Արմինե Հովհաննիսյանի բոլոր հրապարակումները

Կապանի թութը

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Թութը ավելի շատ օգտագործում են գյուղերում: Թթով պատրաստում են չիր: Չիր պատրաստելու համար նախ պետք է թութը թափ տալ: Թութ թափ տալու ժամանակ շատ օգնում են երեխաները. երեխաները բռնում են քյարխանան` հատուկ ծածկոց, որի մեջ պետք է լցվի թափվող թութը, իսկ մեկը, ով ուժեղ է, բարձրանում է ծառը, կանգնում ճյուղի վրա ու սկսում է ոտքով հարվածել:  Թափ տալու ժամանակ թութը ասես կարկուտի նման հարվածում է կտորին` թողնելով հյութեղ հետքեր, իսկ եթե թութը սև է, ապա նաև սև բծեր: Իսկ վերջում թութը լցնում են դույլի մեջ և տանում են տուն՝ չիր պատրաստելու նպատակով: Վերցնում են սկուտեղ, հատիկ-հատիկ  կողք կողքի դասավորում են թութը և դնում են արևի տակ: Թութը թողնում են արևի տակ այնքան, մինչև չորանում է:  Թթից նաև քաղցր օշարակ են պատրաստում` դոշաբ, որը շատ լավ դեղամիջոց է հազի դեմ: Թթից կարելի է նաև ստանալ օղի, գինի: Դե, կարծում եմ թթի օղին հայտնի է ողջ Հայաստանում: Թութն արդեն հասնում է, շուտով բոլոր այգիներում կլսվի ուրախ աղմուկ և ճոճվող թթենիները պար կբռնեն: