Էրիկ Ալեքսանյան (Տավուշ)ի բոլոր հրապարակումները

erik alexanyan

Բաղանիսն ու իր հոգսերը

Բաղանիսի խնդիրներից է երթուղային տրանսպորտի բացակայությունը: Բաղանիսցիները հիմնականում իրենց պետքական առաջին ապրանքները գնում են գյուղից, սակայն կան ապրանքներ, որոնք Բաղանիսի խանութներում չես գտնի: Այդ իսկ պատճառով նրանք գնում են Նոյեմբերյան: Օրինակ՝ նրանք կանգնում են ճանապարհի մոտ, պատահական կանգնեցնում մեքենա և գնում: Սակայն նույնը չեն կարող անել կանայք, որոնց ամուսինները արտագնա աշխատանքի են գնում Ռուսաստանի Դաշնություն, որ մի քանի կոպեկ փող աշխատեն և բերեն տուն:

Երկու-երեք տարի առաջ Բաղանիսի գյուղապետ ընտրվեց Նարեկ Սահակյանը, որը, ի դեպ, ՀՀ ամենաերիտասարդ գյուղապետն է: Այս մի քանի տարվա ընթացքում նա որոշակի բարեփոխումներ կատարեց գյուղում, և գրեթե բոլոր բաղանիսցիները, մեծ, թե փոքր, գոհ էին նրա կատարած բարեփոխումներից: Օրինակ՝ նա լուծեց աղբահանության խնդիրը, կառուցեց Բաղանիսի խմելու ջրի նոր ցանցը, նրա միջամտությամբ կառուցվեց Բաղանիսի բուժկետը: Մեր գյուղապետի միջոցով Բաղանիս էին մտնում բազմաթիվ ծրագրեր:

Սակայն նա նոր էր սկսել ծավալել իր գործունեությունը Բաղանիսում, երբ որոշվեց միացնել գյուղերը: Դա սահմանափակում էր գյուղապետի հնարավորությունները: Ճիշտ է, գյուղը և մյուս գյուղերը դեմ էին խոշորացմանը, սակայն դա տեղի ունեցավ: Ես հուսով եմ, որ Նարեկ Սահակյանը կլուծեր նաև երթուղային ցանցի խնդիրը, սակայն խոշորացումից հետո դա քիչ հավանական է:

Ես այս դեպքում էլ հուսով եմ, որ երիտասարդ գյուղապետը կանի ամեն ինչ, որպեսզի ինչքան հնարավոր է, խնդիրներ քիչ լինեն:

erik alexanyan

Կրակոցներ

Ամառվա այս ամիսները հիմնականում խոտհունձով, ցորեն ու գարի հավաքելով են անցնում: Մի քանի օր առաջ մեր հարևան գյուղում՝ Կոթիում, սովորականի նման կոմբայնները (դրանք ցորենը հնձելու համար նախատեսված մեքենաներն են) մտել էին արտ, որպեսզի հնձեն այն: Դրանց մտնելուն պես հակառակորդը կրակ էր բացել: Իսկ այդ արտը գտնվում է անմիջապես հակառակորդի հենակետերի դիմաց: Այդ պահին կոմբայնները դուրս են եկել արտից և գնացել են ավելի ապահով վայր: Հայկական կողմը հակառակորդին զսպելու նպատակով պատասխան կրակ է բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը ստիպված էր դադարեցնել կրակը: Իսկ կոթեցիները շտապ հավաքել են բերքը և հեռացել: Այս դեպքը առաջինը չէ, նախորդ տարիներին ևս թշնամին փորձել է թույլ չտալ խաղաղ բնակչությանը հնձել խոտը և ցորենը, սակայն հայկական կողմը միշտ էլ պատասխան տվել է: Թշնամին փորձում է զենքի միջոցով թույլ չտալ սահմանապահ գյուղերի բնակչությանը զբաղվել հողագործությամբ, որը գյուղացիների ապրուստի հիմնական միջոցներից մեկն է: Հայկական կողմը, հասկանալով թշնամու մտադրությունը, ամեն կերպ թույլ չի տալիս դա:

erik alexanyan

ՆԶՊ և 17.am

Շատերը կմտածեն, թե ինչ կապ կարող են ունենալ Նախնական զինվորական պատրաստությունը և 17.am-ը: Ես իմ նյութերի մեծ մասը գրում եմ ՆԶՊ-ի ժամին, և սա էլ բացառություն չէ: Դե, հիմա դասասենյակը ցուրտ է, և ես դժվարանում եմ: Մի կողմից ցուրտը, մյուս կողմից՝ ընկերներիս ձայները խոչընդոտում են գրելուս: Սակայն ես հաղթահարում եմ խոչընդոտները, ու շարունակում գրել: Որոշ ժամանակ հետո ընկերներիցս մեկը բերեց էլեկտրական սալիկը, և դասարանը սկսեց տաքանալ: Առաջին խոչընդոտը հաղթահարված էր, մնում էր հաղթահարել ընկերներիս ձայները: Ընկերներիս ձայները կտրվեցին, երբ ուսուցիչը դասարան բերեց ավտոմատը: Բոլորը լռեցին և սկսեցին դաս պատասխանել: Ես շարունակեցի գրելս: Մի քիչ հետո ուսուցիչը ինձ կանչեց դաս պատասխանելու: Ես փորձեցի հրաժարվել և ասացի նրան.

-Ընկեր Բայրամյան, հավատացեք, սա ավելի կարևոր է:

Որոշ ժամանակ ուսուցչիս հետ բանավիճելուց հետո, վերջապես կարողացա համոզել նրան: Ուսուցչին համոզելուց, դասարանը տաքացնելուց և ընկերներիս ձայները հաղթահարելուց հետո սկսեցի ավելի եռանդուն գրել: Երբ արդեն ոչ մի խոչընդոտ չէր կարող խանգարել, հնչեց չարաբաստիկ զանգը:

erik alexanyan

Կառուցվող երջանկություն

 

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Մի քանի օր առաջ սկսվեց Բաղանիսում հազվադեպ կառուցվող տներից մեկի շինարարությունը:Հազվադեպ, որովհետև մնացած մարդիկ ցանկանում են հեռանալ գյուղից, քան թե սահմանի բերանին տուն կառուցել: Տուն կառուցողը իմ հորեղբայրն է: Տան կառուցման համար իրենց օգնությունն են առաջարկել շատ գյուղացիներ: Տան շինարարությանը մենք սպասել ենք չորս տարի: Եվ վերջապես եկել է այդ պահը: Հորեղբայրս ցանկանում է մինչև Նոր տարի վերջացնել առաջին հարկի շինարարությունը: Սակայն դա կախված է եղանակից և սահմանային իրադրությունից:

Ես և եղբայրս մասնակցում ենք տան շինարարությանը: Մեր ընկերները նույնպես առաջարկում են իրենց օգնությունը: Մի խոսքով, Բաղանիսում կառուցվող յուրաքանչյուր տանը սպասում են բոլոր բնակիչները: Այն գումարը, որով հորեղբայրս կառուցում է տունը, վաստակել է անասնապահությամբ, իսկ անասունները պահել է սահմանամերձ արոտավայրերում:

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը` Էրիկ Ալեքսանյանի

Մի խոսքով, սահմանամերձ գյուղում ամեն պահը շատ վտանգավոր է. դա լինի անասուն պահել, խոտ հնձել, տուն կառուցել, թե ուղղակի խաղալ դրսում:

Բայց այսօր բոլորս ենք ուրախ. Բաղանիսում նոր տան շինարարություն է սկսվել:

Սևան մեդիա ճամբար. Թիավարություն սպորտաձևը Սևանում

Հարցազրույց Ավետիք Մալխասյանի հետ, ով Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի գլխավոր մարզիչն է:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

-Պարոն Մալխասյան քանի՞ տարի է, ինչ այս ակումբը գործում է:

-Այս ակումբը գործում է արդեն քսանութ տարի: Այս սպորտաձևերով մեր դպրոցում մարզվում են այս պահին հիսուն երեխա:

-Ուրիշ երկրներում մրցումների մասնակցե՞լ եք և ի՞նչ հաջողությունների եք հասել:

-Տարբեր երկրներում մասնակցել ենք տարբեր մրցաշարերի: Մեդալներ չենք ունեցել, բայց ունեցել ենք աշխարհի տասնմեկերորդ, տասներկուերորդ և տասնյոթերորդ տեղ նվաճած մարզիկներ:

-Իսկ ապահովվա՞ծ եք անհրաժեշտ պարագաներով:

-Շենք ունենք վարձակալական հիմունքներով, որը կարելի է ասել, նվեր են տվել, միայն տարածքի պետական տուրքերն ենք մուծում, իսկ մնացած պարագաները պատրաստում ենք մեր ձեռքով:

-Իսկ մոտակա ժամանակներս մրցումներ ունե՞ք:

-Մենք հիմա պատրաստվում ենք պատանիների օլիմպիական խաղերին:

-Իսկ որտե՞ղ է այն կայանալու:

-Բրազիլիայում:

-Իսկ այդ խաղերին քանի՞ մարզիկով եք ներկայանալու:

-Լավագույն դեպքում, մեկ կամ երկու:

-Իսկ ակնկալիքներ ունե՞ք այդ մրցաշարից: 

-Իհակե ունենք, մենք միայն մեդալի համար ենք գնում:

-Իսկ ո՞վ է հոգալու ծախսերը:

-Ճանապարհածախսը ֆեդերացիան է հոգալու:

-Նավակները ինչպե՞ս եք ձեռք բերում:

-Հիմնականում ֆիրմաներից ենք վերցնում` վարձակալական հիմունքներով:

-Իսկ թա՞նկ են այդ նավակները:

-Այս մարզաձևին վերաբերվող յուրաքանչյուր գույք շատ թանկ է:

-Մարզումները շաբաթական քանի՞ օր է:

-Բացի երկուշաբթի օրերից, բոլոր օրերը մարզումներ ենք ունենում:

-Իսկ որտե՞ղ եք անցկացնում ձեր մարզումները:

-Հիմնականում Հրազդան գետի վրա:

-Իսկ գետը հատո՞ւկ է ընտրված:

-Մեր մարզումների համար սա հրաշալի վայր է:

-Փոքրերի խումբ ունե՞ք:

-Այո, ունենք մինչև տասնչորս տարեկանների խումբ:

-Այս մարզաձևի համար կարևոր դեր ունի ֆիթնես ակումբը,որտեղ պետք է մարզվեն թիավարողները: 

-Ցավոք, մենք ֆիթնես ակումբ չունենք: Ձմռանը, երբ գետը սառում է, մենք մարզվում ենք սպորտդպրոցում հատուկ մարզասարքերի վրա:

-Աղջիկ աշակերտներ ունե՞ք:

-Վերջին երկու տարիներին` ոչ:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի

-Իսկ դիմողներ կա՞ն:

-Կան, բայց ծնողները թույլ չեն տալիս:

-Դուք թոռնիկ ունե՞ք, ով ցանկանում է զբաղվել այս սպորտաձևով:

-Ունեմ, բայց փոքր է դեռ: Հենց մեծանա, անպայման կբերեմ այստեղ:

-Մարզվող երեխաների ֆիզիկական վիճակը ինչպիսի՞ն է:

-Ի տարբերություն պայմանների, շատ լավ է:

-Այս մարզաձևով սահմանափակ կարիքներով երեխաներ կարո՞ղ են զբաղվել, և արդյո՞ք ձեր մարզադպրոցն ունի այդ հնարավորությունները: 

-Այո, մենք ունենք սահմանափակ կարողություններով երեխաների մարզվելու պայմաններ և երկու երեխա հաճախում են մեր մարզադպրոց:

-Իսկ նրանք տիտղոսներ նվաճե՞լ են:

-Մեկը ստացել է այս մարզաձևի միջազգային վարպետի կոչում:

Սևան մեդիա ճամբար. Մեծ փռի փառատոն

Հարցազրույց փառատոնի մասնակից Մուշեղ Ավանբուլաթյանի հետ, ով ծնված օրվանից ապրում է Սարուխան գյուղում:

-Դուք քանի՞ տարի է, ինչ փուռ եք դնում:

-Ես 62 տարեկան եմ, իմալ ծնվել եմ, էս եմ տեսե, շատ վաղուց էլ փուռ եմ դրել:

-Ինչպես ե՞ք վերաբերվում փառատոնին, սիրո՞ւմ եք փառատոնը:

-Բա իհարկե, ո՞նց չեմ սիրում: Իմ երեխեքի, թոռների, հարսների, հարևանների հետ եկել, նշում ենք:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

-Այս փառատոնը միայն ձեր գյուղո՞ւմ է տեղի ունենում:

-Ոչ: Ամեն տարի տարբեր գյուղերում է տեղի ունենում, ես արդեն 40 տարի էր, ինչ Ռուսաստանում էի, այնտեղ փուռ էի դնում, էլի հավաքվում էինք հարսներիս, թոռներիս, երեխեքիս հետ:
-Իսկ այստարածքը հատուկ ա՞յս միջոցառման համար է ընտրված:
-Այո, կարտոֆիլի ցանքատարածությունները գտնվում են այստեղ, դրա համար այստեղ ավելի հեշտ է միջոցառում անցկացնելը:

-Կպատմե՞ք «Կուլալի» կռվի մասին, Դուք դրան մասնակցե՞լ եք:

-Այո, գալիս էին, իրար տփում էինք, քարերով իրար խփում ու տուն էինք փախչում:

-Հիմա էլ ե՞ք կռվո՞ւմ:

-Ո՛չ, հիմա վերաբերմունքը փոխվել է միմյանց նկատմամբ, սկսել ենք հարգել իրար:

-Ի՞նչ եք կարծում, Ձեր ժառանգները շարունակելո՞ւ են Ձեր գործը:

-Թոռներիս հմիկվանից բերել եմ այստեղ, որ ծանոթանան ավանդույթներին և ապագայում շարունակեն ու պահպանեն մեր ավանդույթները:

-Իսկ այս ավանդույթը հաջորդ տարիներին կլինե՞ն:

-Հուսով եմ կլինեն, ավելի լավ կազմակերպված և ավելի ճոխ

erik aleksanyan

Աղվեսի պոչը

Կիրակի օր էր: Պետք է գնայինք սար` խոզերը բերելու: Թարսի պես էլ Դավիթը «Մանանայի» խմբի հետ էր` Կոթի կինո նկարելու: Եվ օգնություն էր պետք: Զանգեցի ընկերոջս` Արմանին:

-Ալո՛, Արման, բարև:

-Բարև:

-Ի՞նչ կա:

-Բան չկա, դու ասա:

-Կարո՞ղ ա գաս սարը:

-Ի՞նչ ա էլել, որ:

-Գընմ ենք խոզերը բերենք:

-Կացի ` էսա մերոնց հարցնեմ:

-Հը՞ն, թողեցի՞ն:

-Հա:

-Դե արի ՛ խաչմերուկը:

-Լա՛վ:

Գնացինք խաչմերուկ, Արմանին վերցրինք և գնացինք սար: Մեկուկես ժամից արդեն սարում էինք: Հենց մեքենայից իջանք, տեսանք մի աղվես, որը սատկած և ընկած էր գետնին:

-Էս ե՞րբ ես խփել, բիձո:

-Քշերը:

-Կարա՞մ` պոչը կտրեմ տանեմ:

-Հա, խի՞ չէս կարա:

Արմանի օգնությամբ պոչ կտրեցինք և դրեցինք մեքենայի մեջ: Փայտը բարձեցինք և խոզերը դրեցինք մեքենայի մեջ: Մի ժամ հանգստացանք և վերադարձանք: Խոզերը պետք է իջեցնեինք Դավիթենց դռանը: Խոզերը իջեցրինք, և Դավիթին ցույց տվեցի պոչը: Նա ուզեց, բայց նրան չտվի:

Թող հետս գար խոզերի հետևից:

erik aleksanyan

Բաղանիսի բարբառը

Բաղանիսյան բարբառը շատ բազմազան է: Բաղանիսի բարբառում կան այնպիսի բառեր, որոնք թվում են արտասովոր, սակայն բոլորը օգտագործում են դրանք: Եվ հպարտ են դրա համար: 

Բարբառին վերաբերվող այս նյութը  գրել եմ իմ ընկեր Արմանի հորդորով: Որոշ բառեր ինքն է  ինձ ասել: Բաղանիսի բարբառը շատ նման է Լոռվա բարբառին, որով գրել է մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գրում եմ մեր հավաքած մի քանի բառ իրենց թարգմանություններով:

Կուշտը – մոտ

Թմաշ անել – նայել

Դուզ – ուղիղ

Ծմակ – անտառ

Ծալապակաս – խելապակաս

Ըժու – հետո

Րենիք – այնտեղ

Կոխտա – գեղեցիկ

Կարկաժ – գլուխ

Ղռչի – ժլատ

Թինգը տալ – պառկել

Մատղաշ – երիտասարդ

erik aleksanyan

Ինչու ես թողեցի մարզումները

Իմ սիրած սպորտաձևերից մեկը եղել է թեքվանդոն: Ճիշտ է, ես դա այնքան էլ շատ չեմ սիրում, ինչքան ֆուտբոլը:

Քանի որ գյուղում չկար ֆուտբոլի ակումբ, ես որոշեցի զբաղվել թեքվանդոյով: 2 տարի հաճախելու հետո այդպես էլ ոչ մի լուրջ հաջողության չհասա, բայց բարելավեցի իմ ֆիզիկական տվյալները: Ես մասնակցեցի քննություններին և ստացա դեղին գոտի:

Սակայն ես դրա համար չէ, որ գրում եմ: Մի պարապմունքի ժամանակ, երբ իմ տրամադրությունը բարձր էր, ես սկսեցի երգել իմ ընկերոջ՝ Արմանի հետ: Մենք գտնվում էինք վերջին շարքում: Արմանը շատ ցածր էր երգում, իսկ ես գնալով ձայնս բարձրացնում էի: Ես երգում էի «Քամի զանա» երգը: Եվ սկսեցին բոլոր մարզիկները ինձ նայել, այդ թվում նաև մարզիչս: Արմանը լռեց, բայց ես դեռ երգում էի: Մարզիչս մոտեցավ ինձ թեթև հրեց և ասաց, որ հեռանամ ակումբից:

Մի քանի ամիս հետո ես նորից եկա պարապմունքի: Սակայն ինձ հետ երգող Արմանը և մի քանի երեխաներ արդեն էլ չէին հաճախում: Դրա պատճառը անհարմար սենյակն էր, որը նախկինում լինելով մանկապարտեզի շենք, հարմարեցված չէ մարզումների համար:

Եվ ես էլ դուրս եկա ակումբից, սակայն այս անգամ իմ կամքով: Իմ դուրս գալուց հետո ակումբը տեղափոխվեց հարևան գյուղ, որտեղ ավելի հարմար պայմաններ կան: Բայց Բաղանիսից հասնել հարևան գյուղ, այնքան էլ հարմար չէ:

Դե այսպես, հիմա ոչ ֆոտբոլային ակումբ կա, ոչ թեքվանդոյի:

erik alexsanyan tavush

Այստեղ ուրիշ է ամեն ինչ

Բաղանիսում ուսուցիչների պակասը լուրջ է: Դա պայմանավորված է նրանով, որ գյուղը գտնվում է սահմանամերձ գոտում: Բաղանիսի դպրոցում սովորում է 99 աշակերտ, և դա այնքան էլ շատ չէ, սակայն ուսուցիչների պակասը ավելի շատ է: Դուք երբևիցե լսե՞լ եք, որ ֆիզիկայի ուսուցիչը դասավանդի հանրահաշիվ և  երկրաչափություն, կամ աշխարհագրության ուսուցիչը դասավանդի հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն և աշխատանքի ուսուցում:

Թեև նրանք լավ են դասավանդում, սակայն երբեմն որոշ չափով դժվարանում են: Դասացուցակում առաջանում են խնդիրներ: Օրինակ՝ երկու դասարան հայտնվում են նույն դասարանում նույն ուսուցչի մոտ: Արդյունքում տուժում են աշակերտները: Ուսուցիչներն էլ այս լարվածությունից հոգնում են:

Մի խոսքով, Բաղանիսը ամեն ինչով ուրիշ է: