Գոհար Պողոսյանի բոլոր հրապարակումները

gohar poghosyan

Ամենալավ տունը

Վերջերս Արագածոտնի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Աշխարհագրությունը լույս է խավարում և կողմանցույց՝ մոլորվածի համար» վերնագրով միջոցառում՝ աշխարհագրության ուսուցիչ Կիմա Ստեփանյանի գլխավորությամբ:

Միջոցառման նպատակը հետևյալն էր. պարզել, թե որն է աշխարհի ամենալավ տունը: Այդ հարցը պարզելու համար աշխարհագետն իր մոտ էր հրավիրել մի քանի երկրների ներկայացուցիչների: Արվել էր ամեն ինչ, որպեսզի այդ երկրների ավանդական շունչը հաղորդվեր հանդիսատեսին: Սկզբում ծանոթացանք տիեզերքի և մայրցամաքների հետ, այնուհետև երկրների: Ներկայացան Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հնդկաստանի ներկայացուցիչները: Նրանք պատմեցին իրենց երկրների մասին: Ներկայացրեցին դրանց լավ կողմերը, իսկ վերջում ցուցադրեցին այդ երկրների ավանդական պարերը: Վերջում եկան Հայաստանի ներկայացուցիչները՝ իրենց ավանդական տարազներով և մեր հերոսների զիվորական հագուստով: Պարեցին «Յարխուշտա» և Հայաստանին բնորոշեցին գեղեցիկ խոսքերով:

-Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևելքում

Մի աղջիկ է ապրում, համեստ ու սիրուն

Երկար ու գանգուր վարսերը փռած,

Հայացքը դեպի արևմուտք հառած:

Ահա այսպես բնորոշվեց Հայաստանի «արտաքինը»: Երգեցին հայրենասիրական «Զարթոնք» երգը, որով ավարտվեց միջոցառումը:

Այդ ընթացքում աշխարհագետը հասկացավ, որ աշխարհի ամենալավ տունը այն վայրն է, որտեղ մենք ծնվում և մեծանում ենք:

gohar poghosyan

Լավ և վատ խորհուրդներ մեծերից

Երբ ես տասը տարեկան էի, ինձ նվիրեցին համակարգիչ: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար, կարծես աշխարհը իմը լիներ: Ես համակարգչի դիմաց մնում էի օրական մեկից երկու ժամ և չէի հոգնում: Հայրիկս ոչինչ չէր ասում, սակայն հետո սկսեց բարկանալ և ամեն անգամ ինձ ասում էր.

-Բավակա՛ն է համակարգչի դիմաց նստես, տեսողությունդ կվատանա: Ես քեզ ասել եմ, որ ընդամենը մեկ ժամ կարող ես խաղալ:

-Ոչինչ էլ չի լինի, հայրի՛կ, ամեն ինչ լավ կլինի,- անընդհատ կրկնում էի ես:

-Արագ անջատի՛ր համակարգիչը: Այնպես մի արա, որ ընդհանրապես համակարգչի երես չտեսնես:

-Է՜հ, լավ կանջատեմ:

Այս ամենից հետո ես նեղանում էի հայրիկիցս և փակվում սենյակում: Ու այսպես ամեն օր: Ես ժամանակի ընթացքում համակերպվեցի, որ պետք է մեկ ժամ մնամ համակարգչի դիմաց և այդպես ինձ ավելի լավ էի զգում:

Մի անգամ մայրիկս ինձ ուղարկեց հարևանուհու տուն, որպեսզի նրան փոխանցեմ ինչ-որ թղթեր: Երբ մտա նրանց տուն, նա բարկանում էր երեխայի վրա և չէր թողնում նրան բակ դուրս գալ՝ պատճառաբանելով, որ ցուրտ է:

-Դրսում ցուրտ է: Մնա տանը և համակարգչով խաղա որքան կուզես,- ասում էր նա:

-Բայց ինչո՞ւ եք նրան ստիպում մնալ տանը և համակարգչով խաղալ: Չէ՞ որ նա դեռ փոքր է. դա նրա համար վնասակար է,- բացատրում էի ես:

-Վնասակար չէ, թող խաղա, գոնե այդպես գլուխս մի փոքր կհանգստանա:

Այս դեպքից մեկ տարի անց վեցամյա երեխան սկսեց ակնոց կրել: Նա այնքան էր մնացել համակարգչի դիմաց, որ վատացել էր տեսողությունը:

Ես սկսեցի մեղադրել ինձ՝  հայրիկիս չլսելու համար և նրանից ներողություն խնդրեցի: Ես շնորհակալ եմ նրանից իր խստության համար: Եթե չլիներ նրա խստությունը, միգուցե ես նույնպես ունենայի տեսողության հետ խնդիրներ: