Մարգարիտա Ուդումյանի բոլոր հրապարակումները

Margarita Udumyan

Հայրենիքը սկսվում է սահմանից

…Դուք առավոտյան արթնանալուն պես մտածում եք, թե ինչ եփել և կամ ուր տանել ձեր փոքրիկին, իսկ մենք` սահմանին ապրողներս (ես ապրում եմ Տավուշի մարզի Չորաթան գյուղում) հենց աչքերը բացելու վայրկյանից շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը` մեր երեխաների անվտանգ քունը ապահովելու համար։

Շատ են բողոքում սահմանամերձ գոտիների ճանապարհներից և հեռավորությունից, բայց ոչ բոլորն են գիտակցում նրանց կարևորությունը։
Ես բնակվում եմ մի փոքրիկ գյուղում, որը մայրաքաղաքից չորս ժամվա ճանապարհ է, բայց ամեն անգամ գյուղից գնալը տևում է մի ամբողջ հավերժություն, իսկ վերադառնալը վայրկյաններ։

Բոլորը խոսում են հայրենասիրությունից և ռազմական ոգուց, բայց դուք ոչ մեկի աչքերում այդքան խիզախություն և ուժ չեք տեսնի, որքան սահմանին մոտ ապրող փոքրիկ մանչուկների, ովքեր դեռ մանկուց ապրել են այդ դժվարությունները։

Իմ փոքրիկ գյուղն էլ անմասն չի մնացել գնդակոծություններից, բայց այն մինչ օրս կանգուն է իր հզոր բնակիչների շնորհիվ։

Բոլորը սիրում են իրենց ծննդավայրը, իսկ մենք ոչ միայն սիրում, այլև հպարտանում ենք նրանով։ Փոքր ժամանակ մենք կրակոցների ձայները կարծելով հրավառություն, դուրս էինք գալիս և ուրախ ծափահարելով և թռչկոտելով դիմավորում նրանց, չնկատելով ընտանիքի անդամների լացակումած դեմքի վրա արհեստականորեն, դողացող շուրթերով հազիվ նկատելի այն ժպիտները, որը մեզ մոտ ուրախ ձևանալու համար էր միայն։ Հիշում եմ, որ ես շատ էի սիրում խաղալ հրազենի դատարկ փամփուշտներով և դեռ մի հատ էլ ականջօղ էի պատրաստում և կախում ականջիցս, իսկ հիմա այդ դատարկ փամփուշտից ականջօղի փոխարեն լիքը փամփուշտները կախված են աչքերիցս և փորձում են արցունք քամել պատերազմից հետո արդեն ցամաքած կոպերիցս։

Մենք կրակոցների ժամանակ չենք լացում, քանի որ այնքան ենք մեծացել, որ ուժ ենք տալիս դրա միջով արդեն անցած մեր ընտանիքին։

Այստեղ բնակվող երեխաների մեծամասնությունը չեն լքում իրենց գյուղը, այլ գնում են սովորելու, որպեսզի վերադառնան և շենացնեն այն։ Ամուսնանալով աղջիկները չեն ուրանում իրենց ծննդավայրը, քանի որ դա նրանց սրտում խորը դաջված անբացատրելի մեծ սեր է։

Երկար և դժվար ոլորանները ապացույցն են այն բանի, որ գեղեցիկը և արժեքավորը ոչ բոլորին են հասանելի, իսկ դժվարությունները ոչ բոլորը կարող են հաղթահարել։
Հայրենասիրությունը մահճակալի տակ լացող և իրենց ծնողների թիկունքում թաքնված վախկոտների համար չէ, այլ սահմանը շենացնող քարը ձեռքին ամուր բռնած, զենքի համար ոտքերը գետնին զարկող չորս տարեկան երեխաների համար է, ովքեր ուզում են շուտ մեծանալ, որպեսզի գնան սահմանը պահելու։ Սահմանամերձ գոտու երեխաների մեծ մասը այն հարցին, թե ինչ են ուզում դառնալ, պատասխանում են՝ զինվոր։
Հետևություննրը թողնում եմ ձեզ։

… Եվ երբեք մի մոռացեք, որ հայրենիքը սկսվում է սահմանից։
Հիշեք, որ Մոնթեի և Նժդեհի նկարներով հագուստ կրելը դեռ հայրենասիրություն չէ։