Մարիամ Տոնոյանի բոլոր հրապարակումները

mariam tonoyan

Սևան մեդիա ճամբար. Գավառի գաթա

Հայաստանի մարզերից յուրաքանչյուրն ունի միայն իրեն հատուկ համ ու հոտ, կախված մարզին բնորոշ ուտեստներից և դրանք մատուցելու յուրահատուկ սովորույթներից:

Գեղարքունիքի մարզի հատկապես Գավառ քաղաքում, որպես ավանդական և ոչ տոնական, և տոնական սեղաններից անպակաս թխվածք է համարվում տատիկների բաղադրատոմսով պատրաստվող գաթան:

Գաթայի պատրաստման ձևերին ինձ ծանոթացրել է մեծ տատս: Տատս լինելով ավանդապաշտ կին, ասում էր, որ գաթան կլինի համեղ միայն այն դեպքում, երբ այն պատրաստվի սիրով ու հաճույքով, այլապես կկորցնի իր համը: Տատիկս հավատացնում էր, որ Գավառի գաթան ամենահամեղն է մնացած բոլոր այլ բաղադրատոմսերով պատրաստվող գաթաներից: Երբ սկսում էր գաթա թխել, թոռներին ու ծոռներին հավաքում էր շուրջը և ասում.

-Սովորե՛ք էրեխեք ջան: Սովորեք, որ ձեր էրեխեքն էլ գիդան` իմալ ա հլնում իսկական գաթեն:

Երբ Ռոզա տատիկը հասնում էր խորիզի պատրաստմանը, խառնում էր շաքարավազը, յուղը և ալյուրը, երեխաներով սկսում էինք ուրախանալ և չարաճճիություններ անել: Մինչ Ռոզա տատիկը խմորը կնախապատրաստեր, մեզանից ամենաճարպիկը` Կոլյան, իր մեծ ափսեով գողանում էր խորիզի մի մասը և մեզ բաժանում: Դե, մեզ ասելով նկատի ունեմ թաղի բոլոր երեխաներին, որոնք անհամբեր սպասում էին գաթայի պատրաստմանը: Իսկ խմորը գրտնակելուց հետո, երբ շրջվում էր, որ խորիզը լցներ, տեսնում էր, որ խորիզի մեծ մասն արդեն չկա: Հաճախ բարկանում էր մեզ վրա, և մենք, գլուխներս կախած, գնում, բոլորում էինք թոնրի շուրջ, որը վառում էր պապիկս և նախապատրաստում գաթայի համար: Տատիկն ասում էր, որ թոնրով թխելը օգնում է, որ գաթայից հաճելի ծխի հոտ գա, որն ախորժակ է բացում, ինչպես, օրինակ` փուռ դնելիս:

Մեր թոնրատունը փոքր էր: Մի փոքրիկ տնակ էր, որտեղ ձմռան ամիսներին նաև գառներին էին պահում, երբ սարերից հոտը հետ էր գալիս:

Տատիկը հերթով բերում էր գաթաները թոնրատուն: Թոնրատանը ունեինք գաթայի պատրաստման համար նախատեսված երկաթյա «զամբյուղ»` երեք հարկերից բաղկացած, որոնց մեջ դնելով գաթաները, իջեցնում էինք թոնրի մեջ` կախելով թոնրին ամրացված երկաթյա ձողից, որպեսզի կրակից չվառվի: Հետո ընտանիքով նստում էինք արդեն տաքացած հատակին և սպասում տատիկի հեքիաթներին` պահանջելով «Նունիկի և արջի պատմությունը», որի մեջ կար հատված համեղ գաթայի մասին. «Է՜յ, ա՛րջ, տեսնում եմ, տեսնում: Չնստես կոճղին, գաթան չուտես»: Ռոզա տատիկն ամեն անգամ գաթա կամ լավաշ թխելիս, հիշեցնում էր, թե ինչպես փոքր ժամանակ խորիզը թռցնելու համար հայրս ինձ վախեցնելով հանգած թոնիրն է իջեցրել: Լսվում էին քրքիջներ, և ես շիկնում էի:

Ահա և գաթաները պատրաստ են: Օ՜, ինչպես է բուրում, և՛ կարմիր է, և՛ փքված, և՛ շերտ-շերտ կարծես: Ռոզա տատը` գոհ իր աշխատանքից, հանեց գաթաները և ինչպես սովորությունն է, ձեռքով կտրելով գաթաները, բաժանեց մեզ:

-Լա՛վ ա, տեսա՞ք, եթե յուղը շատ անի` թմբլիկ ու շերտ-շերտ չէր ստացվի, բալեք ջան: Յուղը թաց կմնար մեջը,- բացատրեց տատիկը:

-Տատիկ,- ընդհատեց քույրս,- դանակ բերե՞մ:

-Չէ՛, բալեք ջան, գաթեն դանակով չեն կտրում: Հացի ու գաթի վրա սուր չեն քաշում: Էդ էլ իմացեք` ադաթ ա: Հա, մեկ էլ գաթի հետ գինին լավ ա, էդ էլ մատուցման ադաթն ա, բալեք ջան:

Գաթա թխելու ավանդույթը տատից մորս փոխանցվեց: Հիմա արդեն ես էլ քիչ-միչ կարողանում եմ թխել, բայց ափսոս, թոնիր այլևս չունենք: Դե ինչ, ես էլ վառարանով սկսեցի թխել: Առաջինը, որը ինքնուրույն էի թխել` վառվեց, իսկ երկրորդը, որը թխեցի մայրիկիս օգնությամբ, հետս Սևանի մեդիա ճամբար բերեցի` հյուրասիրելու մերոնց, ում նախօրոք խոստացել էի:

Հ. Գ. Երևի դուր եկավ:

 

Ուսուցչուհուս դերն իմ կյանքում

Կյանքում ամենաթանկ հիշողությունները, որոնք մինչև խոր ծերություն կմնան մեր մեջ տպավորված, որոնք հիշելիս կամ վերապրելիս մեզնից յուրաքանչյուրի դեմքին անկասկած հուշերից ծնված մեղմ ժպիտ է արթնանալու` մեր մանկության հիշողություններն են: Ասում են, թե երեխան ի ծնե մաքուր թուղթ է, որի վրա անջնջելի հետք են թողնում ծնողներն ու ուսուցիչները, որոնք դառնում են երեխայի համար առաջին ուղեկիցները նոր և անծանոթ կյանքի ուղում:

Անկասկած ամեն մի աշակերտի կյանքում մեծ դերակատարում ունի աշակերտի սիրելի ուսուցիչը, անկախ աշակերտի լավ կամ վատ առաջադիմությունից:

Ես նույնպես, ինչպես հավանաբար բոլորը, ունեմ ամենասիրելի ուսուցչուհի, ում անչափ սիրելով և միաժամանակ անչափ նրանից ամաչելով, ամեն անգամ կցկտուր ու շփոթված շնորհակալական խոսքեր եմ ասում` դպրոցում գործող գերմաներեն խմբակում ստացած գիտելիքների պաշարիս համար, և միշտ դժգոհ եմ մնում իմ թերի շնորհակալություններից: 17.am-ը նոր հնարավորություն ընձեռնեց պատմելու Անուշ Ղարիբյանի` իմ սիրելի ուսուցչուհու մասին:

Լսած կլինեք, թե ինչ բարդ լեզու է գերմաներենը: Այո, իսկապես բարդ է, և միայն ուսուցչուհուս շնորհիվ է, որ լավ արդյունքի եմ հասնում:

Հիշում եմ, երբ պատմության թեմատիկ աշխատանքից ցածր գնահատական էի ստացել, բոլորից կարծես նեղացած` ընկեր Ղարիբյանի մոտ էի վազում, գանգատվում, դժգոհում: Իսկ նա ի՜նչ համբերատարությամբ ու հոգատարությամբ էր տանում իմ կամակորությունները: Ու ինչ ուշադրությամբ էի լսում նրա խրատները, մտքում ծանր ու թեթև անելով:

Ամեն անգամ ծիծաղով ենք հիշում “sofort” (իսկույն) բառը, որը ոչ մի կերպ չէի կարողանում մտապահել, իսկ ընկեր Ղարիբյանը ամեն դաս սկսելուց առաջ հարցնում էր. «Հլը ասա, տեսնեմ` sofort-ն ինչ էր, նոր սկսենք»: Դասը առավել հետաքրքիր էր դառնում, երբ զուգահեռներ էինք տանում այլ թեմաների հետ կամ երբ մոռանում էի բառի թարգմանությունը:

Միշտ ցանկացել եմ նմանվել ընկեր Ղարիբյանին, մտապահել նրա տված խորհուրդները, դառնալ նրա նման պարտաճանաչ ու հեռատես: Մասնագիտական կողմնորոշման հարցում ևս նրա շնորհիվ եմ որոշում կայացրել: Դառնալու եմ գերմաներեն լեզվի թարգմանչուհի, որպեսզի նրա գործի շարունակողը լինեմ: Տարբեր հարցերում իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցչուհին է:

Շնորհակալություն, ընկեր Ղարիբյան…

mariam tonoyan

Հայրիկիս անցած ուղին

Հարցազրույց Արցախյան ազատամարտի մասնակից Հակոբ Տոնոյանի՝ իմ հայրիկի հետ

-Հայրիկ, ե՞րբ է սկսվել քո մարտական ուղին:

-Մարտական ուղիս սկսվեց 1993 թվականի հունիսի 17-ից, երբ զորակոչվեցի բանակ: Հունվարի 1-ի առավոտյան հրաման ստացանք Քարվաճառ գնալ: Մինչև Քարվաճառը մնացինք ընդհանուր շտաբում: Դրանից հետո պարբերաբար տեղափոխվում էինք այլ բնակավայրեր՝ Յանշակ, Բուզլուխ, Յամշլու: Պայմաններն անտանելի ծանր էին՝ ցեխոտ, անանցանելի ճանապարհներ, անտանելի ցուրտ, հատկապես՝ Օմարի բարձունքում, սակավ փամփուշտներ, դրանց հետ միասին՝ ընկերների ու հրամանատարների կորուստներ: Օմարի բարձունքում շատերը ցրտահարվեցին, դրսում 20 րոպեից երկար դիմանալ հնարավոր չէր:

-Պատմիր պատերազմից հետաքրքիր հիշողություններ կամ տպավորություններ: 

-Սուտ չեմ ասի, եթե ասեմ, որ չնայած ամեն տեսակ դժվարություններին՝ ծառայողական տարիներս կյանքիս լավագույն տարիներն էին: Ինչպիսի՜ ընկերներ ունեինք՝ Տերենտը, Արտակը, Վաչեն: Ամեն օրը արկած էր դառնում: Ընկերներս հատկապես զարմանում էին, որ կարողանում էի որոշել արկի ընկնելու տեղը՝ սուլոցի ձայնից:

-Կարո՞ղ ես նշել պատերազմի օրերին ամենադժվար օրը քեզ համար:

-Է՜հ, դժվար հարց ես տալիս: Հիշելն ահավոր է: Այդ օրը զարմանալի էր, երբ զոհվեց մեր հրամանատար Գասպարյան Վովան, նույն օրը աչքից վիրավորվեց Արտակը՝ մոտ ընկերս, որը ևս մահացավ:

-Ե՞րբ ես վիրավորվել:

-Շատ անգամներ եմ փրկվել մահից. այդ օրերը ես վերածննդի օրեր էի անվանում: Մի անգամ կյանքս փրկեց Էդիկ Կարապետյանը, բայց վիրավորվեցի: Մայիսի 6-ին շարժվեցինք դեպի դիրքեր: 3-րդ դիրքը ամենավտանգավորն էր, որտեղ կամավոր էին գնում: Ես ևս կամավոր գնացի 3-րդ դիրք: Դիրքում էինք ես, եզդի Մաջիթը, Արմենը, Ռաֆիկ Ավետիսյանը և կազակ զինվոր Տամերլանը: Ռաֆիկը գնալ ուզեց, ասաց, որ հետը գնամ, շրջվեցի, որ պատասխանեմ, որ հիմա հնարավոր չէ, թե չէ կխփեն: Շրջվեցի ինքնաձիգս վերցնելու, երբ տեսա մոտ 20 մետր հեռավորության վրա մի ժայռ կար: Այդ պահին ականանետը խփեց ժայռին, բեկորները պոկվեցին և գլխիս խփեցին: Նույն պահին Տամերլանին խփեցին, վիրավորվեցին Ռաֆիկը և Արմենը. կտրվել էր Արմենի ոտքը: Մաջիթը վիրավորվել էր գլխից: Աչքերիս առջև մշուշ էր, մտածում էի, թե մահացել եմ: Միայն ձայներ էի լսում: Փորձեցի շարժվել, վեր կացա, բայց ոչինչ չկար, սպիտակ էր՝ մշուշ: Լսում էի միայն Ռաֆիկի ձայնը, որ ասում էր. «Տոնոյան, փախիր, թուրքերն եկան»: Քիչ անց վերականգնվեց տեսողությունս: Տեսա, որ թուրքը 7 մետրի վրա է, սկսեցի կրակել: Մաջիթը ռացիայով օգնություն էր կանչում: Մութն ընկել էր, երբ օգնությունը հասավ:

-Վիրավորվելուց հետո շարունակեցի՞ր ծառայությունը:

-Բուժում ստանալուց անմիջապես հետո վերադարձա դիրքեր:

-Պարգևատրումներ ունե՞ս:

-Այո, մի շարք պատվոգրեր, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան, «Մարտական ծառայություն» մեդալով, «Հատուկ գունդ» շքանշանով, ԼՂՀ «Մարտական ծառայության արիություն» մեդալով, «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:

Հայրիկիս հետ սա իմ առաջին զրույցն էր: Ես դեռ շատ բան չգիտեմ: Հուսով եմ, հայրիկս էլի հուշեր կպատմի: