Մարտինա Գյուլնազարյանի բոլոր հրապարակումները

Բնությանը նոր շունչ տվողը․․․

Մեր զրուցակիցը Երազիկ Վարդանյանն է, ով նկարում է, գրում և դասավանդում մաթեմատիկա։ Սովորում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկա բաժնի 3֊րդ կուրսում։ Ծնունդով Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղից է, որի մասին պատմում է Welcome TO Qaraglukh ֆեյսբուքյան էջում։

-Երազիկ, դու ծնվել և մեծացել ես Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում։ Ինչպիսի՞ն է քո ծննդավայրը։

-Ընդհանրապես յուրաքանչյուր մարդուն հոգեհարազատ է իր ծննդավայրը, իսկ ինձ առավել քան, որովհետև մեր տարածաշրջանը իրեն բնորոշ առանձնահատկություններն ունի, որը ոչ մի տեղ չի հանդիպել։ Գյուղում և նրա շրջապատում պահպանվել են V – XVll դարերի գյուղատեղիներ, 1230 թ. կառուցվել է Սուրբ Մամասի վանքը, 13-րդ դարից գործում է Սուրբ Պողոս եկեղեցին, մատուռներ` «Թուխ Մանուկ» (13 դ.) 7-14-րդ դարերից պահպանված խաչքարերով, որոնցից մեկն էլ հենց գյուղ մուտք գործողները կարող են տեսնել, որը զանգվածեղ Քարագլխից անսովոր հակված՝ ասես քարեղեն խոնարհումով ողջունում է գյուղի հյուրերին։ Բնակիչների նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից։

Ես, անկեղծ ասած, միշտ աշխատել եմ գյուղս ներկայացնել, բայց չէի պատկերացնում, որ ես կապրեմ ամեն վայրկյանս դրանով՝ իմ մեջ, դա ամեն օր է ավելի խորանում, և հնարավոր չէ ասել, թե երբ է սկսվել։Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ իմ Welcome TO Qaraglukh ֆբ էջում։

Դարերից եկած, իմաստուն իմ ազգ

Հալածվել ես միշտ թշնամուց անգութ

Տեղահան արվել, ցիրուցան եղել,

Այսպես էլ եկան Խոյից, Սալմաստից։

 

Քարը քարին դրեցին,

Ու Քարագլուխ անվանեցին:

Քարից հաց քամեցին,

Քարագլխեցի անվանեցին։

-Դու գրում և նկարում ես դեռ մանուկ հասակից. ե՞րբ հասկացար, որ այդ ամենով պետք է զբաղվել լրջորեն։

-Արվեստը իմ կյանքն է և սիրում եմ ստեղծել նորը, տարբերվողը և յուրահատուկը։ Նկարել եմ դեռ դպրոցական տարիներից և ամենաշատը դասերիս ընթացքում, երբեմն աննկատ ուսուցիչներիցս։

Ստեղծագործել սկսել եմ վերջին տարիներին, պարզապես զգացածս հանձնել եմ թղթին, որոնք էլ հաճախ չեմ պահել։ Տեղին է հիշել իմաստուններից մեկի խոսքը․ «Գործդ արա՛ ու ճանաչի՛ր ինքդ քեզ»: Նկարելը, կարելի է ասել, ինձ համար հոբբի է, նպատակներ ունեմ հետագայում ունենալ ցուցահանդես։ Ամեն ինչ սկսվեց, երբ որոշեցի հոգուս գույները տեսանելի դարձնել բոլորի համար։ Տարիներ շարունակ նկարում էի սևով և սպիտակով, առաջին քայլերս գույներով շատ պատահաբար ստացվեց, որովհետև գույն տվեցի բնությանը, ավելի կոնկրետ խխունջների խեցիներին և բաց թողեցի բնության մեջ․․․

Նկարում եմ շրջապատումս գտնվող ամեն ինչի վրա՝ քարերի, ծառերի, մեղվի փեթակների, տերևների, հացահատիկների, բրնձի,  իմ վրձնով բնությանը նոր շունչ հաղորդելով։ Արվեստը արտացոլում է կյանքը, և ինչպես կյանքում, այնպես էլ այստեղ, ինձ համար անհանդուրժելի է կեղծ երանգը, կեղծ ապրումը։

- Ինչպե՞ս ծնվեց ՎարդԵր գրական անունը։

-Ազգանունիցս և անունիցս բառքամ անելու միջոցով, և նաև խորհուրդ տվեցին գրական ակումբի ստեղծագործ ընկերներս։

- «Գրե Լույս» գրական ակումբի անդամ ես։ Ի՞նչ տվեց ակումբին անդամակցությունը քեզ։

-Առհասարակ ցանկացած միջավայր, որտեղ հավաքված են բազում կրթված ու խելացի մարդիկ, շատ բան է տալիս մարդուն և հատկապես «Գրե Լույսի» միջոցով ես ծանոթացա իմ նման ստեղծագործող և արվեստի մարդկանց հետ, որոնցից մեծ գիտելիքներ ստացա։ Սկսեցի ավելի շատ գրել և ժամանակ տրամադրել գրքեր ընթերցելուն և խմբի հետ քննարկում ենք ամեն շաբաթ։

-Նկարում ես տարատեսակ առարկաների վրա։ Ինքնաարտահայտման համար ավելի հաճախ գրչի՞, թե՞ վրձնի օգնությանն ես դիմում։

-Միանշանակ վրձնի։

- Սովորում ես Խ. Աբովյանի անվան համալսարանի մաթեմատիկայի բաժնում։ Առաջին հայացքից մաթեմատիկան և արվեստը իրար մոտ չեն…

-Կյանքում ամեն ինչ կարելի է կապել մաթեմատիկայի հետ, ինչպես նաև արվեստը։ Հատկապես երկրաչափություն առարկան։ Մարդն էլ արվեստի գլուխգործոց է։ Մաթեմատիկայի և արվեստի կապը ակնառու են հայտնի նկարիչների արվեստներում, հատկանշական է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» (1487 թվական), որը հաճախ կիրառվում է որպես մարդկային մարմնի սիմետրիայի պատկերում։

-Որպես ուսուցչուհի դասավանդում ես մաթեմատիկա։ Ինչպե՞ս ես աշակերտների մեջ սեր արթնացնում դեպի այդ առարկան։

-Եթե սեր կա, ամեն ինչ կստացվի, այսպես է իր կարծիքը բանաձևել Մաքսիմ Գորկին․ «Հարկավոր է սիրել այն, ինչ անում ես, և այդ ժամանակ աշխատանքը, նույնիսկ ամենակոպիտը կբարձրանա ստեղծագործության աստիճանի»։

Առաջին հերթին պետք է սիրով դասավանդել: Զգայական մակարդակի վրա այդ սերը կարող է երեխաներին, լավ իմաստով, ստիպել ներգրավվել դրա մեջ: Դպրոցականների դեպքում հարկավոր է խաղեր կազմակերպել, որոնք ավելի մատչելի և առարկայական կդարձնեն մաթեմատիկան: «Մաթեմատիկան, բացի գիտությունից, նաև մտածողություն է: Դասավանդելու ընթացքում պետք է փորձել ոչ միայն զարգացնել աշակերտների ակադեմիական գիտելիքներն այդ ուղղությամբ, այլև մտածելակերպ ձևավորել՝ տրամաբանություն, վերլուծություն, քննադատություն: Աշակերտների մեջ զարգացնելով մաթեմատիկական մտածելակերպը՝  նրանց հնարավորություն ես տալիս ողջ կյանքի ընթացքում կշռադատված, վերլուծական միտք ունենալ»,- ինչպես նկատում է մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Մխեյնը։

-Խոսենք ապագայի հեռանկարներից։ Երազիկ, գրում ես գիրք։ Ինչի՞ մասին է այն։

-Այս պահին գրում եմ գիրք արվեստի և կյանքի մասին։

-Արտասահմանում սովորելու ցանկություն ունես նաև…

-Մաթեմատիկական գիտելիքներս ավելի զարգացնելու նպատակով որոշել եմ ուսումս շարունակել արտերկրում։ Կարծում եմ ամենակարևորը ճիշտ նպատակներ ունենալն է և դրանց իրականացմանը ձգտելու և հասնելու ամենաճիշտ ճանապարհի ընտրությունը։