Նելլի Խաչատրյանի բոլոր հրապարակումները

nelli khachatryan

Հիպասուսն ու իռացիոնալ թվերը

Ամա՞ռ է, հանգստանո՞ւմ եք, բայց հիշում եք, չէ՞. մեկ շաբաթից սկսվում է նոր ուսումնական տարին: Այ, այդպես, կփչացնեմ ձեր ամառային տրամադրությունը: Կատակում եմ, շատերն անհամբեր սպասում են: Ուրեմն,հիշենք, թե ինչով ենք զբաղվելու դպրոցում և համալսարանում. Ճիշտ է, սովորելով, և ես շարունակում եմ հետաքրքրաշարժ մաթեմատիկային նվիրված իմ հոդվածաշարը: Գնացինք: 

Հիշո՞ւմ եք՝ մաթեմատիկայի մասին նախորդ նյութում կանգ առանք ռացիոնալ թվերի վրա, որը իդեալական տիեզերքի հիմքն էին համարում, բայց փիլիսոփա Հիպասուսը մի պարզ հաշվարկ արեց և ամեն ինչ փչացրեց:

Բայց, նախ խոսենք արմատի մասին, ծառի չէ, ոչ էլ բառի… Մաթեմատիկական արմատի մասին:

Թվի քառակուսին գիտենք՝ երբ թիվը բազմապատկում ենք իրենով: Իսկ այ, արմատը պարզում է, թե որ թվի քառակուսին է տրված c թիվը: Իրական թվերի հետ աշխատելիս արմատի պոչից կպած անպայման ԹԱԲ (թույլատրելի արժեքների բազմություն) ենք գրում. «արմատատակ» արտահայտությունը պետք է 0-ից մեծ լինի: Տրամաբանենք. թվի քառակուսին թվի բազմապատկումն է իրենով, եթե թիվը, որը իրենով ենք բազմապատկում, կամ որ նույնն է՝ քառակուսի ենք բարձրացնում, դրական է, արտադրյալը նույնպես դրական է, իսկ եթե մեր թիվը բացասական է, այն իրենով բազմապատկելիս նորից դրական թիվ պետք է ստացվի, քանի որ երկու բացասական թվերի արտադրյալը դրական է, այստեղից էլ կարող ենք հասկանալ, որ օրինակ 4-ը և՛ 2*2-ն է, և՛ (-2)*( -2)-ը: Ուրեմն հասկացանք, որ արմատատակ արտահայտությունը միայն դրական կարող է լինել:

Բայց մինչ Հիպասուսին հիշելը, Պյութագորասի մասին էլ պետք է խոսենք: Հա հա, էն Պյութագորասը, որի թեորեմը հաստատ բոլորս հիշում ենք, եթե նույնիսկ դպրոցում լավ չենք սովորել: Ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն: Երևի ավելի մանրամասն ամեն ինչ վերհիշենք:

Ուղղանկյուն է կոչվում այն եռանկյունը, որի մի անկյունը սուր է՝ 90°: Եռանկյան էջերը ուղիղ անկյան կից կողմերն են, իսկ ներքնաձիգը՝ դիմացի կողմը: Նկարում էջերը նշված են a և b, իսկ ներքնաձիգը՝ c: Ըստ Պյութագորասի թեորեմի՝ a²+b²=c²: Իմաստը հետևյալն է. եռանկյան բոլոր կողմերը, եթե լրացնենք և դարձնենք քառակուսիներ, ինչպես նշված է նկարում, ապա քանի որ քառակուսի պատկերի մակերեսը իր կողմի քառակուսին է, ուրեմն ներքնաձիգով լրացված քառակուսու մակերեսը c² է, իսկ էջերինը, համապատասխանաբար, a² և b²:

Պյութագորասի թեորեմը պրակտիկորեն նշանակում է, որ նկարի վարդագույն քառակուսին ներկելու համար այնքան թանաք կօգտագործես, ինչքան կանաչ և կապույտ քառակուսիները ներկելու համար:

Այ հիմա հասանք Հիպասուսին, ով ուղղանկյուն եռանկյան էջերը վերցրեց 1 չափանի և ցանկացավ հաշվել ներքնաձիգը: Ստացվեց 1²+1²=c², կամ որ նույնն է՝ 2=c², հենց էստեղ էլ անհրաժեշտություն առաջացավ օգտագործելով արմատը, լուծումը ստացվեց՝ c=√2 կամ c=-√2, բայց քանի որ c-ն երկարություն է, այն բացասական լինել չի կարող, հետևաբար ընդունում ենք միայն դրական արմատը՝ ներքնաձիգի երկարությունը √2 է:

Հենց այս անմեղ փորձն էլ ամեն ինչ խառնեց իրար, քանի որ √2-ը 1-ի և 2-ի արանքում այնպիսի մի տեղ է, որի կոնկրետ արժեքը ոչ ոք չգտավ։ Այն ռացիոնալ թիվ չէր, քանի որ կոտորակային տեսքով չէր արտահայտվում, հետևաբար՝ ոչ ամբողջ էր, ոչ բնական: Հենց էստեղ էլ հայավարի բացականչեցին՝ «Ի՜…», ու ստեղծվեցին իռացիոնալ թվերը՝ թիվ, որի միայն մոտավոր արժեքը կարող ես ասել:

Հավես է, չէ՞…

nelli khachatryan

Էդ լիմոնադի շիշը բերեք՝ բացեմ

Բարև: Սկսում եմ նյութս արագ հավաքել, որովհետև պետք է պատրաստվեմ, որ գնամ աշխատանքի… Ը, չէ, դեռ մի 4 ժամ ունեմ մինչև տնից դուրս գալը, ուղղակի ինչ աշխատանքի եմ ընդունվել, բոլորի հարցերին պատասխանելիս կամ մի բան պատմելիս անընդհատ ուզում եմ նշել, որ աշխատում եմ:

-Բարև:

-Բարև աշխատանքի վայրից:

-Ո՞նց ես:

-Դե, աշխատող մարդը ո՞նց է լինում:

-Շոգ ա:

-Հա, մինչև գործի եմ հասնում, հինգ գույն եմ փոխում:

Ֆեյսբուքիդ պատին էլ նշում ես, որ արդեն աշխատում ես, և վերջ, առաքելությունը կատարված է: Դու արդեն ինքնուրույն ու ինքնավստահ ես… Էն լիմոնադի շիշը բերեք, դա էլ արդեն կարող եմ ինքնուրույն բացել: Աշխատավարձս էլ ստանամ, արդեն կարող եմ սրտիս ուզածի չափ հելիում գազով փուչիկ ու պիցա գնել…

Իսկ հիմա ասեմ, որ աշխատում եմ երեխաների հետ: Ավելի կոնկրետ` Cityzen-ում՝ մանկական մասնագիտությունների քաղաքում: Էն որ փոքր ժամանակ տուն-տունիկ եք խաղացել, ամեն մեկդ ձեզ մի դեր եք տվել, պատկերացրու` էստեղ պրոֆեսիոնալ տուն-տունիկ է: Երեխաների համար քաղաք, մեծերը էդ քաղաքում հյուր են, դու կարող ես 20 րոպեն մեկ մասնագիտությունդ փոխել ու ամեն մասնագիտության մեջ մնալ լավագույնը, քեզ դրա համար ամեն ինչ տրամադրում են. համազգեստ, եթե ոստիկան ես՝ գող, եթե փրկարար ես՝ հրդեհ: Եթե մենք տերևներով էինք առևտուր անում, էստեղ երեխաներն ունեն իրենց համար հատուկ ստեղծված գումար, որը տարբեր տաղավարներ մտնելիս ծախսում կամ աշխատում են:

Ես էդտեղ ավագ եմ, օգնում եմ երեխաներին այդ պահին իրենց ընտրած մասնագիտությունը հասկանալ, յուրացնել, հետո՝ կիրառել:

Ամեն ինչը մի կողմ, երեխաների հետ աշխատելով հասկանում ես` ինչպիսին են եղել Հիտլերն ու Այնշթայնը փոքր ժամանակ: Աչքիդ առաջ մեծանում է ապագա բարերար, որ շատ փող հավաքելով` սկսել էր բոլորին իր փողերից բաժանել, կամ օլիգարխ, որ մենակ ուզում է փող աշխատել ու ոչ մի դեպքում չի ծախսում: Փոքրիկ Հիտլերի մասին ընկերուհիս՝ Զարէն պատմեց, որ եկել ու հեքիաթ է գրել շատ չար մարդու մասին, որին սպանում է ավելի չար մեկը: Փոքրիկ գիտնականներ էլ կան, որ քեզանից առաջ անցնելով` ամեն ինչ պատմում են, ալյուրից թուղթ պատրաստող երևակայողների պակաս էլ չունենք:

Ու էսպես աշխատում ես, ուրախանում ես, հոգնում ես, կարոտում ես ծնողներիդ, ուզում ես քո հով Ճամբարակը, գնում ես աշխատանքի, օրդ թռչում է, աշխատավարձդ ստանում ես, ափսոսում ես հելիումով փուչիկ գնել, իսկ էդ լիմոնադի շիշը տենց էլ չես կարողանում բացել:

Nelli Khachatryan

1+1=2, իսկ մնացածը տրամաբանական է

Մաթեմատիկա։ Ըստ գիտնականների՝ մարդկության 20%-ը ունի ֆոբիա մաթեմատիկայից, ինչն արտահայտվում է, օրինակ, վերջույթների թուլացմամբ կամ ստամոքսում թիթեռների, չէ՝ դինոզավրերի ի հայտ գալով մաթեմի քննության ժամանակ։ Ես որպես մասնագիտություն ընտրել եմ, ըստ շատերի, այդ սթրեսաբեր մասնագիտությունը, ու չհարցնեք՝ ինչու, որովհետև երբեք այլ ուղղությամբ չեմ էլ մտածել։

Եթե ասում ես, որ այս առարկան չես սիրում, ես քեզ մարտահրավեր եմ նետում՝ ապացուցիր, որ հասկանում ես, նոր ասա, որ չես սիրում։ Կամ ուղղակի, արի միասին փորձենք հասկանալ բարդ թվացող հասարակ բաներ։

Մի քանի նյութ կգրեմ ու կփորձենք միասին համոզվել, որ մաթեմատիկան շատ փափուկ ու սիրուն բան է։

Սկսենք ամենասկզբից։ Մարդկանց համար բնական պահանջ էր հաշվելը ու լիքը տարբերակներ փորձելով ու տանջանքներով մարդիկ սկսեցին օգտագործել էն թվային համակարգը, որ հիմա մենք ենք օգտագործում: Ու էդ տարբերակների ու տանջանքների սկիզբը հաշվելու համար սովորական գիծ քաշելն էր, այսինքն՝ մի առարկան մեկ գիծ, երկուսը՝ երկու և այլն: Ճիշտ ես, լավ չեն մտածել, խեղճերի կյանքի կեսը անցել է թիվ գրելու վրա: Պետք էր այնպիսի բան, որ կհեշտացներ ու ժամանակ կխնայեր: Մեր թվարկությունից մոտ 500 տարի առաջ մարդիկ սկսեցին օգտագործել հռոմեական թվերը, բայց, օրինակ՝ 1998 թիվը գրվում էր էսպես՝ MCMXCVIII։ Չի փայլում հարմարությամբ, այսինքն՝ պետք էր առանձին գրել 1000-ը, հետո՝ 900-ը, հետո՝ 90-ը, հետո՝ 8-ը, այսինքն՝ արաբական թվերով տրամաբանությունն էսպիսին էր՝ 1000900908: Հա, իսկ որո՞նք են արաբական թվերը․ էն, ինչ մենք ենք օգտագործում: Իրականում, էդ թվերը 5-րդ դարում առաջինը գրեցին հնդիկները, 9-րդ դարում արաբները սկսեցին օգտագործել, ու 12-րդ դարում այն տարածեցին Եվրոպայում, որտեղ էլ իր հերթին թվերի ստեղծումը վերագրեցին արաբներին ու դրանք անվանեցին արաբական։ Բայց եկեք երախտամոռ չլինենք ու գոնե իմանանք, որ իրականում թվերի գյուտը հնդիկներինն է:

Թվերը ստեղծեցինք, մնաց դրանք ուսումնասիրելը: Խոսենք բնական թվերից: Էն, որ արհեստական չեն, մեջը հավելանյութեր ու անհասկանալի բաներ չկան… Էն թվերը, որոնցով հաշվում ենք, ու քանի որ մենք ոչ մի բանը չենք կարող հաշվել, հիշենք, որ 0-ն բնական թիվ չի համարվում: Դրանք սկսվում են 1-ից ու անվերջ շարունակվում:

Բնական թվերի հետ գումարման գործողությունը կարծես թե հեշտ է, ինչպես դասախոսիս մի ուսանող է ասել. «1+1=2, իսկ մնացածն արդեն տրամաբանական է»: Այսինքն՝ մաթեմատիկան քեզ շղթա է տալիս, որից կառչելով՝ ինքդ կարող ես ճանապարհը գտնել:

Բազմապատկման հետ կարծես թե նույնպես խնդիր չկա, քանի որ գումարումը գիտենք, օրինակ՝ 2*3-ը 3 հատ 2-ների գումարն է, կամ 2 հատ 3-ի գումարը (1+1=2-ի տրամաբանական շարունակությունն է):

Հիմա, երբ փորձենք հանման գործողությունը, օրինակ՝ 2-5, կհասկանանք, որ բնական թվերը մեզ չեն հերիքում: Պրակտիկայում, պատկերացրեք, խանութում ձեր փողը չի բավարարում ու պարտք եք վերցնում, այ էդ չունեցածից պարտք վերցնելու հասկացությունը բացասական թվերն են: Ու բացասական թվերի դուռը բացելու բանալին 0 թիվն էր, որն էլ հենց կանգնեց դրական ու բացասական թվերի սահմանին:

0-ն, բացասական և դրական թվերն անվանեցին ամբողջ թվեր:

-,+,*… պակասում է բաժանման գործողությունը, որը պակաս պրոբլեմատիկ չէր, քանի որ տորթը 3 մասի բաժանելուց հետո մի կտորը արտահայտող թիվ չկար: Ստեղծվեցին ռացիոնալ թվերը՝ այն թվերը, որոնք կարելի էր արտահայտել կոտորակի տեսքով: Կոտորակից վերև գրվող թիվը համարիչն է, իսկ ներքև գրվողը՝ հայտարարը: Հայտարարը ցույց է տալիս, թե քանի մասի է բաժանված առարկան, իսկ համարիչը՝ քանի մասն ես վերցնում բաժանված կտորներից: Դպրոցից հիշում ենք, որ հայտարարը՝ բաժանարարը պետք է հավասար չլինի 0-ի: Հասկանանք, որ եթե համարիչը՝ բաժանելին հավասար է բաժանարար*քանորդ, բաժանարարը 0 լինելու դեպքում բաժանելին նույնպես միշտ հավասար կլինի 0-ի, հենց դրա համար էլ հայտարարը 0 չպետք է լինի:

Ռացիոնալ թվերը իրենց մեջ պարունակում են ամբողջ թվերը, իսկ ամբողջ թվերը՝ բնական թվերը: Այսինքն՝ ցանկացած ամբողջ թիվ կարելի է ներկայացնել ռացիոնալ կոտորակի տեսքով, իսկ բնական թվերը ամբողջ թվերի մի մասն են: Սա հազարամյակներ առաջ արդեն հայտնի էր շատ փիլիսոփաների ու մաթեմատիկոսների, որոնք մտածում էին, որ մաթեմատիկան իր մեջ պահում է տիեզերքի շատ գաղտնիքներ, բայց առաջ բերվեց իռացիոնալ թիվ հասկացությունը, որը խախտում էր իդեալական տիեզերքի մասին պատկերացումները…

Nelli Khachatryan

Ամեն բան իր ժամանակին

«Դինոտոպիան» տեսե՞լ ես: Ինչ հզոր ֆանտազիա էր… Մեջը դինոզավրեր կային, այնքան մեծ էին, այնքան բնական: Չէ, իրականում ծիծաղելի էին: Ոնց որ խաղալիքներ: Էֆեկտները ահավոր անբնական:  Եթե փոքր ժամանակ չես նայել, հիմա էլ պետք չի նայել, հասկանո՞ւմ ես:

Իրականում մեր հիշողությունների մեջ պահպանվում են միայն տպավորությունները:
Այդ տպավորությունների սենյակում «Դինոտոպիան» ֆանտաստիկ լավն է…

Այդ սենյակում Արազ Դարեի երգերը շատ հուզիչ են: Այդ սենյակում բացովի-փակովի հետախոսներ կան, ու ճպպացնելով բացելը լավ զգալու առիթ է…

Արամեի երգերը խորն են այդ սենյակում…

Իմ տպավորությունների սենյակում փակցված է Արսեն Սաֆարյանի պաստառը:
Այդ սենյակ մութը սողալով է գալիս, որովհետև փոքր ժամանակ մութը ինչ-որ տեղից իրոք սողալով էր գալիս։

Այդ սենյակում ես կարող եմ «հոլիդե» ջինս, կախված վզով սվիտեր հագնեմ, ու ես մեկ է, սիրուն եմ։

Այդ սենյակում որպես հանգստացնող նյութ ջուր ու հող կա`ցեխ սարքելու համար։
Այդ սենյակի հեռուստացույցով հիմա սարսափ-մուլտֆիլմ է միացրած` «Ուրվականներից քշվածները»:

Այդ սենյակում ուսուցիչները ամեն ինչ գիտեն:
Այդ սենյակում պապիկս ճաղատ է, որովհետև գիշերը կովը եկել կերել է մազերը:
Այդ սենյակում սարդերին չեն սպանում: Մարդ ես, բախտդ բերեց՝ կկծի, ու սարդ-մարդ կդառնաս:
Այդտեղ ձեռքիս սպին այնքան մեծ ու վախենալու է:
Այդ սենյակում Շակիրան պարուհի է:
Այդ սենյակի օրացույցը միշտ 2008 թվականն է ցույց տալիս:
Այդ սենյակում ամեն ինչը իրական է, հասկանո՞ւմ ես…

Այդ սենյակի ցանկացած իր, որ տեղափոխես քո նոր կահավորած սենյակը, նույնը չի մնա: Իրենք ձևափոխվելու հատկություն ունեն ժամանակի մեջ տեղափոխվելիս, բայց գիտե՞ս, ամենասիրունը իրենց համար նախատեսված ժամանակում են:

Nelli Khachatryan

Ռասելի թեյնիկը

Բարև: Այսօր խոսելու ենք թեյնիկի մասին… Կրոնական տեսանկյունից:

1952 թվականին անգլիացի փիլիսոփա Ռասելը գրում է մի հոդված, որի բովանդակությունը մոտավոր այն էր, որ եթե ինքն ասի, թե Երկրի և Մարսի մեջ կա մի ճենապակյա թեյնիկ և այդ թեյնիկը այնքան փոքր է, որ նույնիսկ ամենաուժեղ հեռադիտակը այն չի կարող բացահայտել, մարդիկ չեն կարող հակառակը համոզել: Եվ եթե այդ ուսմունքը որպես սրբազան ճշմարտություն դասավանդվեր, նրա գոյությանը հավատալու տարակուսանքը արտառոց երևույթ կդիտվեր:

Ես քրիստոնյա եմ: Ամեն դեպքում ինձ այդպես են ասել:

Եթե ծնվեի Հնդկաստանում, անկախ իմ կամքից բուսակեր կլինեի: Դե, կենդանիների մեջ հնարավոր է ամփոփված է աստվածներից մեկի հոգին, հո չե՞մ ուտելու:

Այ, եթե շատ հետ գնամ ու ծնվեմ կենտրոնական Եվրոպայում, կհավատամ փերիներին ու էլֆերին (ափսոս՝ էդպես չի): Իսկ Գերմանիայում Ք.ա. 4-րդ դարում նույնիսկ մերոնք առանց ֆիլմ նայելու կհավատային Թորին ու նրա մուրճին (զվարճալի է):

Եգիպտոսում կոկորդիլոսին սրբազան կենդանի համարելու մասին բան չեմ ասում, այ թե իմանային, որ Հայաստանում Նոր տարվա սեղանին են դրել…

Մարդիկ հավատացել են էս ամենին, մարդիկ կհավատային նաև Ռասելի թեյնիկին: Ես նույնպես կհավատայի, եթե մի շարք խելոք մարդիկ գիտական ոլորտում լիքը հայտնագործություններ չանեին, ու ես, իրենց հայտագործություններից օգտվելով, չսկսեի մտածել՝ ինչն է տրամաբանված, ինչը՝ ոչ:

Մարդիկ ստեղծեցին ու հավատացին էս ամենին, որովհետև լիքը անպատասխան հարցեր ունեին: Տարիների ընթացքում որոշ հարցեր քչացան, ըստ դրա՝ հավատալիքներն ու աստվածների քանակը՝ նույնպես: Հավատը դարձավ տրամաբանված, բայց հավատը ինչ-որ գերագույնի հանդեպ կլինի էնքան ժամանակ, քանի մարդկությունը չի ստացել բոլոր հարցերի պատասխանները, կամ քանի դեռ չի կարողացել ապացուցել, որ Ռասելի թեյնիկը գոյություն չունի:

Nelli Khachatryan

Վերցրո՛ւ

Վերցրո՛ւ, սա քո կյանքն է: Ուզում ես՝ կախի պատից ու նայի կամ ճմրթի գցի… Կամաց, նայի՝ ուր ես քցում, ուրիշի վրա մի գցիր: Ձախ նայիր, պուճուր քայլող բաներ են, կարող ես նրանց վրա գցել, կտանեն: Կամ եթե չես ուզում, նրանց վրայով թռի՛, էնտեղ քեզ ոտքեր կտան, ուր ուզում ես՝ գնա:

Մի քիչ զգո՜ւյշ, ինչ ես գնդակի նման էս պատով, էն պատով տալիս, դու էլ էդքան մի փայփայի, մի քիչ ձախ կողքինիցդ օրինակ վերցրու:

Տե՛ս, նա էլ որոշել է ոսկի շրջանակի մեջ դնել, նոր կախել պատից: Հեյ, վեր կաց քնից ու էդ էլ գլխիդ տակից հանի, տվածս բարձ չի:

Մոռացա ասել. կարող եք երկու հատը բարակ թելով իրար կարել: Մի րոպե, չէ, մի տուր նրան: Ախր, ընդամենն ասացի՝ իրար կարեք։

Էն մեկն առած ո՞ւր ա վազում, դիմացդ նայիր, փոս է: Ի՞նչ կլինի՝ էն բոյովին ասա՝ ձեռքինդ խաղալիք չի: Այ, էն մեկին տեսնում ես, չէ՞, կողքինը, հաշվել եմ՝ արդեն 6-րդ անգամ է խազում, վրան գունավոր ներկ լցնում, մեկը չկա ասի՝ մեկ է՝ փոսերը երևում են:

Դու ի՞նչ ես հետս կանգնել ուրիշներին նայում: Արագ կյանքդ վերցրու, գնա՛ մի անկյունում զբաղվի:

Nelli Khachatryan

Ցավոտ մի հարց

Մինչ սկսելը ուզում եմ մի հարց տալ. քո պատկերացրած ապագայում դու որտե՞ղ ես: Չէ, էդ հավես փայտից կամ շքեղ տները մի կողմ թող: Խոսքս բնակավայրի՝ քաղաքի, գյուղի կամ թեկուզ երկրի մասին է: Եթե ամեն դեպքում ոչ երևակայությունից զուրկ լինելու պատճառով, այլ գիտակցության մակարդակից ելնելով՝ քեզ չպատկերացրիր օտար երկրում՝ շարունակենք:

Հերթական անգամ դասընկերոջս հետ «պաթոս-պաթոս» վիճում էի ու ասում, թե ինչքան լավ է Ճամբարակում, ու ինչքան եմ այն սիրում, երբ նա ինձ նույն հարցը տվեց: Հա, ու ես այդպես էլ չպատասխանեցի: Դե, հիմա, կարելի է ասել, ապրում եմ Երևանում, կավարտեմ, եթե ամեն ինչ իմ պլանավորածով լինի (վերևում, ներքևում կամ իմ ներսում ինչ-որ մեկին ծիծաղեցրի), կգնամ ծրագրավորման դասերի, կսովորեմ ու աշխատանքի կտեղավորվեմ:

Կներես, Ճամբարակ, բայց այս պլաններում կարծես թե չկաս, այդպես նեղացած հայացքով էլ մի նայիր: Մտածիր՝ դու ինձ աշխատանքով կապահովե՞ս: Դե, եթե ծրագրավորող դառնամ, ցանկալի է իմ մասնագիտությամբ: Երևի չէ, չէ՞:

Հետո կարո՞ղ ես այնպես անել, որ զարգանամ: Ախր, դու էլ, ոնց որ չաշխատող, տանը նստած մեկը լինես, որ հասարակությունից կտրվում, սոցիալապես չի զարգանում, աշխարհից ու կյանքի ռիթմից հետ է մնում:

Մեղադրում եմ ու մտածում, որ մենք հետ գանք ու փոխենք: Ես էլ իրավունք ունեմ մեղադրելու քո ծնողներին: Ի՞նչ անեմ, որ քո մեծ քրոջը՝ Երևանին, ավելի շատ են սիրել, ամեն ինչ նրան են տվել ու զարգացրել:

Եսասեր եմ… Դու էլ:

Տվածս հարցի շուրջ մտածեցի՞ր: Դո՞ւ էլ թաքուն Երևան պատկերացրիր: Չէ, մի արդարացիր: Գիտեմ, որ համայնքդ շատ ես սիրում: Ես էլ եմ շատ սիրում Ճամբարակը:

Բայց դու էլ դեռ մի պատասխանիր, գիտեմ, որ ցավոտ է:

Nelli Khachatryan

Իմ եսի շուրջը

Մենք՝ մարդիկս, թքած ունենք մեզ՝ մարդկանցս վրա… Շատ մի մտածիր, որ մեկի ներկայությամբ մի սխալ բան ասացիր, աստիճաններից ընկար մյուսի ոտքերի տակ, կամ երբ դասախոսը բան հարցրեց՝ դու չկարողացար պատասխանել ողջ լսարանի առաջ: Գիտե՞ս, ես նույնիսկ չեմ հիշում, թե այսօր ինչ էիր հագել, մինչդեռ դու տրամադրություն չունես, որովհետև շորերդ սրտովդ չեն:

Ինձ քո քննությունների պատասխաններն էլ չեն հետաքրքրում, ու էն մարդու դեմքն էլ չեմ հիշում, որ գումար չէր վերցրել ու ինձանից 100 դրամ խնդրեց տրանսպորտին տալու համար: Երբ պարում ենք, ես քեզ չեմ նայում, ուտելուց՝ նույնպես: Նկարում տգե՞ղ ես դուրս եկել, չէի էլ նկատել:

Մենք՝մարդիկս, ներողամիտ արարածներ ենք, երբ խոսքը մեզ չի վերաբերում, դրա համար էլ երբ ընկար ոտքերիս տակ, ես մտածեցի, թե արդյո՞ք ներքևից գեղեցիկ եմ նայվում: Երբ դասախոսին չկարողացար պատասխանել, մտածեցի հաջորդ հարցի պատասխանը գրքում փնտրեմ, որ կարողանամ պատասխանել: Ես քննության միայն իմ արդյունքներին եմ նայում, իսկ երբ փող խնդրեցին, ես մտածեցի, որ աշխարհի ամենաբարի մարդն եմ: Երբ պարում էինք, ես մտածում էի, որ դու ես ինձ նայում, իսկ երբ ուտում էինք, հասցնում էի կոնֆետի թղթերից երկուսը գրպանս մտցնել, որ «հետքերը վերացնեմ»: Հա, ի դեմ…

Նկարը հանգիստ թող, ես միայն ինձ եմ նայելու:

Nelli Khachatryan

Որտեղից ես սկսում դու

-Բարև:

Մտածում ես՝ քե՞զ չեմ բարևում… Ա, գիտեմ, դու ապրիլի 7-ի այն համերգին էլ երևի ծափ չես տվել: Մտածում ես՝ ի՞նչ կապ ունի, հիմա կբացատրեմ:

Ինչ վերաբերում է ապրիլի 7-ի համերգին. Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը բացօթյա համերգ էին կազմակերպել, հիշո՞ւմ ես… Մի երգի ժամանակ Գարիկը ասաց, որ հատուկ տակտով ծափահարենք, երգի համար երաժշտություն էր ծառայելու քո ծափը… Ես էլ ծափ էի տալիս ու նայում շուրջս, ուզում էի «բռնացնել» էն մարդկանց, ովքեր մտածում էին, որ իրենց ծափը ոչ մի բան չի փոխելու, ու ձեռքերը ծալած ուղղակի լսում էին:  Բարեբախտաբար այդպես մտածողները փոքրամասնություն էին, և երաժշտություն ամեն դեպքում ստացվեց ստեղծել:

Հիմա անցնենք բարևին: Չնայած արդեն գլխի ես ընկնում բարևի ու համերգի կապը, չէ՞… Երբ դիմում են հասարակությանը,  դու քեզ, չգիտես ինչու, հասարակության անդամ չես զգում, կամ չգիտեմ, միգուցե  քո դերը այնքան չես կարևորում, որ մտածես՝ խոսքը նաև քեզ էր ուղղված:

Բարևից ու համերգից սահուն կերպով կարող ենք անցնել քաղաքական ընտրություններ:

Կարծես այստեղ էլ քո ձայնը կարևոր չես համարում: Դու վաղը կասես «երկրը երկիր չի», ու կգնաս: Չէ, ես թեմայով էլ չեմ ուզում խորանալ, մենակ ուզում եմ քեզ գնահատես, ու մի բան էլ. հաջորդ անգամ, երբ գրեմ՝ բարև, քեզ եմ բարևում: Հա, հենց քեզ: Անպայման կպատասխանես, ես լսելու եմ:

Nelli Khachatryan

Մի երկար ու կարճ օր

Քնած ես, ոչինչ չես զգում, նույնիսկ ժամանակը: Մեկ էլ ականջիդ, ուղեղիդ ու սրտիդ ամենաատելի ձայնը սկսում է զնգալ: Արթնանում ես, անջատում զարթուցիչի ձայնը, նայում ժամին և ուրախանում հնարամտությանդ վրա. գիշերը ժամը 4-ն է: Նորից քնում ես, բայց հաջորդ զնգոցից փրկություն չկա: Դողալով վեր ես կենում վերմակի մեջ փաթաթված, հագուստդ հագնում նույնպես վերմակիդ մեջ փաթաթված, բայց մի քիչ անհարմար է այդպես լվացվել: Ստիպված վերմակդ պոկում ես ու սկսում պատրաստվել: Նայում ես հայելու մեջ, նախորդ օրվա պլաններդ մազերիդ ու շորերիդ հետ կապված իրենց տեղն են զիջում տաք շորերին ու արագ կապվող պոչիկին։ Դուրս ես գալիս, ու ականջդ որսում է 15 համարի ավտոբուսի շարժիչի ձայնը, մոռանում ես, որ քիչ առաջ պինգվինաքայլով էիր առաջ գնում սառույցի վրա ու սկսում ես վազել: Հասնում ես: Դռները բացվում են, այս անգամ ազատ տեղ չկա, կանգնում ես վերջում. այնտեղից բոլորը երևում են: Դնում ես ականջակալները, ծանոթ դեմքեր նստում են ծանոթ կանգառներից: Մարդիկ այնքան խիտ են կանգնած, որ համոզված ես՝ հաստատ չես ընկնի… Երաժշտության ձայնը մեխանիկաբար իջեցնում ես, որ հետաքրքրությունդ լրացնես որոշ մարդկանց խոսակցությունները լսելով… Իմանում ես նրանց անունները, սիրելի միրգը, ինչ որ զավեշտալի պատմություններ ես լսում, մտքում ծիծաղում, համաձայնում կամ ջղայնանում ես: Վարորդը գոռում է և ասում, որ այնպես անեն՝ դռները փակվի… էլի էն ջղայն մարդն է… Երաժշտության ձայնը բարձրացնում ես ու սկսում զննել դիմացի աղջկա մազերի գանգուրները, կողքինիդ մատները ու նստած ուսանողի ձեռքի պարսկերենի գիրքը։

Կանգառներում պարզում ես, թե խոսող ուսանողներից ով որտեղ է սովորում, իջնում ես քո կանգառում… Գնում ես դասի, դասերն ու դասախոսները նույնն են, միայն դասամիջոցներն են տարբեր… Ավարտում ես դասերդ ու գնում կանգառ: Ջղայնանում ես 15-ի վրա, որ այդքան դանդաղ է աշխատում, բայց մի քանի րոպեից հեռվից նկատում ես դեղինիդ, ու ժպիտ է գալիս դեմքիդ: Բարձրանում ես: Ափսոս, մի տեղանի նստարանները զբաղված են (թե՞ բարեբախտաբար): Նստում ես պատուհանի մոտ, կանգառում բարետես երիտասարդ է բարձրանում, անհանգիստ նստում է կողքիդ… Ձեռքերով լարված շարժումներ է անում, մի ոչ այնքան մեծ կին է բարձրանում, միանգամից կանգնում է ու տեղը զիջում… Կանգնած կարծես ավելի հանգիստ է … Հոգնած ես: Աչքերդ ու ականջներդ փակում ես ու շատ արագ հասնում տուն: Լավ է, տանը հետաքրքիր է, սիրտդ մի քիչ թափառել է ուզում, բայց ցուրտ է, ինչ արած, ֆիլմ կնայեք, բայց մի քիչ էլ քաղցր եք ուզում, ամենաարդար «չինգաչունգով» կորոշեք՝ ով խանութ կգնա, երաժշտություն կլսեք, ձեր տարիքակիցների ամուսնության լուրերով կկիսվեք ու կզարմանաք, հետո կհասկանաք, որ գրեթե տանտիրուհու առօրյայով եք ապրում:

Որոշել ես այսօր շուտ քնել, բայց արդեն ժամը 12-ն է: Լավ, մի սերիա էլ նայես ու կքնես…

Ախ, այդ անտանելի զարթուցիչի ձայնը, բայց լավ է, դեռ ժամը 4-ն է…