Լիլիթ Մուրադյանի բոլոր հրապարակումները

Lilit Muradyan

Հայացք դեպի մանկություն

Հացատան երդիկից դուրս են գալիս ծխի տաք քուլաները` օդում տարածելով հացի անուշ բույրը։ Թոնրում արարվում է հայի սեղանը զարդարող հացը` լավաշը։

Մանկահասակ երեխաները շտապում են  ուտելու առաջին հացը (թոնրում թխված առաջին լավաշը, քանի որ թեժ կրակից այրվում է, այդ պատճառով ստանում է դառը համ) լավ իմանալով, որ այն հաստատ դառն է լինելու։ Հացատան դիմաց է գտնվում այն էլեկտրասյունը, որի վրա իրենց բույնն են հյուսել արագիլները, որոնք իրենց կափկափյունով շեղում են երեխաների ուշադրությունը և բերկրանք պարգևում նրանց։ Երեխաները հատկապես ուրախանում են, երբ արագիլներից մեկը իջնում և կեր է հայթայթում տան մոտակայքում գտնվող մարգագետնում։ Երեխաները վազում են դեպի մարգագետին և երփներանգ ծաղիկների վրա հանկարծ նկատում են գույնզգույն թիթեռնիկներին։ Երեխաներից մեկը ասում է.

- Գիտե՞ք, ասում են, որ թիթեռը մեկ օրվա կյանք ունի։
Ու որոշում են բռնել թիթեռնիկներին։ Ի՞նչ կա որ, միևնույն է, նրանք սպասելու էին հայրիկին ու պապիկին, ովքեր տուն էին վերադառնալու կեսգիշերին (դա յուրաքանչյուր աշխատավոր գյուղացու առօրյան է ամռան և աշնան ամիսներին)։ Իսկ մինչ այդ նրանք ուշադիր կհետևեին թիթեռնիկներին, գուցե կարողանային օգնել նրանց, չէ՞ որ նրանցից ոչ մեկը չէր ուզում պատկերացնել երփներանգ ծաղիկներն առանց գույնզգույն թիթեռնիկների։
Գիշերային խաղաղ լռություն է իջել գյուղի վրա, հանգած են բոլոր լույսերը, մարդիկ խաղաղ քուն են մտել։ Լռությունը մերթընդմերթ խախտվում է շների հաչոցով։ Եվ հանկարծ գյուղամիջից լսվում է տրակտորների  ծանոթ հռնդյունը։ Երեխաները սրում են իրենց լսողությունը, և ուրախանում, որ տուն են վերադառնում հայրիկն ու պապիկը, նրանցից երկուսը սկսում են թռչկոտել։ Նրանք համոզված են, որ հայրիկը դաշտի ծաղիկներ է բերելու, ուրախանում են` գուցե դրանցով կարողանան փրկել թիթեռների կյանքը։ Իսկ պապը` ալեզարդ ու տանջված ծերունին, որքան ջերմություն և սեր պիտի  բերի իր հետ` լցնելով իր ավանդական գերդաստանը…

Ափսո ֮ս, թիթեռի կյանքի պես անցավ մեր մանկությունը, հացատան երդիկը փակվեց։ Ծեր էլեկտրասյունը, որի վրա բույն էին հյուսել արագիլները, չդիմացավ ուժեղ քամուն, տապալվեց։ Տրակտորներից մեկի հռնդյունը դադարեց, որովհետև այլևս չկար գերդաստանի նահապետը։
Ծաղիկներն ու թիթեռները մեր մանկական հիշողություններում դարձան այն փարոսները, որոնք  մեր ողջ կյանքում կուղեկցեն մեզ։