Լիդա Հայրապետյանի բոլոր հրապարակումները

Առանց քեզ, բայց քեզ հետ

Այսօր Տավուշ գյուղը մռայլ է, սպիտակ ձյան վրայից սև շղարշ է հագել։ Չկա գյուղի ուրախ առօրյան, չկան անհոգ մարդիկ։ Քայլում են՝ գլուխները կախ ու սրտներում բազում հերոսներ պահած։ Գյուղը շատ հերոսներ ունի, բայց ցավալի է, երբ հերոսի մասին խոսում ես անցյալով…

Գյուղի ժայռերից մեկի ստորոտում ապրում էր մի խաղաղ ընտանիք. հայրը, մայրը, երկու որդիները և պապը։ Կյանքը հիասքանչ էր, երեխաները մեծանում էին, փոխվում էր նաև գյուղի առօրյան։ Անցնում էր ժամանակն իր հետ ավելի ակներև դարձնելով կյանքի փոփոխությունները։

Ավագ տղան՝ Հայկը, երկու տարով էր մեծ կրտսերից՝ Վարուժանից։ Հայկի բանակ զորակոչվելուց մեկուկես տարի հետո զորակոչվեց նաև Վարուժանը։

- Շուտ գնամ, որ շուտ էլ հետ գամ,- ասում էր Վարուժանը, ով այդ տարվա առաջին զորահավաքի զորակոչիկներից էր։ Ասաց ու գնաց։ Ծառայում էր Արայի լեռան վրա, հաճախակի մոր հետ էր խոսում։

Պատերազմի սկսվելու օրվանից Վարուժը եղել է Ջաբրայիլի մարտերի ծանր հատվածներում։ Կռվել է արիաբար ու մինչև վերջին շունչը։ Ընկերը պատմում է նրա սխրագործությունների մասին՝ ինչպես է զոհված ընկերների ու հրամանատարի դին հանել մարտադաշտից և սխրանքներ գործել մարտի դաշտում։ Սակայն, ցավոք, հոկտեմբերի ութը չարաբաստիկ օր դարձավ բոլորիս համար՝ մարտական գործողությունների ընթացքում արիաբար զոհվեց 18-ամյա Վարուժանը։

Վարուժանի մասին անվերջ կարելի է խոսել։ Մայրն ասում է.

-Վարուժս կատու շատ էր սիրում, մի անգամ կատուն գրկին տուն եկավ ու խնդրեց պահել նրան, կատուն արդեն ձագեր է հանել, տղաս շատ էր ուրախացել, ասաց. «Մայր, կպահես մինչև գամ»։

Վարուժը շատ նախասիրություններ ուներ, սիրում էր դաջվածքներ անել, կարող էր ամբողջ օրը երգ լսել, սպորտով շատ էր զբաղվում, առնական կազմվածք ուներ։ Պարզ տղա էր, սիրում էր օգնել մարդկանց։ Նաև շատ աշխույժ էր, դպրոցում հաճախ արժանանում էր ուսուցիչների նախատինքին, բայց դրա հետ մեկտեղ ուսուցիչներն իրենք  էին խոստովանում, որ Վարուժը շատ խելացի է։

Իմ ամբողջ կյանքի ընթացքում միշտ հիշելու եմ իրեն։ Մանկության ընկերներ էինք, չեմ էլ հիշում որ տարիքից։ Խաղերն ու դասերն անցնում էին միասին։ Ես էի, եղբայրս ու նրանք երկու եղբայրներով։ Ընկերացել էինք մանկապարտեզի տարիներից։ Հիշում եմ մեր խաղերը՝ պահմտոցին էր հիմնականում։ Դասերն իրար օգնելով էինք անում։ Ընկերներ ենք եղել տարիներով ու մինչև հիմա էլ ընկերներ ենք, ու մեզ չի խանգարում նրա բացակայությունը։ Նա միշտ մեր ընկերը կլինի։

Շիրիմին այցելելով ու նկարին նայելով կարծես զգում ենք նրա ներկայությունը։ Նա ներկա է մեր սրտերում ու հոգիներում…