Ամեն առավոտվա պես նորից արթնացա, տաք ջրով լվացվեցի, ինձ կարգի բերեցի ու վերցրի պայուսակը, որը այնքան էր ծանր, որ երբեմն կատակում եմ, թե մեջը զրահատեխնիկա եմ պահում: Թերևս դա իմ ամենամեծ հոգսն էր թվում այդ պահին:
Առաջին դասը չեմ էլ հիշում ինչ էր, բայց լուսամուտից սկսեցի նայել: Լուսամուտը նայում էր դեպի այն թաղամասը, որտեղ բազմաթիվ տնակներ կային, որոնք ժամանակավոր օթևաններ էին Սպիտակի երկրաշարժից հետո: Այդ տնակներից մեկում ես էլ եմ ապրել: Շատ փոքր եմ եղել այդ ժամանակ, բայց հիշում եմ, որ տունը շատ փոքր էր: Հիմա դպրոցի պատուհանից նայում էի մեր նախկին հարևաններին: Նրանք դեռ այդտեղ էին: Իմ տաք ջրի փոխարեն լվացվում էին բակի աղբյուրի ջրով, որը եթե մի քիչ էլ ցուրտ լիներ, էլ չէր հոսի ու կսառչեր: Մայրը բակում սպիտակեղեն էր փռում:Պարանը լվացքի ծանրությունից թուլացավ: Քամին երբեմն քշում ու տանում էր՝ գցելով աղբյուրի մեջ ու կրկնապատկում տանտիրուհու առանց այդ էր չափազանց շատ հոգսերը:
Ու հանկարծ հայտնվեց չարաճճի որդին իր ցեխոտ գնդակով ու ավելի ցեխոտ շորերով: Չնայած չէի լսում, բայց համոզված էի, որ մայրը բարկացավ, բայց երբ որդին գնաց, տիրեց լռություն: Հանկարծ նրա զայրացած աչքերում հայտնվեցին արցունքի կաթիլներ: Մայրիկներն այդպիսին են. զայրանալուց անմիջապես հետո ափսոսում են: Նա նստեց աղբյուրի կողքի փոքրիկ փայտե աթոռին ու ձեռքերի մեջ առավ գլուխը, նայեց տնակին: Նորից նայեց լվացքին: Ցեխոտված լվացքը նորից ստիպված էր տրորել աղբյուրի սառը ջրի տակ:Ու հանկարծ որդին դուրս թռավ տնակից. նորից առնետ էր բռնել:
Զանգը հնչեց: Ավարտվեց առաջին ժամը, ծանր պայուսակս հանեցի դարակից, որ գիրքս հանեմ ու հասկացա, որ ծանր պայուսակը հոգս չէ: Իրոք, ծանր պայուսակը ամենևին հոգս չէ: