Աննա Վարդանյանի բոլոր հրապարակումները

anna vardanyan

Ինձ մեքենա մի վստահեք

Առավոտ էր, բոլորս ուրախ էինք, չնայած՝ հաջորդ օրը հայրս մեքենայով պետք է գնար Մոսկվա։ Մեզ հյուր եկան հորեղբորս կինը և նրա թոռնուհի Միլենան, որին ես միշտ ստիպում էի, որ ինձ մորաքույր ասի, սակայն դա ասել չէր կարողանում և ասում էր քիրաքույր։

Երեկոյան, երբ բակում ծառերի մեղմ շվաքի տակ նստած էինք, հայրս որոշեց մեքենան փողոցից մեր բակ տեղափոխել, ես վազեցի նրա հետևից և ասացի.

-Պապա, կտա՞ս ես մեր բակ մտցնեմ քշելով։

-Աննա ջան, բայց չես կարա, մնա մի ուրիշ անգամ։

-Լավ էլի, պապա, տուր մտցնեմ, դու էլ տես, որ կարամ։

Եվ այդպես ես հայրիկիս համոզեցի, որ ես մեքենան ինքնուրույն կայանեմ բակում։

Երբ Միլենան լսեց, որ ես եմ մեքենան վարելու, վազեց, և հայրիկիս հետ նստեցին կողքիս։ Հայրս ասաց.

-Կամաց ոտքդ դիր գազի սեղմակի վրա։

Ես ոտքս դրեցի սեղմակի վրա, բայց ոչ կամաց սեղմելով, ինչպես հայրս էր ասել։ Մեքենան հարվածեցի սկզբում դարպասին, հետո՝ աջ կողմի պատին, հետո՝ ձախ կողմի պատին, հայրս հազիվ հասցրեց անջատել այն։

Բախումների ժամանակ զոհեր և վիրավորներ չարձանագրվեցին, մեքենայի վրայից մի քանի մասեր կոտրվեցին, մի խոսքով՝ մեքենան ահագին վնասեցի, չնայած դրան՝ հայրս առավոտյան մեկնեց։

Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ Միլենան չէր հասկացել, որ ես մեքենան պատեպատ էի տալիս, և երբ հայրս անջատեց մեքենան, Միլենան սկսեց ուրախ բղավել․

-Քիրաքո՜ւյր, էլի «պոեզ» արա։

anna vardanyan

Ծիրանի սեզոն է

Ամռան արևոտ օրերին Արտենի գյուղում շարժը շատ է, ինչպես ասում են՝ «ծիրանի սեզոնն» է սկսվել։

Առավոտյան ժամը 6-ին արդեն գյուղացիները այգիներում են և անցել են իրենց գործին, այս օրերին գյուղում շատ են ուրիշ քաղաքներից եկած մարդիկ և վրացիները։ Երբ քայլում ես գյուղում, շատ են այսպիսի խոսակցությունները․

-Քանիսո՞վ կտանեք իմ ծիրանը։

-Ի՞նչ ծիրան ա, խոշո՞ր ա, մա՞նր ա․․․

-Ընտիր ծիրան ա։

Արտենցիները առավոտից մինչև երեկո գյուղի կենտրոնում՝ հրապարակում հավաքվում են և սկսում, ինչպես իրենք են ասում, «բազար» անել ծիրանի համար:

-Իմը «ֆռի» ծիրան ա, 500-ից պակաս չեմ տա։

-Ոչ ինձ, ոչ քեզ, արի 400 բարիշենք։

- Լավ…

Նույնիսկ վրացի գնորդներն են սովորել մի քանի բառ հայերեն, երեկ պատահական լսեցի, թե ինչպես էր մի վրացի գնորդ մեր հարևանին հարցնում․

-Абрикос խոշո՞ր ա, թե՞ մանր։

-Համ խոշոր կա, համ մանր։

Նույնիսկ մի դեպքի ականատես եղա, թե ինչպես վրացի ամուսինները խաբեցին մեր գյուղացուն ու գնացին։

-Ոնց 500 կգ «գյոզալական» ծիրանը հավաքել տվեցին, հետո փոշմանեցին։

-Հա, գոնե չասեին՝ հավաքեք․․․

-Խնդրեմ, արտենցու բախտը:

Մեր նոր թղթակիցները

Հունիսի 25-28-ը «Մանանա» կենտրոնում անց էին կացվում Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի 17.am կայքի նոր թղթակիցների նախապատրաստման դասընթացները: Մասնակիցները տարբեր մարզերից էին`  Սյունիքից, Երևանից, Շիրակից, Լոռուց, Գեղարքունիքից, Արմավիրից, Արարատից, Արագածոտնից,Կոտայքից, Տավուշից և այլն:Anahit Badalyan

-Բարև Ձեզ, ես Անահիտ Բադալյանն եմ Սյունիքի մարզի Կապան քաղաքից, 17 տարեկան, սովորում եմ Իտալիայում UWC քոլեջում, հիմա ամառային արձակուրդները անցկացնում եմ Հայաստանում։

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել այդ ծրագրին և կրթությունդ շարունակել Իտալիայում։

-Առհասարակ, մշակութային, փորձի փոխանակման և նմանատիպ այլ ծրագրերը լավ հնարավորություն են, որպեսզի ընդլայնես քո մտահորիզոնը, շփվես այլ մտածելակերպի տեր մարդկանց հետ ու իրենցից սովորես լավը ու հետաքրքիրը, որը դու երբևէ չես նկատել, ու դու էլ իրենց փոխանցես քո իմացածը։ Փուլերը հաղթահարելով ընդունվեցի։

-Ինչո՞ւ որոշեցիր թղթակցել 17.am-ին, ի՞նչ հետաքրքրություն տեսար կայքի մեջ։

-Ես հետևում էի 17-ի թղթակիցների հոդվածներին, որոնք ներկայացնում էին իրեց գյուղը, քաղաքը և խնդիրները, ու մտածեցի, որ ես էլ գրեմ, կլինեն մարդիկ, որ իմ պես կկարդան իմ հոդվածները, և իրենց համար հետաքրքիր կլինի։

-17.am-ը դրական ազդեցություն ունեցա՞վ քո վրա։

-Այո, մտածեցի, որ իմ համայնքի խնդիրների մասին, և ոչ միայն խնդիրների, կիսվելը և արտահայտելը իմ մտքերը կհետաքրքրի մարդկանց։ Այն ինձ համար մեծ հնարավորություն էր ինքնաարտահայտվելու։

-Լրագրությունը քո հոբբի՞ն է, թե՞ ընտրած մասնագիտությունը։

-Երկար ժամանակ մտածել եմ, որ լրագրող եմ դառնալու, մասնակցել եմ լրագրողական ծրագրերի, սակայն երբ իմացա այլ մասնագիտությունների մասին, ուսումնասիրեցի, հասկացա, որ ինձ ավելի համապատասխանում է տնտեսագետի մասնագիտությունը։ Ես արդեն իմ մասնագիտությունը ընտրել եմ, և թղթակցում եմ 17-ին, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, ես շարունակելու եմ լրագրությունը, քանի որ ես սիրում եմ այն։

-Քո շրջապատում կա՞ն մարդիկ, որոնց կառաջարկես թղթակցել 17-ին և ընտրել լրագրողի մասնագիտությունը։

-Իմ ընկերներից շատերը չգիտեին 17-ի մասին, բայց երբ գրեցի հոդվածներ, տեղադրեցի, բոլոր ընկերներս արդեն իմացան կայքի մասին։

-Կրթությունը վերջացնելուց հետո կմնա՞ս Իտալիայում, ի՞նչ պլաններ ունես։

-Այս տարի կավարտեմ քոլեջը և կդիմեմ բարձրագույն հաստատություն, ցանկություն ունեմ Միացյալ Նահանգներում շարունակելու, վերջացնելուց հետո անպայման վերադառնալու եմ Հայաստան և այստեղ եմ գործունեություն ծավալելու։

Աննա Վարդանյան

***

Anush Muradyan-Ես Անուշ Մուրադյանն եմ, Վանաձորից։ Սովորում եմ Վանաձորի պետական համալսարանի լրագրության բաժնում։

-Ցանկություն ունե՞ս Վանաձորում կրթություն ստանալուց հետո այն շարունակել հայրենի քաղաքից դուրս։

-Այո, ցանկություն ունեմ։ Մագիստրատուրան հավանաբար կշարունակեմ Երևանում։ Չեմ սահմանափակվի միայն լրագրությամբ։ Ամենայն հավանականությամբ, իրավաբանական բաժնում։ Դեռևս հաստատ չեմ որոշել, բայց երկրորդ մասնագիտություն ձեռք բերելը համարում եմ անհրաժեշտ։

-Ի՞նչ ակնկալիքներ ունես 17.am-ի կազմակերպած դասընթացներից։

-17.am-ի կազմակերպած դասընթացներն ինձ իսկապես ոգեշնչում են, և ակնկալում եմ այստեղ ավելի մասնագիտանալ, տեսնել իմ սխալները, սովորել։ Օրինակ՝ երբ 17.am-ը չի հրապարակում ուղարկածդ նյութը, սկսում ես մտածել, թե որտեղ ես թույլ տվել սխալ, և ինչն է քո աշխատանքի թերությունը։ Այսպես դու կարողանում ես տեսնել քո թերությունները և դրանք շտկել։

-Երազե՞լ ես լրագրող դառնալու մասին մանկության տարիներից, թե՞ ավելի հասուն տարիքում ես կատարել ընտրությունդ։

