Մարիամ Միքայելյանի բոլոր հրապարակումները

mariam miqayelyan india

Ինչքան օտար, նույնքան էլ հարազատ

Բարև,
Գրում եմ տանից 3780 կիլոմետր հեռավորության վրա, օտարության մեջ` Պունե, Մահարաշթրա, Հնդկաստան, ու դե իհարկե, կարոտը սրտումս, բայց մեկ է, տանը։ Պարադոքս կթվա, բայց արդեն սովորական բան է։
Էստեղ  ամեն ինչ տարբեր է, ամեն-ամեն ինչ։ Նույնիսկ տրանսպորտն է հակառակ կողմից։
Էստեղ ես չեմ կարող ազատ, երբ սիրտս տա, դուրս գալ եղևնիների տակ քայլել, որովհետև նախ ապահով չի, հետո ժամանակ չունեմ, ու հա, մեկ էլ եղևնիներ չկան: Փոխարենը` ջունգլիներ են, որոնք արդեն հարազատացել են։ Ժամանակն էլ է տարբեր: Ճիշտ է, մեծ չի տարբերությունը, բայց մեկ է, տարբեր է։ Ու որ ամենակարևորը՝ էստեղ մամա չկա, որ ինձ ամեն առավոտ արթնացնի, ես էլ ասեմ․
-Է՜, մամ, լավ էլի, թող մի քիչ էլ քնեմ։
Ինձ էստեղ հիմնականում արթնացնում են տանիքիս վրա վազվզող կապիկները։
Էստեղ մամայի եփած համով ճաշիկներն էլ չկան։ Փոխարենը, կան տարօրինակ անուններով ուտելիքներ, ու հա, երևի հասկացաք, որ դրանք էլ են հարազատ դարձել: Մեկ էլ կա Լիլիթը, ում հետ միշտ փորձում ենք համով բաներ պատրաստել, դե իհարկե, չի ստացվում, բայց մենք մեզ համոզում ենք, որ «տուն տանելու աղջիկներ ենք»։
Կա լիքը-լիքը կարոտ ու էմոցիաներ, որոնք հաճախ չեմ կարողանում կառավարել։ Էստեղ լսում եմ երգեր, որոնք տանը հաստատ չէի լսի, ու եթե նույնիսկ ինչ-որ մեկը լսեր, կա՛մ կխնդրեի, որ անջատեն, կամ էլ ականջակալներս կդնեի, կսկսեի իմ երգերը լսել։ Հա, ու ասեմ, Թաթայի երգերի մեջ էլ շա՜տ հարազատություն կա: Դե կարոտն է, ի՞նչ կարող եմ անել։
Մի սենյակում ապրում եմ Մեքսիկայից, Սլովենիայից ու Հնդկաստանից սենյակակիցներիս հետ, ովքեր արդեն դարձել են քույրեր, և ում հետ ամեն շաբաթ կիրակի փոփքորն ենք սարքում ու Նեթֆլիքս նայում, որ ցրվենք դասերի թոհուբոհից։
Ամեն առավոտ դասի գնալու ճանապարհին, ծանոթ մարդկանց տեսնելիս չեմ ասում «Բարև», էստեղ բարևին փոխարինում է «Նամաստե»-ն։ Ճիշտ է, դա էլ է հարազատ դարձել։

Հնդկաստանը էն Հնդկաստանը չի, որը պատկերված է հնդկական սերիալներում, և որոնք մեր պապիկ-տատիկները մեծ հետաքրքրությամբ նայում են։ Թաջ Մահալից բացի, էստեղ շատ ու շատ սիրուն բաներ կա տեսնելու։
Համարյա 7,5 ամիս էստեղ ապրելու ընթացքում հասցրել եմ տեսնել անթիվ անհամար տաճարներ ու թագավորական պալատներ, փորձել եմ մրգեր, որոնց անունն էլ չգիտեի, հանդիպել եմ մարդկանց, ում փոքր ժամանակ ես ու մանկությանս ընկերները, եթե հանդիպեինք կասեինք՝ «հելոներն» են։
Էստեղ տեսել եմ աշխարհի ամենասիրուն ու ամենատպավորիչ արևածագերն ու մայրամուտները, չնայած, ո՞ր արևածագը կամ մայրամուտը չի տպավորիչ։
Արշավ չի եղել քոլեջի կողմից կազմակերպված, որ բաց թողնեմ։
Ունեցել եմ անթիվ, անհամար քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։

