Գոռ Բաբլոյանի բոլոր հրապարակումները

arxiv

Ծառը

Դասերս վերջացնելուց հետո իջա բակ: Կանչեցի ընկերներիս: Կանգնել էինք, չգիտեինք՝ ինչով խաղանք:

-Վարդան, գնդակ բեր:

-Գնդակ չունեմ, թող Խչոն բերի:

-Իմ գնդակը էն օրը չծակվե՞ց:

-Գևորգ, դու գնա:

-Ես որ գնամ՝ էլ հետ չեմ գա:

-Դե, լավ, կորիզ ցանենք, գոնե մի ծառ կաճի:

Գևորգը երկու կորիզ տվեց: Երկուսն էլ տնկեցինք:

-Ամառը մեծ ծառ կդառնա,- ասաց Գևորգը:

-Հա, լավ կլինի,- ասաց Վարդանը,- վրան տանձ կլինի, ես էլ մի րոպեում կուտեմ:

-Չէ որ էդպես է, տանձի ծառ չի լինի, այլ դամբուլի,- ասաց Խաչիկը,- դամբուլ ոչ մեկդ չեք սիրում, մենակ ես կուտեմ:

-Լավ,- ասաց Գևորգը,- կմեծանա, ինչ-որ բանի ծառ կդառնա: Լավ կլիներ՝ ամեն մի ճյուղի վրա մի միրգ աճեր. տանձ, խնձոր, դեղձ, թեկուզ՝ դամբուլ:

Մինչև գիշեր ջրեցինք ու ջրեցինք: Սպասում էինք, թե երբ է դուրս գալու:

Բայց ժամը տասին մեր ծնողները մեզ տուն կանչեցին: Այդպես էլ չիմացանք, թե ինչի ծառ դուրս եկավ:

Գոռ Բաբլոյան, 10տ., 2001թ.

arxiv

Բակում

Այսօր արթնացա լացի ձայնից: Քնաթաթախ մոտեցա պատուհանին: Բոլորը շրջապատել էին Ռոզա տատիկին:

-Ի՞նչ է պատահել,- հարցրեցի:

-Սևոն Սարգսին կծել է:

-Չի կարող պատահել: Ես ամեն անգամ կողքով անցնում էի, նա իսկի իմ երեսին չէր նայում:

Ռոզա տատիկի և Սարգսի շուրջը հավաքվել էր մի մեծ բազմություն: Մեկը սրտի կաթիլներ էր բերում, մեկը` ջուր, իսկ մեկ ուրիշը` վիրակապ:

-Իրենք բան չունեն ուտելու, շուն են պահում: Սոված շներն էլ կատաղում ու մարդկանց վրա են հարձակվում,- ասում էր մի պառավ տատիկը

-Հարկավոր է բողոքել,- միջամտեց մեկ ուրիշը:

-Է՜,- հոգոց էր հանում մի պապիկ,- իրենք` շուն, իրենց պահածը` շուն:

Շուտով մի այնպիսի աղմուկ բարձրացավ, որ ոչ մի բան չէր հասկացվում: Այդ ամբոխի մեջ երևում էր Սարգսի վախվորած դեմքը, որը մեկ նայում էր իր վերքին, մեկ` իր շուրջը խմբված մարդկանց: Նրանք արդեն ուրիշ բաների մասին էին բորբոքված խոսում` է՛լ քաղաքականությունից,  է՛լ գների բարձրացումից, գործազրկությունից, մի խոսքով, ում սրտում ինչ կար` ասում էր: Սարգսի վրա էլ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:

Այսօր բամբասող կանայք խոսելու բան կունենան:

Գոռ Բաբլոյան, 11 տ, 2002թ.