-Մասնագիտական ընտրությունս կատարել եմ հասուն տարիքում։ Մանկության տարիներին երազում էի նկարչուհի դառնալ, սակայն փոխեցի որոշումս և չեմ զղջում իմ ընտրության համար։

-Ի՞նչ կմաղթես բոլոր ապագա լրագրողներին։

-Խորհուրդ կտամ լինել պատրաստակամ, որովհետև լրագրությունը բավականին բարդ մասնագիտություն է։ Կմաղթեմ ուժ ու եռանդ, որ կարողանան հասնել իրենց նպատակներին և չհիասթափվեն։

Մարի Ենգոյան

**

Mary YengoyanՄարի Ենգոյանը Վարդենիս քաղաքից է, 14 տարեկան։ Խոսելով հարազատ քաղաքի մասին՝ Մարին նշում է. «Փոքր քաղաք է, որտեղ բոլոր մարդիկ մեկը մյուսին ճանաչում են,

բոլոր մարդիկ քեզ հարազատ են»։

Դեռ հստակ մասնագիտություն չի ընտրել, սակայն նրա ամենամեծ նախասիրությունը ֆուտբոլն է և պատմում է, որ ֆուտբոլ սկսել է նայել 4 տարեկանից և ուզեցել է հաճախել 5-6 տարեկան հասակից, սակայն չի ստացվել։ Մարին ասում է. «Ֆուտբոլը սիրելու համար պետք է տեսնել էն կողմը, որը չես կարող տեսնել։ Պետք է ապրել ֆուտբոլով»։
Արդեն ավարտել է երաժշտական դպրոցը՝ դաշնամուրի բաժինը։ Ասում է. «Դաշնամուրը իմ արյան մեջ է»։

«Ես հետաքրքրված եմ լրագրությամբ, իսկ 17.am-ը շատ լավ հնարավորություն է տալիս արտահայտելու սեփակաան մտքերդ»։

Տեսնելով 17.am-ի 4-օրյա դասընթացների հայտարարությունը՝ Մարին շատ է ոգեշնչվում և որոշում է մասնակցել։

«Շատ եմ սիրում այս կայքում տեղ գտած նյութերը, հատկապես՝ շատ եմ սիրում գյուղական կյանքին վերաբերող նյութերը, բոլորը ունեն իրենց հետաքրքիր կողմերը»։

Նա հուսով է, որ 17.am-ը կօգնի իրեն հասկանալու՝ արդյո՞ք լրագրությունը իր մասնագիտությունն է, թե ոչ։ Պնդում է, որ այստեղ բոլորը շատ հետաքրքիր են, իր ճանաչած բոլոր մարդկանցից տաբերվում են։
Մարին թղթակիցներին մաղթում է նորանոր հաջողություններ, անսպառ ուժ և եռանդ, որ միշտ վստահ լինեն իրենց ուժերի վրա։

«17.am-ը կանվանեմ շատ հետաքրքիր կայք, շատ կցանկանամ, որ չփոխի այս ոճը, միշտ անկեղծ ու իրական պատմություններ տեղադրվեն»։

Անուշ Մուրադյան

***

Haykush-Ողջույն, ես Հայկուշն եմ Հովսեփյան, Կոտայքի մարզից, գյուղ Նոր Երզնկայից:

-Ինչպե՞ս իմացար 17.am-ի մասին, և ինչո՞ւ ցանկացար դառնալ թղթակից:

-Ես 17.am կայքի մասին իմացել եմ համացանցի միջոցով, և իմանալուն պես սկսել եմ գրել իմ առաջին հոդվածը, որը հետագայում տպագրվեց կայքում: Իսկ այժմ մասնակցում եմ 17.am-ի կողմից կազմակերպած դասընթացներին:

-Ի՞նչի մասին էր քո առաջին նյութը:

-Առաջին նյութս բնապահպանության մասին էր, որը, կարծում եմ, արդիական թեմա է մեր ժամանակներում: Ես ընտրել էի օդի աղտոտվածության թեման և ներկայացրել էի դրա հետևանքները: Կարծում եմ, որ հասարակությանը դա կհետաքրքրի:

-Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, և արդյոք 17.am-ը օգնո՞ւմ է քեզ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հարցում:

-Ես ցանկություն ունեմ դառնալ հեռուստալրագրող, և դասընթացները, իհարկե, կնպաստեն. ես ձեռք կբերեմ գիտելիքի զգալի պաշարներ, որոնք նաև հետագայում ինձ պետք կգան մասնագիտության մեջ կիրառելու համար:

-Մոտիվացվա՞ծ ես գրելու հետագայում նյութեր 17.am-ի համար:

