12-րդ դասարանում էի: Մի առավոտ սովորականի պես արթնացա և շտապեցի դպրոց: Արդեն 2-րդ կիսամյակն էր, և դպրոցում հայտնեցին, որ դիմորդները պետք է լրացնեն հայտերը: Մի պահ տարակուսեցի, քանի որ ինքս էլ չգիտեի, թե որ բաժինն եմ ուզում ընդունվել: Ոչ ոք չնկատեց իմ մռայլությունը, քանի որ բոլորը զբաղված էին իրենց գործերով, պարապմունքներով: Ես նույնպես պարապում էի հայոց լեզու և հայ գրականություն առարկաները, բայց կոնկրետ չէի որոշել մասնագիտությունս: Հակված էի տարրական մեթոդիկային, բայց սիրում էի բանասիրությունը: Միշտ ցանկացել եմ դառնալ բանասեր, քանի որ ինձ պատկերացնում էի հայոց լեզվի ոլորտում, բայց ժամանակս չէր բավարարում ավելի խորանալու, քանի որ այդ ժամանակ մասնակցում էի նաև «Հայ ասպետ» հեռուստամրցաշարին և բավականին զբաղված էի, երկրորդ պլան էին մղվել պարապմունքներս ու մնացած ամեն ինչ: Ինչևէ, շտապեցի տուն: Հանկարծ մայրս ասաց.
-Ամալյա, մնացել է մի քանի ամիս ընդունելության քննություններին, ի՞նչ որոշեցիր:
-Ու՜ֆ, մամ, թող լինի տարրական մեթոդիկա:
-Բայց գիտեմ, որ դա այդքան էլ քո սրտով չի, իսկ եթե մյուս հայտով նշենք բանասիրությո՞ւն:
-Մամ, չե՞ս կարծում, որ արդեն բավականին ուշ է, ես բանավոր քննություն չեմ կարող հանձնել: Դա յուրացնելու համար երկար ժամանակ է պահանջվում, երբ ձեռքս վերցրի գրականության ցանկը, սարսափեցի, վերջին հույսս մարեց:
-Ի՞նչ կարիք կա լսելու մյուսներին, բավական ժամանակ կա, եթե ուզենաս՝ կհասցնես: Ես քեզ ասում եմ, որ պետք չէ հետ կանգնել սիրելի մասնագիտությունից և վաղեմի երազանքից:
-Դե՜, մամ, դու էլ գիտես, որ անհնար է այդքանը սովորելը: Չէ, չեմ կարող:
Անցան այդ ամիսները ևս, օրուգիշեր պարապում էի, բայց գրավոր քննությանս համար: Մայրս միշտ հորդորում էր ինձ.
-Ամալյա, բանավոր քննության ցանկին էլ ուշադրություն դարձրու, քո անցած թեմաներն են:
-Մամ, ես հաստատ գիտեմ, որ ես կարճ ժամանակում չեմ կարող այդ ահռելի ցանկը յուրացնել:
-Ես քո մայրն եմ, ես քեզ ավելի լավ եմ ճանաչում, դու ինձ լսիր, և ամեն ինչ լավ կլինի:
-Լա՜վ, մամ, այս անգամ թող քո ասածով լինի:
Որոշեցի այս անգամ լսել մայրիկիս, ուժ գտա մեջս, վերցրի գրականության ցանկը, փնտրեցի և գտա անհրաժեշտ գրականությունը: Քանի որ ես ավարտել էի հայոց լեզվի 4 շտեմարանները և ժամանակ դեռ ունեի, թեև քննության օրերը մոտենում էին, սկսեցի յուրացնել այդ գրականությունը: Մայրս ամեն անգամ տեսնում և ուրախանում էր, իսկ ես հոգուս խորքում հույս չունեի, բայց այնուամենայնիվ չէի ուզում վշտացնել մայրիկիս և անտեսել նրա խոսքը, ուստի շարունակեցի: Սովորեցի, կրկնեցի բոլոր պահանջվող անգիրները, թեմաները, օրուգիշեր կարդացի, յուրացրի կենսագրությունները, բոլո՜ր-բոլո՜րը:
Երբ մայրիկիս հետ գնացինք համալսարան, որ հայտ լրացնենք, ես աշխատակցուհուն ասացի, որ առաջին հայտով նշի տարրական մեթոդիկան, բայց մայրս համառեց.
-Ոչ, Ամալյա, կնշենք առաջին հայտով բանասիրություն, թող դա էլ 2-րդը լինի:
-Մա՜մ, ա՜խր…
-Վստահիր ինձ, ամեն ինչ լավ կլինի:
Այդպես էլ արեցինք. առաջին հայտը եղավ բանասիրությունը. սիրելի մասնագիտություն, որի համար հրաժարվում էի պայքարել:
Եկավ հայոց լեզվի և գրականության միասնական գրավոր քննության օրը: Հուզված էի: Այնուամենայնիվ, հաղթահարեցի և հանձնեցի: Շտապեցի դպրոց՝ տնօրենի հետ արդյունքները ստուգելու, իսկ երբ իմացա արդյունքը՝ 18.75, ուրախությունից սկսեցի լաց լինել: Վերցրի թուղթը, շտապեցի տուն ու նետվեցի մայրիկիս գիրկը:
-Ես վստահ էի, որ կարող ես: Ապրես, աղջիկս, մնաց մյուսը:
Մի պահ զարմացա.
-Մա՞մ, էլ ի՞նչ մյուս:
-Բա բանավո՞րը, չէ՞ որ դեռ առջևում է:
-Ա՜խ, հա՜…
Եկավ հուլիսը: Դե, արդեն քննության օրն էլ էր պարզ: Առավոտ շուտ մայրիկիս հետ շտապեցինք համալսարան: Գյուղից քաղաք տանող ճանապարհը շատ երկար էր թվում, ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չասացի: Էլի հուզված էի: Երբ հասանք ու մի փոքր ընտելացա, սկսեցի շփվել երեխաների հետ: Իմացա, որ բոլորը 2, 3, 4 տարի պարապել էին: Հուսահատ եկա մայրիկիս մոտ.
-Մա՜մ, ո՞ւր եմ ընկել ես, բոլորը մի քանի տարի պարապել են, իսկ ես իրար հետ ընդամեը 15-20 օր: Միայն թե հիմա էլ չասես, որ ես էլ կարող եմ նրանց նման գնահատական ստանալ:
Խոսքերիցս մայրիկիս դեմքին, աչքերի մեջ նկատեցի անհանգստության նշույլներ:
-Ամալյա, Աստված մեզ հետ է, այսքան հաղթահարեցիր, հասար այստեղ, որ հիմա հուսահատվե՞ս: Սա վերջին քայլն է, որը բաժանում է քեզ քո վաղեմի երազանքից, դե՜, ամեն ինչ լավ կլինի:
Եկավ այդքան սպասված պահը: Ներս էին կանչում: Իմ հերթն էլ եկավ, նայեցի մայրիկիս աչքերի մեջ ու մի տեսակ ուժ ստացա նրանից: Գնացի: Ներս մտա, քաշեցի հարցատոմսը: Բարեբախտաբար, այն հարցերն էին, որոնք այնքա՜ն լավ էի յուրացրել, դեմքս պայծառացավ, աչքերս ուրախությունից սկսեցին փայլել: Վերջապես հասավ իմ պատասխանելու ժամանակը: Սկսեցի պատմել, խոսել, բացատրել: Ինձ քննողները 2 տղամարդ էին, որոնցից մեկը նայելով ինձ՝ ժպտաց և ասաց՝ կարդացած է: Երբ սկսեցի վերլուծել վերջին նախադասությունը, ասացին, որ բավական է: Նրանցից մեկը ժպտաց, ասաց՝ ապրես: Քիչ հետո հայտնեցին ինձ, որ 14 են նշանակում, եթե գոհ եմ, ստորագրեմ թղթի վրա: Երջանկությունը պատել էր ինձ, ես նույնիսկ 7 միավորի հույս չունեի, իսկ հիմա այդքան հուսահատ մեկին նշանակեցին 14:
-Այո, իհարկե,շնորհակալություն:
Ստորագրեցի և արագ վազելով՝ գնացի ներքև: Մայրիկս արտասվում էր, երբ ուզեցի հայտնել գնահատականս, պարզվեց, որ նա դիտում էր պատասխանս:
-Ես ասում էի, չէ՞, որ լավ է լինելու, մի՞թե դա առաջին անգամն էր, ես ավելի լավ եմ ճանաչում քեզ: Շնորհավորում եմ, ապրես, վերջապես իրականացավ երազանքդ:
-Մա՜մ,- արտասվախառն ձայնով ասացի ես,- շնորհակալ եմ, որ կողքիս էիր:
Ընդունվեցի համալսարան, հա՜, բանասիրության ֆակուլտետ: Այժմ, երբ սովորում եմ այստեղ, անչափ երախտապարտ եմ մայրիկիս, զգում եմ, թե ինչ մեծ հաճույքով եմ ուսումնասիրում մեր լեզուն և հեղինակներին: Շնորհակալ եմ, մա՜մ: