Ռուզաննա Բայրամյանի բոլոր հրապարակումները

ruzan bayramyan

Բաղանսեցին Կոթիում քյոխվա

Պապիկս հաճախ  էր պատմում իր գյուղի՝ Բաղանիսի մասին, ուր  մեծացել էր բազմանդամ ընտանիքում: Մի հետաքրքիր պատմություն, որ պատմել էր պապիկս իր եղբոր մասին, գրավեց իմ ուշադրությունը:

Ուսուցիչների ավանդական օրվա կապակցությամբ Կոթիի միջնակարգ դպրոցում հանդիսավոր նիստ է անցկացվում, որին մասնակցում են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր: Ըստ ավանդույթի,  կազմակերպվում է ճաշկերույթ, թամադա է նշանակվում տարիքով ավագ ուսուցիչ Հայկազ Բայրամյանը, ով բաղանսեցի է, երկար ժամանակ  ապրում ու աշխատում է Կոթիում:

Հնչում են բաժակաճառեր, ջերմ խոսքեր և բարեմաղթանքներ: Վերջում տեղացի ուսուցիչներից մեկը, կատակով թե լուրջ, հանդիմանում է.

-Ինչո՞ւ է խնջույքը ղեկավարում բաղանսեցին:

Նրան արձագանքեցին և իրենց տրտունջը հայտնեցին որոշ տեղացիներ: Սեղանապետ Հայկազը դիմում է սեղանակիցներին:

-Դուք ինձ ընտրեցիք և տրտնջում եք, ըմբոստանում: Մի՞թե մի քանի ժամով սեղան ղեկավարելը այդքան մեծ բան է:

-Այո՛, շատ մեծ բան է, անգամ ամոթ է, որ կոթեցին չի ղեկավարում,- վրդովված ասում են մի քանի հոգի:

-Բայց դուք գիտեք, որ բաղանսեցին Կոթիում քյոխվա է եղել (տանուտեր): Ինչպե՞ս եք հանդուրժել,- ասում է Հայկազը:

-Չի կարող պատահել, հորինված բան է,- գոռում են շատերը:

Հայկազն ասում է, որ դա իրական փաստ է: Գրազ են գալիս և գնում ակումբի մոտ զրուցող  ծերունիներից իմանալու:

-Այ հալիվորներ, մեր գյուղում բաղանսեցին քյոխվա եղե՞լ է,- հարցրեց տեղացի ուսուցիչներից մեկը:

-Եղել է,- ասում են ծերունիները:

-Ապա՛, ինչո՞վ կապացուցեք,-ըմբոստանում են ուսուցիչները:

-Եթե մեջքներս բացեք` կերևա քյոխվայի պլետի (մտրակի) հետքեր:

Մեկնաբանություններն ավելորդ են: Գրազը տարվում են տեղացի ուսուցիչները և  հաջորդ օրը ըստ պայմանավորվածության խնջույք կազմակերպում:

Չգիտեմ, թե այս պատմությունը հնարած է թե չէ, և ինչ կտա մեր ընթերցողին, բայց եթե պապս հիշում ու պատմում է, ուրեմն մի բան կա:

ruzan bayramyan

Պապիկս պատմաբան է

Հարցազրույցս  անցկացրել  եմ պապիկիս՝  Համլետ Տաշչյանի հետ, ով մասնագիտությամբ  պատմաբան է:

-Պապի՛կ, թույլ կտա՞ս մի քանի հարց տալ քո աշխատանքային փորձի, կյանքի  և գործունեության մասին:

-Հա, բալես,  իհարկե, ուշադիր լսում եմ քեզ:

-Պապ, մի փոքր պատմիր մանկության և  պատանեկության տարիներիդ մասին:

-Մանկությունս անցել է Ջավախքի հրաշագեղ բնության գրկում՝ Օլավեր գյուղում: Էրզրումից գաղթած ապուպապերիս ժառանգն եմ, մեր ընտանիքի անդրանիկ որդին: Հայրս բարի, աշխատասեր և ուսումնասեր մարդ էր, կոլտնտեսության ակտիվիստներից մեկը: Հենց  հայրս էր  մեր  մեջ սերմանում սեր՝ գիտելիքի, ընտանիքի  և հայրենասիհայրենիքի հանդեպ: 8-ամյա կրթությունս ստացել եմ տեղի դպրոցում, այնուհետև միջնակարգ կրթություն եմ ստացել Ախալքալաք քաղաքի Հ. Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում: Հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, ստացել բարձրագույն կրթություն և հաստատվել որպես անհատ մեր հասարակության մեջ:

-Պապ  ինչո՞ւ  ընտրեցիր հենց ուսուցչի մասնագիտությունը, և այն էլ ինչ ուսուցչի ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ:

-Պատմությունը հենց ինքնին տրամաբանություն է, միշտ հիշի՛ր: Բոլոր գիտություններն ունեն իրենց պատմությունը: Մարքսը ասել է. «Ես ճանաչում եմ միայն մի գիտություն. դա պատմությունն է»: Յուրաքանչյուրս պարտավոր ենք իմանալ մեր պատմությունը, անցյալի սխալները չկրկնելով` ապրենք այսօր: Պապուս պապը պատմության մասնագետ էր, իսկ պապուս հայրը` մաթեմատիկայի:

-Իսկ դժվար չէ՞ր դասավանդել դպրոցում, լինել  տնօրեն, ինչպե՞ս էիր հասցնում այդ ամենը:

-Նախ ասեմ, որ 1970 թվականից աշխատել եմ դպրոցում որպես պատմության ուսուցիչ, իսկ 1973 թվականից մինչև 2005 թվականը որպես տնօրեն: Ռուզ ջան, մարդ եթե մի  բան շատ է ուզում, միշտ էլ հասցնում է, առավել ևս, եթե սիրում ես աշխատանքդ և հաճույքով ես այն կատարում:

-Պապ, կթվարկե՞ս մի քանի նվաճումներ քո կյանքում, որոնք դու ամենից շատն ես կարևորում:

-Դե, առաջինը լավ ու գեղեցիկ ընտանիքս է, դաստիարակված և կայացած երեխաներս են, հետո լավ ու սիրելի աշխատանքս և աշակերտներս, որոնցից շատերը հասել են մեծ բարձունքների: Մի կարևոր նվաճում, որն իմն ու իմ ժողովրդինն է, դա Ղարաբաղի  գրավումն է: