«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:
«Խեր, շառ, աստված»
Երբեմն գիշերային լռությունը ընդհատվում է միայն լուսնահաչով:
Մեր հերոսի՝ Վարդանի համար, գիշերը բավականին դժվար էր անցնում, ու երբ հազիվ աչքը կպել էր, զարկեց զարթուցիչը, ոչ թե աքաղաղի ծուղրուղուն:
Կյանքը առաջ է գնում. աքաղաղին փոխարինելու է գալիս զարթուցիչը, զարթուցիչին՝ հեռախոսը, ու այդպես` շարունակ:
Տեսնես` ո՞ւր ենք գնում…
Ի սկզբանե ցավերն ու դառնությունները ևս հարստություն համարող Վարդանը փոխեց միտքը` ասելով, որ ցավն ու ուրախությունը չի կարելի միայնակ տանել:
Առհասարակ, երբ այդ զգացողությունները խեղդում ես քո մեջ, երբեմն՝ էգոիստական, երբեմն՝ բեռդ ուրիշի հետ կիսող մարդու տպավորություն ես թողնում: Մարդիկ տարբեր են, երբեմն կարողանում են կիսվել, երբեմն՝ ոչ:
Գալիս է մի ժամանակ, երբ ծնողը ստանձնում է երեխայի, երեխան՝ ծնողի դերը:
Երբեմն կասկածի տակ է դրվում` արդյո՞ք երեխան կստանձնի ծնողի դերը:
Փորձը ցույց է տվել, որ դա այդքան էլ այդպես չէ: Երբ գալիս է ծնողին խնամելու ժամանակը, երեխան ետ է քաշվում: Իհարկե լինում է նաև հակառակը, երբ ծնողը չի կատարում իր պարտականությունը երեխայի նկատմամբ:
Վարդանի ճանապարհին հանդիպած ամեն մի դրվագը՝ մարդկային իրականության մի օրինակ է:
Երբեմն՝ ինչպես Վարդանը, անտարբեր ենք լինում շրջապատող մարդկանց, միջավայրին` դրանով խորացնելով մեր իսկ վիճակը:
Սիրում ենք այսօրվա գործը վաղվան թողնել կամ ժամանակ չենք գտնում, այնինչ մեր ժամանակը մենք ենք տնօրինում. «Հիմա ո՞վ ժամանակ ունի մոմ վառելու»:
Հաճախ հաշվում ենք ուրիշի ունեցվածքը, զղջում` լավ գործի համար:
Վարդանը բավականին երկար խորհեց, երբ տեսավ պաշտոնյայի դիակը եկեղեցում: Ինչի՞ համար են այս ավելորդ ճոխությունները, երբ դրա փոխարեն կարող են ուշադրություն դարձնել ավելի կենսական նշանակություն ունեցող հարցերի:
Սրա հետևանքով անտեսվում են երկրի «ծայրամասերում» ապրող մարդիկ կամ օրինակ, ապագա զինվորի ընտանիքը. պետությունը հիշում է նրանց, միայն երբ լրանում է նրանց 18 տարին:
Փոխարենը քծնում ու շողոքորթում են մեծահարուստին, պաշտոն ունեցողին, կապ չունի` ինչ ճանապարհով է հասել այդ պաշտոնին:
Վարդանը ուզում էր կիսվել, դատարկել իր ներսում կուտակվածը, բայց ում հետ, չգիտեր:
Գուցե հորեղբայր Արշա՞մը, չէ ախր, Արշամի տասը տարեկան թոռն ընկավ ավտոյի տակ:
Հետո փորձեց հոր ընկերոջը պատմել` հարսանիք էին անում, հո չէ՞ր հարամելու:
Լավ, կպատմի մորաքույր Վարդուշին՝ տառապանքներից կարծրացած սրտով մի անձնավորության, դարձյալ չստացվեց:
Փորձում էր կիսվել, ստացվում էր այնպես, որ ինքն էր լսում մյուսներին՝ կիսելով նրանց բեռը:
Վարդանը իր ճանապարհին հանդիպում էր միայն դժբախտ մարդկանց, որոնց տեսնելիս մոռանում էր իր ցավը:
Մենք բոլորս ենք այդպիսին, մտածում ենք մեր ցավը անտանելի է, բայց տեսնելով էլ ավելի բարդ դեպք, հասկանում ենք, որ մեր ցավը այդքան էլ անտանելի չէ:
Անտանելին միգուցե մեզ շրջապատող աշխարհն է, կամ գուցե խնդիրը մեր գիտակցության ու մեր աշխարհայացքի մեջ է:
Վարդանը ուզում էր իր ցավը կիսել. վերջում այն թաղեց գինու մեջ՝ ուրիշների խնդիրների հետ միասին: Արդյո՞ք սա էր լավագույն տարբերակը Վարդանի համար, որը կարծես ազդարարում է մի նոր պատմության սկիզբ: