Նելլի Խաչատրյանի բոլոր հրապարակումները

nelli khachatryan

Կարևոր հայացքը

Օդը սառն է։ Էլի քեզ վրա ջղայնանում ես, որ շարֆդ չկապեցիր, ու շղթադ բարձրացնում, ուզում ես էլի բարձրացնել, բայց էլ տեղ չկա, հասել է վերջին։ Մրսած քայլում ես, ալարում ջրափոսը շրջանցել, բացում դուռը ու հանում անձը հաստատող փաստաթուղթը։

Հիմա կարող էի տանը թեյ, չէ, «չայ» խմել (թեյը մի տեսակ պետք է սրճարանում խմել)։ Երևի էս մտքերով մարդիկ փողոցում քայլում են, էն ջրափոսի վրայով թռչում ու բացում ընտրատեղամասի դուռը։ Խուճապ։ Ինչքան էլ քեզ բացատրեն կամ տեսանյութով ընտրելու կարգը նայես, մեկ է, մտածում ես՝ երբեք ինքնուրույն չես հասկանա՝ առաջինը որ սեղանին մոտենալ։ Այ էս խուճապն արտահայտող դեմքով մարդիկ մտնում, հետո կանչող ձայներին արձագանքելով՝ մոտենում են սարքին, որ մատնահետք ստուգվի։ Սարքը չի ճանաչում։ Մյուսինն էլ չի ճանաչելու։ Գյուղը, որտեղ դիտորդ էի, ոչնչով չտարբերվելով մնացած գյուղերից՝ ստիպում է մարդկանց էնքան աշխատել, որ մատնահետքը կորցնեն։

Անձը հաստատող փաստաթուղթը, իհարկե, բերել են, որ մոտենան մյուս սեղանին… Չէ, էն տատին ոնց որ չի բերել։ Հիշողություն..․ Ինքն իր վրա ջղայնացավ։ Երևի կգնա, էլ չի գա։ Հազիվ էր քայլում։

-Բայց էսքան թուղթ ինչի՞ եք տալիս, է, էսքանը ի՞նչ եմ անելու, ինձ մեկը հերիք է։

Չէ, դե կարգն է, ինչքան էլ որոշած են գալիս, պետք է բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները վերցնել։ Դե, հիմա հերթ կանգնեք, որ մտնեք քվեախցիկ։ Վայ, էն երեխեքն առաջին անգամ են քվեարկում, նվերը չտվին, կրծքանշան ա, ուրիշ բան չի, առաջ նայեք` Ձեր հերթն եկավ, մտե՛ք, ինչ էլ ուրախ ա դուրս գալիս, սպասեք, է, մի շտապեք՝ դրոշմը կպցնեն։

Էն տատին հետ եկավ, ասում ա՝ անձնագիրս բերել եմ։

Ընտրողների մեծամասնությունը 60-ն անց էին։ Երևի թեյը նրանց էլ չի գրավում, բայց մի տեսակ ուրիշ հայացքով էին տուն վերադառնում․ իրեն կարևորված զգացող մարդու հայացքով։

nelli khachatryan

«Ինֆեռնո»

Ասում է՝ եթե թուղթը վերցնես, կիսես երկու մասի, դնես իրար վրա ու էլի կիսես, ու էդպես՝ 50 անգամ, թղթի հաստությունը կհասնի արեգակին: Երկրաչափական պրոգրեսիա: Հա, մոռացա ասել՝ Զոբրիստն է ասում: Նաև ասում է, որ մեկ օրում բնակչության թիվն ավելանում է քառորդ միլիոնով: Էդ ամենն ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահին: Ու գիտե՞ք՝ ինչ է առաջարկում, առաջարկում է մարդկանց այլևս չբուժել կամ համաճարակ տարածելով բնակչության թիվը նվազեցնել, որովհետև մարդկային տեսակի քանակը արդեն թույլատրելիի սահմանը հատել է:

Մոռացա ասել: Խոսքը Դեն Բրաունի «Ինֆեռնո» վեպի հերոսների մասին է:

Արդեն հետաքրքիր է, չէ՞: Դե, եկեք ասեմ, որ էս մեր Զոբրիստը էդ համաճարակը արդեն ստեղծել, ինքնասպան է եղել ու հուշումներ է թողել, որ գտնեն: Էստեղ պետք է ծանոթանանք Լենգդոնի՝ «կինոյի տղայի» հետ, որը Հարվարդի համալսարանում դասախոս է: Նրան օգնության են կանչել, որովհետև մեր Զոբրիստը, շատ սենտիմենտալ անձնավորություն լինելով, իր բոլոր հուշումները Դանթեի «Աստվածային կատակերգության» միջոցով է թողել, իսկ Լենգդոնը Դանթեի մեծ գիտակ է:

Եթե արվեստի սիրահար ես, կամ գոնե հասկանում ես, որ վերնիսաժում վաճառվող նկարներին պետք չէ հիացած նայել, քեզ համար էս գրքում մեծ գիտելիքների պաշար կա:

Առանց տեսնելու՝ անգիր պատկերացնում ես Բոտիչելլիի Դժոխքի քարտեզը, առնվազն ուզում ես տեսնել Վազարիի գաղտնի ուղերձ պարունակող որմնանկարը: Սիրտդ կոտրվում է, երբ իմանում ես, որ Միքելանջելոյին միշտ իր կերտած Դավթի կերպարով պատկերացնելուց հետո պարզվում է, որ նա իր սիրեցյալին է էդպես պատկերել, իսկ Բոտիչելիի հանրահայտ «Վեներայի ծնունդը» ուղղակի հարսանեկան նվեր է:

Էսպես արվեստոտ ու արկածային որոնումներից հետո Զոբրիստի համաճարակը գտնում են: Բայց արդեն ուշ էր, այն արդեն տարածվել էր: Ու գիտե՞ք ինչ, ամենատարօրինակն այն է, որ գրքի վերջում Զոբրիստի արած քայլը նույնիսկ մի պահ խելամիտ է թվում: Բայց չեմ ուզում պատմել համաճարակի մասին: Ուղղակի գիրքը կարդալիս մի քիչ երկար սկսում ես մտածել:

Հա, ինչ էի ուզում ասել։
Կարդացեք, լավն է: Դեն Բրաուն. «Ինֆեռնո»:

nelli khachatryan

Նոր կյանք նոր երկրում

DATA-DRIVEN STORYTELLING ABOUT HUMAN RIGHTS, ԲԵՌԼԻՆ

-Բարև Ձեզ, խնդրում եմ ներկայացեք: 

-Բարև Ձեզ, ես Նատալին եմ, 22 տարեկան, Հայաստանից եմ, այժմ ապրում եմ Գերմանիայում, ունեմ որդի` 2 տարեկան:

-Ինչքա՞ն ժամանակ է, ինչ Գերմանիայում եք:

-Արդեն մոտ 1 տարի 10 ամիս կլինի:

-Ինչո՞ւ որոշեցիք հենց Գերմանիա տեղափոխվել:

-Էդպես պատահեց, ոչ մի մտադրություն չի եղել հենց Գերմանիա գալու, ուղղակի ընտրեցինք որևէ Եվրոպական երկիր:

-Երեխայի համար դժվա՞ր չէ մանկապարտեզում լեզվի և շփման հետ կապված:

-Ոչ, երեխան շատ շփվող է, հեշտ է ընտելանում միջավայրին, իսկ լեզվի առումով այնքանով է դժվար, որ ռուսերեն, գերմաներեն ու հայերենը խառնվել են, չի կողմնորոշվում` որ լեզվով արտահայտվի:

-Իսկ էստեղ ինչպիսի՞ վերաբերմունք է փախստականների երեխաների հանդեպ:

-Եթե մեծահասակների հանդեպ ինչ որ ձևով արտահայտվում է լավ կամ վատ վերաբերմունքը, երեխաների հանդեպ ոչ մի տարբերություն չի դրվում:

-Իսկ չե՞ք վախենում, որ երեխան կհեռանա իր արմատներից:

-Ոչ, քանի որ մենք շատ ենք աշխատում նրա հետ, աշխատում ենք չհեռացնել հայկական արմատներից, չնայած բնական է, որ ինչ որ բաներ գերմանական բարքերից կվերցնի, քանի որ էստեղ ապրելով չես կարող մեկուսանալ գերմանական մշակույթից, բայց փորձում ենք հնարավորինս մոտ մնալ հայկականին:

-Ի՞նչ կարգավիճակ ունեն  էստեղ փախստականի երեխաները:

- Նույն կարգավիճակը, ինչ ծնողները, 18 տարեկանից հետո նոր քաղաքացիություն կստանան:

-Ի՞նչ խնդիրների առաջ կարող ես կանգնել քաղաքացիություն չունենալու պատճառով:

-Քաղաքացիություն չունենալը արդեն խնդիր է: Առաջին ամիսները շատ դժվար են: Հետո քեզ տալիս են հնարավորություն, որ տուն վարձես, բայց չեն տալիս տուն, իսկ էստեղ ամենադժվարը հենց տուն գտնելն է: Աշխատանք գտնելը նույնպես խնդիր է, և հատկապես երբ հայ ես, քաղաքական կարգավիճակից ելնելով, մեր վիճակը ավելի դժվար էր: Բայց այժմ ամուսինս աշխատում է, ամեն ինչ իր հունով է գնում:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան:

-Դե հիմա սովորում եմ որպես ֆլորիստ, հետո հուսով եմ, կսկսեմ աշխատել, և մենք կսկսենք ավելի լավ ապրել:

 

Data-driven storytelling about human rights, Բեռլին, օր 7

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

 

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

7-րդ օրը, քանի որ շաբաթ էր, սեմինարը երկար չտևեց: Դե գերմանացիների դուրը չէր գա, եթե իմանային, որ իրենց երկրում կարգը խախտել ու շաբաթ օրով դասընթաց ենք անում: Մարտինը այս անգամ ավելի մանրամասն ցույց տվեց, թե ինչպես պետք է տվյալների հիման վրա գրաֆիկներ կազմել և սկսեց պատասխանել մեր հարցերին, որոնք առաջացել էին խմբային աշխատանքների ընթացքում:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Օրվա մնացած ժամանակը զբաղված էինք մեր խմբային աշխատանքներով: Եթե մոռացել եք, ապա հիշեցնեմ, որ թեման միգրանտների ինտեգրումն էր: Մեր խումբը կենտրոնացել է միգրանտ երեխաների խնդիրների վրա: Արդեն պատրաստի մի քանի հարցրազրույց ունեինք անցորդների հետ, պետք էր զբաղվել հայաստանցի միգրանտ ընտանիքի հետ հարցազրույցով: Ես, Դիանան և Մարիանան, ով Իտալիայից է, հանդիպեցինք Նատալիին, ով 21 տարեկան է, երեխա ունի և այժմ բնակվում է Գերմանիայում: Մինչ մենք հարցրազրույցն էինք անցկացնում, Իդան և Սպիրոն՝ մեր խմբի մյուս անդամները, զբաղված էին տվյալներ և վիճակագրություն փնտրելով:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ավարտելուց հետո պետք էր զբաղվել վիդեոները մոնտաժելով և այլ տեխնիկական հարցերով: Մի մասը անելուց և մյուս մասը վաղվան թողնելուց հետո դուրս եկանք զբոսանքի: Պատահաբար ներկա գտնվեցինք մեծ էկրանների վրա փոքրիկ ֆիլմի ցուցադրության 1989թ.-ի դեպքերի մասին:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

3D-ով տեսանք պատի քանդվելը, ամեն ինչ շատ սիրուն էր կազմակերպած: Հետո քայլեցինք արդեն լավ սովորած ճանապարհներով, հիշեցինք որ մեզ մի օր է մնացել կարմիր լույսի տակ պարտադիր կանգնելուն, հեծանիվի ճանապարհով քայլելուն ու պատասխան ջղային հայացքներ ստանալուն ու ամեն շենքի մոտով անցնելիս հիանալուն:

Data-driven storytelling about human rights, Բեռլին, օր 5

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

5-րդ օրը իհարկե սկսվեց նախաճաշով և շարունակվեց դասընթացով, ուղղակի այս անգամ վայրն էր փոխվել: Լրագրող ընկերուհիներ Սանդրան և Դեսիրեն, ովքեր երկուսն էլ Շվեդիայից են, խոսեցին  “shrinking space” ասվածի մասին, որը նկարագրում է, թե ինչքանով է քաղաքացիական հասարակության առաջ բաց տեղեկատվական դաշտը: Ուսումնասիրեցինք աշխարհի քարտեզը, որի վրա հենց գույներով նշված էր, թե երկիրը ինչքանով է «բաց կամ փակ»: Հետո նրանք մի այսպիսի խաղ առաջարկեցին:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մենք կանգնում ենք, նրանք կարդում են ինչ-որ հոդվածի բնութագիր, և մենք պետք է հասկանայինք, օրինակ, Շվեդիայում իրավունք ունե՞նք այդպիսի հոդված հրապարակել, թե՞ ոչ: Հասկացանք, որ օրինակ «Պայթուցիկ ստեղծելու 5 հեշտ եղանակ» հոդվածը միանգամայն արդարացիորեն կարող է տեղադրվել, քանի որ այն տեղեկատվական բնույթի է, իսկ այ, հայտարարել, որ մուսուլմանները գաղտնի կազմակերպություն ունեն՝ ոչ, դե որովհետև ոչ մի կոնկրետություն չպարունակելով, բոլոր մուսուլմաններին է վերագրվում հոդվածը:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Հետո խմբերի բաժանվեցինք և սկսեցինք քննարկել մեր երկրների լրատվական դաշտի տարբերություններն ու նմանությունները: Արդյունքները քննարկելուց հետո նորից մի փոքրիկ խաղ խաղացինք, որը ավելի շատ կապված էր մարդու իրավունքների հետ:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Մենք ստացանք դերեր, կանգնեցինք մի գծի վրա, Սանդրան և Դեսիրեն կարդում էին իրավիճակներ, և մենք ըստ մեր դերի, պետք է առաջ քայլ անեինք կամ մնայինք տեղում, ըստ այն բանի, թե ինչքանով մեր կերպարը հնարավորություն ուներ այսինչ բանը անելու: Խաղի վերջում արդյունքները բավականին տեսանելի էին. դու կամ առջևում ես, կամ` հետևում:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

 

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Դասընթացը շարունակեց Մարտինը, թեման տվյալների մշակումն էր: Դասընթացի սկիզբը մեծ խանդավառություն առաջացրեց, որովհետև երբ Մարտինը տվյալների մշակման հիմնադրի մասին էր պատմում, նրա անունը շատերի սիրելի ֆիլմի սիրելի հերոսի անունն էր նույնությամբ՝ Ջոն Սնոու:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Շարունակությունն էլ պակաս հետաքրքիր չէր: Ուսումնասիրեցինք տարբեր վիճակագրություններ, գրաֆիկներ, որն էլ հենց տվյալների վրա հիմնված պատմությունների հիմքն է: Բայց փաստերն ու թվերը ոսկորներն ու հյուսվածնքներն են, մաշկը ծածկելու համար էլ հենց պետք է լրագրողական հոտառությունը: Այսինքն, պետք է հավասարակշռության մեջ պահենք հետաքրքիր պատմությունն ու վիճակագրական փաստերը:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Դասընթացի վերջում թիմերով սկսեցինք ներկայացնել մեր ընտրած թեման. ինչ ենք արել և ինչ ենք պատրաստվում անել, որից հետո ամբողջ օրը մեր տրամադրության տակ էր: Օրվա շարունակության ամենակարևոր մասը այն էր, որ վերջապես գերմանական նրբերշիկ փորձեցինք:

Data-driven Storytelling about Human Rights, Բեռլին.օր 2

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Հիշում եք, չէ՞, Բեռլինում ենք, «Տվյալների վրա հիմնված պատմություններ մարդու իրավունքների մասին» դասընթացներին: Ես, օրինակ, առավոտյան չէի հիշում ու երբ արթնացա, մի քանի րոպե պահանջվեց, որ հասկանամ, թե ինչի են մեր տանը երկհարկանի մահճակալներ, ու ովքեր են էս մարդիկ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Այսօր այցելեցինք Erlebnis Europa ցուցահանդեսին: Տեխնոլոգիաներով հագեցած այդ կենտրոնը հնարավորություն է տալիս  ծանոթանալ եվրոպական քաղաքականությանը, դեմքերին ու դեպքերին: Իհարկե, շատ անուններ դժվար էր մտապահել, բայց հենց դրա համար քվիզների ու խաղերի միջոցով էին դրանք ներկայացվում, ինչը գրավում ու հետաքրքիր էր դարձնում սովորելու պրոցեսը:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված կենտրոնում ամեն ինչի մասին կարող ես տեղեկություններ ստանալ 24 տարբեր լեզուներով: Էնտեղ կարող ես նստել 360° կինոթատրոնում և քեզ զգալ Եվրախորհրդարանի լիագումար նիստին: Կարող ես նաև մասնակցել դերային խաղի, որի ընթացքում դու Եվրախորհրդարանի անդամ ես:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Վերջում փոքրիկ հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցինք մեր սովորածը: Շատ կուզենայի, որ նման կրթական մեթոդները Հայաստանում նույնպես կիրառվեին: Այդ դեպքում թե սովորելու ընթացքը հաճելի կլինի, թե  գիտելիքը հեշտությամբ կմտապահվի:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

 

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Իհարկե էստեղ մենք բոլոր ազատ ժամերը զբաղեցնում ենք մեր կոշիկներին պատիվ անելու մաշվել Բեռլինի փողոցներում: Միայն թե էստեղ քայլելիս տարվա բոլոր եղանակների միջով անցնում ես. անձրև, հետո արև, հետո քամոտ… Ամեն ինչ միանգամից է լինում:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Օրվա կեսին վերադարձանք մեր «Ուրախ հյուրատուն»: Մի քիչ ծանոթության խաղեր խաղացինք և սկսեցինք խմբերի բաժանվել:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Ամեն խմբում պետք է լինի ֆոտոների, վիդեոյի, ձայնի, տվյալների մշակման և տեքստի համար պատասխանատու: Հիմնական թեման միգրանտների ինտեգրումն է, իսկ վաղը կհասկանանք, թե ամեն խումբ ինչ պատմության վրա է աշխատելու:

nelli khachatryan

Արծվաշենի չգրված պատմությունները

«Նելլի ջան, գիտե՞ս ինչ սիրուն էր մեր տունը: Պապիկը ինչ աշխատում էր, տունն էինք սարքում: Է, զուգարան տանող ճանապարհն էլ էինք սիրուն սարքել: Ո՞ւմ մտքով կանցներ, որ տենց բան կլինի: Որ հայտարարեցին թե գյուղը հանձնում են, պիտի ժողովրդին հանեն, էն ա` մեծ ավտո բերեցին, որ վեշերը հանենք, զանավեսկեքը չթողեցի հանեն, տունս կգեշանար: Ես հո չէի՞ մտածում, որ էդ տունը էլ չեմ տենալու:

Պապիկդ պադվալում նստած ա եղել, չի իմացել, որ գյուղացունց հանում են, հարևաններից մեկն ա տեսել, որ չկա, գնացել կանչել ա: Գյուղից դուրս եկող վերջի ավտոյով ա գնացել: Բայց որ իրան կանչել են, ինքն էլ տեսել ա իրա ախպերը չկա, ինքն էլ գնացել ա ախպորը կանչելու՝ չի եկել: Ասեց` ես իմ երեխեքին ստեղ եմ թաղել, իրանց ո՞րտեղ թողեմ գամ, տենց էլ չկարաց համոզի: Մնաց գյուղում՝ տղերքի մոտ:

Պապիկի քուրը կա, է… Ինքն էլ մտածել ա` ավելի լավ ա գոնե շորերը բերենք, մի պարկի մեջ ինչ գտել` լցրել ա, գյուղից դուրս ա եկել, հետո հանել տեսել` ոչ մի կոշիկ զույգով չի բերել, ոչ մի կոշիկ…

Արծվաշենը թուրքի գյուղի բերանին էր: Մեկ-մեկ, որ ավտոյով դուրս էինք գալիս, կարող ա` վառեին ավտոն, կամ վերցնեին, գերի էին էլի տանում: Այ, դրա խաթր կնանիք իրանց հետ մկնդեղ էին միշտ վերցնում, որ պետք լինի` խմեն, գերի չմնան…»

Էս ամենը պատմում է տատս, ով տուն տեղը թողել է Արծվաշենում ու եկել, երբ 1992 թ.-ին գյուղը հանձնեցին ադրբեջանցիներին: Դժվար է, չէ՞, ի՞նչ եք կարծում:

Արծվաշեն անունը էս քանի օրը շատ է շոշափվել, արծվաշենցիները ցույց էին անում, որ պետությունը փոխհատուցի, կամ գոնե փախստականի կարգավիճակ տա իրենց:

Չգիտեմ՝ ճի՞շտ են անում, թե սխալ, լավ են պահել իրենց ցույցի ժամանակ, թե՝ ոչ, բայց էդ ամենը սխալ ու ատելությամբ մի մեկնաբանեք, թե բա` «20 տարի հետո ի՞նչ եք հիշել», «Ես իմ ձեռով որ տուն եմ սարքել, ի՞նչ ա եղել, գնա դու էլ սարքի», «Մենակ բողոքում եք», «Ոնց որ ուզվոր լինեն», «Էս ում ուղարկած մարդիկ են»…

Հանգստացեք, ոչ ոք էս մարդկանց չի ուղարկել, մի ատեք նրանց, իրոք դժվար է նրանց համար:

nelli khachatryan

Մի բան հաստատ փոխվել է

Ըհըն, էս էլ «243ա» լսարանը, էն որ համակարգչային է, բայց համակարգիչները չենք օգտագործում: Ընդհանրապես, անցած տարի ծրագրավորման դասերը շատ ձանձրալի էին անցնում: Առանձնապես ստացած գիտելիքներով էլ չեմ կարող հպարտանալ, դե, իհարկե, 60%-ն էլ իմ մեղքով, որովհետև եթե մարդ ուզում է սովորել, դե, ասենք մեր կուրսի Գրիգորի նման, սովորում է: Խելացի տղա է, չեմ հասկանում՝ ինչի է դասի գալիս, մեկ է՝ տարվա սկզբին արդեն բոլոր նյութերը կարդացած է լինում, դասերին էլ, մեղմ ասած, ձանձրանում է:

Էս տարի մեր ծրագրավորման դասին, ինչ խոսք, անհարմար ստացվեց: Չէինք հասկացել, որ մոտավորապես մեր տարիքի լսարանում նստած աղջիկը մեր դասախոսն է: Ամերիկյանն է ավարտել: Մտած-չմտած՝ ասում է. «Համակարգիչները միացրեք»… Տարօրինակ մարդ է: Ո՞վ է տեսել՝ ծրագրավորման դասին համակարգիչները միացնեն: Երեխեքից մեկն էլ, որ հարցրեց՝ կարո՞ղ է դուրս գալ, թե՞ ոչ, ասաց, որ էլ չհարցնենք, եթե ուզում են դուրս գալ, կարող են դուրս գալ, նույնիսկ՝ անվերադարձ: Շատ տարօրինակն է: Սպասեք, էս դեռ ամենը չի: Ասաց, որ Slack հավելվածը քաշենք ու էդտեղով մեզ նյութեր ու տնայիններ կուղարկի, մենք էլ հարցեր ու քննարկումներ կարող ենք անել:

Հա, էդ ամենը մեզ համար տարօրինակ էր: Երևանի պետական համալսարանում էդ տարօրինակ էր, որովհետև մենք սովոր ենք էստեղ ամեն ինչին միայն տեսականորեն ծանոթանալ, չիմանալ կիրառությունը: Մեզ գալիս են ու ասում, որ դասին հանկարծ հեռախոսի ձայն չլսվի, որ դուրս չգանք դասից, որ մի քանի դաս չնստելուց հետո վերջում դժվար կստանանք, ու իրենց մոտ նշում են բացակայությունները: Հա էս էն վատ «ավագ դպրոցներից» է, որ ընդունվելու համար կրկնուսույցի մոտ պիտի պարապես: Էս դեպքում, օրինակ, գնաս ծրագրավորման դասերի, եթե իհարկե Գրիգորը չես, կամ շատ չես սիրում ինքնուրույն բզբզալ:

Իսկ էդ ընթացքում մի տեղ՝ անկյունում, էն ծայրի համակարգիչն է ուրախանում, որ իրեն օգտագործում են:

nelli khachatryan

Ժամանակի հարաբերականությունը

Զանգում են, չէ, զարթուցիչն է, տեսնես` ի՞մն է, թե երեխեքից մեկինը: «I won’t a be the one», չէ, ատում եմ էս երգը, ինչի՞ Վարդը չի անջատում: Տեսնես` քանի՞սն է: Գոնե ժամս էս անգամ նայեմ, պարզվի` հետ ա: Բայց չէ, ոնց որ պիտի վեր կենամ, թե՞ 5 րոպե էլ քնեմ: Ոչինչ, մազ չեմ սանրի: Ինչո՞ւ էդ 5 րոպեն 10 րոպե է ցույց տալիս ժամացույցիս վրա հերիք չի, մի բան էլ իրականում մի քանի վայրկյան է տևում: Լավ, ոչինչ, կհասցնեմ, մազ չեմ սանրելու:

…Բանալի վերցնե՞մ, չնայած, չէ, երեկոյան եմ գալու: Կանգառում ինչո՞ւ մարդ չկա: Օֆ, ժամս ինչի՞ ա էլի հետ ընկել, 15-ը հաստատ անցել ա, մյուսը 15 րոպեից կգա: Ընդամենը 5 երգ ականջակալներով ու կգա: Բայց ամեն դեպքում ժամս ուղղեմ:

Ինչպես միշտ, խցանում ու լիքը մարդ: Բա որ ես էլ, օրինակ, 2-րդ մասիվում ապրեի, ու բոլոր երթուղայինները վերևի մասիվներից սենց միշտ լիքը հասներ ու չկարողանայի խցկվե՞լ: Լավ ա, որ իրականությունը մեկն ա: Գիրքը, երգերն ու խաղերը ոնց որ ժամանակի կատալիզատոր լինեն: Քո կամքից անկախ շաբաթը 6 ժամ քիմիայի նստելու արդյունքն էլ կատալիզատոր բառի հիշելը կլինի, էլի:

Էս ինչի՞ է էսպես ժամիս նայում, մենակ ժամ չհարցնի: Համոզված չեմ, որ ժամացույցս էլի հետ չի ընկել, իսկ եթե հեռախոսիս ժամով էլ ասեմ, կմտածի` ժամս չի աշխատում՝ ձևի համար ա:

…Ռացիոնալ կոտորակները ոնց համարակալենք, թվազույգով էլի: Բարձր ասա, է, լավ չէ: Էս դասախոսները էսօր ինչի են բոլորը նույն ռետինե հողաթափ հիշեցնող կոշիկներով: Կարո՞ղ ա, որ գյուղի դպրոցներում աշակերտներին կոշիկներ էին բաժանում, դասախոսներին էլ են տվել: Չնայած դժվար: Էս ի՞նչ լեզվով ա գրում, բան չեմ հասկանում: Դասին դեռ 10 րոպե կա, հուսամ ժամս էլի հետ ա: Չէի ուղղել: Լավ, ընդամենը 3 երգ: Չէ, էս հնարքը չի անցնում, երբ մենակ պատկերացնում ես, բայց չես լսում:

…Մենակ չասեն` գնանք բուֆետ: Ուրիշ մարդկանց հետ հաց ուտելը ինչի՞ եմ էսքան ատում, համ էլ` ամսվա վերջ ա, փող չկա: Ավելի լավ ա` գիրքս կարդամ, հուսամ` էս էլ կիսատ չեմ թողնի, թե չէ` կիսատ գրքերս ավելի շատ են, քան վերջացրածներս: Չէ, բայց էդքան էլ դուրս չի գալիս, աչքիս էլի կիսատների շարքին դասվի, չնայած հիմա կարդամ՝ ժամանակս անցնի:

…Երկու ժամ դասերից հետո ինչո՞վ զբաղվեմ, մինչև աշխատանքի գնամ: Դաս անեմ, բայց տարին նոր ա սկսել, ի՞նչ դաս: Էս գրադարանի աստիճանները թե ինչի ա էսքան շատ: Կանտոր-Բերնշտեյնի թեորեմը: Այնշտայնի պատենտն ա աչքիս: Դեռ 20 րոպե ա անցել, փաստորեն, մասնագիտական գրքերը ժամանակի համար մի քիչ անորակ կատալիզատորներ են:

Ավելի լավ ա` Սվետին զանգեմ, հետո միասին աշխատանքի գնանք: Ժամս դեռ ճիշտ ա: Նյութս չգրեցի, դասախոսությունն էլ կիսատ մնաց: Լավ, գնամ տուն` կանեմ:

…Էսօր երեխեքը մի քիչ շատ են ու մեծ, էդ լավ ա, պատմածներիս ռեակցիա կտան: Ինչ լավ երեխա ա էդուարդը: Ընդմիջում անց 30 գնամ: Արդեն անց 28 ա: Լավ դե, երկու րոպե ա էլի: Բա դասի ժամանակ էդ երկու րոպեն ինչի՞ ա էդքան երկար տևում, ոնց որ հեչ մի երգի տևողություն չլինի: Եվս 10 երգ, ու տուն գնալու ժամանակն ա:

…Ժամս… Լավ, կարևոր չի: 10-ից հետո ժամ պետք չի գալիս, շատ ա ուզում` թող տենց հետ էլ մնա:

Նյութն ու դասերն էլ վաղվան մնացին: Աշխատանքի չեմ:

nelli khachatryan

Երկու աչք, մի բերան, մի քիթ ու հիմնականում երկու քթածակ

Մենք նման ենք իրար, որովհետև դու ինձ դուր ես գալիս, կամ հակառակը, կամ` երկուսն էլ:

Մեկ-մեկ զարմանում եմ` մարդիկ ոնց են իրար տարբերում: Ախր, ես էլ, դու էլ ունենք երկու աչք, երկու ունք (հիմնականում), մի քիթ, երկու քթածակ (էս էլ հիմնականում), մի բերան: Որ մի այլմոլորակային գա, հաստատ ոչ մեկիս չի տարբերի իրարից, դա երևի նույնն է, որ ես մեր տան երկու սարդերին դիմագծերով տարբերեմ: Բայց փաստը մնում է փաստ, որ բոլորս իրարից տարբեր ենք, ամեն դեպքում՝ մենք նախընտրում ենք էդպես մտածել: Ինչքան էլ իրարից տարբեր լինենք, մենք մեզ փորձում ենք մեզ նման մարդկանցով շրջապատել… Զուտ հարմարության համար:

Բայց մի րոպե, որ մտածում էի՝ նյութս մի քիչ ուրիշ ձև էր հնչում: Ուզում էի ասել, որ հաճախ մենք ենք ուրիշներին նմանակում: Այ հիմա էլ, որ մտածում եմ, նույնիսկ գրելաոճս մի քիչ մի մարդու գրելաոճին նմանացրի, ում գրածները շատ եմ հավանում: Ու դու էլ, եթե դուրս գալիս ես, քեզնից մի բան իմ մեջ հաստատ կա: Մի բառ, մի շարժում կամ մի ժեստ: Բա տեսնես ինձնից ո՞վ է ինչ-որ բան նմանակում, միգուցե էն բառը, որ ես էլ հենց նոր ուրիշից «գողացա»:

Խոսելն ու շարժումները հլը հեչ, մարդիկ, երբ ամուսնանում են, արտաքնապես են սկսում նմանվել: Լուրջ: Սկսում են միմյանց դիմախաղը նմանակել: Ու բացի ընթացքում նմանակելը, քանի որ մարդիկ ընդհանրապես ինքնասիրահարված արարածներ են, զույգ ընտրելուց էլ են իրենց նմաններին ընտրում:

Բոլորս ուզում ենք տարբեր լինել, բայց վազում ենք նմանի հետևի՞ց: Չնայած, որ մտածում եմ, մեկ է՝ էդ երկու սարդերը էն անկյունում նեղացած ինձնից են խոսում, որ ասել եմ` իրար են նման, ոնց որ մարդիկ: Դե, հիմա բարձրացիր, մի քիչ արագ, մի 12կմ/վ արագությամբ, որ հաղթահարես ձգողականության ուժը ու նայես Երկիր մոլորակին վերևից…

Բոլորս նման ենք, չէ՞՝ երկու աչք, մի բերան, մի քիթ ու հիմնականում երկու քթածակ: