Հասմիկ Ասատրյան (Լոռի)ի բոլոր հրապարակումները

1593769092069

Ներկարարի օրագիրը

Օր 1։ Ոգևորված ենք։ Գյուղի բոլոր 50 աղբամանները ներկելու ենք ու դրանց վրա մուլտհերոսներ նկարենք։ Մեծերը ձեռքներիցս վերցրել են գլանվակները (ռոլիկ), բացումը անում են։ Նեղվում ենք, ուզում ենք ինքնուրույն անել։

Հավեսները հանեցին, գնացին։ Հիմա մենք ենք անում։ Մի տատի ա մոտենում։

-Էս ի՞նչ եք անըմ, րեխեք ջան։

-Աղբամաններն ենք ներկում։

-Հաա, սիրունացնըմ եք էլի մեր գեղը։

-Դե, հա էլի։

-Լավ եք անըմ, ապրեք դուք, ապրեք։ Բա ո՞ւմ աղջկեքն եք։

Ասում ենք։

-Դե եկեք գնանք ձեզ հացավորեմ, համ էլ մի քիչ դինջացեք, կոֆե չեք խմը՞մ։

-Չէ, մերսի շատ, դեռ հոգնած չենք, նոր ենք սկսել։

-Լավ, մեռնեմ ձեզ։

Գնաց։

Օր 2։ Երեկ 7 հատ կարմիր աղբաման ենք ներկել։ Մնաց 43 հատ։ Չգիտեինք, որ գլանվակները պետք էր լուծիչի մեջ դնել, որ գույնը մաքրվեր։ Հիմա կարմիր գլանվակներով վարդագույն ենք ներկում։ Էդքան էլ լավ չի ստացվում։ Երկու մարդ են մոտենում։

-Էս ինչ լավ գործի եք, րեխեք ջան։ Բա վրին ի՞նչ տեք նկարի։

-Մուլտհերոսներ։

-Իիիի, մի կարգին բան նկարեք։ Հրես Վաչոյի դիմանկարը խի՞ չեք նկարըմ։

-Ուաա, էնա թող քունը նկարեն էլի, – հակառակեց Վաչոն։

-Է հա, կարանք նկարենք։ Բայց պատվերները փողով են։

Ծիծաղեցին, գնացին։

6 հատ վարդագույն արեցինք, առաջինը անելիս կարմիրը լրիվ անցավ, լավ էլ ստացվեց, հիմա անցել ենք կապույտներին։ Երեք կին են մոտենում։

-Րեխեք, էս ի՞նչ եք անըմ։

-Աղբամաններն ենք ներկում։

-Էդ նե՞րկ ա, թե՞ «կռասկա»։

Ծիծաղեցինք։

-Մեր գեղացի՞ եք, րեխեք։

-Հա։

Դանդաղ հեռանում են․

-Սոնա, էս ո՞ւմ աղջկեքն են․․․

Processed with VSCO with  preset

Օր 3։ Երեկ 10 հատ էլ կապույտ արեցինք։ Մեզ մնաց 27 հատ։ Գոհ ենք մեզնից։ Արդեն ձեռքներս վրա ա ընկել։ Էսօր դեղինների օրն ա։ Քայլում ենք վերևի թաղով, ինչ-որ ապակեպատ բան եմ տեսնում, հարցնում եմ․

-Երեխեք, էս ի՞նչ ա, ջերմո՞ց։

-Չէ, «պառնիկ»։

-Բայց էդ նույն բանը չի՞։

-Չէ, մեր գեղը Մեծ Պարնին ա, ու դրա համար էդ ջերմոց չի, «պառնիկ» ա։

-Ըըը, դե լավ։

Վերջին դեղիններն ենք անում։ Մի քանի երեխա եկել են, խանգարում են։ Ուզում են իրենք էլ ներկեն։

-Վա՜յ, դե ասեցինք չէ էլի, նյետ։ Գնացեք հեռու խաղացեք։

-Մի հատ հեծոյիս ստեղը կներկե՞ս։

-Դեղինո՞վ։

-Հա, հա։

-Որ ներկեմ, կգնա՞ք։

-Ըմմ․․․ հա։

-Էլ չեք խանգարի՞։

-Չէ։

Ներկեցինք։ Գնացին։

Օր 4։ Ներկի մեջ կորած հմուտ ներկարարներ ենք դարձել։ Քիչ ա մնացել, բայց արդեն հոգնում ենք։ Մի մարդ ա մոտենում։

-Հը՞, րեխեք ջան, ի՞նչ կա։

-Սենց էլի։

-Լավ էլ սիրուն ըլնըմ ա։ Կացեք, էսա ճամփեքը բացվեն, ձեզ խոպան եմ տանըմ հետս։ Գալիս չե՞ք։

-Բա ինչ ենք անում։

Գնում ենք ներքևի թաղի աղբամանները ներկելու։

-Ինչ մեծ ա մեր գյուղը, նոր եմ հասկանում։

-Հա, չէ՞։ Մի երկու հատ շենք լինի, լրիվ քաղաք ա էլի։

-Ասենք էս մի քանի օրում մեր գյուղի մասին ավելի շատ բան իմացա, քան նախկին 16 տարում։

-Գյուղի թազա քարտեզագրությունը մենք ենք կազմելու։

Մի մարդ հեռվից ասում ա․

-Րեխե՜ք, հլա միսյաթ բերեք, էս զաբոռը քսեք, էլի։

-Հարց չկա, քառակուսի մետրը՝ 10 հազար։

-Դրա՞մ։

-Չէ հա, տենց էժան գործեր չենք անում։

Ծիծաղեցինք։

-Եկեք գնանք տուն հաց-մաց կերեք։

-Չէ, մերսի, կերած ենք։

Processed with VSCO with m5 preset

Օր 5։ Մինչև էս մենակ ներկում էինք, էսօր նկարելու օրն ա։ Մեքենա ենք ման գալիս, որ մեզ տանի աղբամանից աղբաման։ Ախր շատ մեծ ա գյուղը, մենք էլ՝ հոգնած։ Արդեն երանի ենք տալիս, որ էն առաջին օրվա մեծերը գան ձեռքներիցս վերցնեն, անեն։

-Տենաս էսօր կպրծնե՞նք։

-Պետք ա որ, ուզում եմ՝ պրծնենք։

-Հաա, վաղը էլ եկող չկա։

-Մինչև գիշերվա հազարն էլ լինի, անենք պրծնենք։

Հիմա ժամը ինն ա։ Մեքենա ճարել ենք։ Բայց արդեն մութ ա, բան չի երևում։

-Ա՜խ, ընդեղ պահի, աչքերիս մի գցի ֆանառիկդ։

-Ո՞վ ա աչքիդ գցում։

-Լավ, մի կռվեք։ Ջոկում ե՞ք, էլ չի լինում։ Եկեք էսօր թարգենք։

-Հաա, ճիշտ ա։ Էդ մի քանի հատը վաղը թարմ ուժերով կգանք կանենք։

-Լավ դե, ցվրվենք տներով։

Ցվրվեցինք։

Օր 6։ Վերջին օրն ա։ Չենք հավատում։ Ամենաշատը 2 ժամվա գործ ա մնացել։ Բայց մի հատ աղբամանի տեղ չգիտենք, չենք գտնում։

-Ո՞ւմ աղջկեքն եք։

Ասում ենք։ Գնում են։

-Թե ասա՝ ինչ կապ ունի՝ ում աղջիկն ենք։ Մեզ որպես անհատականություն չեն վերաբերվում, զգո՞ւմ եք։

-Իրոք։

-Պատկերացնո՞ւմ եք, «էս ի՞նչ եք անըմ», «գեղը սիրունացնը՞մ եք», «մեր գեղացի՞ եք», «ո՞ւմ աղջիկն եք» ու սենց լիքը հարցեր էլ չենք լսելու։

-Վայ հա, սուս։ Բայց լավ օրեր էին։

-Հա, շատ։

-Ափսոս էն մի աղբամանը չենք գտնում։

-Լսի, իրոք, բա որտեղ կլինի՞։ Պերֆեկցիոնիստ էությունս չի համակերպվում 49 հատ աղբաման ներկելու փաստի հետ։

-Լավ դե, ինչ վատ թիվ ա որ։

-Կլոր թիվ չի, նեղվում եմ։

-Վայ, կլոր ա։ 7-ի քառակուսին 49 ա։

-Հույս տուր։

Օր 7։ Վերջացրել ենք։ Հիմա մեզ լրիվ աստվածներ ենք զգում․ 7-րդ օրը հանգստանում ենք։ Բայց էն մի աղբամանը տենց էլ չգտանք։ Եթե կարդացողներից ինչ-որ մեկը տեղը գիտի, ասեք, մի քիչ ներկ ենք պահել։