Խաչիկ Գրիգորյանի բոլոր հրապարակումները

Khachik Grigoryan

Մուտքն ազատ չէ

«Պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը»: 

(Ղևտ. 19:18, Մատթ. 22:39,  Մարկ. 12:31, Ղուկ. 10:27)


Փողոցներում թափառելս կարոտել եմ։

Ավտոբուս չեմ սպասում, ոչնչի չեմ սպասում։
Կանգառների ու շենքերի ծածկերի տակ այլևս չեմ կանգնում, որովհետև ուզածս ինձ հետ խոսել չցանկացող անձրևն է, ուզածս` սովորություն դարձած ջերմ գրկող արևին բաց երկնքի տակ սպասելն է։

Ուզում եմ հասնել նրանց լու՜ռ խորհրդատվությանը։
Այս ինքնամերժումս չմտածեք, թե ինքնասպանություն է կամ էդպիսի մի բան։
Հրաժարում։
Հրաժարում սահմաններից, որ անցել եմ գուցե շատ անգամ, կամ անցել եք դուք։
Հրաժարվել և ինքնամաքրվել։

Ընկեր… Ձեռքդ մի ծանրացրու բանալիների այդ խրձով, մի լարիր աչքերդ ու մի փնտրիր իմ կողպեքներին համապատասխան բանալի։ Ես փակ դռներ չունեի, կողպեքներն էլ կոտրված են արդեն, ի՞նչ ես փորձում։
Իմ ճանապարհին դռներ չկան ինչպես քո, այնպես էլ այն անծանոթի համար, որ նույնիսկ բարև չենք տալիս։ Ես նույնացնում եմ ինձ մոտեցնող ուղին բոլորի համար։

Մինչև քեզ ես ունեի իմ աշխարհ հասցնող երկար ճանապարհ, ես խստապահանջ էի իմ կառուցած աշխարհ մուտք-ելք անողների նկատմամբ։ Քմահաճ ընկեր եմ ես, եթե անցատոմս ես ստացել իմ աշխարհ, ուրեմն վերացրու բոլորինը լինելու սովորությունդ։

Գուցե դուրդ չգա, բայց ես սեփականատիրոջ հոգեբանությամբ ամեն ինչով ապահովող ընկեր եմ ու ես տեր եմ։ Իսկ քեզ տեր լինելու, քեզ հոգ տանելու, քեզ լսելու, քեզ ուղղորդելու, ինձ քեզ նվիրելու պատրաստ լինելս չեմ սիրում, որ փոխարինում ես։

Իմ կյանքում ազատ ունկնդիրներ չկան, հյուրեր էլ չկան։ Անիմաստ հնչող արտահայտություններից է «զգացեք ձեզ, ինչպես ձեր տանը»։ Իսկ ես ի՞նչ իմանամ դու քո տանը քեզ ինչպես ես զգում։ Դու գուցե ամեն օր մտնում ես տուն ու լաց լինում, մտնում ես տուն ու զգում, որ քունդ տանում է, տանը զգում ես, որ ամենախաղաղն ես, կամ զգում ես` հեսա կգժվես։ Տունը վերադարձի տեղն է։ Իսկ ինձնից դու չպիտի գնաս ու հետևաբար, չպիտի վերադառնաս։

Ինձ մոտ զգա քեզ ինչպես ինձ մոտ։

Մի ձևացրու։ Եթե կգա մի պահ, որ կփոխվի զգացողությունդ ու այլևս ինձ մոտ չես զգա քեզ ինչպես ինձ մոտ զգում էիր, ուրեմն մի արի։ Ես կստորագրեմ քո՝ իմ աշխարհը լքելու ազնիվ որոշումը։

Էնքան գնացիր-եկար իմ դարպասներից ներս, որ արդեն դարձրել եմ մուտքն ազատ։ Հիմա արդեն անծանոթին էլ ուզում եմ ձեռքերս լայն բացած գրկել։
Հանում եմ շուրջս պարսպված սահմանները, որոնք թե՛ իմ չանցնելու և թե՛ քո չառաջանալու համար էին։
Դու ունես հետաքրքրասիրություն աշխարհի հանդեպ․ սիրում ես քաղաքականությունը, հետևում ես լրատվականներին, որ գլուխ են արդուկում, կարդում ես գրքեր, փնտրում ես արկածներ, երգում ես շարականներ, և՛ ամենաերջանիկն ես, և ՛ ամենադժբախտը..․ և հավատավորը։
Ինքնամաքրմանս ամենադաժան փուլն այն պահն է, որ համոզում եմ ինձ, որ ոչ ոք և ոչ մի բանի համար ինձ պարտական չէ, արի և դու էլ օգնիր ուղեղս մտցնել սա։
Ոչ ոք պարտավոր չէ հենց այնպես սովորեցնել ինձ հավատալ և  ընկերանալ ինձ հետ, փակել սրճարանում իմ հաշիվը, կամ լիցքավորել հեռախոսս, հետաքրքրվել առողջականովս ու այցի գալ նուշով ու ընկույզով։ Չէ, չէ։
Եթե հանկարծ ես կորցնեմ այն,  ինչ դու սովորեցրել ես, գրպանիցդ էն անպետք բանալիների խուրցը չհանես, ոչ էլ դրամապանակդ` հաշիվ փակելու համար։
Ինձ ուղղակի ժամանակ տուր հիշելու։ Իսկ եթե չհաջողվի ինձ հիշել, չանհանգստանաս։  Հիշողությունն ամենաթանկն է, որ մենք ձեռք ենք բերում կյանքում։ Անցյալը ներկայում պահելու տարածքն է հիշողությունը։
Բայց կրկնությունը պետք չէ․ դեժավյու պետք չէ, նորովի կապրեմ…
Գուցե ավելի կատարելագործված, գուցե և ավելի սերտող, գերազանց սերտող աշակերտ կլինեմ ընկերության դասերի համար և կարող կլինեմ շալակել քո մտագրածը։
Նորը կսովորեմ։ Երգիր «Տե՜ր, Ողորմեա», և Տերը կողորմա։

Ես պատրաստ եմ նստել տխրությանդ կողքին, երբ տագնապում ես, երբ հուսահատված ես, և ես չեմ փորձի ուղղորդել քեզ և ներկայացնել իմ միատեսակ սեփական կարծիքը։
Չէ՞ որ, մենք հանդիպել ենք այն ժամանակ, երբ միայնակ ու անպաշտպան էինք։

Վանքերը քեզ սպասում են, որ կորես էնտեղ, իսկ դավաճաններին ժպտալը քեզ պե՞տք է դեռ։
Ես անգրագետ եմ և միայն ունակ եմ քեզ լսել…
Երջանիկ պատահականության դիպված՝ իմ ընկեր, դու կհիասթափվես, կհանդիպես դժբախտությունների, և ես քեզ հետ, այո, կտառապեմ։
Սովորեցի պարզապես լսել քեզ, բայց քո խոսքերում ու գրքերում ոչ մի տեղ ասված չէր՝  լինել կապի մեջ սեփական եսի դրսևորումների հետ:
Թե բա` նվիրում, նվիրվել, սիրել անձի պես…
Վերցրածդ պատասխանատվությունը ավելի մեծ էր, քան Ավետարանում չորս անգամ հաստատած միտքը։ Իմ անձի պես սիրել կարողանալու համար պիտի անձը ճանաչել։
Ուսիդ հենվելու համար կամ ես շատ ծանր եղա, կամ էլ քո ուսին այնքան մարդիկ էին հենված, որ չես դիմանում։

Բայց…
Ինչո՞ւ է այնպես լինում, որ չեն խաչվում մեր հայացքներն ու մտքերը:
Հնարավոր է` չենք փնտրում, և հնարավոր է` չենք էլ ցանկանում ուժի մասին այդ կոնտեքստում հանդիպում ունենալ:
Ընկեր, մենք հանդիպեցինք, բայց ես քո մտագրերը դավաճանելով, մի այլ տեղ կարդացել եմ, որ սովորաբար երկու էություն միավորվում է մի ընդհանուր պատասխանատվությամբ, դե իհարկե, դրանից փախչել չես կարող:
Հիմա ես վստահ կարող եմ ասել, թե ինչու այդ հանդիպումները այսքան զարհուրելի են և հաճախ լինում են ցավոտ, քանի որ հասցնում է ընկերական հարաբերությունների անսպասելի ավարտի:

Դու քեզ հյուրի պես ես պահում։ Դու հանգիստ չես փռվում ու անընդհատ մտածում ես քո տարածքում չլինելու մասին։

Նայիր ինձ, ողղակի նայիր, ես չեմ նայի քեզ, որ չխաչվեն մեր հայացքները ա՜յ այն ուժի կոնտեքստում, նայիր և տես ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ, ինչպիսին կամ  իրականում,  և ոչ այնպիսին, որ դու պատկերացնում ես։ Նայիր և զգա ինձ այնպես, ինչպես զգացել ենք իրար ընկեր դառնալու պահին։

Գուցե այդ ժամանակ նորից միասին կթափառենք փողոցներում, ծածկերի տակ կվազենք, որ չթրջվենք, ես էլ արևի սովորության զոհը չեմ դառնա ու գրկելուն կարոտ չեմ մնա։
Կխոսեմ, և դու նորից մտագրերիդ հաստափոր գիրքը կբացես ու լռության արժեք ունեցող մտքերդ կպատմես ինձ…

Հրաժարու՞մ սահմաններից։
Ես երևի մի օր նորից դարպասներ կառուցեմ, որ իմ աշխարհ ներսուդուրս անելը դժվար լինի ինչպես մինչև քեզ էր։

Ինքնամաքրված եմ, որովհետև քո Տերը ինձ էլ ողորմաց։ Ես հիշողություն ունեմ՝ ամենաթանկը ներկայում, հիշողություն, որ սիրել եմ ինչպես իմ անձը, որովհետև ճանաչել եմ քո անձը։

khachikgrigoryan

Ես գալու եմ

Ես շատ եմ փախչել իմ տնից ու առանց մի վայրկյան մտածելու՝ ինձ քո գիրկը նետել: Շատ ժամանակ մոլորվել եմ քո գրկում և գտել ինքս ինձ, մնացել տաքո՜ւկ, թաքուն անկյուններումդ, որ փնտրեն ու չգտնեն ինձ:

Մայրս, որ ապտակ էր ինձ հասցնում, ես քո մոտ էի վազում, գլուխս ուսիդ դնում ու դու դառնում էիր ինձ միակ լսողը:

Իմ անթառամ գյուղ, իմ քաղցրահամ Զանգու, անխռով թթենի։ Ես ձեզանից շատ հեռու եմ գնացել, հեռացել եմ, ու երբ քաղաքում վիրավորվում եմ, խնդիրներ եմ ունենում, կարոտում եմ այն ապտակը, որ քեզ մոտ էր ինձ ուղարկում։

Կյաժն այդտե՞ղ է, նորից կքանստա՞ծ է էլեկտրասյան տակ:

Գիտե՞ս՝ ես ամեն առավոտ քեզ «բարևելու» ձև եմ գտել: Ես քեզ ամեն օր, առավոտյան ութն անց քսանհինգ բարև եմ ուղարկում: Կանգառում, երբ իմ ավտոբուսից շուտ երեսուներեք համարի երթուղայինն է գալիս, ես փայլող աչքերով անիվներին եմ նայում ու ասում. «Երբ անցնես կամրջի վրայով ու մտնես իմ գյուղ, առաջինը կողջունես իմ դպրոցին, ապա կտեսնես՝ արդյո՞ք տիկին Նվարդը նայում է իր կրպակի փոքր պատուհանից։ Թե նայելիս լինի, կփոխանցես, որ այն երկու հարյուր դրամը անպայման մի օր կվերադարձնեմ: Երբ հասնես փողոցի այն մասը, որտեղից տունս է երևում, կլռես, ու միայն ես ու նա կհասկանանք այդ լռությունը»։

Անի՜վ, դանդաղ կպտտվես, շա՜տ դանդաղ, որովհետև ես քո վրա իմ աչքն ու հոգին եմ դնում:

Զանգվի ափին նստած, ուռկանը ձեռքին՝ հորեղբայրս հաճախ է ձուկ որսում: Ամեն առավոտ ես թաքուն գնում եմ նրա հետևից: Նա, երբ վերջացնում էր ձկնորսությունը ու քիչ հեռվում՝ պատնեշի հետևում զգեստափոխվում, ես, ինչքան հնարավոր էր, դույլը գետի մեջ էի դատարկում ու շնչահեղձ լինելով հասնում էի տուն…

Հիմա տեսնես ո՞վ է փրկում ձկներին:

-Բարև ձեզ:

-Ինչպե՞ս թե «բարև ձեզ», չգիտե՞ս քահանային ողջունելու ձևը՝ օրհ-նե-ցեք, Տեր Հայր:

-Ո՜չ, ես գիտե՜մ, ուղղակի ինձ թվաց՝ շտապում եք ու չեք հասցնի գլխիս բամփել։

Այդ ի՜նչ հայացք էր:

Տեր Գրիգորը մեր գյուղի անսահաման բարի քահանան է: Նիհար-միհար մարդ է, վզից էլ մեծ խաչ կախված, որը չի երևում երկար մորուքի տակ մնալու պատճառով:

Մենք մեջտեղում ենք ապրում: Երկու ծայրահեղ, իրար հակառակ մարդկանց մեջտեղում:

Նրանցից մեկը, երկու տարեկանիցս սկսած, մինչև օրս ինչ-որ ջեմով կոնֆետ է տալիս։ Դա մինչև հիմա արտադրվում է, և նա գնում ու տալիս է ինձ… Քաղցր է։

Քաղաքից դու բոլոր եղանակներին մառախուղի մեջ ես ու միայն ուղղությունդ ես նույնը պահում: Գյո՛ւղ, մարդկանց ստիպիր, որ կարոտեն քեզ, որ չապրեն միայն ապրելու համար:

Հա՛, երեխաներին ուշադիր եղիր, որ չմտնեն Անժիկի այգի՝ ցոգոլ գողանալու, հետևանքներին ծանոթ եմ:

Ես հիմա քո ուսի կարիքը ունեմ, գյո՛ւղ, մորս սթափեցնող ապտակի կարիքը ունեմ։ Չնայած, եթե ապտակ ստանամ էլ, ժամանակ, մեկ է, չեմ ունենալու, որ գամ՝ լաց լինենք:

Կուտակվել եմ…

Ես ամեն օր քեզ էլի կբարևեմ:

Ես չեմ գա, որ կարոտեմ:

Ես սիրում եմ քեզ, իմ մանկության, պահմտոցիի հազար ծակ ու ծուկերով գյուղ։