Արմի Մկրտչյանի բոլոր հրապարակումները

Գաթայի բաղադրատոմս

Ականջակալներս հանեցի ու փորձում եմ գտնել Արմանին՝ պրոսպեկտի «Քոֆիշոփի» դիմաց հավաքված մի տասը-տասներկու ջահելների դեմքերի մեջ։ Ահա, գտա, բայց ուղիղ իր դիմացը մի գանգրահեր կին կար։

Ալյուրի մի մեծ տուփ ընկավ պահարանից ու փոշու ալիք ուղարկեց սեղանով մեկ։

Երեքով փոխանակեցինք կեղծ ամերիկյան ժպիտներ, ու հենց այդ պահին հասկացա, որ այդ կինն օտարերկրացի էր (որ քիչ հետո էլ պարզեմ՝ մեր միջից միայն ինքն ուներ իրական-կեղծ ամերիկյան ժպիտ)։ Բարևեցինք իրար, դատարկ խոսակցություն ունեցանք` ով որտեղից է, ինչու է հիմա Երևանում, և, ամենակարևորը, ինչ սուրճ է վերցնում։ Անունը Սիմոնա էր, ԱՄՆ-ից կրթական ծրագրով եկել էր Հայաստան։

Կարագը հավասարապես խորանարդիկների ենք բաժանում ու խառնում-տրորում ալյուրին։

Օրեր անց Սիմոնան, Արմանը, Մարիան, Լյուբան ու ես (պատահական մանրամասներով պատմություն է, արդեն պետք է գլխի ընկնեիք) գնացինք Միրզոյան` սրճելու։ Ես վերցրի աֆֆոգատո, որ ուղղակի դառը սուրճ էր՝ խառնած քաղցրագույն պաղպաղակին, ու տատիս ասած՝ հոր գինը վրեն դրած։ Բայց սիրունը կատարվում էր սուրճի բաժակից դուրս․ Սիմոնան Բիլլիի «Ավելի երջանիկ, քան երբևէ»-ն էր ակապելլա երգում, իսկ մյուսներս լուռ փշաքաղվում էինք։ Ցրտից մի քանիսիս վրա հոգնածությունից փարված բամբակե ծածկոցները նոտաներին ու քամուն համահունչ դողում էին ճըռ-ճըռ աթոռների վրա։

Զանգվածի մեջտեղում՝ փոսիկի մեջ, ձու, մածուն ու մի քանի այլ բաղադրիչներ ենք լցնում։

Մի օր էլ որոշեցինք երեքով՝ Սիմոնան, Արմանն ու ես, գնալ Հրազդան։ Չնայած` խուճուճ պլան էինք գծել, թե շաբաթ-կիրակին ոնց էինք անցկացնելու` գետի ափի մաքրումը մեջ ընկավ, ու մեզնից մեկ ամբողջ ժամ տարավ։ Կարևորը, որ դրանից հետո հասցրինք գնալ Ծաղկաձոր՝ ճոպանուղի նստելու ու մի քանի եկեղեցի մտնելու։ Սիմոնան ընտիր կադրեր էր ստանում, քանի դեռ Արմանն ու ես սոված սպասում էինք՝ ավարտեր, որ վերջապես հաց ուտելու գնայինք։ Ընթրիքին խինկալի կերանք ու համարյա պատվիրեցինք 3500 դրամանոց մի հսկա էկլեր, բայց ֆինանսական գրագիտությունը կամ, ավելի շուտ, ֆինանսականի պակասը հետ համոզեց մեզ այս քայլից։

Խմորը ձեռքերով հունցում ենք ու մի կողմ դնում, անցնում խորիզի պատրաստմանը։

Շուրջ երկու շաբաթ անց, Սիմոնան ինձ հրավիրեց նրա ու Ք․-ի (իր ընկերներից) հետ Սևան-Դիլիջան շրջագայությանը։ Իհարկե, չէի պատրաստվում հրաժարվել, հատկապես որովհետև ես ոչինչ չէի վճարելու։ Ամբողջ օրը՝ վազելով մի տաճարից մյուսը, հազար ու մեկ կանաչի երանգ լուսանկարելով, հին պատերին շոգից նեղված մողեսների հետ «Վոգ 73 հարց» ձևաչափի հարցազրույց անելով՝ շրջագայության վերջում արդեն հյուծվել էինք։

Խորիզն ավելացնում ենք խմորին, եզրերն իրար վրա ենք բերում, կլորացնում ու վրան պատառաքաղով ծակեր ենք անում, ձու քսում։

Սիմոնան պետք է վերադառնար Միացյալ Նահանգներ մայիսի տասներեքի առավոտյան։ Մենք իրար ճանաչեցինք ընդամենը երկու ամիս։

Կլոր գաթան դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոց ու եփում 15-ից 20 րոպե։ Բարի ախորժակ։

Բարի ճանապարհ, Սիմոնա։

Հետգրություն․ Սիմոնան նաև հրաշալի երգում էր ու միջոցառումներից մեկին «Waitress» (Մատուցողուհի) մյուզիքլի «What Baking Can Do»-ն (Ինչ կարող է անել հրուշակագործությունը) կատարեց ու իմ ուղեղում նույնականացավ այդ երգի հետ։ Այս պատճառով է հրուշակագործությունը խառնված պատմությանը։ Իսկ ինչու՞ գաթա․ Սևան-Դիլիջան շրջագայության ընթացքում Սիմոնան Հաղարծինից երկու տեսակ՝ ավանդական ու հաղարջով գաթա էր գնել, ու շատ էին հավանել թե՛ ինքը, թե՛ իր ծնողները։

Arman Mkrtchyan

Միջանցիկ քամի

Առավոտյան տագնապը կաթում է ճակատիդ ու տարտամ ներծծվում վերջին երազիդ հանգստության հնչյունների մեջ։ Արթանանում ես անկողնու սառնությունից՝ արդեն խոնավացած մտքերով։ Մի քանի րոպե փնտրում ես ոչինչ չասող ժպիտդ․ չես կարողանում հիշել՝ վերջին անգամ ուր ես թողել։ Վերջապես գտնում ես՝ հին հագուստի դարակում, տրորված վիճակում։ Եվս մի քանի րոպե ծախսում ես այն կարգի բերելու վրա։ Դուրս ես գալիս մաքուր օդի՝ ինքդ քեզ սփոփելու։ Բայց լարվածությունը, ստվերիդ պես, քեզ հետ սողոսկում է դուրս՝ քաղցը պարպելու։ Ու ի հեճուկս տրամադրությանդ՝ արևը զենիթում էր, ստվերդ էլ՝ շուտով ներքևումդ։ Մինչ վերև նայեիր ու հասկանայիր պահի անխուսափելիությունը, գետինը վաղուց փլվլել էր՝ թողնելով քեզ միայնակ անորոշության ալիքների մեջ։ Հավատա, լարվածությունը քեզ չէր լքի անգամ այդ դեպքում, պարզապես մուտքն էդպիսի ջրեր չէր թույլատրվում զույգերով։ Մի կերպ ներս ես հոսում՝ ինքդ չհասկանալով, թե ոնց։ Ակամա կողպում ես ոչ միայն դուռը, այլ լեզուդ ևս։ Շփոթված մտնում ես խոհանոց ու անփութաբար ջրի բաժակը կիսով չափ դատարկ ես թողնում։ Կտրուկ ջղաձգվում է պարանոցդ ու սկսում են դողալ մատներդ, երերում են թարթիչներդ։ Մտքերդ, գլուխները կորցրածների պես, աջ ու ձախ են թափվում՝ թանձրացնելով սենյակի օդը։ Ու դանդաղ փչում է միջանցիկ քամի, որ սաստկանալով՝ խոցում է ամբողջ մարմինդ՝ վերցնելով ղեկավարման վահանակդ։ Չես հասցնում շնչակտուր լինել, երբ տագնապը ևս մի համբույր է նվիրում քեզ՝ մոխրացնելով շրթունքներդ ու անչափելի արագացնելով զարկերակդ։

Հինգ րոպե․․․ ընդամենը հինգ րոպե ահրաժեշտ եղավ հասկանալու, որ ի զարմանս քեզ՝ հոգեբանական պաշտպանությունդ խախտումներ ունի, ինչի շնորհիվ կամ պատճառով լարվածություն զգացիր, սթրես ու տագնապ՝ իրենց ամբողջ հզորությամբ։ Մի բան, որին միշտ կողքից ես հետևել, հիմա ազատ շրջում էր ներսումդ։ Ու քեզ մնում էր միայն կիրառել երկար ժամանակվա ընթացքում սովորած մեթոդներդ ու փախչել անելանելի թվացող այդ վանդակից։ Բայց դու ի զորու ես միայն թեյ պատրաստելու ու դրա թրմվելուն չսպասելով՝ վերջացնելու։ Թեև ինքդ էլ գիտես, որ խոտաբույսերն այս դեպքում հաստատ չէին օգնի։ Գոնե հիմա միայնակ չէիր, մի քանիսով էիք՝ դու, միջանցիկ քամին, որ պատճառն էր քո արնահոսության ու պատուհանները, որ դեռ երկար էին բաց մնալու։