-Այո,՛ ես կգրեմ նյութեր ինձ հուզող խնդիրների մասին և կփորձեմ որոշ չափով դրանց նաև լուծում տալ, ինչը կօգնի ոչ միայն ինձ, այլ նաև իմ տարածաշրջանում բնակվող մարդկանց:

-Ի՞նչ ես կարծում՝ քո գրած նյութերը կհետաքրքրե՞ն հանրությանը, և ինչո՞ւ:

-Այո՛, անշուշտ կհետաքրքրեն, քանի որ այն, ինչ գրելու եմ, վերաբերելու է մեր տարածաշրջանին և իրենց:

-Ըստ քեզ՝ ինչո՞ւ պետք է լինել 17.am- ի թղթակից:

-Այստեղ անհատը ստանում է գիտելիքի ահռելի պաշարներ, և ինչու չէ, նաև ձեռք է բերում նոր ընկերներ: Ես խորհուրդ կտամ բոլորին դառնալ թղթակից և կիսվել իրենց հուզող խնդիրների մասին։

Մերի Ավետիսյան

ArtBus-Գունատեղ Արտենիում

Յուրաքանչյուր տարի դպրոցի աշակերտական խորհուրդները պետք է իրականացնեն ծրագիր, այն պետք է լինի դպրոցի ներսում կամ համայնքում։ Արտենիի միջնակարգ դպրոցի ԱԽ-ն որոշեց, որ այս տարի իր ծրագիրը պետք է լինի համայնքային։

-Երեխեք, եկեք հետաքրքիր ու այնպիսի ծրագիր անենք, որ չկա մեր գյուղում, և օգտակար կլինի բոլորի համար:

-Երեխեք, մեր գյուղում ի՞նչ չկա:

-Ժամանցի վայր, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը:

-Եկեք ավտոբուս գտնենք, ներկենք, վերանորոգենք ու կդառնա հավես տեղ։

Եվ երկար ժամանակ մենք ավտոբուս էինք փնտրում: Կային մի քանիսը, բայց անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում: Եվ վերջապես մի օր հեռախոսիս նամակ ստացա. «Ավտոբուսը բերել ենք, արդեն գյուղում ա, վաղը հավաքվենք, որ որոշենք` ինչ անենք»:

Ավտոբուսը բերելուց հետո մի քանի աշակերտներ գնացին համայնքապետի մոտ, որպեսզի ներկայացնեն մեր ծրագիրը և բյուջեն, թե որքան գումար է հարկավոր ավտոբուսը վերանորոգելու համար։ Համայնքապետը մեզ ընդառաջեց և տրամադրեց բյուջեին համապատասխան գումարը, և մենք սկսեցինք մեր աշխատանքները։

Երկար ժամանակ որոշելուց հետո, թե ինչ տեսք պետք է ունենա մեր ավտոբուսը, ինչ գույներով պետք է լինեն պաստառները, որոշվեց, որ աշակերտները գնան խանութ` կկողմնորոշվեն, կամ մեզ կուղարկեն` մենք կընտրենք։

Հետո մի քանի աշակերտներ գնացին մեզ անհրաժեշտ նյութերը գնելու։ Նյութերը բերեցին, և վերանորոգման առաջին քայլը ներկելն էր: Այդ ընթացքում մենք հյուր ունեցանք` սողուն էր, որը որոշել էր հանգրվանել մեր ավտոբուսում, սակայն մենք փչացրինք նրա նպատակները և հեռացրինք նրան։

Հետո ավտոբուսի ներսում ամրացրեցինք պաստառները, կառուցեցինք հատակ։

Մեր ավտոբուսի համար նաև պետք է ընտրեինք անուն: Երբ ծրագիրը պետք է ներկայացնեինք համայնքապետին, ասացինք, որ այն պետք է անվանենք «ArtBus», որը կբացվեր որպես Art-Արտենի և Bus-ավտոբուս: Ներկայացնելուց հետո մտածեցինք նաև հետաքրքիր այլ անուն տալ ArtBus-ին, և քանի որ մեր ավտոբուսը գունավոր էր, երեխաներից մեկը առաջարկեց դնել «Գունավոր տեղ», հետո մտածեցինք, որ կարելի է ստեղծել նոր և հետաքրքիր բառ` գունատեղ, և այդպես էլ արեցինք. մեր ավտոբուսը անվանեցինք «ArtBus-Գունատեղ»։

Մեր ArtBus-Գունատեղը պետք է ներկայացնեինք նաև Coaf-ի Սմարթ կենտրոնում, և ներկայացնելով մեր ծրագիրը` հիացրինք և զարմացրինք բոլորին, և մեր ծրագիրը համարվեց լավագույն ստեղծարար ծրագիր։ Պաշտոնական բացումը արեցինք հունիսի 19-ին։

Այսօր արդեն գործում է մեր ArtBus-Գունատեղը:

Համեցեք մեզ հյուր: