Քրիստինե Աչոյանի բոլոր հրապարակումները

Qristine Achoyan

Թո՜ղ լինի…

Երբ Ադամն ու Եվան դրախտ կոչված տարածքում էին, չկային պատերազմներ մարդու և մարդու միջև, կար միայն Աստծո և չարի պայքար՝ երկիրը տիրելու համար, երբ դրախտավայրը երկրի վրա էր։

Առաջին եղբայրասպանությունը Աբելի մահով սկսվեց: Աստծո սահմանմամբ եղբայր դեռ չէր նշանակում արյունակից, եղբյար՝ այսինքն սերը առ մարդը։

Այն ատեն սերը պատճառից դարձավ հետևանք, ծնվեց մեկը՝ սերը Աստծուց խլած ու Աստծուն տվող Արմենը։

Ճիշտն ասած, Արմենին ճանաչում էի միջնորդավորված՝ ինչ պատմել էին, ընկերս չէր, ոչ էլ եղբայրս էր, բայց Արմենը Արմենն էր, երբ հանուն հայրենիքի իր անձեռնմխելի կյանքի մասին չմտածելու միտք էր հղանում։

Հունվար ամսյան 19-րդ օրը՝ ճիշտ այն օրը, երբ կանխամտածված սպանվեց Հրանտ Դինքը, որովհետև հայ լինելը մարդ լինելուց  տարբերվում է պատասխանատվության  համեմատաբար բարձր աստիճանով, այսինքն՝ հայ լինելը վիճակ է՝ լինել թե՞ չլինել խնդիր-հարցադրումով։ Բայց ամեն դեպքում․․․ «Մահը եղավ ոտքի վրա՝ կանգնած, ոչ թե պառկած՝ անկողնու մեջ»։

-Ես ասում էի ՝ «Ու՞ր ենք գնում, ընկերնե՛ր», իսկ նրանք՝ «Վերև, Ջոնի»:

Դա այն օրն էր, երբ Բիթլզը՝ սերը և ազատությունը, առաջին անգամ ելույթ ունեցավ բեմում։

Իմ ճանաչած Արմենը բիթլոման էր, բայց չէր սիրում մազերի «էքզի» ոճը, ասում էր՝ տղայական չի։ Բիթլզ էր լսում ու մատները սահեցնելով իր կերտած  քանդակներով,  քթի տակ երգում  էր «Let it be»-ն.

«Եվ երբ ամպամած է գիշերվա երկինքը,

Միշտ մնում է մի շող, որ լուսավորում է իմ հոգին:

Շողա մինչև վաղը,

Թո՜ղ  լինի»։

Սովորաբար քանդակը սկզբում կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից։ Գիպսե ձուլածոները կա՛մ ինքնուրույն գոյության իրավունք են ստանում, կա՛մ ծառայում են որպես մոդել՝ քանդակը ավելի մնայուն նյութերով մարմնավորելու համար։

Արմենը՝ կերտված մարդ ձուլվածքից, համաչափ աչք-ունքով, աջ հոնքի վերևում էլ մի  նշան, իսկ խառնվածքով հանգիստ  էր, կոկիկ,  աշխատանքն ու  կրթությունը  համատեղող: Սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում, որպես օպերատոր, զուգահեռաբար էլ աշխատում էր կահույքի արտադրամասում։ Գիշերը, երբ հարձակվել են  դիվերսանտները, Արմենը նկատել է, զգուշացրել զինակիցներին և սկսել գոյամարտը՝ մեկը երեք տասնյակի դեմ։ Ծառայակիցների խոսքով ՝ կես ժամ միայնակ դիմադրել է  ու տասը հոգու կյանք փրկել։ Եվ դա հայկական ուժերին հնարավորություն է տվել կազմակերպվել և ելման կետերը վերադարձնել թշնամուն։

Մահը  մորը  ճանաչել տվեց  որդուն։ Կարոտ բառը Աճառյանի արմատական  բացատրությամբ՝ կար+մոտ, այսինքն՝ ժամանակին եղել էր մոտ, մյուս դեպքում՝  անհրաժեշտություն։

Կա՞ մի երգ մոր մասին, որ սրտաշարժ չէ, կասեմ՝ ոչ, չկա․

«Երբ ես ինձ հանձնում եմ տրտմությանը,

Մայր Մարիան ինձ մոտ է գալիս

Եվ իմաստուն խոսքեր  է ասում.

«Թո՜ղ լինի»:

Հղացման և ճակատամարտի  միջև եղած մտորումները՝ անձրևոտ  մի օր ինչ-որ մեկին վերարկու տալու, ավելի մոտ կանգնելու, և հենց երազանքը՝ աստղերը հաշվելու մասին, մի՞թե կարող էին չլինել։ Կամ կարո՞ղ էր գիտակցել  ակնթարթի անխուսափելի վախճանը․․․ Մեկին մոտ չլինելը, քույրերի կողքին չկանգնելը, այլ մնայուն նյութից հեն ու հենք  լինել, որպես արիության մոդել։

Երբ ճակատամարտ է, իսկ մարդը անխուսափելի է, մղումը ճակատամարտ ենթագիտակցության ազդակներով է կառավարվում, և պահի խիզախությունը  հատուկներին է տրված։ Հղացումը, որ 2014 թվականին  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան դիրքը պաշտպանելիս կյանք արժեցավ, որովհետև «կարոտ» բառի  «կար» արմատից ժամանակի հետ «կարևոր»-ն է առաջացել, հետո փակվել է «կարևեր» բառի վերքը։

«Նրանք կարող են բաժանվել,

Բայց նորից հանդիպելը միշտ հնարավոր է,

Պատասխանը մեկն է՝ «թո՜ղ լինի»:

Տասնյակ փամփուշտ զարկվեց երկրի սրտին. հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Սակայն   Ավան 14֊րդ  փողոց, 8-րդ տան տարածությունում ՝ Արմենի թանգարանում, Արմենը կա, որովհետև «բոլոր դիրքապահները թագավոր տղերք են»։

«Արթնացա երգի հնչյուններից,

Ինձ մոտ է եկել Մայր Մարիան,

Ասելով  ինձ  խոսքեր իմաստուն՝

«Թո՜ղ  լինի»…