Լուրերին էի հետևում, երբ տեսա հայկական ծիրանի դեմ իրականացված «ոտնձգությունները»: Մի տեսակ խղճացի 21-րդ դարում խավարամիտ մնացածներին:
Հետո հիշեցի, երբ 2 տարի առաջ Ռուսաստանում էի (էն ժամանակ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ չկային), մեր տնից մի փոքր ներքև շուկա կար: Եղբորս կնոջ հետ սովորաբար էնտեղից էինք մրգեր գնում. համ մոտ էր, համ թարմ էին լինում մրգերը, համ էլ հաճախ հայկական էին լինում:
Շուկայում ռուսներ ու ադրբեջանցիներ էին աշխատում: Իսկ հայկական մրգեր-բանջարեղենը իրենց մոտ էին հենց լինում: Երկու կին էին՝ մոտ 50 տարեկան:
Ասում էին՝ առաջին հայացքից նկատել էին, որ հայ ենք, ասում էին՝ յուրահատուկ ենք:
Սկսեցինք գնումների հիմնական մասը իրենց մոտից կատարել. հայկական էին …
Ամեն անգամ գնումների ընթացքում հասցնում էին մի հետաքրքիր պատմություն կամ սովորություն պատմել հայերի մասին ու հարցնել.
-Ճիշտ գիտենք, չէ՞:
Ճիշտ գիտեին …
Մի օր էլ գնացինք շուկա ու դեռ հեռվից արդեն ծանոթ դարձած, ոչ սահուն ռուսերենով ձայնը լսեցինք.
- Երևանյան ծիրան ենք ստացել, քաղցր է, տեսքը՝ իդեալական: Ձեր մրգերը ձեզ պես յուրահատուկ են, ոսկի են:
Իհարկե գնեցինք:
Հետաքրքրվեցին՝ ի՞նչ եղանակով ենք մենք պատրաստում, հետո հարցրին, թե Հայաստանի որ շրջաններում է աճում (իրենք կարծում էին՝ Երևանում):
Ամառը վերջացավ, եկա Հայաստան: Դեռ երկա՜ր եղբորս կնոջից ինձնից են հետաքրքրվել, դեռ շա՜տ անգամներ ասել են.
-Երանի իրեն՝ ծիրանի աշխարհում է:
Հիմա ի՞նչ եղավ: