Նելլի Հարությունյանի բոլոր հրապարակումները

Nelli Harutyunyan

Ինքնամեկուսացում, որն այդպես էլ տեղի չունեցավ

Իմ ընտանիքում և հայկական շրջապատում այս տարի ես միակն էի, որ որոշեցի դպրոցը ավարտելուց հետո միանգամից համալսարան չգնալ: Հիշում եմ, երբ կայացրի այդ որոշումը, գրեթե բոլորը, ում ճանաչում էի Հայաստանում, մասնավորապես՝ ընտանիքս, խստորեն դեմ էին դրան: Հարցն այն էր, որ այստեղ «Gap Year» անելը նշանակում է համալսարան երբեք չգնալ և մնալ անկիրթ: Շատերը կարծում են, որ այն տարին, երբ երիտասարդը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ֆորմալ կրթություն չի ստանում, ուղղակի ժամանակի կորուստ է: Իմ դեպքում դա այդպես չէր: Ես միշտ երազում էի ունենալ երկար «արձակուրդ», որի ժամանակ կճամփորդեի և կփորձեի իմ տասներեք տարվա գիտելիքները իրական կյանքի պայմաններում: Վաղուց արդեն որոշել էի, երբ գա ժամանակը, ես կիրականացնեմ իմ այդ երազանքը: Երևի երբեք չեմ մոռանա ծնողներիս դեմքի արտահայտությունը, երբ հայտնեցի նրանց իմ՝ Էկվադոր գնալու որոշման մասին: Ընկերներս չէին հավատում, որ ես իսկապես կգնամ այդ քայլին, և պնդում էին, որ եթե անեմ դա, շատ կփոխվեմ ու չեմ ուզենա այլևս Հայաստան վերադառնալ:

Չնայած արդեն մեկ ամիս է, ինչ տանն եմ, այն մտքերը, որ ես կարող էի ծայրաստիճան փոխվել, ինձ համար շարունակում են մնալ տարօրինակ, բայց քանի դեռ տանը չէի, ինձ էլ էր դա անհանգստացնում: Երբ մեկ ամիս առաջ, նստած Փարիզի դատարկ օդանավակայանում,  մտածում էի, որ իմ ճամփորդություններից, ապրած փորձերից և նոր գաղափարներից հետո  ինձ Երևանում այլևս լավ չէի զգալու: Առաջ բերելով «կանանց հանդեպ անհարգելի վերաբերմունքը Հայաստանում», որի մասին այս ամիսների ընթացքում կարդում էի տարբեր հայկական լրատվական էջերում, ես փորձում էի մայրիկիս համոզել, որ այս ամենից անմիջապես հետո տանը ես ինձ լավ չեմ զգա: Պնդում էի, որ ճիշտ կլինի, եթե ինձ կորոնավիրուսի կասկածներով մեկուսացնեն Դիլիջանի կամ Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, որտեղ ժամանակ կունենայի հոգեբանորեն պատրաստվելու տուն վերադառնալուն: Բայց դա այդպես չէր, ինձ իսկապես պետք չէին այդ մի քանի օրը մտքերս հանդարտեցնելու համար:

Այո՛, ես մենակ հասել էի աշխարհի մյուս ծայրը: Ձեռք էի բերել ընկերներ, իսկ հետո կորցրել նրանց: Ծանոթացել էի նոր, բավականին տարօրինակ մարդկանց հետ, նրանց հետ ընկել ամենաարկածային, բայց միաժամանակ սարսափեցնող պատմությունների մեջ:

Ես սովորել էի ազատության լեզուն: Իսպաներենն այդպես էի կոչում, քանի որ աշխարհի մյուս ծայրում, որտեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում, իսպաներենի միջոցով էի ստեղծում իմ մասին կարծիք տեղացիների մոտ: Ծանոթանալով նրանց մշակույթին՝ փորձել էի ուսուցչի դերում աշակերտներիս սովորեցնել երազել և երբեք չվախենալ ոչնչից՝ ինքս ինձ վախեցած և միայնակ զգալով: Դեռ չհարմարված նոր կյանքին՝ ականատես էի եղել իրական քաղաքական, բավականին ագրեսիվ բախումների և այդ ընթացքում հասկացել՝ կյանքում հաճախ ուժեղ և համբերատար լինելը միակ ելքն է:

Փորձել էի ճամփորդել միայնակ` ինձ համար շատ օտար ու անծանոթ վայրերում, այդ ընթացքում հասկացել իրական ընկերության արժեքը: Հաճախ ընկերությունը հարցականի տակ էի դրել, երբ հայտնվել էի անհասկանալի իրավիճակներում, որոնք մինչ օրս դեռ սարսափեցնում են ինձ քնելուց առաջ:

Այս տարվա ընթացքում լողացել էի գետերում, լճերում, սառը ջրվեժներում և օվկիանոսներում: Ես ինձ իսկապես երջանիկ էի զգացել, ուրախացել և ծիծաղել, հետո վախեցել, տխրել, լացել՝ գրեթե անձայն, որ ոչ ոք չլսի, լացել՝ բարձրաձայն, որ ինձ հասկանան:

Ես սովորում էի ու սովորեցնում, զրուցում օտար մարդկանց հետ՝ փորձելով հասկանալ նրանց մշակույթը: Հաճախ գրի էի առնում տեսածներս ու մտքերս, որոնք բացատրության կարիք ունեին: Փորձում էի գտնել ինձ հին գրքերում, իսկ հետո անհույս կորչում Հախվերդյանի ու Ֆորշի երգերի մեջ՝ այդ անտարբեր տան կտուրին ծխելիս:

Իսկապես շատ տարբեր ապրումներ էի ունեցել ու այդ օրը, երբ օդանավակայանում, թեթև գինովցած, մտովի անցնում էի իմ անվերջ հիշողությունների միջով, սարսափով մտածում էի, թե ինչքան փոխված կլինեմ: Համոզված էի, որ տանն ինձ այլևս չեն հասկանալու, Երևանը այլևս չի ըմբռնելու իմ տարօրինակ մտքերը, իսկ մանկության ընկերներն էլ նույնը չեն լինելու, քանի որ նրանց համար իմ հիմար արկածները անիմաստ և անհեթեթ էին լինելու:

Ինչեր ասես էլ մտքովս չէին անցնում, երբ ինքս ինձ համոզում էի, որ Դիլիջանում անցկացրած հնարավոր երկու շաբաթները, ոչ թե ցանկալի ինքնամեկուսացում էին այդ նոր վիրուսի տարածումը կանխելու նպատակով, այլ անհրաժեշտություն իմ ամենուր ցրված մտքերը մի քիչ կարգի բերելու համար մինչև տուն վերադառնալը: Բայց շուտով այդ հստակ որոշումը դարձավ ուղղակի ցանկալի, իսկ քիչ անց, երբ օդանավից դուրս եկա, և Երևանի սառը օդը, չգիտես ինչու, իմ մեջ արթնացրեց տան հանդեպ անսահման կարոտը,  հասկացա, որ մեկուսացման երկու շաբաթները բոլորովին անիմաստ կլինեին: Այդ պահին ես նույնիսկ վախեցա, որ ինքնաթիռի մեջ իմ հետևում նստած խուճապահար ֆրանսիահայ կինը կարող էր չսխալվել, թե. «Այս ինքնաթիռում ոմն մեկը հաստատ վիրուսակիր է: Նա կվարակի բոլորին, և արդյունքում ամբողջ ինքնաթիռը կհիվանդանա այդ սարսափելի վիրուսով, և շուտով բոլորս կխեղդվենք և կմեռնենք ինքնամեկուսացվածների սենյակներում՝ բացարձակ մենակության մեջ»: Այո՛, կարծում եմ, որ այդ «ոմն մեկը» ես էի, ով դիմացի շարքում նստած ֆսֆսում էր և գրեթե մտքի մեջ հազում և փռշտում, որ ոչ ոք հանկարծ չնկատի:

Բարեբախտաբար, այդ ագրեսիվ կնոջ մեղադրանքները ճիշտ չէին, մեր ինքնաթիռում ոչ ոք ջերմություն չուներ, ինչը նշանակում էր, որ հանգիստ կարող էի գնալ տուն:

Հայրիկս վաղուց ինձ էր սպասում: Երբ տեսա նրան, մեքենայի մեջ սովորականի պես մի քիչ զրուցեցինք, մայրիկս, որի համար ակնհայտորեն միևնույնն էին համաշխարհային համաճարակը և ինքնամեկուսացման պայմանները, ինձ պինդ գրկեց, և մենք գնացինք տուն: Ընթրելիս ես հասկացա, որ այստեղ ոչինչ չի փոխվել, և կարծես ես էլ նույնն էի մնացել: Այդ ընթրիքը, որի մասին երազում էի վերջին տարվա ընթացքում, լրիվ սովորական էր թվում, կարծես ուղղակի դպրոցից տուն էի վերադարձել:

Իսկ այդ բոլոր հիշողություններն ու զանազան դրվագները, որոնք իմ մտքում ինձ դարձրել էին անճանաչելի, կորել էին իմ գիտակցության մութ անկյուններում, կարծես երբեք չէին էլ եղել: Երբ իմ բարեկամները հետաքրքրված հարցեր էին տալիս ճամփորդություններիս մասին, ես հաճախ սահմանափակվում էի հակիրճ, բոլորին հայտնի փաստերով, քանի որ իմ էկվադորյան բավականին հետաքրքիր արկածները հասարակ բառերով փոխանցելու համար ես դեռ պետք է մարսեի այդ տարվա ընթացքում ունեցած ապրումներս, զգացմունքներս և մտքերս, որոնք անցանկալի կերպով ինձ հետ էին բերում Էկվադոր, երբ բարձրաձայնում էի դրանց մասին: Իսկ իմ ներքին մեծ փոփոխությունները հասկանալու և ընդունելու համար նույնիսկ Դիլիջանի ինքնամեկուսացման երկու շաբաթները բավարար չէին լինելու…