Նարեկ Ստեփանյանի բոլոր հրապարակումները

narek Stepanyan

Փոխվել եմ

Չորս օրեր գեղեցիկ և ուրախ օրեր, որոնք անմոռանալի կմնան իմ սրտում և հիշողություններում: Սկսեցի սիրել «Մանանա» կենտրոնը այն վայրկյանից, երբ ներս մտա: Սիրեցի բոլոր ուսուցիչներին հավասարաչափ, քանի որ նրանք ընկերական էին մեզ հետ, և ինձ թվում էր, որ նրանք ոչ թե ուսուցիչներ են, այլ ավագ ընկերներ:

Շատ սիրեցի ֆոտո բաժինը և սովորեցի շատ բաներ ֆոտոյի մասին և հիմա ֆոտո անելը իսկական հաճույք է:

Մինչ «Մանանա» գալը ինձ միայն հետաքրքրում էին համակարգչային խաղերը և դպրոցական դասերս: «Մանանան» ինձ համար բացեց մի մեծ հեքիաթային աշխարհ, որն անծանոթ է, բայց և անչափ հետաքրքիր, և ինձ ամբողջովին կլանում է: Ես ձեռք բերեցի նոր հետաքրքիր ընկերներ, որոնցից սովորում էի ինչ-որ նոր բան, ուրախանում նրանց հաջողություններով:

Եվ հիմա իմ մեջ մի անհագ կարոտ և ցանկություն առաջացավ նորից հանդիպել ընկերներիս և նորից մասնակցել «Մանանայի» դասերին:

narek Stepanyan

Իմ քեռին բժիշկ է

«Գիտակցեք, որ գործ եք ունենալու մարդկային կյանքի հետ»:

 Իմ զրուցակիցն է քեռիս` Վարդան Ղազարյանը` բժիշկ ռենտգենոլոգ:

-Քեռի, քանի՞ տարի ես բժիշկ աշխատում, և ո՞րն է այն շարժառիթը, որ քեզ ստիպեց դառնալ բժիշկ:

-Աշխատում եմ բժիշկ-ռենտգենոլոգ շուրջ 25 տարի: Շարժառիթը տատիկիս հիվանդ լինեկն էր: Փոքրիկ տարիքից ես փորձում էի անընդհատ օգնել նրան և 17 տարեկանում հասկացա, որ իմ մեջ արմատավորել եմ բժիշկ դառնալու ցանկությունը-Քեռի, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկը:

-Բժիշկը պետք է լինի գիտակ, հմուտ, համբերատար, իսկ ամենակարևորը` բժիշկ պետք է դառնալ այն գիտակցումով, որ սովորելու ես ամբողջ կյանքում:

-Ի՞նչն ես կարևորում հիվանդ և բժիշկ հարաբերություններում:

-Ամենակարևորը` բժիշկը պետք է վստահություն ներշնչի հիվանդին, և երկրորդը, պետք է լինի չափազանց հավասարակշռված:

-Սիրո՞ւմ են քեզ քո հիվանդները:

-Սիրելը պարտադիր չէ, կարևորը հարգում են:

-Քեռի, քեզ վնաս չե՞ն տալիս ռենտգենյան ճառագայթները:

-Ոչ, վնաս չեն տալիս: Ժամանակակից սարքավորումներն այնպիսինն են, որ հիվանդն ու բժիշկը ապահովագրված են ճառագայթների վնասակար ազդեցությունից: Այն աշխատասենյակները, որտեղ տեղադրված են ռենտգենյան սարքավորումները, ապահովված են պաշտպանիչ պարագաներով, այսինքն, աշխատասենյակից դուրս ճառագայթային ֆոն չի հայտնաբերվում:

-Այդ սարքավորումները տարբե՞ր են լինում:

-Մի շարք բժշկական սարքավորումներ արտադրող ձեռնարկություններ, որտեղ արտադրվում են նաև տարբեր ռենտգեն սարքավորումներ, տարբեր հետազոտությունների համար: Կան ստացիոնար և շարժական ռենտգեն սարքավորումներ, ինչպես նաև ատամ նկարելու ռենտգեն ապարատ:

-Քեռի, մի հիշարժան դեպք պատմիր քո աշխատանքից:

-Հերթապահության ընթացքում ներս են մտնում մարդիկ` աղմուկ-աղաղակով 2 տարեկան երեխան գրկին: Պետք էր պարզել` երեխան ասեղ կո՞ւլ էր տվել, թե՞ ոչ: Հետազոտությունից հետո պարզվեց, որ երեխան կուլ էր տվել փոքրիկ գնդասեղ, բոլորս շատ անհանգստացել էինք, բայց ամեն ինչ ավարտվեց բարեհաջող:

-Իսկ ի՞նչ ես անում, երբ գալիս է ծանր հիվանդ:

-Աշխատում եմ հնարավորինս արագ կատարել հիվանդության ախտորոշումը և հիվանդին ուղարկել նեղ մասնագետ բժշկի մոտ` վիրաբույժ, նեյրովիրաբույժ, թոքաբան…

-Եթե հնարավորություն լինել դառնալ 17 տարեկան, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:

-Կամ օդաչու, կամ նորից բժիշկ:

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին, ովքեր որոշել են դառնալ բժիշկ:

-Լինել նպատակասլաց, սիրել մասնագիտությունը և գիտակցել, որ գործ են ունենալու մարդկային կյանքի հետ:

narek Stepanyan

Ամառային մի սովորական օր, որը դարձավ անսովոր

2015թ. 11-ը օգոստոսի, ամառային մի տաք օր, որը ինձ համար շատ վատ վերջացավ: Իրիկնաժամ էր, տղաներով խաղում էինք բակում և հանկարծ…

Երբ ուշքի եկա, շուրջս խառնված մարդիկ էին, ընկերներիս վախեցած դեմքերը և մորս հուսահատ դեմքը: Սկզբից չէի հասկանում` ինչ է կատարվում շուրջս: Ու քիչ-քիչ հիշեցի, ես ընկել էի: Հայրս ինձ  գրկեց, և ես ապահով զգացի նրա ամուր ձեռքերի մեջ, ու ինձ թվաց, թե ամեն ինչ ավարտվեց: Հիմա ես ոտքի կկանգնեմ, նորից դուրս կգամ և կշարունակեմ խաղս: Բայց այդպես չէր: Ինձ տարան  հիվանդանոց, և այնտեղ պարզվեց, որ ես վնասել եմ գլուխս և պետք է վիրահատվեմ:

Ես հասկանում էի լրջությունը, որովհետև բոլորի աչքերում վախ կար և  հուսահատություն, նույնիսկ մորեղբայրս, որը բժիշկ էր, անհանգստացած էր: Բայց երբ տեսա  ինձ վիրահատող բժշկին, ես հասկացա, որ հուսալի ձեռքերում եմ: Ես վիրահատվեցի օգոստոսի 12-ին:

Վիրահատությունը անցավ բարեհաջող, բայց ավելացան մի շարք չիկարելիներ. դադարեցի հաճախել շախմատի դպրոց, չէր կարելի զբաղվել սպորտով, նույնիսկ դպրոց սկսեցի հաճախել նոյեմբերից: Ընկերներս շուտ-շուտ այցելում էին ինձ, չթողնելով ինձ միայնակ զգամ: Ինձ լիարժեք հանգիստ էր պետք, բայց որոշ ժամանակ անց ես սկսեցի պարապել դասերս, որպեսզի չթերանամ: Անհամբեր սպասում էի, երբ պետք է դպրոց գնամ, որովհետև կարոտում էի դասերս, ընկերներիս, ուսուցիչներիս: Ամեն ինչ արեցի, որ չթերանամ, և դպրոցն ավարտեցի գերազանց առաջադիմությամբ:

Հիմա նորից ամառ է: Նորից իմ հասակակիցները բակում են, խաղահրապարակներում, մագլցում են լեռները, լողում են լճում ու լողավազաններում, մի խոսքով, վայելում են ամառային արձակուրդները: Այս ամենը ես ձեզ պատմեցի, որ դուք չկրկնեք իմ սխալը, զգույշ լինեք, որպեսզի ամառը դառնա ձեր ամենալավ ժամանակաշրջանը: