Զառա Թորոսյանի բոլոր հրապարակումները

Հայ Բելգիական “Exploring the world through the lens of camera” ծրագիր. օր իններորդ

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Առավոտյան սկսեցինք մեր թիմային աշխատանքները: Բաժանվեցինք 4 խմբի, և ամեն խումբ պետք է անի հարցազրույցներ, ֆոտո և վիդեո ռեպորտաժներ: Յուրաքանչյուր խումբ ինքն է որոշում, թե ինչ թեմայի շուրջ է աշխատելու: Առավոտյան քննարկում էինք, թե թիմում ով ինչ է անելու, պատրաստում էինք հարցազրույցների հարցերը և այլ նախապատրաստական աշխատանքներ: Թեև բոլորս ներսում էինք, սակայն աղմուկ չկար, քանի որ բոլորը խորասուզված էին իրենց աշխատանքի մեջ. մեկը գրում էր, մյուսը մոնտաժում էր, երրորդը հարցազրույցն էր խմբագրում, մի քանիսն էլ պատրաստում էին ծրագրի օրագիրը 17-ի համար:

Ընդմիջումից հետո Լիոն բերեց և սեղանների վրա շարեց թղթեր, որոնց վրա տարբեր թեմաներ էին գրված, և մենք պետք է գրեինք, թե ինչն է մեզ դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ ընտրած թեմայից: 15 րոպեն, որը մեզ հատկացրել էին այդ ամենը կատարելու համար, սկսվեց: Բոլորս կենտրոնացած կանգնած էինք թղթերի առաջ, իսկ Ռեդուանը ամեն ինչի վրա գրում էր՝ «Good» և անցնում առաջ, երևի նրան ամեն բան դուր էր գալիս:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

15 րոպեն շատ շուտ անցավ: Եկան Լիոն և Ռոուինը, հավաքեցին թղթերը և սկսեցին բարձրաձայն կարդալ բոլոր պատասխանները, որոնց մեջ կային և հումորով, և լուրջ գրառումներ: Դասընթացի կեսից հիշեցի, որ ես աշխատանքային ֆոտոներ պետք է անեմ, գնացի վերցրի ֆոտոապարատը և սկսեցի նկարել: Նայեցի ծրագրին և հասկացա, որ մեր դուրս գալուն մնացել է շատ քիչ ժամանակ:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Այսօր պետք է այցելեինք Խոր Վիրապ, իսկ երեկոյան՝ Բյուրականի աստղադիտարան:

Վերջապես հասանք Խոր Վիրապ, եկեղեցու մասին մեզ պետք է պատմեր Աննան, սակայն մենք հաճելիորեն զարմացանք, երբ տեսանք, որ իր փոխարեն պատմում է բելգիացի մասնակիցներից մեկը՝ Մորենը: Աննան իրեն ճանապարհին պատմել էր, և նրանք ցանկացան մեզ զարմացնել, և դա նրանց հաջողվեց:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Արարատի ֆոնին խմբակային նկար արեցինք, ցրվեցինք վանքի տարածքով և որոշ ժամանակ անց ուղևորվեցինք Բյուրական: Ականջակալներով պատուհանից դուրս էի նայում, բայց լսեցի ինչ-որ տարօրինակ ձայներ հետևից, պտտվեցի և տեսա, թե ինչպես էր Արմանը Ռեդուանին սովորեցնում հայկական «ռաբիզ» երգեր: Ուրախ միջավայրում հասանք Բյուրական: Արդեն երեկոյան ժամը ինն էր, ժամանակն էր ներս մտնելու: Մեզ սպասում էին աստղագետն ու էքսկուրսավարը, որոնք մեզ պատմեցին Բյուրականի աստղադիտարանի մասին և աստղադիտակով նայեցինք աստղազարդ երկնքին: Այդ օրը պերսիդների աստղաթափի օր էր: Բոլորս չէինք համբերում, թե երբ ենք աստղադիտակով նայելու: Էքսկուրսավարը շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, բոլորս շատ ուշադրությամբ լսում էինք:

-Վա՜յ աստղը, տեսա՞ք,- երջանիկ դեմքով ասաց Աննան

Ամեն բան շատ գեղեցիկ էր, նայում էինք երկնքին և հիանում աստղերի գեղեցկությամբ: Սակայն արդեն ժամանակն էր տուն գնալու: Հոգնած և մի փոքր էլ տխուր, որ ավարտվեց օրը, գնացինք ավտոբուսի մոտ: Ճաապարհին Ռեդուանը արդեն լիարժեք կարողանում էր երգել Արմանի սովորեցրած երգերը:

Զառա Թորոսյան

***

Ներկայացնում ենք մեր մասնակիցներին

Հարցազրույց Մարիամ Պապոյանի հետ 

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Ինչու՞ որոշեցիր մասնակցել այս ծրագրին։

-Ծրագրին որոշել եմ մասնակցել, որովհետև կարևորում եմ միջմշակութային հաղորդակցությունը, ամառս ավելի հետաքրքիր դարձնելը, նոր շփումներ հաստատելը, նոր գիտելիքներ ձեռք բերելը և մշակութային փոխանակումը, որը միշտ դրական ազդեցություն է ունենում ինձ վրա։

-Ինչո՞վ կզբաղվեիր, եթե չմասնակցեիր այս ծրագրին։

-Կքնեի տանը։

-Ի՞նչ ակնկալիքներ ունես ծրագրից։

-Ակնկալում եմ, որ մեր շփումները բելգիացի մասնակիցների հետ կշարունակվեն հետագայում, ձեռք կբերենք նորանոր գիտելիքներ և կիրականացնենք մեր ծրագրերը։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Ի՞նչ տպավորություններ ունես ծրագրից։

-Տպավորություններս միայն դրական են։ Տպավորված եմ նոր շփումներով ու գիտելիքներով, միմյանց մշակույթների ծանոթությամբ։

-Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր եկել բելգիացիների մեջ։

-Ամենաշատը դուր է եկել բելգիացիների խնդիրների վերաբերվելու թեթևությունը։ Կարծում եմ, որ որ հայերին շատ է պետք այդ մտածողությունը, որովհետև մենք սովոր չենք թեթև նայել խնդիրներին։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Ի՞նչ նոր բան սովորեցիր։

-Նոր գիտելիքներ ձեռք բերեցի բելգիացիների կողմից կազմակերպված կոնֆլիկտների դասընթացից, բայց բոլոր նորությունները կընդհանրացնեմ միայն ծրագրի ավարտից հետո։

-Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ազդեցություն կթողնի այս ծրագիրը քեզ վրա։

-Ծրագրի վերջում ձեռք կբերեմ միջմշակութային հաղորդակցման նոր հմտություններ և նոր ընկերներ։ Եվ քանի որ տպավորված եմ բելգիացի մասնակիցների ընկերասիրությամբ, կարծում եմ այն միայն կարող է դրական ազդեցություն թողնել

***

Հարցազրույց Սոնա Զաքարյանի հետsona zakaryan

-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել այս ծրագրին։

-Մի անգամ, երբ ֆեյսբուքիս էջն էի թերթում, տեսա որ «Մանանա» կենտրոնը հայ-բելգիական ծրագրի հայտարությունն է տարածել, ուրախացա, մտածեցի, որ էս ծրագիրը շատ լավ հնարավորություն է ինձ համար, մանավանդ որ նոր էի վերադարձել Միացյալ Նահանգներից։ Մասնակցել եմ մշակույթների փոխանակման, ընկերներ ձեռք բերելու և զարգանալու համար։

-Ինչո՞վ կզբաղվեիր, եթե չմասնակցեիր այս ծրագրին։

-Եթե չմասնակցեի ծրագրին, երևի ամբողջ օրը տանը կլինեի՝ Դարբաս գյուղում, չէի ճանաչի շատ մարդկանց, որոնց հետ արդեն մտերմացել եմ։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրից։

-Որ ընկերներ ձեռք բերեմ, բելգիացիներին կծանոթացնեմ հայկական մշակույթին։ Կարծում եմ, որ ուսուցողական է, երբ ինչ որ երկրի մասին սովորում ես, ու քո երկրի մասին պատմում ես մեծ ոգևորությամբ։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Արդյո՞ք բոլոր ակնկալիքներդ արդարացան։

-Հիմնական ակնկալիքներս արդարացել են, իսկ առաջիկա մի շաբաթվա ընթացքում կհասցնեն արդարանալ մնացածը։

Բավականին լավ տպավորություններ ունեմ, հետաքրքիր է անցնում։ Շատ եմ սիրում երեկոյան ազատ ժամանակ մեր թեյի սեղանները, որոնց շուրջ տարբեր կատակներ ենք անում։

-Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր եկել բելգիական մշակույթի մեջ։

-Բելգիացիները շատ են տարբերվում իրենց սովորույթներով, ու շատ հարցեր կան, որ մի քիչ անսովոր է հայաստանցիներիս համար: Օրինակ, Ռևդուանը Մարոկկոյից է, իսկ Վալերիան՝ Ռուսաստանից։ Մորենի հետ մտերմացել եմ, շատ ջերմ ընկեր է։ Ուզում եմ ասել, որ Բելգիան բազմազգ է, և իրենց համար կապ չունի՝ ինչ ազգից ես, մարդուն այդպես չեն բնորոշում։

-Ի՞նչ նոր բան սովորեցիր։

-Սովորեցի, որ մարդկային հարաբերությունները, ամեն պարագայում, շատ կարևոր են։ Պետք է մարդկանց ընդունել այնպես, ինչպես կան։

-Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ազդեցություն կթողնի այս ծրագիրը քեզ վրա։

-Այս ծրագիրը ինձ տվեց պատասխանատվության զգացում ։

-Արդյո՞ք կպահպանես կապերդ բելգիացի մասնակիցների հետ հետագայում։

-Կարծում եմ, անպայման կպահպանեմ։ Արդեն կոնտակտներով փոխանակվել ենք։

Հարցազրույցները վարեց Վալենտինա Չլինգարյանը

***

Հարցազրույց Վալենտինա Չիլինգարյանի հետ

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Ինչու՞ որոշեցիր մասնակցել ծրագրին:

-Ծրագրին մասնակցեցի, քանի որ ցանկանում էի ձեռք բերել նոր ընկերներ, ուսումնասիրել և ճանաչել բելգիական մշակույթը, զարգացնել անգլերեն հաղորդակցման հմտություններս:

Ակնկալում էի հնարավորինս շատ ճանաչել բելգիացի երիտասարդների մտածելակերպը ` համեմատելու այն հայերի մտածելակերպի հետ, բայց քանի որ ծրագիրը դեռ չի ավարտվել, դեռ շարունակում եմ բացահայտել արդեն ընկերներ դարձած բելգիացիներին: Ծրագրի վերջում վստահ եմ, որ այդ սպասելիքս կարդարանա, որովհետև մենք շատ հեշտ ենք շփման եզրեր գտնում:

-Ի՞նչ կարծիք ունես ծրագրի մասին:

-Կարծում եմ ծրագիրը կազմակերպվեց շատ ճիշտ ժամանակին` հեղափոխությունից հետո, և մեր մասնակիցները առիթ ունեն ծանոթանալ սիրով և հանդուրժողականությամբ լեցուն հայերի հետ:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Արդյո՞ք կշարունակվի շփումը բելգիացի մասնակիցների հետ հետագայում և ինչպե՞ս: 

-Վստահ եմ, որ կշարունակվի: Մենք արդեն կոնտակտային տվյալներով փոխանակվել ենք և տվել ենք արևմտյան՝ «pinky promise», որը նույնպես սովորել եմ բելգիացի ընկերներիցս:

-Ամենից շատ ի՞նչն է դուր եկել այս օրերի ընթացքում: 

-Ամենից շատ երևի դուր է եկել Էլադա տատիկը, ով մեզ հյուրընկալել էր երեք օր Արզականում: Նա շատ պահպանողական և ավանդապաշտ տատիկ է, միևնույն ժամանակ, ուրախ և կատակասեր: Տատիկը ինձ անվանում էր արաբ` գետնին նստելու համար, և ցանկանում էր շտապ ամուսնացնել բոլորիս իր «ազաբ» բարեկամների հետ:

-Արդյոք մասնակցե՞լ ես նմանատիպ ծրագրերի: 

-Սա իմ առաջին փոխանակման ծրագիրն էր:

-Ինչ որ նոր բան սովորե՞լ ես, որը կարող է քեզ հետագայում օգտակար լինել: 

-Բացի մեդիա գիտելիքներից ու կոնֆլիկտաբանությունից, գյուղում ապրած օրերին սովորել եմ ինչպես կարելի է պատրաստել փախլավա, կոճղ, լավաշ, տոլմա, կոմպոտ, խմորեղենի բեզե: Այժմ ես «տուն տանելու աղջիկ» եմ, ինչպես ասում է իմ ընկերներից Օրիենը:

-Ի՞նչն է ամենաշատը տպավորվել բելգիացի մասնակցիների մշակույթից: 

-Նրանց պատրաստած ուտեստը` գազարով ու կարտոֆիլով, որը փորձել եմ բելգիական երեկոյի ժանանակ ու հիմա չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է ուտել դա: Նաև տպավորված եմ բելգիացիների մեջ իրենց հայրենիքի հանդեպ լցված սիրով:

-Ի՞նչ խնդիրներ են առաջացել բելգիացիների հետ շփման ժամանակ: 

-Խնդիրներ չեն առաջացել, որովհետև շատ արագ և հեշտ լեզու եմ գտնում մարդկանց հետ: Օրինակ, առաջին անգամ Յիթցեի հետ մեր ընդհանուր թեման կենսաբանությունն ու բժշկությունն էր, իսկ Վալերիայի հետ կարելի է խոսել կյանքի խորը և փիլիսոփայական թեմաներով: Նրանք իմ երկու կարևոր ձեռքբերումներն են այս ծրագրում:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Կարո՞ղ ես հիշել ամենազվարճալի պատմությունը այս օրերի ընթացքում:

-Երբ Արզականում ապրում էինք հյուրընկալ ընտանիքում, պետք է բելգիացի երկու ընկերներիս ծանոթացնեի հայկական ավանդական մշակույթը: Առաջին օրը` բացօթյա ընթրիքից հետո, երբ պետք է ափսեները հավաքեինք և տանեինք տուն, չկարողացա ձախ կոշիկս հանել, որովհետև ամուր էի կապել թելերը և ստիպված մի կոշիկը հագած մտա ներս: Իմ հետևից բելգիացի ընկերներս էլ էին նույն կերպ վարվել, որովհետև մտածել էին թե հաց ուտելուց հետո առաջին անգամ տուն մտնելուց պետք է անպայման մեկ կոշիկով մտնել:

Հարցազրույցը վարեց՝ Զառա Թորոսյանը

We had breakfast at 10 o’clock in the morning. Our group arrived in Manana center at 11 o’clock . We started working in the groups for our projects until 2 pm. The group ate lunch together and then started with the evaluation of the exchange so far. After that we went Khor Virap it means deep hole in English. It is a monastery with a beautiful view of the Ararat but because it was cloudy you couldn’t see Masis only Sis. When we were ready we drove to the observatory. On the way there the clouds had cleared so we could see Masis. We ate, in front of the observatory, salads and other dishes we brought with us. First they explained their history and then we went to the telescope. They explained where the planets where and the constellations. We watched the falling stars and planets. After that we went back to the hostel.

Morane Peeters

 

zara torosyan

Արձակուրդային պլաններ

-Երեխաներ, դասերի ավարտին մնացել է մի քանի շաբաթ, լավ սովորեք, որ կիսամյակը կարողանաք լավ փակել,- ասաց պատմության ուսուցչուհին:

Բոլորս նայեցինք օրացույցին․ մայիսի տասն էր։ Մտածեցինք, որ դեռ շատ ժամանակ ունենք, և դրա մասին մտածել չարժի։ Սակայն անցավ մի քանի շաբաթ, գրականության ուսուցչուհին եկավ և հանձնարարեց այնքա՜ն շատ գրքեր ամռանը կարդալու։

-Ախր, ընկեր Խաչատրյան, ինչի՞ եք էսքան շատ բան տալիս, մեղք ենք, չէ՞, համ էլ` արձակուրդը այնքան շուտ կանցնի, որ չենք հասցնի կարդալ,- վրդովված ասաց Էմիլը:

-Բան ու գործիդ անունը ի՞նչ է, որ չես հասցնի, ձեր արձակուրդին մնացել է ընդամենը երկու օր, կգնաք, հենց այս օրվանից էլ կսկսեք կարդալ, սեպտեմբերին բոլոր վեպերն ու նորավեպերը հարցնելու եմ։

Դասերի վերջին օրն էր։ Գրքերը հանձնեցինք, ժամանակն էր արդեն տուն գնալու։ Մեկը երջանկությունից տուն սլացավ, մյուսն էլ իր ընկերուհիների հետ կանգնած որոշում էր, թե ամռան ընթացքում ինչ պլաններ ունեն իրար հետ, դե, քանի որ իրենք երեք ամիս ուղղակի չէին կարող չտեսնվել։

Դասարան մտավ դասղեկս՝ երջանիկ դեմքով, և ասաց.

-Երեխաներ ջան, հանկարծ չտխրեք, մենք այս արձակուրդի ընթացքում լիքը էքսկուրսիաներ կանենք. օրինակ՝ ամսի հինգին կգնանք թատրոն, լավ անակնկալ է, չէ՞։

Դե, քանի որ մեզ մոտ արդեն ավանդույթ էր դարձել ամռանը թատրոն գնալը, մենք այդքան էլ չզարմացանք։

Դասարանցիներով որոշեցինք հաջորդ շաբաթվա մեջ գնալ ման գալու և ինչ-որ ֆիլմ դիտել։ Բոլորը պատմում էին, թե ինչ են անելու ամառային արձակուրդի ընթացքում։ Չնայած նրան, որ մենք ամեն տարի նախօրոք իմանում էինք մեր ամառային արձակուրդի պլանների մասին, այս տարի այդպես չէր։

-Մա՜մ, մենք էս տարի որտե՞ղ ենք հանգստանալու։

-Վայ Զառա, ի՞նչ հարցեր ես տալիս, ախպերդ գնում ա բանակ, չգիտենք՝ ինչ ենք անելու, դու եկել հարցնում ես, թե որտեղ ենք հանգստանալու։

Այդ ամենից արդեն անցել է երկու ամիս, երեսուն օրից սեպտեմբերն է, նորից դասեր, այս տարի նաև քննություններ: Ինչպես Էմիլն էր ասում՝ այնքան շուտ անցավ ամառը, որ նույնիսկ չհասցրինք հանձնարարված գրքերի կեսը կարդալ, ինչպես միշտ՝ ամեն ինչ մնաց վերջին օրվան:

Եվ երբ եղբայրս գնաց բանակ, ես նոր հասկացա, որ մեր հանգստանալը երկրորդական էր:

zara torosyan

Եթե ես լինեի կրթության նախարար

Ամեն տեղ բարեփոխումներ են սկսում, և ես էլ որոշեցի դասընկերներիս հարցնել, թե ինչ առաջարկներ ունեն, ինչը իրենց դուր չի գալիս: Չգիտեմ, որ առաջարկն է օգտակարը, իսկ որը պարզապես ծիծաղելի: Միգուցե դո՞ւք էլ հարցնեք ձեր ընկերներին:

-Ի՞նչը կփոխեիք ուսումնական ծրագրի մեջ և առհասարակ դպրոցական համակարգում:

-Նորմալ տեքստեր կտայի պատմելու, որ հետաքրքիր լինի ու, որ իմաստ ունենան (Էլեն Սարգսյան, 8-րդ դասարան):

-Շատ դասեր չտան, որովհետև հոգնում ենք (Անի Եփրեմյան, 7-րդ դասարան):

- Դասատուներին կփոխեի, ավելի բարի դասատուների կընդունեի (Արեն Գասպարան, 8-րդ դասարան):

-Ավելի թեթև ծրագիր կգրեի օրվա համար (Աննա Դանիելյան, 9-րդ դասարան):

-Լավ կլիներ, որ դասարաններ չլինեին: Այսինքն, դասաժամերին նստեին ըստ գիտելիքի մակարդակի (Անահիտ Եղիազարյան, 8-րդ դասարան):

-Ոչ մի բան չէի փոխի (Լիլի Եփրեմյան, 8-րդ դասարան):

- Անգիրները կկրճատեի ծրագրի մեջ (Էլեն Գրիգորյան, 9-րդ դասարան):

-Դասերը ավելի հետաքրքիր, յուրահատուկ ձևով կպլանավորեի (Նինա Սարգսյան, 10-րդ դասարան):

-Դպրոցական հագուստը կվերացնեի ընդհանրապես (Էլեն Մարտիրոսյան, 8-րդ դասարան):

-Գնահատականները կհանեի, որովհետև գնահատականը ոչ մեկին չի հետաքրքրում (Կարինե Պետրոսյան, 7-րդ դասարան):

-Ինձ դուր չի գալիս, որ «2» են դնում (Էլիզա Առաքելյան, 8-րդ դասարան):

-Դասերը 45 րոպեի փոխարեն լինեին 20 րոպե (Կարեն Մարտիրոսյան, 9-րդ դասարան):

-Դուրս չի գալիս, որ դասատուի երեխային ավելի բարձր են դնում և ավելի շատ ուշադրություն դարձնում (Մերի Մանուկյան, 8-րդ դասարան):

-Դասատուները մեզ չասեն, թե մենք ինչ անենք (Ալբերտ Նավասարդյան, 8-րդ դասարան):

-Շատ դասատուների կհեռացնեի դպրոցից (Մանե Կարապետյան, 9-րդ դասարան):

- Կթողնեի, որ հեռախոսները դասերին օգտագործեն, որովհետև կան դասեր, որ շատ անհետաքրքիր են անցնում, ու մի զբաղմունք պետք է (Աշոտ Խաչատրյան, 8-րդ դասարան):

-Անգիրները կքչացնեի: Հիշողությունը զարգացնելու ավելի լավ ձևեր կան:

-Այնպես կանեի, որ տղա ու աղջիկ իրար կողքի չնստեին:

zara torosyan

Դասամիջոց

-Աննա, Աննա,- շշնջում էր Ալբերտը դասարանի մի կողմից մյուս կողմը,- էս գումարը վերցրու, ինձ երեք հատ խորիզով բուլկի կբերես բուֆետից:

-Հա, ինձ էլ:

-Ինձ էլ կբերես,- սկսեցին շշնջալ բոլորը:

Զանգը հնչեց: Աննան ու Էլենը միանգամից դասարանից դուրս սլացան: Նրանց հետևից, ինչպես միշտ, երեք հոգի դուրս են վազում, սակայն ոչ ոք երբեք չի իմանում, թե նրանք ուր են գնում: Տղաները միշտ կանգնում են աղբամանի մոտ, իսկ երբ ցանկանում ես աղբը թափել, և մի կերպ անցնում ես նրանց միջով, այնպես են գոռում, կարծես դա իրենց տարածքն է և ուրիշները իրավունք չունեն այդտեղով անցնելու:

Նախավերջին նստարանին նստած է Վովան, ով պարտաճանաչորեն կատարում է իր դասամիջոցի պարտականությունը` լուռ նայում է գրատախտակին, իսկ նրա հետևում նստած Մերին` Վովայի մեջքին:

Կան նաև տղաներ և աղջիկներ, որոնք դեռ տարված են արդեն հնացած ինտերնետային մարտահրավերներով:

Մի քանի աղջիկներ էլ` գրքերը ձեռքներին, դուրս են գալիս դասարանից, որ ուսուցիչները տեսնեն, թե ինչ պարտաճանաչ են իրենք և ինչպես են միշտ դաս սովորում: Սակայն իրականում նրանք լրիվ տարբեր թեմաներից են զրուցում:

Կան նաև աղջիկներ, որ պատուհանից այն կողմ չեն գնում, կանգնած նայում են մեր զուգահեռ դասարանի պատուհանին, քանի որ գիտեն, որ հնարավոր է` Վրեժն անցնի այդտեղով, և իրենք էլ տեսնեն նրան: Վրեժն էլ իրեն աստղ է զգում:

Զանգի հնչելուն մնացել էր երկու րոպե, բոլորն սկսել էին նյարդայնացած քայլել, քանի որ Աննան ու Էլենը դեռ չէին եկել: Երբ նրանք մտան դասարան, բոլորը հարձակվեցին Աննայի վրա ու պահանջեցին իրենց ուտելիքը: Դրանք ստանալուց հետո դասարանում լռություն է տիրում, որովհետև բոլորը լուռ նստած ուտում են:

zara torosyan

Խաղաղ երեկո

Երեկոյան կենտրոնացած դաս էի անում, իսկ հեռախոսս անընդհատ զնգում էր։ Վերցրի և տեսա, որ եղբայրս է՝ կողքի սենյակից։ Անհանգստացա, որովհետև նա իր քննություններին էր պատրաստվում և անիմաստ բանի համար չէր զանգի։ Պատասխանեցի զանգին, եղբայրս ասաց, որ շատ կարևոր բան է պատահել, շտապ գնամ իր սենյակ։ Երբ գնացի, ասաց, որ ուղղակի կատակում էր, ծիծաղեց և ջուր ուզեց։ Ջուրը բերեցի, իսկ նա ասաց, որ փոշմանել է և այլևս չի ուզում։ Ու էլի ծիծաղեց։

-Ժիրո, զզվացրիր արդեն քո տափակ հումորներով,- ասացի ես, թողեցի գնացի իմ սենյակ։

Եղբայրս արդեն ոչ թե զանգում էր, այլ սենյակից գոռում, սակայն ես բանի տեղ չէի դնում, քանի որ անիմաստ բանի համար էր կանչելու, ինձ նյարդայնացնելու էր, ես էլ ոչ մի բան չէի անելու, որովհետև, դե նա մեծ եղբայրս է և ավելի վատ բան կմտածեր իմ գլխին խաղ խաղալու։ Իսկ ես չէի ուզում սկսել այդ անվերջ շարունակվող պատերազմը։

Ժիրոն ինձնից անցավ տատիկին, ամեն վայրկյան նրան էր կանչում։ Իսկ տատիկը նրա բոլոր ուզածներն անում էր, ինչն ինձ ավելի էր բարկացնում։

Բայց սենյակում նստած մտածում էի. Ինչ լավ է, որ բոլորս միասին ենք, տանն ենք, և բոլորս սիրում ենք իրար:

zara torosyan

Քաղաքից դուրս

Ուրբաթ առավոտ էր: Սենյակիցս դուրս եկա և լսեցի ինչ-որ աղմուկ, գնացի հյուրասենյակ և տեսա, որ բոլորը նստած մտածում էին, թե այդ շաբաթ և կիրակին որտեղ անցկացնենք: Այդ ընթացքում մայրիկս արդուկ էր անում և միևնույն ժամանակ մասնակցում էր խոսակցությանը: Նա և տատիկը ակտիվ որոշում, քննարկում էին, իսկ հայրիկը ցույց էր տալիս, թե ուշադիր լսում է, բայց իրականում հեռուստացույցի ալիքներն էր թերթում: Եղբայրս, ինչպես միշտ, իր հեռախոսով ինչ-որ բան էր նայում, և երբ հարցնում էին իր կարծիքը, գլխով էր անում:

Տատիկս առաջարկեց գնալ քաղաքից դուրս` բացօթյա մի տեղ, քանի որ ֆեյսբուքով տեսել էր, թե ինչ գեղեցիկ է այնտեղ բնությունը: Որոշեցինք, որ պետք է քաղաքից դուրս գնանք: Երբ ամեն ինչ որոշված էր, զանգեցինք հորաքրոջս, որ նա նույնպես մեզ հետ գա: Առավոտյան բոլորը խառնված պատրաստվում էին, որ չուշանանք: Իսկ թե որտեղից պետք է ուշանայինք, ես այդպես էլ չէի հասկանում: Հորաքույրը, ինչպես միշտ, 10 րոպե շուտ էր եկել և մեզ էր սպասում: Շտապ դուրս եկանք տանից ու նստեցինք մեքենան: Ինչպես միշտ, եղբայրս առջևն էր նստել, իսկ մենք հետևում «լխճված» էինք: Մի կերպ էի դիմանում: Հազիվ տեղ հասանք:

 

zara torosyan

Մայրիկս

Ուրբաթ օրը դասից տուն վերադարձա և տեսա, որ մայրիկս արդեն տանն է: Աշխատանքից շուտ էր տուն եկել, քանի որ միասին պետք է թխվածք պատրաստեինք: Հատուկ առիթ ունեինք` եղբորս ծնունդն էր: Մայրիկիս աչքերից երևում էր, որ շատ հոգնած է, բայց ինձ դրա մասին չէր ասում, որովհետև ես արդեն տրամադրված էի թխելուն:

Գնացինք խոհանոց և սկսեցինք պատրաստել: Նախ մայրիկս հեռուստացույցը միացրեց, քանի որ այդ ժամին իր սիրելի հաղորդումն էր սկսվում, իսկ դա բաց թողնել չէր կարելի: Մայրիկս ձեռքը բարձրացրեց դեպի սառնարանը, ես անմիջապես հասկացա, թե ինչ է ուզում, և բերեցի ձուն: Մայրիկս նայեց պահարանի կողմը: Գնացի և բերեցի ալյուրը:

-Մամ, բա չիմացար՝ էսօր ինչ եղավ…

Եվ ես սկսեցի պատմել իմ դպրոցական պատմությունները: Մայրիկս մի ձեռքով ընկույզն էր մանրացնում, հասկացնում էր, թե ինչ է պետք խմորեղենի համար, որ բերեի: Նա չգիտեր` ում լսել` իմ պատմությունները, թե իր սիրելի հաղորդումը, որին այդքան սպասել էր: Ես խոսում, խոսում էի, անդադար բողոքում դպրոցից: Տեսնում էի, որ մայրիկիս հայացքը թեքվում էր հեռուստացույցի կողմը:

-Մամ, չե՞ս լսում:

-Լսում եմ, լսում:

Այնուամենայնիվ, նորից եմ կրկնում ասածս, որ մայրիկը ոչինչ բաց չթողնի: Երբ նա միացնում էր հարիչը, ես ավելի բարձր էի խոսում, որ հանկարծ հարիչը չխանգարի ինձ լսել: Բայց երբ հասա այն պահին, որ պատմության դասատուն շատ անարդար է ու խիստ, զգացի, որ մայրիկս էլ չի դիմանում: Որոշեցի պատմությանս մյուս մասը հետո պատմել, թխվածքի հոտն էլ արդեն ընկել էր:

Մայրիկը շատ լավ խմորեղեն պատրաստել գիտի ու շատ լավ լսել, իսկ ես` լավ խոսել:

zara torosyan

Արձակուրդներս

Ուրբաթ օրն էր` դասերի վերջին ժամը: Բոլորը պլանավորում էին իրենց շաբաթվա գործերը: Մեկը քաղաքից դուրս էր գնալու, մյուսը ամբողջ շաբաթը ընկերուհիների հետ պիտի անցկացներ: Իսկ ես մտածում էի, թե ինչ լավ է, որ արձակուրդներ են, ոչ ոք տանը չի լինի, հանգիստ երկար կքնեմ, ոչ մեկը չի խանգարի, երաժշտությունը  բարձր կմիացնեմ, կպարեմ, դաս չեմ անի:

Եկան գարնանային արձակուրդները: Առավոտյան արթնացա մայրիկի փոշեկուլի ձայնից: Զարմացա, քանի որ մայրիկը այդ ժամին տանը չի լինում: Դուրս եկա սենյակիցս և տեսա, որ բոլորը տանն են: Անընդհատ գործեր էին տալիս ու չէին թողնում վայելեմ արձակուրդներս: Հիշում էի ամառային արձակուրդները, երբ միշտ տանը միայնակ էի, իսկ հիմա բոլորը տանն են: Տատիկս գնում էր հորաքրոջս տուն, իսկ այս արձակուրդներին մնաց ինձ հետ: Եվ ոչ միայն մնաց, այլ նաև այնպիսի գործեր էր տալիս անելու, որոնց մասին ես առաջին անգամ էի լսում: Իսկ երբ ընկերուհուս հետ զրուցում էի, և նա բողոքում էր, որ տանը մենակ է, ես ավելի էի ջղայնանում:

Հաջորդ առավոտյան արթնացա տատիկի ձայնից.

-Ժամը 11-ն ա, դու դեռ քնա՞ծ ես, օրդ անցավ:

Նայեցի ժամին և տեսա, որ դեռ 9-ն էր:

-Տատ, դեռ 9-ն ա ժամը, թող մի քիչ էլ քնեմ:

-Շատ ես խոսում արդեն, արագ վեր կաց, հազար գործ ունես անելու:

Մի կերպ վեր կացա, նայեցի եղբորս, տեսա, որ դասի չի գնացել, բայց դեռ քնած է: Նրան չէին արթնացնում, քանի որ մի օր դասի չէր գնացել, գոնե այդ մի օրը երկար քներ: Իսկ ես այդ մի օրն էլ չունեցա:

zara torosyan

Երբ է գարունը գալիս

Վաղ առավոտյան արթնացա տատիկիս բարկացած ձայնից: Ջղայնանում էր, որ ինչպես միշտ, ես ու եղբայրս երկար ենք քնել, և չենք հասցնի պատրաստվել: Սկզբում չէի հասկանում` ինչին չենք հասցնի, բայց հետո արևի շողերն ընկան աչքերիս, և հիշեցի, որ ամեն տարի, երբ արևը դուրս է գալիս, մենք գնում ենք ամառանոց: Արագ պատրաստվեցինք, դուրս եկանք, և ի վերջո, տեղ հասանք: Ամառանոց մտնելուն պես միանգամից բոլորն անցան աշխատանքի: Մեկն ավլում էր, մյուսը ծառերն էր մշակում: Ես նույնպես ցանկացա օգնել, գնացի, որ ծաղիկները մշակեմ: Արևը գնալով ուժեղանում էր, իսկ ես գնալով ավելի էի կարմրում ու փռշտում: Նայեցի եղբորս կողմ և տեսա, որ նույն վիճակում էլ նա էր` ամբողջ դեմքը կարմիր էր, և չէր դադարում փռշտալ:

Արևն այնքան ուժեղ էր, որ չէի կարողանում գործ անել: Բոլորը բողոքում էին։

-Թե դուք ինչի՞ եկաք, մեզ չեք օգնում, հա ընկնում եք ոտքի տակ։ Մյուս անգամ էլ չեք գա,- ամեն տարի ասում է տատիկս։

Արդեն գարուն է։