Նարե Խանաղյանի բոլոր հրապարակումները

Nare Khanangyan

Ես հիշում և պահանջում եմ

Երբ բավականին փոքր տարիքում գնացել էի Ծիծեռնակաբերդ, դեռ ինչ-որ տեղ չհասկանալով, թվում էր, թե այդ օրը լոկ ֆիլմերով է պարփակվում: Ավելի լավ հիշողություններիս մեջ «Մայրիկ» ֆիլմն է, բայց արի ու տես, որ իմ տարիքում եղած մեր տատիկ-պապիկները, նախնիները ինչքան դաժանություն են տեսել, ինչ ողբերգության միջով են անցել Եղեռնից մազապուրծ փրկվածները:  Եվ այսօր 18 տարեկանս, աշխարհայացքս ու մտածելակերպս փոխված, ավելի հասուն ու գիտակից եմ։

Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհս անցավ աղոթքով, հույսով ու վրեժի զգացումով: Աչքիս առաջ էին գալիս «Արտույտների ագարակը» ֆիլմի դաժան դրվագները (անհնարին է թվում անգամ պատկերացնելը, որ ամեն ինչ եղել է ավելի դաժան ու իրական), աչքերս արցունքով լցված, խաչը ձեռքումս սեղմած, նորից ու նորից էի հղում աղոթքս առ Աստված, աղոթում ու խնդրում էի նահատակ սրբերի հոգու հանգստությունը, ոսոխի պատիժը։

Ոճրագործներն անպատիժ են դեռ, ավելին, 2020 թվականին մենք համոզվեցինք կրկին, որ թշնամին, եղեռնագործը չի փոխվել. նույնն է և ձեռագիրը, և երազանքը: Այսօր մեր հայրենիքի անվտանգության համար պատասխանատու է մեր սերունդը, նա՛ պիտի որոշի մեր ազգի ու հայրենիքի ճակատագիրը։ Հայաստանը պիտի ոտքի կանգնի, պիտի վերականգնի իր արժանապատվությունը, թելադրի իր կամքը։ Նժդեհի փառահեղ խոսքերն են․ «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները»։

Հայրենիքը սիրենք այնպես, ինչպես մեր եղբայրները սիրեցին ու ընկան հանուն հայրենիքի, հանուն մեզ՝ բոլորիս․․․

Կա՛նք,պիտի լինե՛նք ու դեռ շատանա՛նք։ Ես հիշում և պահանջում եմ։