Երբեք չէի պատկերացնի, որ 17-ամյակս կնշեմ տանից շատ հեռու, մի բլրի վրա (քոլեջիս ֆիզիկական տեղակայմանը էդպես ենք ասում), ընկերներիս  հետ, էնպիսի երկրներից, ինչպիսիք են` Մեքսիկան, Սլովենիան, Հնդկաստանը, Նիկարագուան, Սիրիան, Չինաստանը, Նամիբիան, Տաջիկստանը ու էլի շատ երկրներ։ Չէի պատկերացնի, որ մի սենյակում կունենամ իմ անկյունը՝ զարդարված սպիտակ լույսերով ու ընկերներիս նկարներով, որպեսզի թեկուզ նկարներից կարողանամ կարոտս առնել։
Երբեք չէի պատկերացնի, որ ուսուցիչներիս անունով կդիմեմ ու դասերից հետո թեյ կխմեմ իրենց հետ։ Կամ չէի պատկերացնի, որ 16 ժամ գնացքով ճամփորդելիս, մեր դպրոցի Գլոբալ քաղաքականության  դասատուին կպատմեմ Ապրիլյան հեղափոխության ժամանակ ունեցածս արկածների մասին։ Չէի պատկերացնի, որ կանցնեմ էնպիսի առարկաներ, որոնց մասին երազում էի Հայաստանում սովորելու ժամանակ, օրինակ՝ Ֆիլմ կամ Հոգեբանություն։ Հա ու մեկ էլ չէի պատկերացնի, որ իմ դպրոցում կլիներ ուսուցիչ, ով համագործակցում է ՆԱՍԱ-ի հետ։
Շատ կուզեի էս փորձը կիսել ընթերցողներիս հետ, հոդվածի միջոցով, բայց դեռ տեխնիկան էդքան չի զարգացել։
Չգիտեմ` էլ ինչ գրեմ: Մի բան հաստատ գիտեմ՝ ես տանն եմ, ինչքան էլ տանից հեռու եմ։

Էս ժամանակը աճելու, կրթվելու, զարգանալու ու ավելի ինքնուրույն դառնալու ժամանակ է։ Հա, ու արդեն մի քիչ ինքնուրույն եմ. առաջին անգամից հետո Երևան-Շարժա-Մումբայ, հետո էլ 5 ժամ դեպի քոլեջ ճանապարհը կարողանում եմ մենակ անցնել առանց վախենալու։
Անչափ հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն ներկայացնելու հայրենիքս օտարության մեջ, ինչը բավական մեծ պատասխանատվություն է ներկայացնում։ Ճիշտ է, դրսում հայ աղջիկ լինելը շատ դժվարություններ ունի, բայց իհարկե, հաղթահարելի դժվարություններ են։
Դե ինչ ասեմ, գնամ հոգեբանությանս թեստի համար պարապելու: Երբ նորից մաման զանգերիս չպատասխանի, ես էլի կուզեմ զգացմունքներս արտահայտել ու կգրեմ հոդված։
Մա՛մ, դե պատասխանի, էլի՜․․․

Քայլ առաջին. ընդունվել եմ

mariam mikayelyanԲարև:

Սկսեցի՞ր կարդալ:

Դե, գնացինք:

2019-ը ինձ համար շատ լավ սկսվեց: Չեք հավատա, բայց կատարվեց կյանքիս ամենանվիրական երազանքներից մեկը, որին սպասում էի արդեն 5 տարի:

Պատմեմ իմ, չէ ավելի ճիշտ՝ երազանքիս պատմությունը:

Ընդամենը 12 տարեկան էի, երբ որոշ չափով պատկերացում կազմեցի Աշխարհի միացյալ քոլեջների ցանցի (UWC) մասին: Այդ ժամանակ չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր այնտեղ սովորելը կդառնա գերագույն նպատակներիցս մեկը: Ամեն ինչ սկսվեց UWC Դիլիջանի ուսանողների հետ ծանոթություններից, որոնք այնքան տարբեր էին ինձնից և միմյանցից, և շարունակվեց այնքան, մինչև նրանք դարձան իմ ոգեշնչման աղբյուրը, և ես էլ սկսեցի նրանց նման կամավորություն անել:

Մի օր էլ հասկացա, որ ուզում եմ հենց նրանց նման սովորել UWC ցանցի քոլեջներից մեկում: Հետո հասկացա, որ երազանքները շատ հաճախ չեն իրականանում ու ժամանակի հետ կորչում են: Դրա համար երազանքս դարձրի նպատակ:

Սկզբում նպատակս շատ հեռու էր թվում, բայց ինչպես իմ ռուս ընկերներն են ասում՝ «наступил час», երբ բաց էր դիմում հայտը: Իմ սովորության համաձայն ինքս ինձ ասացի՝ բա մի հատ չփորձե՞մ:

Սկսեցի լրացնել դիմում հայտը: Մոտ 2 ամիս պահանջվեց: Ուղարկեցի արդեն պատրաստի հայտը՝ չնայած նրան, որ համոզված էի, որ ոչինչ չի ստացվի: Մեկ ամիս անց նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ հաջողությամբ հաղթահարել եմ առաջին փուլը և հրավիրվել եմ երկրորդ փուլի վիդեո-հարցազրույցին:

Շա՜տ լարված էի հարցազրույցից առաջ: Հարմար տեղավորվեցի տեսախցիկի առաջ ու միացա Ստելլային և Սոնային, որոնք վերցնելու էին հարցազրույցը, ու միանգամից լարվածությունս անցավ: Ճիշտ է՝ որոշ խանգարող հանգամանքներ կային (դե, օրինակ՝ ինտերնետ կապը), բայց մեկ ամիս անց կրկին իմացա, որ հաջողությամբ հաղթահարել եմ երկրորդ փուլը, ու բնականաբար, հրավիրվել երրորդ՝ վերջին փուլին: Լարված գնացի մասնակցելու վերջին փուլին՝ ծանոթանալով մի խումբ ֆինալիստների ու ընտրող հանձնաժողովի հետ: Օրվա վերջում էներգիայով լի գնացի տուն: Ասել էին, որ մոտավորապես 6 օրից կստանանք վերջնական պատասխանները: Ժամերն էի հաշվում…

Սպասելիքներս արդարացվեցին, ու 4 օր հետո ստացա նամակ: Նայեցի նամակին, հետո մի պահ նամակը բացելուց առաջ աչքերս փակեցի ու մոտավորապես պատկերացրի, թե ինչ է գրված լինելու նամակում.

«Հարգելի Մարիամ, մենք ուրախ էինք Ձեզ հետ ծանոթանալու համար, բայց դուք չկարողացաք հաղթահարել առաջադրանքները, փորձեք մյուս անգամ»: Բացեցի նամակը ու ինչ տեսնեմ…

Ես ընդունվել եմ Հնդկաստանում գտնվող UWC Մահինդրա քոլեջ, որտեղ սովորելու եմ երկու տարի:

Հիմա, երբ ես հասել եմ նպատակիս, կարող եմ հանգիստ ասել, որ ճանապարհը շատ դժվար էր:

Ես Հնդկաստանում ներկայացնելու եմ մեր մշակույթը և ամեն կերպ փորձելու եմ բարձր պահել մեր երկրի պատիվը:

Ասում էի, չէ՞, 2019-ը ինձ համար շա՜տ լավ սկսեց: Երբ մեկնեմ Հնդկաստան, կփորձեմ Ձեզ հետ կիսվել այն բոլոր հետաքրքիր իրադարձություններով, որոնք կպատահեն ինձ հետ:

Օրագիրս

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Բարև, ես Մարիամն եմ, 16 տարեկան: Մեկ տարի առաջ ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ գրելու այն ամենի մասին, ինչը կատարվում է ինձ հետ և որոշեցի ունենալ կյանքի օրագիր:

Երկմտեցի․ Մարիամ, բայց կկարողանա՞ս ամեն օր ժամանակդ տրամադրել էդ զուր բանին, հաստատ մի օր հոգնելու ես ու դադարեցնես գրելը: Ու որոշեցի ինձ պարտավորված չզգալ ամեն օր գրելու: Դրա համար սկսեցի ավելի նպատակային օգտագործել այդքան թանկագին ժամանակս, ու իհարկե, օրագիրս: Իսկ ի՞նչ արեցի ես: Սկսեցի գրել նոր ծանոթությունների, ճամփորդությունների, ճամբարների, և իհարկե, ընկերներիս մասին: Բայց այդ ամենը անիմաստ կլիներ առանց նկարների ու ձևավորումների:

Երբ ընկերներս իմացան, որ ես կյանքի օրագիր ունեմ, այնքան էլ լավ արձագանք չտվեցին, ասելով․

-Քսանմեկերորդ դարն ա, հիմա ո՞վ ա օրագիր պահում: Ամեն ինչ էլեկտրոնային ա:

Անկեղծ ասած՝ ես հենց նման արձագանքի էլ սպասում էի: Շատ չանցած նրանք էլ «վարակվեցին»։

Հիմա իմ կյանքի օրագիրը իմ կյանքի անբաժան մասն է, և ես ոչ մի տեղ չեմ գնում առանց դրա: Ինչ խոսք, համոզվեցի, որ զուր չէ կյանքի օրագիր ունենալը, մի օր հաստատ ցանկություն կունենամ հիշելու անցած օրերը և կարոտով կթերթեմ կյանքիս էջերը: