Երևանի տարածաշրջանային N1 Պետական քոլեջի Ռեժիսուրայի բաժնի ուսանողուհի Մերի Վարդանյանը նկարահանել է դոկումենտալ ֆիլմ, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆայել Ֆռանգուլյանին։ Ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնվեց փակ դիտմամբ` 01.28.2023-ին։ Պրեմերիային ներկա էին նաև Ռաֆայելի մարտական ընկերները։
Ֆիլմը պատմում է Ռաֆայել Ֆռանգուլյանի և նրա մահից հետո ընտանիքի կյանքի մասին։ Կյանքը մինչև 44 օրյա պատերազմը և դրանից հետո։
«Սա մեր և Ռաֆայելի ֆիլմն է, ու այս ֆիլմը ավարտ չունի, որովհետև Ռաֆայելի մասին միշտ խոսելու են»,-ասում է Մերին։
Նա նշում է, որ ֆիլմը նկարելու գաղափարը առաջացել է այն ժամանակ, երբ Ռաֆայելի մայրը պատմում էր, իսկ ինքը չէր հասկանում. «Միակ չհասկանալս ցավն էր, որը կար ամեն տողի մեջ»։
«Նկարահանման ընթացքը բավականին բարդ էր, քանի որ ամեն ինչ ես միայնակ էի անում, կապված տեխնիկական խնդիրների հետ։ Ֆիլմի նպատակն էր ներկայացնել Հերոսի ընտանիքի ապրումները նրա մահից հետո»,-ասում է Մերին:
«Ռաֆայել Ֆռանգուլյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մարտունի երկուսում, նրա հետ ընկան նաև շատ հերոսներ, ում մենք հավերժ պարտական ենք»,-եզրափակեց նա։