Աննա Հովնիկյանի բոլոր հրապարակումները

Ինչքան կարևոր եմ

 

Լուսանկարը՝ Աննա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Աննա Աբրահամյանի

Վեց տարեկան էի՝ աշխույժ, ժիր ու ծիծաղկոտ: Թաղամասում ունեի շատ ընկերներ՝ Անին, Հասմիկը, Հայկը, Լուսինեն, Արթուրը, Մարիամը: Սիրում էի ամբողջ օրս անցկացնել նրանց հետ, խաղալ պահմտոցի, հալամուլա, գնդակ և շատ ուրիշ խաղեր: Մայրս ամբողջ օրը ինձ խնդրում էր, որ գնամ տուն և ուտեմ տատիս պատրաստած համեղ կերակուրը: Սակայն ինձ համար ուտելը ամենածանր պատիժն էր: Ուտել բառը լսելով՝ կարծես իմ գլխին էր թափվում անեծքի մի ամբողջ շարան: Հաճախ ինձ բաժին է հասել «մայրական ապտակը» հենց չուտելու համար: Մի օր էլ, երբ սովորականի պես խաղում էի ընկերներիս հետ, մայրս մի քանի անգամ եկավ, որ ինձ տուն տանի, բայց բոլոր փորձերն ապարդյուն անցան: Խաղում էինք ու մեկ էլ, հոպ. Հայկը՝ Հասմիկին, Հասմիկն՝ Անիին, Անին՝ ինձ, ես էլ՝ սրածայր քարին: Քթիցս արյուն էր հոսում: Մարիամը՝ իմ սիրելի ընկերուհին, վազեց դեպի մեր տուն ու շատ վախեցած, լացակումած ասաց տատիս.

-Անին խփեց, Աննան ընկավ:

Էս տատս էլ՝ հիվանդ ու գեր մի կին, հասկացավ, թե՝ Անին խփեց, Աննան մեռավ: Թողնելով տան գործը՝ կանչեց մայրիկիս ու միանգամից թռավ ցանկապատի վրայով, միչդեռ նա երբեք այդպիսի բան չէր արել իր գերության ու թույլ լինելու պատճառով: Տատիս այդ արարքը կարելի էր համարել ռեկորդ: Նրա օրինակին հետևեց մայրս, սակայն մորս համար դա հեշտ էր: Այսպես իրար հետևից դեպքի վայր ժամանեցին բժիշկ մայրս ու ոստիկան տատս: Ինձ տեսնելով՝ տատիս դեմքին նշմարվեց հանգստություն, որը կտրուկ փոխվեց բարկության: Այս անգամ տատիս կողմից ստացա «տատական ապտակ», բայց հասկացա՝ ինչքան կարևոր եմ նրանց համար: