Ապրիլի 24-ին շատանում են Ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա, ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։
«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությամբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլորն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վերքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։
Ահա և իմ ընտանիքի պատմությունը, Ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց իր տոհմի գոյությունը։
Հրապարակվել է 2015/04/23

Այս տարի ամռան երկրորդ՝ ամենաշոգ ժամանակը ես անցկացրել եմ Արզական գյուղում։ Այդ գյուղը հայտնի է իր հանքային ջրերով, որոնք շատ օգտակար են մարդու առողջության համար։ Մենք ընտանիքով այնտեղ հաճախ ենք գնացել, բայց անընդհատ կես օրով, իսկ իմ մայրիկը ուզում էր ավելի երկար ժամանակով: Նա արդեն որերորդ տարին ուզում էր այնտեղ գնալ մեկ շաբաթով, բայց անընդհատ չէր ստացվում։
Ամռանը նրանք երկու ամիս են հանգստանում, որովհետև ձմռանը նրանք միայն մի ամսին են գնում, այն էլ դժվարությամբ, որովհետև ճանապարհները փակ են լինում առատ ձյան պատճառով։ Աշակերտները քայլում են ավտոմեքենաների անիվների տեղերով։ Բայց դրա փոխարեն նրանք անընդհատ ձնագնդիկ են խաղում, իսկ ամռանը դպրոցի բակում աճող ծառերի մրգերն են ուտում։ Կյանքը եռում է նաև մշակույթի տանը, որը ցավոք սրտի, ի տարբերություն դպրոցի, վատ վիճակում է։ Նրա մի մասը չի օգտագործվում, ավերված վիճակի պատճառով։ Մեծ դահլիճը, որը Երևանի դպրոցների դահլիճներից ավելի մեծ էր ու հարմար համերգների համար, դժբախտաբար գտնվում էր չօգտագործվող մասում։ Դահլիճի պատուհանները ջարդված էին, բեմի վրա վտանգավոր էր բարձրանալ, բեմի վերևը թռչունները բույն էին հյուսել, իսկ միջանցքի պատերին գրված էին անուններ և այլն։ Բայց մյուս մասնաշենքը օգտագործվում էր, և համարյա բոլոր երեխաները գնում էին այնտեղ դասերի. մեկը` դաշնամուրի, մյուսը` պարի, կլառնետի, թմբուկի, սոլֆեջիոյի, շախմատի, ասեղնագործության և այլն։ Ուսուցիչներից շատերը տեղացի էին։ Ընկերուհիներս ասում են, որ նրանք շատ են բարձրացրել մշակույթի տան վերանորոգման հարցը, բայց միևնույն է, ապարդյուն։ Ուղղակի բանն այն է, որ նույնիսկ նորը սարքել պետք չէ, միայն նորոգել, որը հաստատ շատ ծախսատար չէ պետության համար։ Դպրոցի մոտակայքում մանկապարտեզն էր և հոսպիտալը։ Որոնց դիմաց էլ Անհայտ զինվորի հուշարձանն է։ Գյուղում, սարերի մեջ կա նաև եկեղեցի, որը չունի քահանա և եկեղեցական ծեսեր չեն կատարվում։ Սակայն սրբատեղին ունի իր ուխտի օրը, և ամեն ամառ գյուղի բնակիչները գնում են այնտեղ ուխտի: Ուխտի օրը նրանք մեծ շուքով են նշում։
Չնայած նրան, որ Արզականը ինձ շատ էր դուր եկել, միևնույն է, ես ուզում էի վերադառնալ Երևան, իմ տուն, իմ փողոց, իմ դպրոց։

