Սեդա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Զմրուխտե Լոռի

seda mkhitaryan

Ինչու լինել երջանիկ

Մարդ արարածը զգացմունքային է։ Ինչքան էլ լինեն մարդիկ, որոնց որակենք որպես անզգա, սառը, այնուամենայնիվ մենք բոլորս էլ ինչ որ բան զգում ենք։ Բայց հատկանշական է, որ երջանիկ զգալու դեպքում մենք դա չենք ֆիքսում, երջանիկ զգալիս, երբեք չգիտենք, որ հենց դա է երջանկությունը։
Երջանիկ լինելու պատճառները տարբեր մարդկանց համար տարբեր են։ Մեկին շատ բան է պետք, որ նա ասի, որ երջանիկ է, մյուսին, ընդհակառակը` շատ քիչ բան։ Ինչու՞ լինել երջանիկ, դե որովհետև կյանքը հենց երջանիկ պահերի հանրագումարն է։ Ասել է թե, եթե ուզում ես ապրել, ապա երջանիկ եղիր։

Մենք ամեն ինչի համար պատճառներ ենք փնտրում, բայց կարծում եմ, որ երջանիկ լինելը այն քիչ բաներից է, որի համար մեծ հաշվով պատճառ պետք չէ, մանավանդ այն դեպքում, որ մենք չենք էլ զգալու երջանիկ եղած պահը։

Կարելի է երջանիկ լինել ասենք, միայն նրա համար, որ կանք, որ հնարավորություն ունենք զգալու, տեսնելու, վայելելու մեր հարազատների ներկայությունն ու լինելիությունը, որ այս աշխարհում ունենք հազարավոր հնարավորություններ։
Այսպիսով երջանկությունը պետք է փնտրել մանրուքների ու մանրամասնությունների մեջ, պետք է փորձել ժպիտով ու լավատեսությամբ նայել ամեն ինչին ու բոլորին և հասկանալ, որ երջանիկ չլինելու պատճառները կարելի է ոչնչացնել միայն երջանիկ լինելով։

Դե ինչ, ժպտանք, ապրենք և չմոռանանք` տխրել կարող են բոլորը, բայց երջանիկ լինել հաջողվում է քչերին։

seda mkhitaryan

20 տարեկանից մի շաբաթ առաջ

Երկուշաբթի

Սովորական ու ձգվող առավոտ։ Բացում ես աչքերդ, նայում ժամին ու անկախ թվերից՝ նորից քնում։

Հետո արթնանում ես, ինչպես միշտ, դուրս գալուց կես ժամ առաջ։ Մեյքա՞փ, դիմահարդարո՞ւմ, քսվե՞լ, չէ, չգիտեմ, չեմ լսել։ Հասնում ես ավտոբուսին։ Ու սա վերջին երկուշաբթին է, երբ դու 19 տարեկան ես։ Երկուշաբթի, քո չսիրած օրերից մեկը, հույս կա, որ 20-ից հետո ինչ-որ բան կփոխվի։ Ավտոբուսում գտած 100 դրամը քո ու կողքիդ կնոջ տոմսի գումարից քիչ կլինի, կլրացնեք… Ու կիջնես կանգառում, կիջնես, քայլելիս կզգաս նոր ծաղկած ծաղիկների հոտը, դրան կխառնվի քիչ առաջ թափված անձրևի հոտը, ու դու կիմանաս իդեալական եղանակի մասին ամեն ինչ:

Երեքշաբթի

Փողոցը կկտրի մոտոցիկլը, արագ կսլանա դիմացովդ, ու դու կերազես դրա ղեկին լինել։ Սլանալ, ճեղքել օդը, մտքերդ ցրիվ տալ։

Այնքան շատ դեմքեր կան քաղաքում, որ ոչինչ չեն արտահայտում։

Երբ հասկանաս, որ քեզ վեպ են ուղարկել ու կարծիք են հարցնում, ու գրողն էլ այնքան անհայտ մեկը չէ, ձեռքերդ կսկսեն դողալ։ Դու կկարդաս վեպը մի շնչով ու կզգաս, որ քո կարծիքը գուցե ոչինչ է։ Լուսնի լույսի տակ սարդոստայնը կփայլի ու կհասկանաս, որ սա վերջին երեքշաբթին է, երբ դու 19 տարեկան ես։

Չորեքշաբթի

Հերթական օր։ Մայիսի 1 է։ Տոն։

Գարնանային ու սիրուն երեկո։ Քայլում ենք այգում։ Ամեն տեղ ժպիտ է։ Ծանոթ մարդիկ։ Հայրիկը իր աղջկա հետ գնդակ է խաղում։ Չշարունակե՞մ։ Ես էլ եմ էդպես կարծում։

Հինգշաբթի

Շաբաթվա ամենաատելի օրը։ Սրան գումարվում են առաջին հերթով դասերը, ու կատարյալ վատ տրամադրությունը պատրաստ կլիներ, եթե իհարկե արևը չլիներ։ Դուրս ես գալիս, ու միանգամից արևը մտնում է մեջդ։ Հետո նստում ես երթուղային։ Երկու աղջիկները քեզ տեղ են տալիս իրենց կողքին։ Նստում ես, ավելի ճիշտ` խցկվում։ Մի կանգառ այն կողմ երթուղային է նստում մի կին։ Նստելու տեղ չկա։ Եթե կանգնեմ էլ, անիմաստ է, նա հաստատ չի տեղավորվի իմ տեղում։ Ու սկսվում են խոսակցությունները, երկու յուղոտ ու իրենց տեղերում լավ հարմարված, կարմիր վառ շրթներկով կանայք սկսում են փնովել «հիմիկվա սերնդին»։ Մենք ախր լսում ենք, էդտեղ ենք, բայց իրենք բամբասում են մեզնից։ Եթե ուղղակի երեսիս ասեին, ես կբացատրեի, որ անտեր երթուղայինը տեղավորում է սահմանափակ թվով մարդկանց։

Մի խոսքով՝ արևոտ օրը փչանում է։ Հետո պատկերասրահում քեզ հարցնում են, թե քանի տարեկան ես, որ իմանան՝ ինչ տոմս տան՝ չափահասի, թե անչափահասի։ Դու նայում ես տոմսարկղի ապակու մեջ ու հասկանում, որ 20 տարեկանի հեչ նման չես։ Վերջին անգամ պատկերասրահում տարիքիդ մասին հարցին պատասխանում ես՝ 19, գնում չափահասի տոմս ու մտնում ներս։

Վերջին հինգշաբթին ավարտվում է խորն ու մի տեսակ կազդուրիչ քնով, ու սա վերջին մայիսի 2-ն է, երբ դու 19 տարեկան ես։

Ուրբաթ

Օր, երբ տուն ես գնալու։ Օր, որի գալուն սպասում ենք միշտ, անկախ նրանից՝ ուսանող ես, աշխատող, թե աշակերտ։ Բայց երևի 3 տարեկան երեխայի համար միևնույնն են շաբաթվա օրերը։ Ու մեզ համար էլ պիտի էդպես լիներ։ Ուղղակի ուրիշները բաժանել ու անուններ են տվել սովորական, իրար հետևից ձգվող օրերին։ Ուրբաթ, բայց 13 չի։ Սա վերջին ուրբաթն է, երբ դու 19 տարեկան ուսանող ես, որը տուն է գնում։ Փնթփնթալով քայլում ես, մտքումդ քիչ առաջ դեմքիդ շպրտած ճշմարտությունն է, որը գիտեիր, բայց կարծես սպասում էիր, որ ինչ-որ մեկը ասի դա։ Այդպես ավելի համոզիչ է, այդպես է, որ իմանում ես։ Հիշում ես դպրոցում ունեցած առաջին հաջողությունդ։ Երբ ասացիր, որ եթե ուզում ենք տվյալ գույնը ավելի բաց դարձնել, դրան պիտի սպիտակ խառնենք։ Տարօրինակ հաջողություն։ Իսկ ուրբաթ փիլիսոփայության ժամին ունեցածդ հաջողությունը վերջինն էր, որը եղավ 19 տարեկանում։

Շաբաթ

Ուշ ես քնել։ Ու դրա համար առավոտն էլ ուշ սկսվեց։ Երկու գիրք զուգահեռաբար կարդալը անմտություն էր, ու դու մտածեցիր, որ ավելի լավ է ոչ մեկը չկարդաս։ Լավ երգեր, քրոջդ հետ կռիվներ։ Սովորական օր։ Մատներիդ դեղինը շատ է։ Գուցե ինչ-որ բան այնպես չէ՞, բայց չէ, ամեն ինչ կարգին է, ուղղակի մատներդ զգացել են գունային ճաշակդ։ Սա կարող էր լինել առավոտ, որը կսկսվեր կաթով սուրճով, բայց մաման մոռացել է պահել քո բաժին կաթը։ Մի քանի տարօրինակ երազներ ես տեսել, սարսափելի, անհավանական մարդկանց տեսել ես իրար հետ, կռվել ես մի քանիսի հետ։ Մի խոսքով՝ տարօրինակ երազներ ու նույնքան տարօրինակ օր։ Վերջին տարօրինակ օրը, երբ օրացույցին շաբաթ է, իսկ դու՝ 19 տարեկան։

Կիրակի

Ու… մնաց մեկ օր։ Մի քանի ժամ։ Տանը բոլորը խառն են՝ տորթ, «բլինչիկ», աղցաններ։ Մի խոսքով՝ մերոնք հասկացել են, որ իրենց միջնեկ աղջիկը 20 տարեկան է դառնում։ Վախենում եմ այս թվից։ Ես էլ չգիտեմ՝ ինչու, մտքումս մի բան եմ հասկանում, որ եթե մարդը մահացել է, ու իր մասին խոսողների մեծ մասը իրեն անունով է դիմում, ուրեմն նա երիտասարդ է։ Հիմար գաղափար։ Բայց ճիշտ է։ Հասկանո՞ւմ եք, եթե մարդուն «ձյաձյա», «պապիկ» կամ չգիտեմ ուրիշ բան են ասում, բայց ոչ անունը, ուրեմն նա մի քիչ հասցրել է ապրել։ Մեր ապրած տարիների քանակը որոշվում է այն մարդկանց թվով, ովքեր մեզ դեռ անունով են դիմում։ Ինձ միշտ անունով են դիմել։ Բան չեմ ապրել, էլի։ Երևի մի կարգին ապրելու համար մարդկանց շատ ժամանակ է պետք։

Հիմա իմ կյանքի վերջին ժամերն են, երբ ես 19 տարեկան եմ։

seda mkhitaryan

Մի քիչ ուշացած

Հենց նոր կարդացի Ինեսայի հոդվածը 17-ի հինգերորդ տարելիցի մասին ու…

Ուզում եմ պատմել մեր մասին, կլսե՞ս:

Մենք` ես ու 17-ը, ծանոթացանք չեմ հիշում` երբ։ Էդպես է, չէ՞, երբ մարդու հետ շատ ես մտերմանում, չես հիշում երբվանից ես ճանաչում նրան։ Մենք ծանոթացանք, ու ես մի քիչ փոխվեցի, մի քիչ ուրիշ աչքեր ձեռք բերեցի, մի քիչ ուրիշ մտքեր, մի քիչ շատ մարդու սկսեցի ճանաչել:

Գիտե՞ք, երբ ինչ-որ տեղ եմ գնում, միշտ մի ծանոթ մարդու հանդիպում եմ, որը 17-ցի է, այո, մենք ամենուր ենք։ Գուցե մի մասի համար սա կայք է, որտեղ մի քանի երիտասարդ պատմում են, թե ինչպես են ծանոթացել իրենց պապիկն ու տատիկը, մի մասի համար ուղղակի այդ երիտասարդների օրագիրն է, մյուսների համար սա կայք է, որտեղ բոլորը գովում են իրենց գյուղերը… Գուցե, բայց չէ…

Նախ` 17-ը միայն կայք չէ, սա մի ամբողջ ընտանիք է, մե՜ծ, շատ մեծ ընտանիք, երևի Հայաստանի ամենամեծ գերդաստանը։

Հետո` այո, 17-ի միջոցով այդ ընտանիքի անդամները պատմում են իրենց խնդիրների, վախերի, հիշողությունների, լսածների ու պատկերացրածի մասին, պատմում են, հիշեք, պատմում են շատերին, հանրությանը։ Դժվար է, գիտե՞ք, ուժ գտնել ու գրածներդ տալ հանրությանը, անել դա մի քիչ պրոֆեսիոնալ մակարդակում, ոչ թե ասենք` ֆեյսբուքյան ստատուս վիճակում։ Այո, 17-ն է այն տեղը, որտեղ երիտասարդները օգտվում են իրենց ազատ խոսքի իրավունքից, որտեղ տպագրվում է մեր մեծ ընտանիքի հիշողությունը, որտեղ մենք կռիվ ենք տալիս մեր խնդիրների բարձրաձայնման ու լուծման համար…

Պատկերացնո՞ւմ եք, չլիներ 17-ը: Պատկերացրի՞ք: Տխուր էր, չէ՞:

Դրա համար այն կա, որ մենք ժպտանք մեր հոդվածը տեսնելիս, տիկին Ռուզաննան ժպտա մեր նոր ուղարկած սիրուն պատմությունից, մաման ժպտա իր աղջկա հերթական նոր նյութը տեսնելիս, ու դուք ժպտաք, որ կարող եք ձեզ ու ձեր երեխայի համար ունենալ մի սիրուն, բարի կայք, որը կօգնի հեռու մնալ այսօրվա ագրեսիվ, գռեհիկ ու անորակ մեդիայից:

Դե ինչ, ժպտանք, չէ՞ որ 17-ը կա:

Լուսանկարը` Անուշ Մուրադյանի

Վանաձոր, 24-ը ապրիլի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Քարինջ գյուղը

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Գյուղը իր ճանապարհի նման է. քարքարոտ ու տխուր։

Ճանապարհին հանդիպող ամեն ոլորանից հետո թվում է, որ ճանապարհը ավարտվեց, ու արդեն հասար գյուղին։ Բայց հենց այդ ոլորանի վերջում մի նոր այդպիսի ոլորան է սկսվում։ Այս գյուղի ճանապարհը` որպես այս բառի հիմնական իմաստ, ավարտվում է գյուղից դեռ շատ հեռու մի տեղ։ Ու շարունակվում է որպես արահետ, գիծ, ծիր, բայց ոչ ճանապարհ։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

 

Ու դժվար ճանապարհի նման ձգվում է նաև այս գյուղում ապրող մարդկանց կյանքը։ Մարդկանց, որոնց թիվը գնալով ավելի քիչ է դառնում։ Այս գյուղը Քարինջն է՝ Լոռու մարզի փոքր գյուղերից մեկը, որը ունի մոտ 700 բնակիչ։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Փաստացի տվյալներով գյուղի բնակչությունը համարյա չի փոխվել, բայց երբ քայլում ես ու տեսնում, որ կողպված դռներով տները այնքան էլ քիչ չեն, հասկանում ես, որ մարդիկ գնացել են։ Լավ կյանքի ձգտումով թողել են այս քարքարոտ գյուղն ու հեռացել։ Քարինջ գյուղը հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Սակայն կան աղբյուրներ, որ գյուղը եղել է ավելի վաղուց։ Քարինջում եղել է բնակատեղի, որն անհայտ պայմաններում անապատացել է ու դարձել «խարաբա»` անբնակ տարածք։ Բնակիչները պատմում են, որ հետագայում`1800-ականներին, հարևան Մարց գյուղից 5 ընտանիք եկել ու վերաբնակեցրել է գյուղը՝ «շելլիգ են արել խարաբեն»։ Այս բառերով է կազմված այն փաստաթուղթը, որի տակ ստորագրել են այդ 5 ընտանիքների ներկայացուցիչները։

Գյուղի անվան հիմքում էլ քար արմատն է։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Բնակիչները պատմում են, որ երբ Մարց գյուղից եկել են Քարինջի տեղանքը նայելու և հետ են գնացել Մարց, բնակիչները հարցրել են, թե ինչ կար այդ գյուղում, ուսումնասիրողներից մեկը պատասխանել է` քար, ի՞նչ։ Հենց այսպես էլ կոչել են գյուղը։ Ու իրոք, այստեղ բացի քարից, այլ բան գտնելը մի քիչ դժվար է, իհարկե, չհաշված գեղեցիկ բնությունն ու հյուրասեր բնակիչներին։

Նախկինում քարինջեցիները հենց այս քարի շնորհիվ էլ կարողանում էին վաստակել իրենց ապրուստը։ Կային քարհանքեր, որոնց շնորհիվ աշխատատեղեր կային ու բավականին լավ շահույթ։ Այսօր գյուղում գործում է միայն երկու քարհանք, որոնք նախկին թափն ու հզորությունը չունեն։

Քարինջի բնությունը անտարբեր չի թողել մեծն Մարտիրոս Սարյանին։ Սարյանը Դսեղում հյուրընկալվել է Թումանյանին։ Այնտեղից տեսել է Քարինջն ու նկարել։ «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում»՝ այսպես է կոչվում կտավը, որն այժմ տպված է 5000-անոց թղթադրամի դարձերեսին։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Բայց սա այնքան էլ շահութաբեր չէ, քանի որ չկան լայնարձակ արոտավայրեր կամ խոտհարքեր։ Ահա, այս պատճառներով էլ դռների վրա կողպեքներ են հայտնվում։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Գյուղը 2016 թվականին մասը դարձավ Թումանյան խոշորացված համայնքի։ Խոշորացումից հետո բազմաթիվ փոփոխություններ եղան, որոնք բնակիչների մի մասը դրական է համարում, մյուսները դժգոհում են։ Օրինակ, աղբահանության հարցը լուծվեց, բայց բնակիչների մի մասը հրաժարվում է ամսական գումար մուծել, որպեսզի այդ աշխատանքները լավ կատարվեն։

2018-ի ամռանը գյուղի երիտասարդները փորձեցին օգտագործել Քարինջի չքնաղ բնության գործոնը ու զարկ տալ զբոսաշրջությանը։ Գյուղ այցելած մարդկանցից առաջին խոսքերը, որ կարելի էր լսել, դժգոհություններն էին ճանապարհից և հիացմունքը՝ նույն այդ ճանապարհով։ Ճանապարհի շուրջը բնությունը իրոք հիացնող է, բայց միայն գեղեցկությունը քիչ է, մարդիկ նաև հարմարավետություն են փնտրում։ Այո, քարինջեցու կյանքը հարմարավետ չէ։ Այս տարի բնակիչների դժվարությունները կրկնապատկվեցին աշնանը տեղացած ուժեղ կարկուտի պատճառով։ Գյուղում սարքին տանիքներ գրեթե չկային, այգիները, ծառերը ջարդվել ու ավերվել էին։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Այժմ Քարինջի հին ու կղմինդրե տանիքները, որոնք ինչ-որ չափով նաև կոլորիտ էին ապահովում, փոխարինվել են մետաղյա ու փայլուն թիթեղով։ Քարինջեցիները հույսը չեն կորցնում, նրանք հավատում են, որ անպայման մի օր իրենք էլ կունենան ասֆալտապատ ճանապարհ, փողոցային լուսավորություն ու կարևորը՝ ավելի բարեկեցիկ կյանք։

seda mkhitaryan

Խրամատից դասասենյակ

«Ես ու՞ր, դասատուն ու՞ր». այսպես արձագանքեց ազատամարտիկ Ռազմիկ Մադարյանը Վանաձորի 17-րդ դպրոցում ռազմագիտություն դասավանդելու առաջարկին։ Բայց այնուամենայնիվ մտածեց, որ իր փորձն ու գիտելիքները պետք է փոխանցի սերունդներին։

-Ես աշակերտներիս փորձում եմ տալ այն, ինչը չկա դասագրքում, ուզում եմ, որ նրանք ինձնից «գողանան» այն, ինչ չեն կարող կարդալ գրքում։
Ռազմիկ Մադարյանը Արցախյան շարժմանը մասնակցելը բախտավորություն է համարում, քանի որ իր համար շատ կարևոր էր հանուն հայրենիքի որևէ լավ բան անելը։ Ռազմիկ Մադարյանը ծնվել է հայրենիքից դուրս` Հալեպ քաղաքում, բայց սա չի խանգարել նրան մանկուց իր մեջ կրել հայրենասիրությունը և ազգին նվիրումը։

-Հայրենասիրությունը ինձ փոխանցվել է արյան ու մորս կաթի միջոցով։ Լուսահոգի տատիկս միշտ պատմում էր ջարդի, կոտորածների ժամանակ կատարված վայրագությունների մասին։ Մեր տան թեման եղել է հավատի, լեզվի, ազգի պահպանությունը։

Ազատամարտիկը արմատներով մշեցի է։ Նրա նախնիները ջարդերի ժամանակ Մշից գաղթել են Ուրֆա և հաստատվել այնտեղի միակ հայկական գյուղում` Մուճում։
Պատերազմին մասնակցելու համար Ռազմիկին ոգեշնչել է նաև ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) շարժումը։

-Իմ հորեղբոր տղան` Մկրտիչ Մադարյանը, 1983 թվականին, լինելով այդ բանակի մարտիկ, Ստամբուլի մեջ ռազմական գործողություն կատարեց։ Վերջում էլ ինքն իրեն պայթեցրեց, որ գերի չընկնի։ Այդ ամեն ինչը կար՝  հողը, հիմքը կար, և մենք էլ անմասն չմնացինք։
Ռազմիկ Մադարյանը իր մարտական ուղին սկսել է Արցախյան շարժման հենց սկզբում, երբ եղբոր հետ զինվորագրվեցին Վանաձորի «Զորավար Անդրանիկ» ջոկատին։ Այս ջոկատը պահպանում էր Հայաստանի սահմանամերձ գոտիների անվտանգությունը։

-1992 թվականի հունվարի 15-ից  Վանաձորի «Նժդեհ» ջոկատի hետ միասին «Զորավար Անդրանիկ» ջոկատը նախարարությունից զենք ստացավ, ու գնացինք Արցախ։ Այն ժամանակ ճանապարհ չկար, ուղղաթիռով գնացինք Արցախի Հադրութի շրջան։

Այնտեղ մնացել է մոտավորապես վեց ամիս։ Հետո Ռազմիկը վերադառնում է Հայաստան։

-Տանը ընդամենը մի գիշեր մնացի, հետո «Մեծն Մուրադ» ջոկատի կազմում գնացինք Մարտակերտի շրջան։

Այս ժամանակ Շահումյանի շրջանում թեժ մարտեր էին։ Արդեն կամավորական ջոկատները կազմալուծում էին, ու ձևավորվում էր բանակ։ Ռազմիկ Մադարյանը Մարտակերտի շրջանում կռվելիս վիրավորում ստացավ, բայց հրամանատարի բացակայության պատճառով իր վրա վերցրեց ջոկատի ղեկավարումը և շարունակեց վիրավոր կռվել։

-Երբ վերադարձա Հայաստան, արդեն ապաքինվել էի, ոչ մի բան չէր մնացել։
Ռազմիկ Մադարյանի համար հատկապես տպավորիչ էր Քարվաճառի ազատագրումը։

-Կամո Հովհաննիսյանը գլխավորում էր մեր 30 հոգանոց ջոկատը, որը ծուղակի մեջ ընկավ, մեր ընկերներից ինը զոհվեցին, իսկ տասնութը` վիրավորվեցին։

Վիրավորված ազատամարտիկների թվում  էր նաև Ռազմիկ Մադարյանը։ Երկու տեղից ծանր վիրավորված լինելը նրա մարտական ուղին ընդհատեց գրեթե 3 տարով։ Ապաքինվելուց հետո վերադարձավ բանակ և ծառայության անցավ հոսպիտալում` որպես կադրերի բաժնի պետ, հետագայում որպես հոսպիտալի պետի տեղակալ։ Հոսպիտալում 10 տարի ծառայելուց հետո, իր խոսքով ասած, թոշակի անցավ։
Պատերազմի տարիները Ռազմիկից խլեցին նրա լավագույն ընկերներին։

-Իսկ իմ բախտը չբերեց, ու ողջ մնացի։

Ազատամարտիկը կարծում է, որ եթե չլինեին քաղաքական ելևէջումները, իրենց պայքարը ավելի արդյունավետ կլիներ, և գրաված տարածքներն էլ ավելին կլինեին։
Հիմա դպրոցում դասավանդելուց զատ Ռազմիկը նաև Վանաձորի «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության փոխնախագահն է, ինչպես նաև Երկրապահ կամավորական միության Վանաձորի բաժանմունքի նախագահը։ Դպրոցում դասավանդելը օգնեց մեր հերոսին ավելի լավ պատկերացնել այսօրվա սերնդի հոգեբանությունը։ Ըստ նրա` այսօր ունենք խելացի, բանիմաց ու նվիրված երիտասարդություն, որն ունենալով նախնիների փորձը, հիմա ծառայում է արժանապատիվ և հաղթանակած բանակում։

-Բանակին նայում եմ որպես իմ զավակի։ Բանակ և անկախ պետություն ունենալը իմ ու իմ ռազմական ընկերների երազանքն էր, և այսօր մենք ունենք երկուսն էլ։ Ես շատ ցավ եմ ապրում, երբ բանակում տեսնում եմ այն, ինչը պետք է չլիներ, ու մենք չէինք էլ հանդուրժի։ Բանակի կազմավորման, ձևավորման, ստեղծման գործում մեր կամավորականները մեծ դեր ու նշանակություն են ունեցել։

Ազատամարտիկի կարծիքով Հայաստանը էլ ավելի հզոր կլինի, եթե ավելանա հավատը մեկը մյուսի հանդեպ։

-Երիտասարդները պետք է ընդունեն նախորդների փորձը, իսկ ավագ սերունդը պետք է հավատա այսօրվա երիտասարդին ու նրա ներուժին։

Ռազմիկ Մադարյանի համար կարևոր է, որ այսօրվա երիտասարդները նվիրված լինեն.

-Պարտադիր չէ, որ բոլորը զինվոր դառնան, բայց թող զինվորի պես նվիրված բանվոր դառնան, մտավորական կամ ցանկացած այլ բան, կարևորը` հավատարիմ լինեն իրենց հողին ու արմատներին:

Քաղաքի գույները

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Գարունը տեղ չի հասել

gevorgtergbr

«Անաստված կինո թատրոն»

seda mkhitaryan

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին: 

Մտորումներ Մաքրուհու մասին

«Մաքրուհին» պատմվածքը սկսվում է կիրակի ուշ առավոտյան։ Վերնագիրը հուշում է, որ այն պատմելու է կնոջ մասին։ Բայց կարելի է ասել, որ այն պատմություն է կնոջ մասին` տղամարդու տեսանկյունից։

Մաքրուհին` Կարինեն է այն հերոսը, որի կյանքի, ճակատագրի ու ընտանիքի մասին է պատմում հեղինակ-հերոսը` Սարգիսը։ Կարինեն ներկա է միայն պատմության առաջին մասում։ Հետո ամբողջ ընթացքում միայն նրա մասին մտքեր են, իսկ վերջում` դեժավյու։ Այս դրվագները իրար է կապում Սարգիսը։ Հերոսը առատաձեռն տղամարդու կերպար է, իսկ նրա ընտանիքը, ինչպես ինքն է ասում` ժամանակակից։

Պատմության բոլոր հերոսները ինչ որ խնդրանք ունեին, ինչ որ ցանկություն, ինչ որ անհաջողություն, ինչ որ վիշտ։ Հեղինակի կերպարում հանդես է գալիս Սարգիսը։

Պատմության մեջ կան մի քանի նույնական բաներ։ Սարգսին հանդիպող բոլոր տղամարդկանց անունները Սարգիս էր։ Այստեղ բացառություն է նրա դասընկերը` Զավենը։

Նրա տան դուռը թակում էին միշտ կիրակի ուշ առավոտյան։ Նրան միշտ հանդիպում էին մարդիկ, որոնք փողի կարիք ունեին։ Այս առումով բացառություն է տաքսի վարող Սարգիսներից մեկը, նա, որը ուներ յոթ տղա և թաք մեկ աղջիկ։

Պատմության մեջ հանդիպում ենք երեք մաքրուհու` Իվետան, Կարինեն և այն երիտասարդուհին, որին ուղարկել էր Լուսինեն։ Վերջինս հետագայում իրոք դառնում է Սարգսի մաքրուհին։ Սկզբում կարող է թվալ թե պատմությունը ծավալվելու է հենց այս աղջկա շուրջ։ Սակայն հետո պատմությունը կապվում է Կարինեի հետ, կապույտ ու թաց աչքերով կնոջ, որը Սարգսի մաքրուհին էր, և Մարինայի (Սարգսի կնոջ) հավաքարարը։ Պատմության մեջ հետաքրքիր կերպար է Կարինեի աղջիկը, որը մեզ երևում է միայն մեկ անգամ։ Մարինայի և Սարգսի մի երկխոսությունից կարելի է ենթադրել, որ այդ աղջիկը հիվանդ է։ Այս աղջիկը,  չնայած մեղադրում էր իր մորը անբարոյական լինելու մեջ, նեղանում, որ վերցրել է իր պայուսակը, բայց այնուամենայնիվ Կարինեն, բոլոր մայրերի նման շարունակում է աշխատել նրա համար: Ճիշտ է, խուսափում է նրա հետ տանը մնալուց, բայց հեռախոսային խոսակցություններում նրա օգտագործած փաղաքշական բառերը ցույց են տալիս, որ նա հայ մայրերին հատուկ գորովանքով է լցված աղջկա հանդեպ և պատրաստ է ներել նրան, աչք փակել մեղադրանքների վրա։ Սա ընդհանրական հատկանիշ է։ Պատմության ընթացքում հերոսը կարծես փորձում է հասկանալ կանանց, նրանց բնավորության առանձնահատկությունները և կյանքի դժվարությունները։

Պատմության վերջին դրվագում, որը հերոսը դեժավյու է որակում, Կարինեն իրա աղջկան այլ կերպ է ներկայացնում, ասում է, որ նա արդեն անգլերեն է սովորել։
Սարգիսը ամբողջ պատմության ընթացքում օգնում է տարբեր մարդկանց, պարտքով գումար է տալիս իրենից խնդրողներին, բայց այդպես էլ ոչ ոք պարտքը հետ չի վերադարձնում։
Սարգիսը մի երեկո լրիվ վատնում է իր գումարները, և սա դառնում է նրա ու կնոջ բաժանման առիթը։ Սարգիսը սկսում է զբոսնել քաղաքով ու լուծել ճանապարհին հանդիպող խնդիրները։ Պատմության այս մասը կարելի է նմանեցնել «Ինսպեկցիային», որում, ի տարբերություն «Մաքրուհու», հերոսը պարզապես քայլում է քաղաքում և, այսպես ասած, հետազոտում է այն։ Իսկ Մաքրուհու հերոսը նշելով, որ ինքը սիրում է հետազոտել Երևանը, սկսում է օգտագործել այդ հետազոտության արդյունքները։ Սկսում է բուժել քաղաքը։ Այնպես է անում, որ մայրամուտը նորից գա քաղաքի կենտրոն։ Սարգիսը գնդակահարություն է նախատեսում նրանց համար, ովքեր ասֆալտին նոր գծեր են գծել, իսկ հները չեն մաքրել, և դրանց պատճառով մարդիկ չեն կողմնորոշվում։ Այս չմաքրված հին գծերից էր բողոքում Վարոսը, և Սարգիսը գտավ դրանց լուծումը։ Նույնը կարելի է ասել Հյուսիսային պողոտայի մասին։ Սարգիսը արգելեց այնտեղ ճոխ ու անպիտան տների կառուցումը։ Կարճ ասած` Սարգիսը կառուցում է Վարոսի երազած Երևանը։

Մաքրուհին ստեղծագործության մեջ հեղինակը օգտագործում է մի քանի մանրամասներ, աննշան թվացող դետալներ, որոնք նա օգտագործում է մի քանի տեղ։ Ի միջի այլոց, հեղինակի մի քանի ստեղծագործություններում կարելի է նկատել այս մոտեցումը։ Ինչպես, ասենք, այս ստեղծագործության մեջ ճնճղուկները, որոնց նրանք կերակրեցին ձմռանը, երկու հեծանվորդները, որոնցից մեկը մեղավոր էր, մյուսը` զոհ, չանախ պանիրը, որը սիրում էր Կարինեն, Կարինեի աչքերի գույնը, արտասանած բանաստեղծությունը, փողոցով վազող այրվող կինը և այլն։ Այս փոքրիկ և աննշան թվացող մանրամասները օգնում են ընթերցողին` ամբողջական պատկերացում կազմել հերոսի մտքերի ու իրավիճակի մասին։

Ստեղծագործության վերնագիրը ևս բավականին հետաքրքիր ու խորհրդանշական է. «Մաքրուհին 2017 կամ Արյունոտ ծաղիկ»։ Հերոսներից ո՞րն է այդ արյունոտ ծաղիկը։ Կարինե՞ն, նրա աղջի՞կը, փոսի մեջ ընկած փոքրիկ աղջի՞կը։ Կարելի է ասել, որ փոքրիկ աղջիկը, որը ընկավ փոսի մեջ ու վնասեց աջ ձեռքը, ամենահավանական տարբերակն է, քանի որ հեղինակը նրա վերքը նմանեցնում է ծաղկի` արյունոտ ծաղկի։

Անդրադարձ կա նաև սոցիալական անարդարությանը։ Դա մասնավորապես արտահայտվում է համր կնոջ և նրա երկու երեխաների կերպարով, որը ինչպես հետագայում պարզվեց, Սասնա ծռերի անդամներից մեկի ընտանիքն է։

Ստեղծագործության մեջ քիչ են նկարագրությունները։ Հեղինակը կարճ, բայց տեսանելի նկարագրում է Կարինեի մազերը, մաշված վերարկուն, աչքերի գույնը։ Նկարագրությունը ամբողջական, վերջնական չէ։ Դա անելու հաճույքը թողնված է ընթերցողին։ Յուրաքանչյուրս կարող ենք ստեղծել մեր Կարինեին։

Պատմության մեջ առանձնակի տեղ ունեն այն ընտանիքները, որոնց հանդիպում է հերոսը։ Այդ բոլոր ընտանիքները ինչ որ չափով կիսատ են, միշտ կա բացակայող անդամ, մի վիշտ, որի պատճառով ընտանիքը դժբախտության մեջ է։

Վերջում մի փոքր այն մասին, թե ինչու գրեցի հենց այս ստեղծագործության մասին։ Այս պատմության մեջ եղած առանձնահատկությունն այն էր, որ կարդալիս հերոսի մտքերը փոխանցվում են ընթերցողին։ Ստեղծագործությունը մի ամբողջ մեծ հետազոտություն է կնոջ, քաղաքի, հայ մոր, ընտանիքի հոր, երազանքների և այն ամենի մասին, ինչ կատարվում է և կարող է կատարվել մեր շուրջը, կամ նրա, ով հայտնվի Սարգսի տեղում։ Կարդալուց հետո մենք մեր շուրջը սկսում ենք նայել ուրիշ աչքերով, նայել դեպի ավելի խորը, հասկանալ, որ յուրաքանչյուր մարդու հետևում մի պատմություն է` ուրախ կամ տխուր, արյունոտ կամ ծաղկաբույր, նա կորուստ ունի կամ պայքար։ Ստեղծագործությունը մեզ սովորեցնում է կողքից նայելով բոլորին` անհանգստանալ նրանց ճակատագրով, կարողանալ կարեկցել և ապրումակցել այդ մարդկանց, գոնե այն պահին, երբ նա մեր կողքին է, ու ճակատագրի բերումով հանդիպել ենք։