Սարգիս Ենոքյանի բոլոր հրապարակումները

sargis yenoqyan

Լիճքից մի պատմություն

Այս պատմությունը Ալաշկերտից 1828թ. Լիճք գաղթած Մելիքյաններից մեկի պատմությունն է:

Ըստ ավանդույթի, Մելիքյան ազգանունը ծագում է Մելիք բառից (իշխան): Ասում են, որ Մելիքը հյուր է գնում իր իշխան ընկերներից մեկին` Ադամ աղային, ու հավանում նրա դստերը:

Չնայած ընկերությանը, Ադամ աղան չի ուզում իր աղջկան այդ քարքարոտ երկիր (Լիճք) հարս ուղարկել: Երկար պնդումներից հետո Ադամ աղան համաձայնվում է շանս տալ տղային` Սուքիասին:

Նա նախ ուզում է տեսնել տղային: Տղային բերում են, և և աղան առանց տղայի հետ խոսելու հավանում է նրան: Բայց կար մի պայման. տղան պետք է կարողանար հաղթել իր լավագույն ձիարշավորդին:

Սուքիասը ընտրում է Ադամ աղայի նժույգը և ի զարմանս ամենքի, կարողանում է հեծնել ձին և նույնիսկ հաղթել լավագույն ձիարշավորդին:

Պայմանը մնում է պայման. աղջկան Լիճք հարս են բերում:

sargis yenoqyan

Մի պատառիկ տատիկիս հետ զրույցից

-Տատ, ե՞րբ է եղել քո հարսանիքը:

-Իմ հարսանիքը տեղի է ունեցել 1950թ. հունվարի 24-ին: Ես հարևան գյուղում էի, իսկ ապագա ամուսինս` Լիճքում: Այդ օրը շատ անտանելի բուք բռնեց: Այդ ժամանակ տրանսպորտ չկար, կեսը ոտքով եկան, մյուսները` ձիով: Էն ժամանակ մեր մոտերքը փեսացուն հարսի հետևից գյուղից գյուղ չէր գնում: Հարսը պետք է գնար փեսի տուն, պիտի տանեին:

Ինձ նստեցրին սահնակի վրա և մի քանի մարդկանց հետ ինձ դաշտով բերեցին: Եկանք հասանք ճանապարհի կեսը, ու բուքն ուժեղացավ: Սահնակը շրջվեց, ու ես վրայից ընկա, մյուսներն էլ` հետս:

Շատ մրսեցի ու հետագայում հիվանդացա: Հետո ինձ բարձրացրին դրեցին սահնակը, ու մի կերպ եկա հասա Լիճք: Այստեղ ինձ դիմավորեց ամուսինս, ու լավ հարսանիք արեցինք:

Էսքանը: