, որ հետո երեխաներիս ու թոռներիս պատմելու բան ունենամ…»:

Այսպես էր ասել տանկիստ Կարեն Շահինյանը, ով հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի թեժ մարտերի ժամանակ վիրավորվելուց հետո առաջին անգամ զանգահարել էր մորը: Բայց ստացած գլխուղեղային կոնտուզիան, իր կարծիքով, ոչինչ էր: Վերքերը ավելի էին բորբոքվում, երբ մայրական խնամքում գտնվելիս ամեն օր լսում էր զինակից ընկերների զոհվելու մասին:

Կարեն Արտակի Շահինյանը ծնվել է 1998 թվականի մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի գյուղ Զոլաքարում։ 2 տարի անց ընտանիքը տեղափոխվել է Սևանի շրջանի գյուղ Ծովագյուղ, որտեղ էլ հաճախել է դպրոց: Աչքի է ընկել խելացիությամբ, մաքրությամբ ու հոգատարությամբ: Սիրում էր «Մաթեմատիկա» առարկան և մեծ սիրով մասնակցում բոլոր մաթեմատիկական մրցույթներին: Դասարանում լավագույններից էր։ Դեռ մանկուց սիրում էր մեխանիկայով զբաղվել, մանր դետալներով, լուցկիների հատիկներով մեքենաներ և եկեղեցիներ հավաքել։ Հետաքրքրվում էր տեխնիկայով և ինքնուրույն ուսումնասիրում էր դրանց կառուցվածքը։ Երբեք չէր ասում «չեմ կարող», «չգիտեմ». միշտ կարողանում էր հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաք տեղափոխվելով՝ Կարենն աշխատել է որպես վարորդ՝ տիրապետելով տեխնիկայի բոլոր տեսակներին։ Չլսելով ծնողների աղերսանքը՝ 2019 թվականին վերադարձել է Հայաստան՝ զինված ուժերում ծառայելու նպատակով։

 

Ծառայությունն անցել է Արմավիրի՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում՝ մասնագիտանալով որպես տանկիստ-մեխանիկ։ Այնուհետև տեղափոխվել է Կուբաթլու, իսկ պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում։ Հոկտեմբերի 2-ին գրավված տարածքներից հետ է վերադարձրել իր և իր ընկերների տանկերը, որի ժամանակ էլ ծանր վիրավորումից ստացել է գլխուղեղային կոնտուզիա և այրվածքներ։

Կարենը հեռախոսազրույցի ժամանակ պատմել էր, թե ինչպես իրեն հոսպիտալ տեղափոխող բժիշկը իր հագուստներից տվել էր Կարենին, քանի որ իրենն ամբողջովին այրված էր։ Ապաքինվելու նպատակով մեկ շաբաթ անցկացրել է նաև տանը։ Այդ ընթացքում Կարենն իմացավ բժշկի մահվան մասին և շատ ծանր ապրումներ ունեցավ։ Ծառայակից ընկերների, հրամանատարների կորուստը Կարենին դարձրել էին ինքնամփոփ, լռակյաց։ Միակ սփոփանքը քրոջ դուստրն էր՝ Սոֆին, ում տեսավ առաջին ու վերջին անգամ։ Պատերազմի արհավիրքից փրկված Կարենն այնքան քնքշորեն էր համբուրում Սոֆիի փոքրիկ ձեռքերը, խաղում նրա հետ։

-Քույրերի համար շատ էր անհանգստանում: Էդպես էլ մեծ քրոջ աղջկա համար էր անհանգիստ: Ասում էր միակ երազանքն այն է, որ վերջապես տեսնի Սոֆիին,- պատմում է մայրը:

Ռազմաճակատ վերադառնալիս Կարենն ասաց. «Կարևորը ես եկա ու բոլորիդ տեսա»։

Հոկտեմբերի 21-ին Կարենը կրկին վերադարձավ առաջնագիծ։ Իր զինակից ընկերների հետ խոցեց թշնամական 4 տանկ և նոյեմբերի 7-ին հարազատներին արդեն էկրաններից էր ժպտում՝ Զինուժի տեսահոլովակում, որտեղ պատմում էր տանկերի խոցման մասին՝ «Սովորություն էր արդեն դառնում մեր մոտ, սպասում էինք հաջորդը գա, որ հաջորդին խփենք»։ Բայց երկու օր անց՝ նոյեմբերի 9-ին, մասնակցելով Շուշի քաղաքի ազատագրմանը, ընկավ հերոսի մահով։

-Կարենին բոլորը սիրում ու հարգում էին՝ հրամանատարներից մինչև շարքային զինծառայողը: Շատ լավ ընկեր, ով բոլորին հասնում էր, օգնում ու լուծում բոլորին անհանգստացնող խնդիրները,-պատմում է հրամանատար Քաջիկ Արշակյանը:

Կարենը մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում մայիսի 4-ին դասարան անվանակոչվեց Կարեն Շահինյանի անվամբ: Այս օրը նաև Կարենի ծննդյան օրն էր. նա կդառնար 23 տարեկան…

Կարենը դարձավ հավերժ զինվոր, ով իմացյալ մահով անմահացավ։