Արմինե Հարությունյանի բոլոր հրապարակումները

armine harutyunyan

Լռության ձայնը

Ապրիլի սկիզբն էր: Եղանակը՝ ոչ այնքան բարենպաստ: Կեսօրն անցել էր, երեկո էր: Արևն արդեն անցել էր սարերի հետևը, բայց շողերը դեռ կարմրավուն և դեղնավուն գունային երանգներով գեղեցիկ տեսարան էին ստեղծում երկնքում:

Այդ օրը ամբողջ ժամանակս անցկացրել էի մենակ (ինչպես սիրում եմ ու հիմնականում այդպես էլ անում) և որոշեցի այդպես էլ ավարտել: Դուրս էի եկել զբոսնելու: Քայլում էի աննպատակ և առանց մտածելու: Գնում էի անորոշ ուղղությամբ: Գնում էի այնտեղ, ուր ոտքերս էին տանում: Առանց որևէ պատճառի, պարզապես տրամադրություն չունեի: Քայլում էի միայն մի բանի մասին մտածելով, որը գնալով սովորական մտքից վերածվում էր վախի: Չհանդիպել այնպիսի մեկին, ով կփորձի խոսել ինձ հետ կամ, առավել ևս, լինի բարեկամ: Օ՜, ոչ, ես դրան չէի դիմանա: Այսպես մտամոլոր չեմ էլ հիշում՝ որքան էի քայլել, երբ սթափվեցի ոտքերիս ցավից, որոնք քայլելուց արդեն ուժասպառ էին եղել, և եթե մարդկային լեզու ունենային, ինչեր ասես, որ չէին ասի ինձ:

Սթափվեցի, կանգնած էի փողոցի մեջտեղում, իսկ շուրջս ոչ ոք չկար, սա հենց այն էր, ինչ միանգամից անցավ մտքովս՝ ոչ ոք չկար:

Զարմանալի էր, փորձեցի հիշել անցածս ճանապարհը, մի բան հայտնաբերելուց հետո ես ապշեցի. «Աստված իմ, մի՞թե: Այո, հիշում եմ, այո, այդպես է»: Ես երկար, շատ երկար էի քայլել, բայց ոչ մեկի, բացարձակապես ոչ մեկի չէի հանդիպել ճանապարհին: Ոչ ոք չկար, դատարկություն էր: Հասկանալով դա՝ սարսափեցի: Հանկարծակի միտքս փոխեցի՝ կգնամ այնտեղ, որտեղ միշտ մարդաշատ է: Բայց ո՞ւր, այո, իհարկե, պուրակը, բայց արդյո՞ք կարող եմ: Այն գտնվում է գյուղի կենտրոնում, իսկ ես այնտեղից բավականին հեռու եմ և բացի այդ, ոտքերս այլևս ի զորու չեն ենթարկվելու ինձ: Գրողը տանի: Թքած, ցավում ցավում են, թող մի քիչ էլ ցավեն, կդիմանամ, միայն թե հանդիպեմ որևէ մեկին, այլևս չեմ դիմանում: Այս անիծյալ դատարկությունն ինձ կուլ է տալիս: Անհապաղ պետք է գտնել մեկին, ով անկեղծ, շատ անկեղծ, կնայի ուղիղ աչքերիս մեջ և կժպտա։ Մի քանի վայրկյանում այսքանը անցավ մտքովս: Բռնեցի այն ճամփան, որը տանում էր դեպի պուրակը: Քայլում էի շնչակտուր, արագ և հստակ: Ներսումս այնքան հույս էր կուտակվել, որ նույնիսկ մեկ-մեկ անկախ ինձնից ժպտում էի:

Սակայն ինչքան մոտենում էի պուրակին, այնքան այդ հույսը վերածվում էր սարսափի և հիասթափության, որովհետև պուրակից ոչ մի ձայն չէր լսվում:

Հասա պուրակի դարպասներին, սարսափը կրկնապատկվեց, ձեռքերս սկսեցին դողալ: Առաջացա, կանգնեցի պուրակի կենտրոնում: Ամբողջ մարմնով դողում էի: Սարսափն իր գագաթնակետին էր հասել: Ոչ ոք չկար, ոչ ոք, լռություն էր, դատարկություն, ամայություն, կարծես երբեք մարդ չեր եղել այնտեղ, այնինչ ընդամենը մեկ օր առաջ այդտեղ ասեղ գցելու տեղ չկար․ մեծահասակները խումբ-խումբ նստած նստարաններին մտերմիկ զրուցում էին և բարեկամաբար ժպտում: Իսկ երեխաները երջանկությունից այս ու այն կողմ էին վազվզում: Իսկ հիմա՞, հիմա ոչինչ, ոչ ոք չկար, միայն ես էի և… ես: Վերջապես սարսափը վերափոխվեց ցասումի: Կռացա, գետնից վերցրի մի մեծ քար, բարձր բացականչեցի և զայրույթի ամբոջ ուժով այն նետեցի դեպի իմ աջևում և ինձնից քիչ հեռու գտնվող մետաղե արձանը։ «Մարդուն մարդ է պետք»: Քարը դիպավ երկաթին, մի ահարկու ու բարձր ձայն դուրս եկավ և տարածվեց օդում: Ձայնն աստիճանաբար կորչում էր, իսկ ցասումս կրկնակի, եռակի, քառակի չափով վերածվում էր հիասթափության: Վերջապես ձայնը մարեց: Մարմինս, որ մինչ այդ տենդագին դողում էր, միանգամից անզգայացավ և թուլացավ: Ուղեղս մթագնեց: Ոտքերս թուլացան, և ես ընկա գետնին: Հայացքս ուղղեցի դեպի վեր: Շնչահեղձ էի լինում և կիսաձայն կրկնում՝ մարդուն մարդ է պետք, և… Եվ շուտով դա էլ անցավ: Կոպերս աստիճանաբար փակվեցին և հանդիպեցին իրար:

armine harutyunyan

Նոր Հայաստանի առաջինները

Բարև: Ուզում եմ քեզ մի բան պատմել, եթե դեմ չես: Ասում են` առաջինը լինելը դժվար է, (դե՜, այո, այդպես է), սակայն ինչքա՜ն հաճելի է լինել առաջինը, (դե, իհարկե, լինում են նաև բացառություններ):

Իմ կյանքում «առաջին»-ը մի տեսակ լինում է ավելի շատ, քան կցանկանայի, որ լիներ: Սկսեմ սկզբից: Երբ ես և իմ հասակակիցները սկսեցինք դպրոց հաճախել, կրթությունը դարձրին 12-ամյա, և մենք դարձանք ճիշտ տասներկու տարի դպրոց գնացած առաջին դասարանը: Այս ընթացքում եղավ նաև գնահատման սանդղակի փոփոխումը 5-ից 10-ի: Դե դա անցավ, լավ:

Ահա եկավ նոր Հայաստանի գաղափարը, և ամենալավը սկսվեց հենց այստեղից: Մենք դարձանք նոր Հայաստանի առաջին շրջանավարտները, և հետևաբար տվեցինք առաջին ընդունելության քննություները նոր Հայաստանում: Եվ ընդունվեցինք: Այնքան հաճելի է գիտակցել, որ շուտով՝ հենց ծննդյանս օրը, որն առաջին անգամ կնշեմ նոր Հայաստանում, առաջին անգամ ոտք կդնեմ համալսարան և կդառանամ նոր Հայաստանի առաջին առաջին կուրսեցիներից մեկը:

Եվ հուսանք, որ մենք կլինենք այն առաջինները, ովքեր բարձրագույնն ավարտելուց հետո գործազուրկ չեն մնա:

Հավատա, հաճելի է լինել առաջինը:

«Ռինդ» ազգագրական պարային համույթը

«Ռինդ» ազգագրական պարային համույթը, որտեղ այժմ պարում եմ նաև ես, ստեղծվել է 2014 թվականին համայնքի ղեկավարի՝ պարոն Հուսիկ Սահակյանի աջակցությամբ: Հարցազրույց խմբի ղեկավար և պարուսույց Դավիթ Հովհաննիսյաննի հետ:

-Պատմեք «Ռինդ» պարային համույթի մասին: Ե՞րբ է ստեղծվել այն և ներկայումս քանի՞ աշակերտ կա խմբում: 

-Համույթը ստեղծվել է 2014 թվականի փետրվարին: Համույթը գործում է երկու խմբով: Ներկայումս կա մոտ 60 աշակերտ, և նրանց թիվը օր օրի ավելանում է:

-Պարային ո՞ր ոճերում է հանդես գալիս խումբը: 

-Պարում ենք հայկական ազգագրական պարեր՝ քոչարի, յարխուշտա, իշխանապար, և այլ ազգերի ժողովուրդների պարեր՝ ռուսական, վրացական, իտալական, հունական:

-Մասնակցո՞ւմ եք փառատոների կամ միջոցառումների: Եթե այո, ապա ի՞նչ մասշտաբի միջոցառումներ են լինում դրանք: 

-Մասնակցում ենք հանրապետական՝ մրցութային և ցուցադրական տարբեր փառատոների: Օրինակ, մասնակցել ենք «Նազանք-2014» և «Նազանք-2015» պարի հանրապետական մրցույթ-փառատոներին: Մասնակցում ենք նաև մշակութային միջոցառումների: Հենց վերջերս պարել ենք Արենիում՝ գինու փառատոնի ժամանակ: Անցած ամիս պարել ենք Եղեգնաձորում կազմակերպված անկախության օրվան նվիրված միջոցառմանը, հոկտեմբերի 21-ին` Ռինդ գյուղի տոնին նվիրված միջոցառմանը:

-Ի՞նչ մրցանակների է արժանացել խումբը: 

-Համույթի սաները ստացել են պատվոգրեր «Մինորա» մշակութային կենտրոնից՝ «Նազանք-2014», «Նազանք-2015» պարի հանրապետական մրցույթ-փառատոներին և 2017 թվականի հունիսի 1-ին «Հայ մանուկներ» երաժշտական հանրապետական համերգ-փառատոնին փայլուն մասնակցություն ցուցաբերելու համար: Խումբը հրավերներ է ստացել Վրաստանից և Հունաստանից:

-Ի՞նչ խնդիրներ ունի խումբը: 

-Պետական աջակցությունը շատ քիչ է, ճանապարհածախսի և սննդի համար գումար տրամադրում են ծնողները, նաև համայնքապետարանը: Մեր հիմնական խնդիրը պարային հագուստների խնդիրն է, որոնք բացակայում են միջոցների սղության պատճառով:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում խմբի ապագան: 

-Խմբի ապագան շատ տեսանելի է և հուսադրող, քանի որ երեխաները մեծ սիրով են հաճախում պարապմունքներին: Իսկ մենք արդեն իսկ ունենք պարուսույցներ, որոնք չնայած դեռ 16-17 տարեկան են, բայց արդեն բավականին մեծ փորձ են ձեռք բերել այդ ասպարեզում:

-Բացի «Ռինդ» պարային համույթը՝ ունե՞ք այլ խմբեր: 

-Այո: Խումբ ունեմ նաև Արենի համայնքում, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արենի» պարային համույթ:

-Մի փոքր պատմեք Ձեր մասին: Ե՞րբ եք սկսել պարել, որտե՞ղ եք սովորել, ե՞րբ եք դարձել պարուսույց: 

-Պարել սկսել եմ դեռ փոքր տարիքից: Պարել եմ Եղեգնաձորի ՄՍԿ (Մանկական ստեղծագործական կենտրոն) մշակույթի տան «Սալմաստ» ազգագրական երգի-պարի համույթում, նաև ՀՀ ՊՆ «Սպայի տան» «Սարդարապատ» պարային համույթում: Հստակ չեմ հիշում, բայց մոտավորապես 5-ից 6 տարի է՝ պարուսույց եմ:

-Սիրո՞ւմ եք Ձեր աշխատանքը: 

-Այո, իհարկե: Սիրում եմ աշխատել երեխաների հետ: Երբ որևէ աշխատանք անում ես սիրով և տեսնում ես, որ այն արդյունք է տալիս, սկսում ես ավելի ու ավելի շատ նվիրվել քո գործին: Ես սիրով եմ անում իմ գործը:

-Ո՞րն է Ձեր կարգախոսը: 

-Պահպանել և տարածել մեր հայկական ազգագրական պարերը: Սա է իմ կարգախոսը, և ես հնարավորինս փորձում եմ հետևել դրան: Իմ աշակերտներին ևս սովորեցնում ու խորհուրդ եմ տալիս հետևել այդ կարգախոսին: