«Հաճախ էր պատահում, երբ մի քանի տող գրում էի, ջնջում ու ոչ մի տեղ չէի պահպանում։ Մի անգամ որոշեցի ֆեյսբուքյան հարթակում տեղադրել իմ մտքերից, իհարկե, այդ ժամանակ անանուն։ Արձագանքները միանգամից եղան, որոնք թե՛ դրական էին, թե՛ ոգեշնչող։ Ոգեշնչվեցի ու որոշ ժամանակ անց ստեղծագործություններս հանրությանը ներկայացրի իմ անվան ներքո»,- 17.am-ի հետ զրույցում ասում է երիտասարդ գրող Գայան։ Միշտ չէ, որ ստեղծագործում է այն ժամանակ, երբ մուսան գալիս է, երբեմն հասկանում է, որ ստեղծագործական մտքերը հանգրվանելու տեղ են փնտրում, և սկսում է գրել։
Պատերազմը երիտասարդ գրողի ստեղծագործական կյանքում ևս շատ բան է փոխել, մինչ պատերազմը գրում էր հիմնականում սիրո և այլնի մասին։ «Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո կարողացա խոսել նաև հայրենիքի մասին»,- ասում է Գայան։ Նշենք, որ նա բոլորիս հայտնի ԵԳԸ թիմի անդամ է, որը ըստ իրեն` վաղուց սովորական թիմ չէ, այլ ընտանիք։ Թիմից շատ բան է սովորել ու սովորում։
Մեր զրույցում չէինք կարող չանդրադառնալ գրքերին, որի մասով մեր զրուցակիցն ասաց.
-Գիրքը մարդուն կարող է տալ այն ամենը, ինչ մարդը մարդուց չի կարողանում վերցնել։ Հիմնականում կարդացող մարդը աչքի է ընկնում կիրթ խոսելաձևով, չնայած կան մարդիկ, որոնք չեն կարդում, բայց կարողանում են խոսքը գեղեցիկ ձևակերպել։ Կարդացող մարդն ունի շատ վառ երևակայություն։ Ի վերջո, գիրք կարդալը կյանքի ամենագեղեցիկ հաճույքներից է, և ով չի կարդում` մեծ բան է կորցնում։ Գրքերի մեջ չեմ կարող ասել, թե որն է ամենան, որովհետև ամեն գիրքը կարդալիս ունեցել եմ տարբեր ապրումներ, հույզեր, սովորել եմ շատ բաներ։ Կան գրքեր, որոնք կարողացել են լիովին ներխուժել հոգիս, դրանցից է` Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը, Էթել Վոյնիչի «Բոռը» և այլ գրքեր։ Այս գրքերը վերջերս եմ կարդացել ու դեռ ցնցված եմ։ Նույն պատասխանը կտամ գրողների մասին խոսելիս։ Ամենագրող չունեմ, բայց կան գրողներ, որոնց կարող եմ անվերջ ընթերցել։ Իրենց դասին է պատկանում` Վարդգես Պետրոսյանը։
Խոսելով ստեղծագործական կյանքի անկումներից և հիասթափություններից, Գայան ասաց, որ ստեղծագործելուց երբեք չի հիասթափվել, ուղղակի շատ է պատահել, երբ դժգոհել է, որ գրել այլևս չի կարողանում ու այդ ամենը հաճախ խոստովանել է ստեղծագործությունների մեջ։
-Եղել է ժամանակ, երբ դադար եմ տվել, օրերով ոչինչ չեմ գրել, որովհետև էմոցիաներս, ապրումներս խառնված են եղել, ու չեմ կարողացել կողմնորոշվել, թե ինչ եմ ուզում գրել, բայց հանդարտվելուն պես շարունակել եմ գրել։ Հաճախ եմ հիասթափվում, կանգնում տեղում, բայց գիտակցում եմ, որ այս կյանքում հիասթափությունն ամենահիմար բանն է, և կամքից թույլ մարդիկ են խորտակվում հիասթափության ճահճում։ Միշտ գնում եմ առաջ, որովհետև հանձնվել չեմ սիրում, և կողքիս կան մարդիկ, ովքեր երբեք թույլ չեն տալիս հանձնվել։ Իմ մոտիվացիան էլ ես ինքս եմ, իմ ապրումները, ձեռքբերումները, կորուստները։ Այն ամենը, ինչ ինձ շրջապատում է, շատ հաճախ դառնում է մոտիվացիայիս աղբյուրը,-ասում է մեր զրուցակիցը։
Ֆեսբուքյան էջը, որում Գայան տեղադրել և տեղադրում է իր ստեղծագործությունները, հաջողություններ է գրանցել, դեռ ամենասկզբից, ակտիվությունից երբեք չի դժգոհել։ Ասում է` արժանացել է լավագույն ընթերցողների գնահատականներին ու սիրուն։ Այն հարցին, թե ի՞նչն է պակասում մեր հասարակությունում և ի՞նչ կփոխեր, պատասխանեց.
-Մեր հասարակությունում իր դերը կորցրել է հարգանքը։ Մենք շատ հաճախ մոռանում ենք հարգել դիմացինին, և բնավ կապ չունի, թե նա ինչ սեռի ներկայացուցիչ է, քանի տարեկան է։ Ես կցանկանայի հանդուրժողականություն մտցնել այս հասարակության մեջ, որպեսզի լսելու կարողություն ունենանք և կարողանանք լսել հասկանալու համար։ Երիտասարդ գրողը շարունակելու է ստեղծագործել, եթե անգամ մի օր դադարի իր գործերը հանձնել հանրության դատին։ Մոտ ապագայում էլ լույս կտեսնի իր գիրքը` պատերազմի մասին։ Մանրամասների մասին չցանկացավ խոսել և վերջում խորհուրդ տվեց մեր ընթերցողներին.
-Որքան էլ կյանքը հարվածի` երբեք կանգ մի առեք։ Կյանքի նպատակն է ձեզ ընկած տեսնելը, հաղթեք կյանքին ու գնացեք առաջ, որքան էլ վերքերը ցավոտ լինեն և ուշ սպիանան։ Կյանքը պայքար է, դուք՝ պայքարող։ Ձգտեք հաղթանակներ ունենալ, թեկուզ ամենածանր պարտություններից հետո։
Գայայի ստեղծագործություններից.
Կանգնի՛ր Արցախ,
Մաքրիր թաց աչքերդ,
Մաքրիր վրայիդ փոշին ու նորից ժպտա…
Տե՛ս, Բերձորդ կուչ է եկել,
Աղոթում է ծնկաչոք,
Խնդրում է, որ չթողնես իրեն,
Որ չորբացնես…
Տե՛ս, Շուշիդ կաղում է, հոգու վիշտը չափազանց ծանր է…
Գրկիր նրանց, բռնիր նրանց ձեռքը…
Դու ծնող ես, իրավունք չունես թողնել զավակներիդ…
Այն զավակներիդ, ովքեր կռվում են անգամ, երբ վիրավոր են,
Ովքեր ընկած են,
Ովքեր ճահճի մեջ են…
Գիրկդ առ քաղաքներիդ ու փրկիր…
Փրկիր, որ փրկվես…
Իմ պապերի, իմ հոր գերեզմանը քո հողում է…
Չպիտի պղծվեն,
Չպիտի քանդվեն,
Չպիտի ավերվեն…
Չպիտի թուլանաս,
Չպիտի ծնկես,
Չպիտի հանձնվես…
Մայրս լացում է մանկիկի պես, ու ես չեմ կարողանում սրբել արցունքները։
Մայրս սպասում է, որ իրեն կանչես ու փայփայես…
Մեծահասակները լացում ու գոռում են նորածնի պես,
Եվ մանուկը աղոթում է այնպես, ինչպես՝ մեծը…
Արցախ, նայի՛ր շուրջդ, բոլորը խնդրում են, որ չլքես…
Լաց եմ լինում, բայց չեմ թուլացել, քանի դեռ դու ես ուժեղ…
Վստահ եմ, չես լքելու ու չես քնելու մեր երազներում…
Աղոթք դարձած սրբություն ես…
Սեր դարձած հայրենիք Ես…
Հայրենի սերն Ես…
Կանգնի՛ր, Արցախ…
Կանգնիր, որ ՏՂԵՐՔԻ ընկնելը զուր չլինի…