Ախուրյանի ջրամբարը կառուցվել է 1975 թվին: Ջրամբարի շինարարության հետ զուգահեռ շատ գյուղեր տեղահանվել են և կառուցվել նոր ավաններ, քանի որ կմնային ջրամբարի տակ: Այդ գյուղերի թվին են պատկանում Վերին, Ներքին Ջրափիները, Իսահակյանը, Շիրակավանը, Երազգավորսը եւ Նորաբերդ գյուղը, որը հիմա չկա: Ջրամբարի կառուցման նպատակն է եղել ոռոգել Թալինի և Արմավիրի 40 հզ. հա հողատարածք: Սակայն ի՞նչ եղան մարդիկ, որոնք ապրում էին ջրամբարի կառուցման պատճառով տեղահանված գյուղերում:
Վերին և Ներքին Ջրափիները միավորեցին, և կառուցվեց Ջրափի գյուղը: Սկզբում գյուղ էլ չէր, այլ ջրամբարի շինարարությանը մասնակցող աշխատավորներին կացարանով ապահովելու ավան: Հետո շինարարները հեռացան,
և գյուղում շարունակեցին ապրել գյուղացիները: Եթե հանդիպեք ջրափցիների, շատ պատմություններ կլսեք տեղահանման, հին գյուղի սովորությունների մասին: Հանուն ոռոգման ջրի տեղահանվածները, թեև ապրում են ջրամբարի հարևանությամբ, սակայն ոռոգման ջուր այդպես էլ չունեցան: Ինչպես տեղումների հույսին էին եղել իրենց պապերը, այնպես էլ իրենք են այսօր անձրևի հույսին: Վաղուց չորացել են մրգատու այգիները, որոնք սկզբում ոռոգվում էին ջրամբարի ջրերով: Երաշտը ոչնչացրել է գրեթե ողջ տնտեսությունը: Մարդիկ հեռանում են գյուղից:
Երբ գյուղ մտնեք, կտեսնեք մի հին եկեղեցի: Ահա այն ամենը, ինչ մնացել է հին գյուղից: Եկեղեցին նույնպես մնալու էր ջրի տակ, սակայն որոշվեց համարակալել քարերը և տեղափոխել եկեղեցին:
Շուտով գարուն է, ջրափցիները դարձյալ երկնքին են նայում. Աստված կոռոգի՞ իրենց արտերը: