Էդուարդ Թամամյանի բոլոր հրապարակումները

«Իմ իրավունքները եւ ինչպես են դրանք պաշտպանվում» թեմայով էսսեների մրցույթի հաղթողներ

«Փաճիկո մոլորակի երեխաների իրավունքները»
Առաջին մրցանակ

Էդուարդ Թամամյան, 9 տ., Երեւանի թիվ 71 դպրոցeduard tamamyan

Հեռու հեռվում՝ արեգակնային համակարգից էլ այն կողմ, կա մեկ այլ արեգակնային համակարգ։ Հենց այնտեղ է գտնվում Փաճիկո անունով մոլորակը։ Այն Երկիր մոլորակից բավականին մեծ է, նույնիսկ արևից էլ է մեծ։ Սակայն այս մոլորակում կա ընդամենը չորս պետություն, որտեղ երեխաներն ունեն շատ արտոնություններ։

Կոլիանսա

Դարեր առաջ, երբ երեխային ուղղակի սթրեսի էին ենթարկում, ծեծում, անհարգալից վարվում նրա հետ, իշխանները մահապատժի էին ենթարկում ցավ պատճառողներին։ Իսկ հիմա արդեն բանտ են նստեցնում։

Կոլիանսայում գոյություն ունի երեխաների իրավունքների մասնաշենք։ Այդ մասնաշենքում կան երեք մասեր՝ հոգեբանության մաս, դատարան և բանտ։ Հոգեբանության մասն իր հերթին բաղկացած է երկու սենյակից՝ պատմարան և որոշման սենյակ։ Պատմարանում երեխաները պատմում են ողջ եղելությունը, իսկ որոշման սենյակում որոշվում է ներում շնորհել մեղադրյալին, թե՝ ոչ։

Որբերը ևս կարող են բողոքել ինչպես իրենց ծնողներից, որոնք լքել են իրենց, այնպես էլ դաստիարակներից։ Եթե երեխան բողոք է ներկայացնում դաստիարակի դեմ, ապա հաշվի են առնվում նաև մյուս երեխաների կարծիքները։ Այդ դաստիարակը դատապարտվում է ցմահ ազատազրկման։

Գրենլանդիում գործում է Կոլիանսայի օրենքը, որովհետև այն Կոլիանսայի կղզին է։

Հոպինսա

Այստեղ, ճիշտ է, չկա երեխաների իրավունքների մասնաշենք, բայց կա գլխավոր դատարան։ Այդ դատարանն ունի երեխաների և որբերի բողոքման բաժին։ Հենց այդ բաժնում մեղադրյալներին պատժում են Կոլիանսայի օրենքով, քանի որ Կոլիանսան և Հոպինսան միասնական պետություններ են։

Դարեր առաջ, երբ այսպիսի օրենքներ դեռ չկային, Հոպինսան այսպես էր պատժում իր պետության կանոնախախտներին. մեկ անգամ խախտելու դեպքում պահանջում էր մեծ տուգանք վճարել, երկրորդ անգամ խախտելու դեպքում երեխայի ծնողները բաժանվում էին, իսկ տունն ու ամբողջ գույքը մնում էր կանոնը չխախտող անձին։ Երկու կողմին էլ արգելվում էր պետությունից դուրս գալ, նույնիսկ՝ ամուսնանալ։

Հիմա արդեն այս օրենքը չի գործում, և շատ լավ է, որ չի գործում։ Ամեն դեպքում երեխային ընտանիք է պետք, լիարժեք ընտանիք…

Սիցելում գործում է նույն Հոպինսայի օրենքը։ Մոռացա ասել՝ Սիցելը Հոպինսայի կղզին է:

Չինար

Չինարում օրենքները տարբեր են։ Դատը տևում է հինգ տարի։ Այստեղ ամեն մի գյուղ ունի իր դատարանը, որտեղ նստում է գյուղապետը։ Երկու գյուղ միասին կազմում են մեկ մարզ։ Մարզային դատարանում նստում է մարզպետը, քաղաքային դատարանում՝ քաղաքապետը, իսկ մայրաքաղաքում՝ նախագահը, քանի որ այստեղ երեխաներին ավելի շատ են սթրեսի ենթարկում։

Հնում չինարցիները շատ համառ եղանակով էին դատում մեղադրյալներին. կանչում էին դատարան և ստիպում ստորագրել մի թղթի տակ, որը վերջինիս զրկում էր ծնողական իրավունքներից։ Դատարանն էլ երեխային հանձնում էր այն մարդու խնամակալությանը, ում որ երեխան էր նախընտրում։ Իսկ եթե ծնողը հրաժարվում էր ստորագրել, դատավճիռը կայացնում էր նախագահը։ Հետաքրքիրն այն էր, որ երեխան չէր մասնակցում դատավճռին․ ամեն դեպքում ևս մեկ սթրես, կարծում եմ, պետք չէր։

Հիմա որոշումը կայացվում է երեխային հասցրած վնասի աստիճանից ելնելով՝

առաջին աստիճան – ազատ են արձակում

երկրորդ աստիճան – դատապարտում են ոչ ցմահ ազատազրկման

երրորդ աստիճան – դատապարտում են ցմահ ազատազրկման։

Չինարի կղզիներում նույն օրենքներն են գործում։

Չոչո

Չոչոյում գործում է Չինարի օրինակը, միայն այն տարբերությամբ, որ մեղադրյալին դատում են ժողովրդի քվեարկությամբ։ Իսկ դարեր առաջ որոշում կայացնում էին հինգ դատավորները՝ դեմ և կողմ քվեարկելով։

Չոչոյի կղզիներում էլ, բնականաբար, գործում են նույն օրենքները։

Ես շատ եմ մտածել Փաճիկո մոլորակում ապրելու մասին։ Այնտեղի մարդիկ շատ ավելի բարի են, քիչ են բռնություն կիրառում և, որ ամենակարևորն է, շատ-շատ են սիրում ու գնահատում իրենց երեխաներին։ Այդ է պատճառը, որ դատերը քիչ են լինում Փաճիկոյում։

Ա՜խ, եթե մեր մոլորակն էլ այդպիսին լիներ…