Անուշ Առաքելյանի բոլոր հրապարակումները

susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

ANusharakelyan Պատմություն այն մասին, թե ինչու անհետացավ Արգոն, ինչպես լինում էր ամեն տարի, ու ինչպիսի մեկնաբանություններ էին անում հարևանները՝ առանց ճշգրիտ տեղեկություններ իմանալու: Թերևս շատերի համար ծանոթ պատմություն է. լինում է, չէ՞, երբ չգիտես իրականում ինչ է տեղի ունեցել, բայց այնքան «հավաստի» փաստեր են ի հայտ գալիս, որ ակամայից խճճվում ես: Կյանք է, պատահում է և կպատահի, ոչ ոք ոչնչից չի կարող խուսափել:

«Ոստիկանները դիակը դեռ չէին հայտնաբերել ու շենքի ժողովրդին էին խոսեցնում հետքի վրա ընկնելու համար»: Իհարկե, առաջին հերթին մտածում են վատի մասին. մարդը երկրորդ կիրակին արդեն ներառյալ անհետացել է: Դե, ինչքան էլ հարևանի փոքրիկ տղան ասում էր, թե գնացել է երեքհարկանի տունը վերանորոգելու, ո՞վ պիտի հավատար, բնականաբար, ոչ ոք: Ինչպես՞ կարող էր նրա նման անձնավորությունը այդպիսի տուն ունենալ: Բայց ո՞վ գիտի, միգուցե իսկապես ունի, միգուցե չունի…

Հիմա հասկանանք, թե ով է Արգոն, ի դեպ, լրիվ անունը Արգամ է: Ապրում էր մենակ, օգնում էր բոլորին, կրթություն չէր ստացել, բայց ուներ որոշակի գիտելիքներ, լավ էր հասկանում կենցաղային հարցերից, մեկ-մեկ էլ փիլիսոփայում էր: Մի խոսքով, Արգոն այն մարդկանցից էր, որը ոչ մեկին չէր խանգարում, ոչինչ չէր պահանջում, բայց որի կյանքը չափազանց մեծ հետաքրքրություն էր առաջացնում շատերի մոտ:

Փորձառու ոստիականը, որը պետությունից բազում պարգևներ ունի ստացած, չէր կարողանում գտնել «էդ քնձռոտ Արգոյին»: Չէ՞ որ նա երեք օրում էր կարևոր բացահայտումներ անում, իսկ հիմա չի կարողանում գտնել նրան: Ու սկսում է անել ենթադրություններ՝ հիվանդ է, մարդասպան կամ էլ այլասերվածի մեկը: Իսկ կանանց միակ հոգսը չորացած հացն էր, ափսոս է, չփչանա հանկարծ: Ոստիկանի հարցերին նրանք պատասխանում էին, թե ուրիշ տղամարդ է, ինչ իմանան, թե ուր է գնում-գալիս: Ամեն ինչ գիտեն Արգոյի մասին, բացի այն փաստից, թե ու՞ր էր ամեն տարի անհետանում:

Մի քանի օր անց Արգոն վերջապես հայտնվում է: Ոչինչ չէր փոխվել, մնացել էր նույնը, թեկուզ երևում էր, որ այս անգամ ավելի շատ էր հոգնել: Ոստիկանի ու մնացածի հարցերին պատասխանում էր, թե գնացել էր իր տունը կարգի գցելու: Բայց ո՛չ լսում էին, ո՛չ էլ հավատում: Այս պարագայում, չգիտես էլ, թե ում կողքին կանգնես: Մի բան է ակնհայտ. ամեն մեկն ունի իրավունք տնօրինելու իր կյանքն այնպես, ինչպես ցանկանում է՝ չխանգարելով ու չվնասելով ոչ ոքի: Բնական երևույթ է նաև այն, որ ոմանք հետաքրքրությունից, ոմանք անհանգստությունից դրդված փորձում են խառնվել ու ինչ-որ չափով օգուտ տալ, սա էլ բնական երևույթ է, բայց ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Այսպիսով, ունենք պատմություն մի հերոսի ու նրա շուրջը պտտվող իրադարձությունների մասին: Այս անգամ ավելի շատ ժամանակով անհետացած, ավելի շատ բոլորին իրար խառնած մի պատմություն: Հայտնվեց Արգոն, կենցաղային հարցերը լուծվեցին, ամեն մեկը գնաց իր գործին: Սա, իմ կարծիքով, պատմության մի մասն է միայն:

Արգոն երբեմն փիլիսոփայում էր: Այն հարցին, թե մի քիչ էլ ապրիր, այդքան մի չարչարվիր, նա պատասխանում էր՝ «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում ա կյանքի հետ»: Հայը այդպիսինն է: Ամբողջ կյանքի ընթացքում չարչարվում է, տառապում, գործած ու չգործած մեղքերի համար պատասխան տալիս: Նույնիսկ շատ ժամանակ իրեն հարց էլ չի տալիս, թե ինչու՞ է այդպես: Լինում է նաև, երբ ընդվզում է, դեմ գնում ճակատագրին, բայց շարունակում կատարել իր առջև դրված պարտականությունները, պահանջները, ու նորից մոռանում սեփական իրավունքների մասին: Հերթը կհասնի՞ արդյոք ապրելուն, դրա համար մտածելու ժամանակ չկա: Գործած ու չգործած մեղքերը քավելու համար էլ ժամանակ է լինելու, բայց ո՞վ է ուշադրություն դարձնում դրան. շատ քչերը: Տառապել ու չարչարվել՝ մոռանալով ապրելու մասին. այս է իրականությունը:

Սրան զուգահեռ ունենք նաև Արգոյի հետևյալ միտքը. «Բայց ո՞նց կլինի,- չէր հասկանում Արգոն,- ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնարա ա առանց վերադարձի… Լավ ա էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ: Թե չէ` ո՞նց կլինի… Բա մարդ կապրի՞ առանց վերադարձի հույսի…»:  Երբ ասում էին, թե վաճառիր տունդ, նա այդպես էր պատասխանում: Արգոն ամեն տարի անհետանում էր ու հայտնվում, նա միշտ վստահ էր, որ վերադառնալու տեղ ունի, այդ հույսը երբեք չէր լքում նրան: Եթե վերադառնալու այդ հույսը չլիներ, միգուցե նա ընդմիշտ անհետանար: Ո՞վ գիտի, ոչ ոք:

Հույսը այդպիսինն է: Ուղղակի չենք կարող ապրել առանց դրա: Բնավ էլ նշանակություն չունի, թե վերադառնալու, ապրելու, արարելու, առաջ գնալու հույս ենք փայփայում: Կարևորը այն կա, այն միշտ պիտի մեզ հետ լինի, մինչև վերջին վայրկյանը: Արգոն էլ միշտ հույսը սրտում էր ապրում, վերադառնալու ու կիսատ գործը շարունակելու հույսով:

Պատմվածքում ներկայացված են մի շարք երևույթներ՝ մարդկանց կենցաղը, նրանց ներաշխարհն ու հոգեկան ապրումները, կյանքի մասին ամեն մեկի դատողությունները, տարբեր իրավիճակներից դուրս գալու ու ենթադրություններ անելու նմանություններն ու տարբերությունները:

Պատմությունն սկսվում է Արգոյի անհետացման լուրից, վերջանում Արգոյի միշտ վերադառնալու հույսով: Ըստ այդմ, այդպես էլ հստակ չիմացանք անհետանալու բուն պատճառը: Բոլորն էլ գիտեն, որ ամեն տարի նա միշտ անհետանում է, միաժամանակ չգիտեն, թե այս անգամ ինչպես կավարտվի պատմությունը: Միայն մեկ մարդ գիտի, և դա Արգոն է:

Պատմությունը գրված է այնպիսի ոճով ու լեզվով, որ այն ավելի պատկերավոր է դարձնում: Կարդալու ընթացքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե դու ինքն ներկա ես եղել, զրուցել ես բոլորի հետ, մի տեղ նաև անհանգստացել ես, թե երկրորդ կիրակին ներառյալ ու՞ր կորավ մեր պատմության հերոսը, ինչպե՞ս օգնել բազմափորձ ոստիկանին գտնել նրան…

Ցանկացած պատմության հիմքում միշտ ՄԱՐԴՆ է: Հարուստ, աղքատ, կիրթ, անկիրթ, դաստիարակված, անդաստիարակ, բարի, չար, բարձրահասակ, ցածրահասակ. սրանք երկրորդական նշանակություն ունեն: Ինձ համար ամենագլխավորը, թե տարբեր պարագաներում նրանք ինչպե՞ս են իրենց դրսևորում, ի՞նչ լուծումներ ու հնարներ են գտնում: Փորձում եմ նաև ինձ պատկերացնել նրանց փոխարեն, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այդ իրավիճակում հայտնվեի: Միգուցե լավը դառնա վատ, վատը` լավ, կամ էլ մնան նույնը: Ամեն դեպքում, հետաքրքրական է իրադարձություններին հետևելը և հետևություններ անելը: Իսկ այս պարագայում մինչև վերջ լարվածությունը կար, թե այս անգամ ի՞նչ կլինի. արդեն իմացանք: Նա, ով գնում է, միշտ էլ վերադառնում է, եթե հույսը միշտ կողքին պահած ունի:

Այսպիսով, մի փոքրիկ պատմության մեջ կարող ես գտնել քեզ հուզող բազում հարցերի պատասխաններ, բացահայտել նոր իրավիճակներ, տողատակերի տակ գտնել թաքնված խորհուրդ ու պատգամ, յուրաքանչյուրի արածի ու ասածի մասին նայել այլ տեսանկյունից, չլինել միայն քննադատող ու ամեն ինչին հակադրվող: Այս ամենից ձևավորվում է տեսակետ, որը օգնում է հետևություններ ու համեմատություններ անել ուրիշ ստեղծագործություններ ընթերցելիս: