Հասմիկ Գիվարգիզյանի բոլոր հրապարակումները

Իմ առաջին «հիվանդը»

Բոլոր երեխաներին բնորոշ հատկություններից մեկն էլ այն է, որ նրանք դեռ մանկուց որոշում և երազում են, թե ինչ են դառնալու, երբ մեծանան: Ես կարող եմ մասնագիտությունների մի ամբողջ ցուցակ ներկայացնել, թե ինչ էի ուզում դառնալ, բայց թերևս միայն մեկ մասնագիտություն եմ այնքան հավանել, որ նույնիսկ «փորձել» եմ ինձ այդ ոլորտում: Դա բժշկուհու մասնագիտությունն էր:

Մի անգամ տատիկիս մատը սկսեց ցավել, ու ես իմ մանկական միամտությամբ գործի դրեցի իմ «բժշկուհու հմտությունները»:

-Տատի, պիտի մատիտ աղ կապենք, խոնավ աղ, որ ցավը քաշի հանի,-բացատրում էի ես ու շորի մի կտորի վրա լցված աղի վրա ջուր ցանում:

-Ահ, Հասո ջան, տու էս բժիշկը, տու կիմանաս,- չէր հակաճառում տատիկս ու ինձ էր պարզում իր կնճռոտված ձեռքը:

Ես մատի վրա էի դնում աղը, հետո կապում էի այն թաշկինակով: Ես դա անում էի օրը մի քանի անգամ՝ պարբերաբար փոխելով «վիրակապը»: Շուտով տատիկիս մատը լավացավ, և ինձ այնպե՜ս էր թվում, թե ես եմ բուժել նրան:

-Բահ, ապրես, Հասո ջան, մատս բուժիր,-ասում էր տատս, ու ես ինձ գոհ ու երջանիկ էի զգում: Հետո՝ տարիներ անց, երբ հիշում եմ այդ դեպքը, ծիծաղում եմ իմ մանկական միամտության վրա, քանի որ տատիկս երևի մատը ինչ-որ տեղ պարզապես խփել էր: Բայց ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ ձեռքերս ծալած չեմ նստել, գոնե ինչ-որ բան արել եմ նրա առողջության համար՝ թեկուզ անօգուտ (բայց ի՞նչ իմանաս):

Հ.Գ. Ես տատիկիս քաջ առողջություն եմ ցանկանում, քանի որ այժմ նրա առողջական խնդիրները ավելի լուրջ ու բարդ են, և ցավոք սրտի, խոնավ աղն այստեղ օգնել այլևս չի կարող, այստեղ ես անզոր եմ:

Մարդիկ իրական կյանքում

Ամեն մարդ ունի իր դերն այս կյանքում. մեկը խոհարար է, մեկը` շինարար, մյուսը՝ տնօրեն կամ ուրիշ ինչ որ բան: Հիմնականում մենք ճանաչում ենք նրանց հենց այնպիսին, ինչպիսին տեսնում ենք: Դե իրենց պաշտոնով կամ մասնագիտությամբ, էլի: Բայց շատերի մտքով չի էլ անցնում, որ նրանք մեզ պես մարդիկ են: Իհարկե, մենք գիտենք, որ նրանք ամուսնացած են, երեխաներ ու թոռներ ունեն, բայց թե ինչպես են նրանց հետ շփվում՝ չենք պատկերացնում:

Վերջերս քայլում էի փողոցով ու մի պաշտոնյա մարդու տեսա՝ իր թոռնիկի հետ: Բոլորը նրան գիտեն որպես խիստ և լուրջ մարդու: Սակայն այդ ժամանակ նա բոլորովին նման չէր մեր իմացած մարդուն: Նա շատ քնքուշ և բարի խաղում էր իր թոռնիկի հետ, համբերատար կերպով պատասխանում նրա բոլոր հարցերին: Նա նստեցրեց փոքրիկին ճոճանակին և սկսեց ճոճել, պատմելով, երևի, մի հետաքրքիր պատմություն, քանի որ թոռնիկն իրեն ուշադիր լսում էր և բա՜րձր ծիծաղում: Այնքան հաճելի տեսարան էր: Ես կանգնել էի ու նայում էի նրանց, հիշելով իմ մանկությունը, և բոլոր այն հետաքրքիր դեպքերը, որոնք կապված են պապիկիս հետ:

Երբ դուրս եկա հիշողությունների քարանձավից, տեսա, որ պաշտոնյան ու իր թոռնիկը արդեն հեռացել են, մինչ ես վերապրում էի իմ կյանքի երջանիկ պահերից մի քանիսը: Այդ դեպքը ստիպեց ինձ հասկանալ, որ մարդիկ այնպիսին չեն, ինչպիսին առաջին հայացքից են թվում: Երբեմն նրանք ավելի բարի կամ խիստ են, ավելի քնքուշ և հասկացող: Երբեմն նրանք ուղղակի քողարկվում են: Այնպես որ, պետք չէ մարդկանց որևէ բան վերագրել առանց ճանաչելու:

Խնայող պապիկը կամ 50 տարի և 1 օր

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

«Մանանայի» սաներով Վայոց Ձորի Զառիթափ գյուղում էինք: Կարծես արհամարհելով ցուրտը՝ անընդհատ խոսում ու ծիծաղում էինք, ջերմ ժպիտներով իրար էինք նայում ու լուսանկարներ անում: Էդպես նկարելով՝ մի բակ մտանք ու մի պապիկի հանդիպեցինք:

-Բարև՛ Ձեզ:

-Բարև՛, երեխե՛ք ջան, էս ի՞նչ եք անում, որտեղի՞ց եք եկել:

-Սիրուն ֆոտո անել ենք սովորում, պապի՛, կլինի՞ քեզ նկարենք:

-Հա, բալա՛ ջան, ինչի՞ չէ որ:

Նկարում էինք պապիկին, մեկ էլ հավաբնի մոտից մեզ մոտեցավ նրա կինը: Իրեն էլ նկարեցինք, բայց ի տարբերություն իր ամուսնու, նա ուզում էր գեղեցկանալ, նոր նկարվել:

-Վա՜յ, ա՛յ բալա, հենց սե՞նց պիտի նկարե՞ս, էս վիճակո՞վ:

-Ոչինչ, տա՛տ ջան, սենց էլ ես շատ սիրուն:

-Բա գոնե մազերս դզեի:

-Չէ՛, թող մնա, սենց լավա: Մի րոպե…

Րոպեն էլ էր շատ, աչքը չէր թարթել, արդեն նկարել էի:

-Տատ, քանի՞ տարվա ամուսիններ եք:

-50:

-Իրո՞ք,-անկեղծ զարմանքով բացականչեցինք մենք:

-Հա, ա՛յ բալա, ի՞նչ ունենք խաբելու:

-Բա մենա՞կ եք ապրում:

-Չէ, երեխե՛ք ջան:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի

Արդեն ուզում էինք դուրս գալ, նկատեցի, որ տատիկը (ում անունը, անկեղծ ասած, մոռացա հարցնել), ինչ-որ բան տվեց ամուսնուն ու ասաց, որ դեն նետի:

-Է՜, թող մնա, մեկ էլ տեսար պետք եկավ:

-Ինչի՞դ է պետք, տար թափի զիբիլը,-ասաց տատին ու ներս մտավ: Բայց ո՞նց հասկացա, պապիկը հեշտ հանձնվողներից չէր: Էն, ինչ տվել էր իրեն տատիկը, խնամքով փաթաթեց ու դրեց նույն տեղում: Ու ակամայից հարց առաջացավ. տեսնես էս 50 տարվա ընթացքում մի՞շտ են սենց թեթև բաների պատճառով իրար հակաճառել, թե՞ մենակ էսօր: Բայց ի՞նչ իմանաս, կարող է` շատ էլ կարևոր բան էր իր համար այդ փաթեթի մեջ:

Երբ խոսում են ձեռքերը

Երբ քույրիկս որևէ մարդու է հանդիպում, առաջին բանը, որ նա անում է՝ նայում է նրա ոտքերին: Քույրս ինձ միշտ ասում է.

-Եթե մարդու կոշիկները մաքուր են, ուրեմն նա մաքրասեր մարդ է: Իսկ եթե կեղտոտ և փոշոտ են, ապա նա փնթի և իր արտաքինին չհետևող մարդ է, և կապ չունի՝ նո՞ր են նրա կոշիկները, թե ոչ:

Ես այնքան էլ այդ ամենին չեմ հավատում, քանի որ ինձ համարմ նույնպես դժվար է կոշիկներս միշտ մաքուր պահել, մանավանդ, ցեխոտ և անձրևոտ եղանակին, այն էլ մեր գյուղում: Դա հո չի՞ նշանակում, որ ես մաքրասեր չեմ: Դրա համար էլ այդ ամենին մեծ ուշադրություն չեմ դարձնում, փոխարենը` նկատում եմ մարդկանց ձեռքերը, որոնք շատ հաճախ ինքս էլ չգիտեմ, թե ուր թաքցնել: Այո, երբեմն դրանք «խանգարում» են ինձ, օրինակ, երբ հուզված եմ, կամ երբ բոլորն ինձ են նայում, այդ ժամանակ ձեռքերս կորցնում են իրենց տեղը:

Վերջերս էր: Տատիկին հյուր գնալու համար հայրս տաքսի կանչեց: Երբ մեքենա նստեցինք, ես միանգամից նայեցի վարորդի ձեռքերին: Դրանք սպիտակ էին և խնամված տեսք ունեին: Նույն պահին ես նայեցի հորս ձեռքերին (նա նստել էր վարորդի կողքին), որոնք աշխատանքից կոպտացել ու ճաքճքել էին: Հիշեցի նաև պապիկիս ձեռքերը, որոնք հորս ձեռքերի նման են, պարզապես ավելի շատ են ճաքերը: Այդ պահին ես հասկացա հորս, պապիկիս ու այդ մարդու աշխատանքների հսկայակա՜ն տարբերությունը: Ես հասկացա, որ այդ մարդը դժվար թե ծանր աշխատանք կատարած լիներ, կամ մի քանի օր շարունակ մի հաստաբուն ծառ կացնահարեր: Այդ դեպքում նրա ձեռքերը կմատնեին իրեն:

Ձեռքերը շատ բան կարող են պատմել մարդու մասին…

Ամանորի ամենամեծ նվերը

2015 թվականը ինձ համար բավական լավ տարի էր, բայց շուտով այն կավարտվի, շուտով Ամանոր է. նվերներ, փուչիկներ, նախապատրաստական աշխատանքներ: Բայց ինձ համար Ամանորը նվերներով ու պատրաստություններով չի արտահայտվում: Ամանորն իմ ամենասիրելի տոնն է, քանի որ Ամանորին հայրս տանն է, և իմ ընտանիքը ամբողջական է դառնում: Այ, հենց դրա համար եմ սիրում Նոր տարին: Ամեն տարի ես պայթուցիկներ եմ գնում (չմտածեք շենք պայթեցնելու), ու դրանք պայթեցնում եմ հայրիկիս հետ: Ամեն անգամ մայրս ասում է.
-Մեծ աղջիկ ես, ի՞նչ տղայական բաներ ես անում:
-Մամ, դե լավ էլի, ամեն տարի նույն պատմությունն ա:
-Դե սուս է, մեծացել ես, պատասխանում ես:
Մի կողմից համաձայն եմ մամայի հետ, տղայական բաներ են, բայց դե, ես ամեն կերպ փորձում եմ ժամանակս պապայի հետ անցկացնել, անգամ եթե պիտի պայթուցիկներ պայթեցնեմ: Ինչ ուզում է լինի` միայն թե հայրիկիս հետ լինեմ:
Մի տարի էնպես ստացվեց, որ հայրս չկարողացավ Նոր տարուն տանը լինել: Գործերը չափազանց շատ էին, գումարի անհրաժեշտությունը՝ մեծ: Ու նա որոշեց մնալ և աշխատել: Ես ամբողջ գիշեր լաց եղա, այնքա՜ն պլաններ ունեի այդ Նոր տարվա հետ կապված: Բացի այդ, ես փոքր ժամանակ նրան գրեթե չեմ հիշում, ու ամեն կերպ ուզում եմ լրացնել այդ բացը: Բայց չեմ կարողանում հասկանալ, ստացվո՞ւմ է դա, թե՞ ոչ:

Իմ անմոռանալի շաբաթը





Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Սովորական չորեքշաբթիներից էր, դասերով լեցուն: Հեռախոսս սեղանին էի թողել, մեկ էլ տեսնեմ մի անծանոթ համարից զանգ եկավ: Արագ վերցրի հեռախոսն ու սրտատրոփ մտա սենյակ: «Մանանա» կենտրոնից էին զանգել, ասացին, որ սպասված դասընթացի համար ես ընտրվել եմ, կուզե՞մ մասնակցել:
-Իհարկե, շատ եմ ուզում մասնակցել,- ասացի ես:
Եվս մի քանի բան խոսեցինք, ու անջատեցի հեռախոսը: Թռչկոտում էի սենյակով մեկ: Մերոնք մտածեցին, թե գժվել եմ, բայց երբ ասացի, թե ինչն ինչոց է, ամեն բան հասկացան: Այդ դասընթացի օրերը իմ կյանքի ամենաակտիվ և ուրախ օրերն էին: Ես այնքան բան սովորեցի այդ օրերի ընթացքում, որ մի կերպ էր գլխիս մեջ տեղավորվում: Հետո հասկացա, որ ամեն ինչ շատ հեշտ ու պարզ է, պարզապես պետք է ընկալել:
Վերջին օրն էր, գնացինք Զառիթափ գյուղ՝ ֆոտոներ անելու: Բաժանվեցինք երկու խմբի ու գնացինք հակառակ ուղղություններով: Շա՜տ ցուրտ էր Զառիթափում, ճանապարհների սառույցը դեռ չէր հալվել: Հետաքրքիր ժամանակ անցկացրինք՝ փորձելով կիրառել մեր նոր գիտելիքները լավ ֆոտոներ ստանալու համար: Երբ վերադարձանք այնտեղ, որտեղից բաժանվել էինք, տեսանք մյուս խմբին, որը նույնպես վերադառնում էր: Ես համառորեն (իհարկե, իմ բնավորության համաձայն) փորձեցի մոտենալ նրանց՝ սառույցների վրայով: Բախտս չբերեց, ոտքս սահեց, ու ընկա, բայց դա էլ քիչ էր, շարունակում էի ցած սահել: Չկարողանալով բարձրանալ, որոշեցի հույսս բախտի վրա թողնել: Բայց քանի որ մեր շատ բարի Մուշեղն այնտեղ էր, հաշվեք, թե հարցը լուծված է: Նա վազելով մոտեցավ ինձ, ու ի զարմանս ինձ, սահելով ավելի ցած իջավ, քան ես էի: Ես էլ իբր կատակեցի.
-Հը՞ն, Մուշ, հիմա ե՞ս եմ քեզ փրկում, թե՞ դու ինձ:
-Չէ, սահելով արի հետևիցս,- ասաց Մուշը:
Հետևեցի նրա հրահանգներին: Նա բռնեց ձեռքիցս ու օգնեց բարձրանալ: Ու ինչպես ասում են. «Մե՜ խինդ, մե՜ ծիծաղ…»: Չէ իրոք, Մուշի գովքը չի, բայց առաջին. շատ ուրախ էի, որ վերջապես մեկն ինձ օգնեց, երկրորդ. ո՞նց կարող էի չգրել այս մասին, եթե ուրիշ ոչ մի կերպ շնորհակալությունս հայտնել չեմ կարող: Հիմա ասածս ինչ է. մա՜րդ եղեք, մարդիկ: Լավություն արեք ու ջուրը գցեք, հետ կգա:

Հ.Գ. Ապրես Մուշ ջան, ես էս դեպքը հաստատ չեմ մոռանա: Ափսոս ոչ մեկը չանմահացրեց էդ պահերը, հետո կնայեինք նկարները, կծիծաղեինք: Մեկ էլ ապրի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը, որ մեր առօրյան դարձրեց այսքան հագեցած:

Համացանցո՞ւմ, թե՞ իրական կյանքում

Որոշեցի հյուր գնալ հորաքրոջս: Բարձրացա աստիճաններով, մտա տուն ու ի՞նչ տեսնեմ. մեծ աղջիկը համակարգչի առջև էր նստած, իսկ փոքրը՝ հեռախոսով էր խաղում: Նրանք ողջունեցին ինձ, և նստելով իրենց նախկին տեղերը, շարունակեցին իրենց գործը:
Առաջ, երբ համակարգիչներն ու հեռախոսները այդքան տարածված չէին, իսկական ուրախություն էր, երբ ես նրանց տանն էի: Մենք մինչև ուշ երեկո խաղում էինք բակում, իսկ երբ վերադառնում էինք, հորաքույրս բարկանում էր մեզ վրա և արգելում հեռուստացույց դիտել: Այժմ այդ ամենի փոխարեն երեխաներն իրենց ազատ ժամանակն անցկացնում են սոցիալական ցանցերում: Ցավոք սրտի, այդ խնդիրը տարածված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Երեխաներն իրենց ֆեյսբուքյան, թվիթերյան և սոցիալական այլ կայքերում կատարում են հարյուրավոր և նույնիսկ հազարավոր գրառումներ առողջ ապրելակերպի, իսկական ընկերների, երջանիկ պահերի և շատ այլ բաների մասին: Սակայն հենց իրենք թողել են այդ ամենը իրական կյանքում և համակարգչի էկրանից բացի ոչինչ ո՛չ տեսնում են, ո՛չ էլ ուզում են տեսնել: Շատ անգամներ, երբ ես հրավիրել եմ ընկերներիս բակ՝ խոսելու, խաղալու կամ զբոսնելու, ստացել եմ մի այսպիսի պատախան.
-Ինչա՞ եղել, սենց ասա, հավես չկա դուրս գալու:
Կամ.
-Չէ սաղ երեխեքը ինտերնետում են, խոսում ենք, թող մնա հետո:
Այսպիսի պատասխաններից հետո փողոց դուրս գալու ցանկությունդ կորչում է: Ո՞ւմ հետ զբոսնել, խոսել կամ մի ուրիշ հետաքրքիր բան անել: Ու ինքս էլ մնում եմ ինտերնետում բոլորի հետ, բոլորի նման:
Այսօր ինտերնետից խուսափելն անհնար է դարձել, և դա այն պարզ պատճառով, որ մարդիկ ծուլանում են կատարել պարզ և երբեմն նույնիսկ հաճելի աշխատանքներ: Օրինակ՝ գնումներ կատարել, թատրոն կամ կինոթատրոն գնալ, երեխաներին զբոսանքի տանել և այլն: Այս ամենի փոխարեն մարդիկ պատվիրում են սնունդը, ֆիլմեր դիտում են տանը, իսկ երեխաների զբոսանքներին փոխարինելու են գալիս մուլտֆիլմերը: Ընտանիքի անդամներն սկսում են ավելի քիչ շփվել միմյանց հետ, և ավելի քիչ ժամանակ տրամադրել իրար:
Այս ամենը շատ ցավալի է, և ես կցանկանայի ինտերնետում գրառումներ կատարելու փոխարեն, մարդիկ անմիջական շփման միջոցով կիսվեին իրենց ընկերների հետ: