zara torosyan

Մայրիկս

Ուրբաթ օրը դասից տուն վերադարձա և տեսա, որ մայրիկս արդեն տանն է: Աշխատանքից շուտ էր տուն եկել, քանի որ միասին պետք է թխվածք պատրաստեինք: Հատուկ առիթ ունեինք` եղբորս ծնունդն էր: Մայրիկիս աչքերից երևում էր, որ շատ հոգնած է, բայց ինձ դրա մասին չէր ասում, որովհետև ես արդեն տրամադրված էի թխելուն:

Գնացինք խոհանոց և սկսեցինք պատրաստել: Նախ մայրիկս հեռուստացույցը միացրեց, քանի որ այդ ժամին իր սիրելի հաղորդումն էր սկսվում, իսկ դա բաց թողնել չէր կարելի: Մայրիկս ձեռքը բարձրացրեց դեպի սառնարանը, ես անմիջապես հասկացա, թե ինչ է ուզում, և բերեցի ձուն: Մայրիկս նայեց պահարանի կողմը: Գնացի և բերեցի ալյուրը:

-Մամ, բա չիմացար՝ էսօր ինչ եղավ…

Եվ ես սկսեցի պատմել իմ դպրոցական պատմությունները: Մայրիկս մի ձեռքով ընկույզն էր մանրացնում, հասկացնում էր, թե ինչ է պետք խմորեղենի համար, որ բերեի: Նա չգիտեր` ում լսել` իմ պատմությունները, թե իր սիրելի հաղորդումը, որին այդքան սպասել էր: Ես խոսում, խոսում էի, անդադար բողոքում դպրոցից: Տեսնում էի, որ մայրիկիս հայացքը թեքվում էր հեռուստացույցի կողմը:

-Մամ, չե՞ս լսում:

-Լսում եմ, լսում:

Այնուամենայնիվ, նորից եմ կրկնում ասածս, որ մայրիկը ոչինչ բաց չթողնի: Երբ նա միացնում էր հարիչը, ես ավելի բարձր էի խոսում, որ հանկարծ հարիչը չխանգարի ինձ լսել: Բայց երբ հասա այն պահին, որ պատմության դասատուն շատ անարդար է ու խիստ, զգացի, որ մայրիկս էլ չի դիմանում: Որոշեցի պատմությանս մյուս մասը հետո պատմել, թխվածքի հոտն էլ արդեն ընկել էր:

Մայրիկը շատ լավ խմորեղեն պատրաստել գիտի ու շատ լավ լսել, իսկ ես` լավ խոսել: